Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հարցը չպետք է քաղաքականացնել»

«Հարցը չպետք է քաղաքականացնել»
30.01.2018 | 01:26

Անցած շաբաթ ավարտվեցին գնաճի վերաբերյալ ԱԺ լսումները, թե ինչ արդյունք կտան դրանք, պարզ կլինի առաջիկա երկու շաբաթում: Ինչ խոսք, գնաճը տնտեսական կատեգորիա է, բայց քանի որ այն հարվածում է իշխանության վարկանիշին, ապա վերածվում է քաղաքական գործոնի: Արդյո՞ք գնաճի այս տենդենցը պայմանավորված է «ընդդեմ» մոտեցմամբ: Այս և գնաճի հետ կապված մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՍԱՐԴԱՐՅԱՆԻ հետ:

-Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ,- ասաց պատգամավորը:- Հարցը չպետք է քաղաքականացնել, որովհետև գնաճը ինքնին ամբողջությամբ տնտեսական երևույթ է: Իհարկե, ցանկացած երկրում գնաճի պարագայում հասարակությունը սլաքներն ուղղում է իշխանությանը, բայց և այնպես, համաձայն չեմ Ձեր այն ձևակերպմանը, թե գնաճը հարվածում է կառավարությանը: Ասեմ ինչու: Ընդհանրապես գնաճը պետք է դիտարկել տնտեսական տեսակետից, ինքներդ էլ նշեցիք, որ այն տնտեսական կատեգորիա է: Հայաստանը որդեգրել է ազատ տնտեսական շուկայական հարաբերությունների քաղաքականություն, իսկ դա նշանակում է, որ գնագոյացման գործընթացներին միջամտելու լիազորություններ պետությունը չի կարող ունենալ: Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ պետությունը ձեռքերը ծալած նստելու է: Տոներից անմիջապես հետո, ինչպես տեսաք, հարցը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում: Պատկան կառույցների կողմից այն ուսումնասիրվում է բազմակողմանիորեն, դրան են ուղղված նաև ԱԺ-ում հրավիրված հանրային լսումները: Սա նշանակում է, որ պետությունը մտահոգ է և փորձում է խորհրդատվությունների, ուսումնասիրությունների միջոցով հնարավորինս լուծումներ գտնել գների բարձրացման հետևանքները մեղմելու նպատակով:
Այս հարցում ընդհանրապես պետության հիմնական գործառույթը տնտեսական ազատ միջավայրի ձևավորումն է, ինչն արդարացիորեն պետք է կարգավորի գնագոյացումը: Իհարկե, որոշ ապրանքների թանկացումներն այդքան զգալի չէին լինի, եթե մարդկանց աշխատավարձերը, կենսաթոշակները համապատասխանաբար ինդեքսավորվեին: Թեկուզ մեկ կետով թանկացումը արդեն իր ազդեցությունն ունի սոցիալապես անապահով խավի համար, և պարզ է, չէ՞, որ իշխանություններին էլ ձեռնտու չէ ստեղծված իրավիճակը, որովհետև ժողովրդի սոցիալական վիճակի բարելավումը ամենագլխավոր նպատակներից մեկն է: Դրան հասնելու համար անհրաժեշտ է ապահովել կայուն տնտեսական աճ: Ինչպես փաստում է վիճակագրությունը՝ 2017-ին հաջողվել է ապահովել 7 % տնտեսական աճ, իսկ պետբյուջեով նախատեսված 1 տրիլիոն 135 մլրդ դրամի փոխարեն հավաքագրվել է 1 տրիլիոն 201 մլրդ: Սա նշանակում է, որ տնտեսական անկումը կանգ է առել և ստեղծված են նախադրյալներ, որոնք հաջորդ տարիներին դրական ազդակներ կապահովեն՝ նպաստելով մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
-Ի՞նչ եք կարծում, այս տարվա վերջին հնարավո՞ր է բարձրացնել, ասենք, կենսաթոշակները:
-Համենայն դեպս, ես լավատես եմ: Մենք պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ տնտեսական շարժիչն ակտիվացնելու համար: Այդ դեպքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, եկամտի աղբյուրներ, ինչը կնպաստի ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը:
-Սովորաբար նախընտրական շրջանում գործարար խավը սպասողական վիճակում է. այն, որ այս պահին այդ գործոնը նկատվում է, նշվեց նաև ԱԺ լսումներում: Ըստ Ձեզ, տնտեսության վրա որքանո՞վ կազդի այդ իրավիճակը, տնտեսական պրոցեսները որքանո՞վ կդանդաղեն:
-Անցած տարի ևս այդ առումով սպասողական վիճակ էր, պայմանավորված խորհրդարանական ընտրություններով, սակայն տարին փակեցինք տնտեսական բարձր ցուցանիշներով:
-Այո, բայց ունեցանք գնաճ, ինչը հարվածում է ժողովրդի գրպանին:
-Ընդհանրապես, կարծում եմ՝ ճիշտ կլինի տարանջատել գնաճ և գների բարձրացում ասվածը: Եթե մենք մի քանի ապրանքների մասով ունենք թանկացում, դա չի նշանակում, որ գլոբալ առումով գնաճ է տեղի ունեցել: Ես այս իրավիճակում ձեռնպահ կմնայի այդ սարսափելի գնաճ բառից: ԱԺ լսումներում, ԿԲ-ի նախագահի ներկայացմամբ, գնաճային միջավայրը սովորաբար տատանվում է 2,5-5,5 %-ի միջակայքում: Մենք ունենք գնաճի նվազագույն շեմ՝ 2017-ին այն կազմել է 2,6 %: Այս ցուցանիշը փաստում է, որ դասական հասկացությամբ գնաճ չունենք, կա որոշ ապրանքների թանկացում, ինչը պետությունը, անհրաժեշտության դեպքում, պետք է կանխի միջոցներ ձեռնարկելով, զսպող մեխանիզմներ կիրառելով:
-Լավ, այդ դեպքում որոշ ապրանքների թանկացումը Ձեզ համար նկատելի՞ է, թե՞ Դուք համարում եք, որ դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն:
-Ասեմ այսպես՝ դա շատ անհատական է, կախված նրանից, թե յուրաքանչյուրիս համար որ ապրանքատեսակներն ավելի մեծ կշիռ ունեն, և թանկացումը որքանով է անդրադառնում ընտանեկան բյուջեի վրա: Կրկնեմ, ցանկացած թանկացում լրացուցիչ դժվարություն է ժողովրդի, հատկապես սոցիալապես ոչ ապահով խավի համար, և ցանկացած պետության գործառույթն է մեղմել այդ թանկացումների հետևանքները: Ընդհանուր սպառողական զամբյուղում, որպես առաջին անհրաժեշտություն, հաշվարկվում են սննդամթերքի, կոմունալ վճարումների, առողջապահական և տրանսպորտի ծախսերը: Գների բարձրացում նկատվում է միայն սննդամթերքի մասով, այն էլ՝ առանձին ապրանքատեսակների գծով: Սրա հետ մեկտեղ չպետք է անտեսել, որ առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գներն էլ զգալիորեն նվազել են: Այս մասին փաստում է ոչ միայն պաշտոնական վիճակագրությունը, դա նկատելի է նաև շուկայում: Նվազել են թռչնամսի, ալյուրի, ձեթի, հնդկաձավարի, շաքարավազի գները, և քանի որ սննդամթերքի որոշ տեսակների մասով կա թանկացում, մի մասով էլ՝ նվազեցում, կարծում եմ, սպառողական զամբյուղում գները պետք է որ իրար հավասարակշռեն: Գների բարձրացումը ինչպես մեզանում, այնպես էլ զարգացող և զարգացած երկրներում բնականոն երևույթ է՝ պայմանավորված միջազգային շուկայի գների տատանումներով: Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Հայաստանում գրեթե միշտ եղել են սեզոնային գների բարձրացումներ, առավել ևս, դրանք նկատելի են եղել ամանորյա տոներից առաջ և հետո: Իհարկե, բացի օբյեկտիվ պատճառներից, այստեղ կարող են լինել նաև սուբյեկտիվ պատճառներ, որի համար պետությունն ունի համապատասխան քաղաքականություն և կիրառում է համապատասխան գործիքակազմ՝ վերահսկելով, որ խաղի կանոնները չխախտվեն, որ շուկայում գերիշխող դիրք ունեցողները չհիմնավորված ձևով գները չբարձրացնեն, մյուս կողմից, սրան ավելացան նաև «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները և ԵԱՏՄ մաքսատուրքերի կիրառումը, որոնք հաստատելուց առաջ էլ բոլորս գիտեինք, որ առաջացնելու են որոշ ապրանքների թանկացում: Այնպես որ, այս ամենը կանխատեսելի էր: Չնայած սրան, ԿԲ-ն հայտարարեց, որ այդ գործոնների ազդեցությունը գնաճի վրա կկազմի առավելագույնը 1 տոկոսային կետ։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին վառելիքի շուկային: Մասնագետների գնահատմամբ, բենզինով շահագործվող մեքենաները գրեթե արտադրական շղթայի մաս չեն կազմում և մուլտիպլիկատիվ առումով պետք է որ ազդեցություն չունենան գնագոյացման վրա: Հայաստանի ավտոտնտեսության ավելի քան 70 տոկոսը, որպես շարժիչային վառելիք, օգտագործում է սեղմված գազ, և ներկա սակագինը գործել է նախկինում: Ինչ վերաբերում է դիզվառելիքին, ապա բարձրացված գինը կարող է բեռ հանդիսանալ գյուղատնտեսության համար, ինչի հետ կապված տարբերակները քննարկվում են: Առաջին հերթին գյուղատնտեսական կարևոր ապրանքների համար պետք է կիրառվի ներմուծվող ապրանքները տեղական արտադրությամբ փոխարինելու համալիր ծրագիր, գյուղարտադրության զարգացման, արդյունավետ գյուղատնտեսության մեխանիզմների ներդրման ծրագիր, ինչը հնարավորություն կտա և՛ գյուղարտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու, և՛ խրախուսելու տեղական արտադրությունը:

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ