Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ժան Իվ լը Դրիան. Այսօր մենք ունենք ուժ ու ազդեցություն, որ վաղուց չենք ունեցել

Ժան Իվ լը Դրիան. Այսօր մենք ունենք ուժ ու ազդեցություն, որ վաղուց չենք ունեցել
27.01.2018 | 15:39

-Միջազգային դիվանագիտական ասպարեզում ի՞նչ մարտավարություն ունեք Դուք:
-Ինձ թվում է` ամենակարևորը ցույց տալն է, որ մենք կարող ենք վարել դիվանագիտություն, որ ուղղակի ծառայում է բոլոր ֆրանսիացիներին ու նրանց անվտանգությանը` հատկապես: Անդրսահմանային ճգնաժամերի կարգավորումը, որոնց մենք ձգտում ենք Սախելում, Լիբիայում ու Սիրիայում, ուղղակի ու անհապաղ անդրադառնում է իրավիճակի վրա մեր երկրում: Մեր տնտեսական շահերի առաջմղումը արտասահմանում նշանակում է զբաղվածության ապահովում Ֆրանսիայում: Եվրոպայի ամրապնդումը ևս կանդրադառնա մեր տնտեսության վրա: Այս ամբողջ աշխատանքը ես վարում եմ` Ֆրանսիայից ինչպես երբեք բարձր սպասումների մթնոլորտում: Ես ձգտում եմ արտաքին քաղաքականության, որը չի սահմանափակվում մեկնաբանություններով, իր սահմաններից դուրս չի գալիս ու կոռեկտ է գործում:
-Պե՞տք է վերանայել Իրանի միջուկային ծրագրի պայմանագիրը, ինչպես պահանջում է Դոնալդ Թրամփը:
-Ֆրանսիայի դիրքորոշումը կոշտ է ու հավասարակշռված: Հավասարակշռությունը 2015-ի հուլիսի պայմանագրի խոստումներն են: Ինչու՞: Որովհետև պայմանագիրը հաստատուն է, իսկ Իրանը կատարում է իր պարտականությունները: Պայմանագիրը թույլ չի տալիս երկրին միջուկային զենք ստեղծել, որ աղետալի հետևանքներ կունենար տարածաշրջանի հավասարակշռության համար: Եթե երկիրը հրաժարվում է իր խոսքից, խարխլում է նրա արժեքը: Կոշտությունը նշանակում է Իրանի հրթիռային ծրագրի անհրաժեշտ սահմանափակում, ինչպես պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը: Եթե Իրանը ցանկանում է վերադառնալ ազգերի հանրություն, պետք է բոլոր հարցերում համագործակցի: Հակառակ դեպքում Իրանին արդարացի կկասկածեն միջուկային զենք ստեղծելու ձգտումների մեջ: Մենք Իրանի հետ երկխոսություն սկսեցինք հրթիռային ծրագրի ու տարածաշրջանային հարցերով: Մենք ուզում ենք քննարկել և Իրանի ապակայունացնող ներգործությունը Մերձավոր Արևելքի վրա, ֆինանսական աջակցությունը Լիբանանի «Հըզբոլլահին» ու Եմենի հուսիտներին: Հենց այդ նպատակով մարտի 5-ին Իրան եմ մեկնելու: Ես բաց քաղաքականության կողմնակից եմ, որ սկսել եմ անցյալ տարվա մայիսին իմ գործընկեր Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ:
-Ինչպե՞ս եք գնահատում անցումային գործընթացը Սիրիայում` հաշվի առնելով, որ մինչև հիմա մարտերը շարունակվում են:
-Մարտեր այսօր ծավալվում են Իդլիբում, Աֆրինում ու Արևելյան Գուտայում: Կոնֆլիկտն աստիճանաբար փոխվում է, մասնավորապես` Թուրքիայի գործողությունների համապատկերում` իր անվտանգության ապահովման համար: Գուտայում վարչակարգը վտանգներ է ստեղծում խաղաղ բնակչության համար` հակառակ պատերազմի բոլոր օրենքների: Այս բոլոր իրադարձությունները հաշվի առնելով` Ֆրանսիան արտահերթ նախաձեռնությամբ դիմել է Անվտանգության խորհրդին: Անհրաժեշտ է կայունացնել իրավիճակը, հետո առողջացման կոնկրետ քայլեր ձեռնարկել: Դրանից հետո կարելի է նոր պայմաններում ընտրություններ անցկացնել:
-Դուք հավատու՞մ եք դրան:
-Միակ որոշումը, որ հաջողության շանս կտար խաղաղության գործընթացին, կայուն միջավայրի ստեղծումն է ընտրությունների կազմակերպման ու նոր սահմանադրության մշակման համար: Այդ քայլը կարող է կոնսենսուսի հիմք դառնալ նաև ռուսների հետ: Նախագահը խոսում է ինկլյուզիվ քաղաքական գործընթացի պայմանների ստեղծման մասին: Ֆրանսիան ձգտում է ընտրական գործընթացի համար կայուն ու չեզոք միջավայրի ստեղծման: Դա նշանակում է շրջափակումների վերացում, մարտական գործողությունների դադարեցում, գերիների փոխանակում, հրաժարում քիմիական զենքից` միջազգային վերահսկողության տակ:
-Ինչքանո՞վ է այդ նախաձեռնությունը տեղավորվում Ժնևի գործընթացում:
-Դա ՄԱԿ-ում բանակցությունների խթան է: Եթե ռուսները համաձայն են, շատ լավ է: Եթե նրանք ցանկանում են հավաքել սիրիացի ներկայացուցիչներին Սոչիում, ինչու՞ ոչ, եթե չի հակասում Ժնևի գործընթացին: Պետք է գտնել իսկապես ինկլյուզիվ քաղաքական լուծում:
-Չե՞ք կարծում, որ ռուսները, իրանցիներն ու թուրքերն ինքնուրույն կհասնեն խաղաղության Սիրիայում:
-Կոլեկտիվ դինամիկան շատ կարևոր է: Խաղաղությունը չի կարող կայուն ու արդար լինել` առանց ԱՄՆ-ի, Եվրոպայի ու տարածաշրջանի երկրների մասնակցության: Ռուսները միշտ ասել են, որ հարգում են Ժնևի բանակցությունները և Աստանայի գործընթացը ընդամենը նախապատրաստական է: Բոլոր դեպքերում` Ռուսաստանը չի կարող միայնակ կարգավորել ճգնաժամը: Մի օր Սիրիան պետք է վերականգնել և նրա միջոցները չեն բավարարի: Եվրոպացիները կմասնակցեն միայն այն գոտիների կայունացմանն ու վերականգնմանը, որտեղ իշխանությունն ընդունելի է հիմնարար իրավունքների տեսակետից:
-Ի՞նչ դեր կարող է Ֆրանսիան ունենալ Հյուսիսային Կորեայի հարցում:
-Մենք տեսնում ենք երկու հակասական ազդանշաններ: Պատրաստակամություն Փխենյանի նկատմամբ Սեուլի կողմից` թե օլիմպիական խաղերին հյուսիսցիների մասնակցության, թե ռազմական շփումների վերականգնման վերաբերյալ: Այդ դիրքորոշումը կարելի է միայն ողջունել: Կիմ Չեն Ինը չի թաքցնում միջուկային զենքի ու հրթիռների «զանգվածային արտադրություն» սկսելու մտադրությունը: Պետք է նպաստել միջուկազերծ Կորեայի բանակցություններին` պահպանելով պատժամիջոցների հարցում հաստատունությունը: Իբրև ՄԱԿ ԱԽ-ի և միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ` Ֆրանսիան պատրաստ է սատարել հյուսիսկորեական ճգնաժամի կարգավորմանը: Շուտով ես մեկնելու եմ Հարավային Կորեա` օլիմպիական խաղերի բացմանը, գլխավորելով Ֆրանսիայի պաշտոնական պատվիրակությունը և հնարավորություն կունենամ կորեացիների, իսկ մինչ այդ ճապոնացիների հետ, հանգամանալից քննարկել, թե ինչպես կարելի է լարվածության ներկա թուլացումը կայուն դարձնել:
-Ո՞ր ոլորտներում է Դոնալդ Թրամփը դժվարություններ ստեղծում Ֆրանսիայի համար: Ի՞նչ թեմաներով է նրա հետ հեշտ համագործակցել:
-Մենք նրա հետ տարաձայնություններ ունենք կլիմայի հարցում ու Իրանի միջուկային ծրագրի: Մենք համաձայն չենք և Երուսաղեմի հարցով ԱՄՆ նախագահի հայտարարությանը: Մենք նույնպես պրագմատիկներ ենք: Մենք չենք մեկնաբանում ամերիկացիների հայտարարությունները և նրանց հետ սերտ անդրկուլիսյան երկխոսություն ենք վարում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ռեքս Թիլերսոնի հետ, որ Փարիզ է գալիս:
-Ինչո՞վ է Էմանուել Մակրոնի արտաքին քաղաքականությունը տարբերվում Ֆրանսուա Օլանդի քաղաքականությունից:
-Մթնոլորտը բացարձակապես անհամեմատելի է: Եվրոպան արդեն այն չէ, ինչ առաջ էր և նախագահը առանցքային դեր է խաղում այդ փոփոխություններում: Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Գերմանիան այսօր բոլորովին այլ վիճակում են: Դոնալդ Թրամփի իշխանության գալը ԱՄՆ-ում ևս շատ փոփոխություններ բերեց: Այս շրջանը շատ անսովոր է: Էմանուել Մակրոնի հաղթանակից հետո Ֆրանսիան հայտնվեց անսովոր վիճակում` միջազգային ուշադրության կենտրոնում: Այս երկու պահերը լրացնում են միմյանց: Մեր երկրից բխող էներգիան հետաքրքրում ու ձգում է: Մենք պետք է առավելագույն օգուտ քաղենք: Դա պարզապես սքանչելի է: Այսօր մենք ունենք ուժ ու ազդեցություն, որ վաղուց չենք ունեցել:
-Կոնկրետ ինչո՞վ է արտահայտվում ուժն ու ազդեցությունը:
-Լիբանանը կարող է լավ օրինակ լինել: Էմանուել Մակրոնի ազդեցությունը թույլ տվեց կարգավորել Հարիրիի հարցը: Երբ Ֆրանսիայի նախագահը վճռեց Փարիզում հավաքել Լիբանանի աջակցության խմբին, բոլորը եկան: Երկրորդ օրինակը Չինաստանն է: Էմանուել Մակրոնը պետության առաջին ղեկավարներից էր, ում Սի Ցզինպինն ընդունեց 19-րդ համագումարում 5 տարով պետության նախագահ ընտրվելուց հետո: Մակրոնի համար, որ ևս 5 տարով է ընտրված, Չինաստան այցն ընտրությունից հետո առաջինն էր: Մակրոնի միջոցով Եվրոպան դիմում էր Սի Ցզինպինին: Նրա այցը թուլ տվեց առաջիկա տարիների ծրագիր կազմել: Մակրոնի արտաքին քաղաքականության ևս մեկ տարբերիչ գիծն է, որ ճգնաժամի դեպքում մենք անհրաժեշտ ենք համարում բոլոր կողմերի հետ խոսել` Էրդողանի, Թրամփի, Պուտինի: Ֆրանսիայի նախագահը շփվում է բաց, ուղղակի ու առանց խաբեության` ձգտելով ընդհանուր խնդիրների կոնկրետ լուծումներ գտնել:
-Հե՞շտ է Էմանուել Մակրոնի հետ աշխատել: Դուք բավարար ազատություն ունե՞ք:
-Մենք հանդիպում ենք երեքշաբթի օրերը և մշտական կապի մեջ ենք: Անհանգստության պատճառներ կլինեին, եթե այլ հարաբերություններ լինեին: Նա մատնանշում է ուղղությունը, ես առաջարկում եմ գործողությունները: Գեներալ Շառլ դը Գոլի մշակած համակարգում արտաքին քաղաքականությունը պետության ղեկավարի գործն է: Դա պահանջկոտ, բայց գրավիչ աշխատանք է` Ֆրանսիային ու ֆրանսիացիներին ծառայելիս:
-Ո՞վ է զբաղվում Ռուսաստանով: Թվում է` հարցը մի կողմ է դրված:
-Էմանուել Մակրոնը ձգտում է Ռուսաստանի հետ ուղղակի հարաբերություններ հաստատել: Եթե Ֆրանսիան խոսում է բոլորի հետ, կարող է ամեն ինչ դեմառդեմ աել: Այնուհանդերձ, նա անհրաժեշտ է համարում հարգել այդ մեծ երկրին: Հենց այդ պատճառով իր ընտրությունից անմիջապես հետո նա Վլադմիր Պուտինին Վերսալ հրավիրեց: Վերջին շաբաթներին ես հաճախ եմ շփվել իմ ռուս գործընկերոջ հետ: Ռուսաստանը պետք է պարզի` ինչ է ուզում: Նյարդայնացնող պահերը շատ են: ՈՒկրաինական հարցը դեռ լուծված չէ: Նույնը` քիմիական զենքի հարցը Սիրիայում: Դժվար է ասել` ի՞նչ ուղի է ընտրում Ռուսաստանը սիրիական ճգնաժամում: Պարզաբանումներ են պետք: Մենք պատրաստ ենք ամեն ինչ քննարկել: Ռուսաստանը պետք է հաստատի, որ ուզում է քննարկել:
-Ի՞նչ վիճակ է Եմենում:
-Պատերազմը Եմենում ողբերգություն է: Կռվող կողմերը խոստացել են լուծում գտնել Սաուդյան Արաբիայի հետ սահմանի պահպանությամբ և նորմալ կառավարության վերականգնումով: Այս հարցում ևս Ֆրանսիան իր դերն է խաղացել: Այս պահին ես ամբողջ ուշադրությունս մարդասիրական հարցերին եմ կենտրոնացրել և կոչ եմ անում կոալիցիային քայլեր ձեռնարկել իրավիճակի բարելավման համար:
-Գործելով բոլոր այս ուղղություններով` Ֆրանսիան չի՞ փորձում իր գլխից բարձր թռչել:
-Գուցե այդպես կարելի էր կարծել, եթե նախագահի գործողությունները եվրոպական գործընթացներում չտեղավորվեին: Մեր եվրոպացի գործընկերները անփոփոխ աջակցում են մեր նախաձեռնություններին: Երբ Էմանուել Մակրոնը խոսում է Եվրոպայի նոր հայեցակարգի մասին իբրև մեր ինքնիշխանության տարածքի, նշանակում է, որ եթե Ֆրանսիան ցանկանում է առաջ շարժվել, պետք է անի եվրոպական շրջանակներում: Դրանով Փարիզը բազմապատկում է իր նախաձեռնությունների ուժը:
Իզաբել ԼԱՍԵՐ, Le Figaro, Ֆրանսիա


Հ.Գ. Նախ ուզում էի հարցազրույցի որոշ հատվածների անդրադառնալ, որ վերաբերում են Ֆրանսիայի դիրքորոշումներին ու աշխարհաքաղաքական կարևոր խնդիրներին, հետո որոշեցի հարցազրույցն ամբողջությամբ` թարգմանել ու հնարավորություն տալ ընթերցողին ինքնուրույն եզրակացություններ անել, թե ինչն է կարևոր ներկայի ու ապագա 5 տարիների քաղաքականության մեջ, որ վարում ու վարելու է Ֆրանսիան` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրը տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի, Ֆրանսիա-Ռուսաստան ու Ֆրանսիա-ԱՄՆ հարաբերություններում, արտաքին քաղաքականությամբ ինչպես է լուծում ներքին քաղաքական խնդիրները ու ընդհանրապես` Փարիզն ինչպես է տեսնում իրենից դուրս աշխարհը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ