USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

ՈՒռուցքաբանությունը որպես քաղաքական զենք

ՈՒռուցքաբանությունը որպես քաղաքական զենք
30.01.2018 | 02:20

Ռուս-ամերիկյան ներկա հակամարտ փոխհարաբերությունները, ինչպես մոդայիկ է հիմա ասել` գլոբալ բնույթ են կրում: ՈՒժերը, անշուշտ, առայժմ անհավասար են, և քաղաքական, ռազմաստրատեգիական, տնտեսական և մյուս բնագավառներում առավելության հասնելու ամերիկացիների հնարավորություններն այսօր շատ ավելի մեծ են:


Սակայն այս երկու գերտերությունների փոխհարաբերությունների մեջ հավակնոտ համապարփակ նկրտումների հետ մեկտեղ հառնում են նաև այնպիսի փոխադարձ գործողությունների մեղադրանքներ, որոնք կարելի է նույնիսկ էկզոտիկ համարել: Երկու կողմերն էլ իրար նշավակում են կլիմայական, մանրէաբանական, համաճարակաբանական և նմանատիպ այլ «զենքերի» ստեղծման ու կիրառման մեջ: Եթե ամերիկացիները, օրինակ, կասկածներ ունեն իրենց երկրում փոթորիկների, հողմերի ու մրրիկների արհեստական ծագման մեջ, ապա բնավ էլ չի բացառվում, ասենք, որ ռուսներն էլ ամերիկացիներին մեղադրեն Յակուտիայում նկատվող աննախադեպ սառնամանիքների մեջ:
Սակայն վերջին ժամանակներս, երբ ամերիկացիները միաբևեռ աշխարհի պահպանման իրենց մաքառումներում թիրախ են ընտրել Ռուսաստանը, ավելի կոնկրետ` նրա լիդեր Վլադիմիր Պուտինին, երբ անթաքույց դրվում է նրա մեկուսացման և նույնիսկ ֆիզիկական ոչնչացման խնդիրը, ռուսական լրատվամիջոցներում հաճախակի են դարձել հրապարակումները նույնքան կոնսպիրոլոգիական «ուռուցքաբանական դավադրությունների» մասին: Եվ այս տեսության հաստատման աղբյուրները սկիզբ են առնում հեռավոր Լատինական Ամերիկայից:


Բանն այն է, որ հարավամերիկյան աշխարհամասի պետությունների` բնավ էլ ոչ ամերիկամետ քաղաքական լիդերների շրջանում յուրօրինակ համաճարակի է վերածվել ուռուցքի` քաղցկեղի տարածումը: Տակավին 2011 թվականին Վենեսուելայի այն ժամանակվա նախագահ ՈՒգո Չավեսը Կուբայում աղիքի ուռուցքի վիրահատությունից հետո զարմանք էր հայտնել, որ մայր ցամաքի որոշ լիդերների մոտ զուգահեռաբար նույն հիվանդությունն է հայտնաբերվել: Զարմանալի կլիներ, եթե իմանայինք, որ ԱՄՆ-ում մշակել են քաղցկեղով վարակելու տեխնոլոգիա` ասել էր նա: Պարզվում է՝ մինչ այդ նման վտանգի գոյության մասին նրան զգուշացրել էր Ֆիդել Կաստրոն, որը Չավեսի հետ միաժամանակ նույնպես տառապում էր քաղցկեղով: «Չավես,- անհանգստություն էր հայտնել նա,- հետևիր սննդիդ, այդ մարդիկ արդեն հնարել են այդ տեխնոլոգիան»:


Իրականում Կաստրոն ու Չավեսը իրավունք ունեին խոսելու ինչ-որ «օրինաչափության» մասին: Անսպասելիորեն տարբեր օրգանների քաղցկեղ հայտնաբերվեց Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշների, իշխանությունը ժառանգած նրա դստեր` Քրիստինե Ֆերնանդես դե Կիրշների, Բրազիլիայի նախագահներ Լուլա դա Սիլվայի, Դիլմա Ռուսեֆի, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի և մի շարք այլ ղեկավար անձանց մոտ:


Անշուշտ ամերիկացիները, եթե կա անհրաժեշտություն, չեն խորշում այլ պետությունների` իրենց դեմ ընդվզող ղեկավարներին ֆիզիկապես ոչնչացնելու «ավանդական» մեթոդներից. դրա նորագույն վկայությունները երևացին Մերձավոր Արևելքում: Բայց «քաղցկեղային» մեթոդը անհամեմատ գերարդիական է ու առայժմ դժվար տեսանելի: Սակայն տրամաբանական է հնչում ռուս քաղաքագետներից մեկի հարցը, թե ինչու այդ հիվանդությունը գերազանցապես ի հայտ է գալիս ձախ հայացքների տեր լատինաամերիկացի լիդերների մոտ: Նախկին քահանա Ֆեռնանդո Լուգոն, ընտրվելով Պարագվայի նախագահ, հետագայում նույնպես մահացավ քաղցկեղից:
Ինքնին հասկանալի է, որ ամերիկացիների համար լատինաամերիկացիներն ընդամենը «մանրուք» են այնպիսի ահեղ հակառակորդի համեմատ, ինչպիսին Վլադիմիր Պուտինն է, որը գրեթե անհայտություն դարձած երկիրը կրկին վերածելով գերտերության, լուրջ խոչընդոտներ է ստեղծում ընդդեմ ամերիկացիների համամոլորակային քայքայիչ գործողությունների: Կարո՞ղ են «յանկիները» ուռուցքաբանական զենք օգտագործել նաև Վլադիմիր Վլադիմիրովիչի դեմ: Հազիվ թե: Ռուս քաղաքագետներից մեկի սրամիտ արտահայտությամբ, ամերիկացիները կերջանկանային, եթե կարողանային քաղցկեղով ապականել ռուսաց լիդերի… ուղեղը: Մինչդեռ Պուտինի անվտանգության ծառայությունը համարվում է լավագույններից մեկը աշխարհում: Խորհրդանշական փոքր մի դրվագ. լրագրողների հետ իր տարեվերջյան հրապարակային հանդիպումներից մեկի ժամանակ հաշմանդամ կին մասնակիցներից մեկը վրդովմունք հայտնեց, որ նախագահի «թիկնապահները» անսեթևեթ զնննության էին ենթարկել նաև իր հաշմանդամական տեխնիկան: Պուտինը խնդրեց չնեղանալ նրանցից, որոնք պարզապես իրենց «գործն են անում»:


Վենեսուելայում հավաստում են, որ ունեն ապացույցներ, համաձայն որոնց ՈՒգո Չավեսին «հիվանդացրել են» Նյու Յորքում, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1445

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao