«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ցավի 12 հանելուկ ու առեղծված

Ցավի 12 հանելուկ ու առեղծված
30.01.2018 | 02:58

Բոլորս գիտենք, որ ցավն օբյեկտիվ իրականություն է, բայց ընկալումը խիստ սուբյեկտիվ է: Ցավը կարող է և ախտանիշ լինել, և հիվանդություն, և հոգեկան, և ֆիզիկական: Սուր, բութ, անակնկալ, մշտական, նվվացող, տրոփող, զգետնող` ցավի բնավ էլ ոչ բոլոր բնորոշումներն են, որ մենք տալիս ենք` նկարագրելով մեր զգացողությունները: Ցավի, որ բոլորս ենք զգում: Որ ուշադրություն չի դարձնում մաշկի գույնին, աչքերի բացվածքին, սոցիալական կարգավիճակին: Նրա համար միևնույն է` էվոլյուցիայի ո՞ր մակարդակում է այս կամ այն արարածը: Ցավ են զգում և մարդիկ, և շները, և դելֆինները, և կետերը, և կատուները, և թռչունները, և գորտերը, և նույնիսկ անձրևորդերը: Եթե գիտնականներն ասում են, որ ցավի մեխանիզմը քիչ թե շատ հասկանալի է, միասնական տեսակետ չկա, թե ի՞նչ է ցավը: Տագնապի ազդանշանային համակա՞րգ: Գոյության պարտադիր մա՞ս, առանց որի հնարավոր չէ ֆիզիկական ու հոգեկան բարեկեցությունը հասկանալ: Զուտ ֆիզիոլոգիական գործընթա՞ց: Գլխուղեղում քիմիական բարդ գործընթացների արդյու՞նք: Ոչ բժիշկները, ոչ հոգևորականները վերջնական պատասխան չունեն: Կան մարդիկ, որ գենետիկ անոմալիայի հետևանքով, ցավ ընդհանրապես չեն զգում: Նրանց պետք չէ նախանձել` նրանք չեն զգա ինչ-որ հիվանդության սկիզբը ու կարող են մեռնել: Անցավ, բայց իզուր: Ցավի մասին մեր բոլոր գիտելիքները առեղծվածների վրա են հիմնված:


1. Մեր ուղեղն արձանագրում է ցավը, բայց ինքը ցավ չի զգում
ՈՒղեղն արձանագրում ու մշակում է մարմնի մյուս մասերի ցավի ազդանշանները, իսկ ինքը ցավ չի զգում: Ասենք, դուք ոլորել եք ոտնաթաթը, կամ այրել եք մատը: Նյարդաթելերը անմիջապես ազդանշան են ուղարկում ուղեղին, որ զգացումը մեկնաբանում է իբրև ցավ: Իզուր չէ, որ ժամանակակից վիրաբուժությունը հնարավոր դարձավ միայն անզգայացումը հնարավոր դարձնելուց հետո: Սակայն երբ վիրահատվում է ուղեղը, անզգայացում պետք չէ: Գլխուղեղի նյարդային բջիջներն իրենք իրենց նույն ազդանշաններն են ուղարկում, ինչպես կոտրված ծայրանդամի դեպքում, բայց տվյալների մշակման կենտրոն նրանք չունեն: ՈՒղեղը, որ ամբողջ մարմնի համար է պատասխանատու, բոլորովին չի հասկանում, երբ ինքն է ցավ զգում: Սարսափելի է գուցե, բայց ուղեղի վիրահատության ժամանակ հիվանդները լիակատար գիտակցում են, որ վիրաբույժներին օգնում է հասկանալ` չափազանց չե՞ն խորացել մեր մարմնի գլխավոր պրոցեսորի մեջ:


2. Մենք բոլորս ցավը տարբեր ենք զգում
Ցավը սուբյեկտիվ է` ինչ-որ մեկի համար հոգեվարք է, ինչ-որ մեկի` թեթև անհարմարություն: Փաստը, որ ծննդաբերության ժամանակ մեկն ասում է, որ թեթևակի անհարմար էր, սարսափելի ոչինչ, մյուսն ամենասկզբից ցավազրկող է պահանջում, չի նշանակում, որ առաջինը ստոիկ է, երկրորդը` վախկոտ: Ցավի մեր զգացողության վրա բազում գործոններ են ազդում` ի՞նչ քիմիական ռեակցիաներ են կատարվում այդ պահին մեր ուղեղում, կա՞ բորբոքային գործընթաց մարմնի ինչ-որ մասում, որքանո՞վ ենք հիշում նախկինում զգացած ցավը: Ողնաշարի վիրաբուժության Նյու Յորքի կենտրոնի տնօրեն Քենետ Հանսրաջը մի անգամ ասել է. «Ինչ-որ մեկի ազդրոսկրն առանց թմրեցման կարող ես շաղափել, իսկ նա հանգիստ քեզ կասի` բարեկամ, ի՞նչ ես անում, իսկ մի ուրիշը չի դիմանում նույնիսկ բարակ ասեղի ծակոցին»:


3. Ցավը կարելի է շեղել
Ցավին կարելի է խաբել` եթե թափահարում ես դռան տակ մնացած մատդ, ցավը թեթևանում է: Մեր ուղեղը, իհարկե, երբևէ ստեղծված ամենաբարդ համակարգիչն է, բայց մի քիչ բութ է: Նրա համար բարդ է համաժամանակյա վերլուծել մի քանի զգացողություններ: Ձեզ կծել է մոծակը և տեղը կատաղի քոր է գալիս: Մի կտոր սառույց դրեք և անսպասելի կհասկանաք, որ սառնությունն զգում եք, իսկ քորն անցավ: Այդ պատճառով մենք բնազդաբար տրորում ենք ցավող տեղը կամ թափահարում ենք պատահաբար դռան տակ մնացած մատը:


4. Շիկահերների համար ավելի դժվար է
Շիկահերների գործերը լավ չեն` մազերի կրակագույնը ուղեկցվում է ցավազրկողների նկատմամբ անսովոր վերաբերմունքով: Դժվար է հավատալ, բայց 2009-ին ԱՄՆ-ի ատամնաբույժների ասոցիացիայի ամսագրում հայտնվեց հրապարակում, որ շիկահերները ատամնաբույժներին չեն սիրում: Գենետիկ համակցումը, որ նրանց պարգևատրում է կրակագույն մազերով, միաժամանակ նվազ զգայուն է դարձնում ցավազրկողների նկատմամբ: Երբեմն նրանց 2-3 անգամ ավելի մեծ դեղաչափ է պետք սևահերներից: Հնարավոր է` նրանց օրգանիզմը ցավազրկումը այլ կերպ է ընկալում:


5. Սեքսը փրկում է ցավից
Սեքսը կարող է նվազեցնել միգրենի ցավը, եթե, իհարկե, ուժ ունենաք սեքսի: Այնուհանդերձ, կան վիճակագրական տվյալներ, որ միգրենից տառապողների 60 % -ը իրեն ավելի լավ է զգացել, երբ նոպայի ժամանակ սեքսով է զբաղվել: Սեքսը գլխուղեղում էնդորֆին է արտադրում, որ բնական ցավազրկող է: Բացի այդ` կա վարկած, որ միգրեն հարուցող գենային համակցումը միաժամանակ մեծացնում է հիվանդի լիբիդոն:


6. Անխղճաբար բաժանվել ենք կանանց ու տղամարդկանց
Գիտական ապացույցներ չկան, որ տղամարդիկ ու կանայք ցավը տարբեր են զգում: Թեպետ բժիշկներն ասում են, որ կանայք ավելի հաճախ են ասում, որ ցավում է: Գուցե դա կապված է սոցիալական կարծրատիպի հետ, որ պահանջում է «իսկական» տղամարդկանց ատամները սեղմած դիմանալ ցավին:


7. Նրանք, որ ցավ չեն զգում
Ցավ չզգացողների համար այնքան էլ լավ չէ` պատահական հպումը տաք ջեռոցին կարող է երրորդ աստիճանի այրվածք դառնալ: Դա հազվագյուտ գենետիկ շեղում է: Այնքան հազվագյուտ, որ բժշկության պատմության մեջ մի քանի տասնյակ դեպք է գրանցվել: Նրանք, ում բախտը չի բերել, կարող են զգալ` առարկան սառն է, թե տաք, բայց ոչ ցավը: Գոյություն ունեցող վիճակագրությամբ (որ հասկանալի պատճառներով` շատ հակիրճ է), անզգա մարդկանց կյանքի տևողությունը նկատելի քիչ է մյուսներից:


8. Ամենատարածված ցավը
Թիկունքի ցավը: Զարգացած երկրներում մարդկանց 27 %-ը բողոքում է թիկունքի ներքևի հատվածի ցավից: Մինչդեռ գլխացավից` ընդամենը 15 %-ը: Մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել ֆիզիկական վարժություններն ու ավելորդ քաշ չհավաքել: Դա մեր էվոլյուցիոն հաջողությունների հետևանքն է: Երկու ոտք ունենալը բնավ չի նպաստում ողնաշարի առողջությանը: Չորքոտանիների քաշը շատ ավելի հավասար է բաշխվում ու նրանց մեջքի ցավը չի սպառնում:


9. Արքաների ու դինոզավրերի ի՞նչն էր ցավում
Եվ արքաները, և դինոզավրերը տառապել են հոդատապից: Հոդատապը` նույն արտրիտը, առաջ անվանում էին արքաների հիվանդություն` իբր հետևանք էր յուղոտ սննդի ու սպիրտի շատ օգտագործման: Հեռավոր միջնադարում այդ շքեղությունն իրենց կարող էին թույլ տալ շատ հարուստ մարդիկ: Հիմա մենք գիտենք, որ հոդատապի ցավը առաջանում է հոդերի մեջ միզաթթվի սուր բյուրեղների ձևավորումից:


10. Ցավի բնույթը միանշանակ չէ
Երբեմն ցավը ախտանիշից վերածվում է հիվանդության: Ամեն ինչը ցավում է ու պատճառն անհասկանալի է: Ցավը ախտանիշ է, որ ընդհանուր պատկերացում է տալիս, կոնկրետ` ոչինչ: Կենտրոնական ցավային սինդրոմից տառապող հիվանդների համար ցավը ոչ թե ախտանիշ, այլ հիվանդություն: Այդ հիվանդները բողոքում են ամբողջ մարմնի ցավից` ծակծկոցից մինչև ուժեղ ճնշում: Այդ դեպքում ուղեղը ոչ միայն ցավի գրանցողն ու ցավն զգացողն է, այլև` գլխավոր գեներատորը:


11. Պետք չէ թերագնահատել սեփական ուղեղը
Մի թերագնահատեք ձեր ուղեղը` նա հիանալի գիտի` ո՞ր կոճակները ի՞նչ իրավիճակներում սեղմել: ՈՒղեղն անընդհատ գնահատում է իր ստացած ազդանշանները` որոշելով, թե որքա՞ն է վտանգը լուրջ և արժի՞ անհապաղ միջոցներ ձեռնարկել: Տագնապի ազդանշան ստանալով` ուղեղն անմիջապես փորձում է պատասխանել գլխավոր հարցին` որքա՞ն է դա իրոք վտանգավոր: Իրավիճակը գնահատելիս մեր կենտրոնական պրոցեսորը օգտագործում է իր ունեցած ամբողջ տեղեկատվությունը` անցյալ փորձից մնացած սուբյեկտիվից մինչև օբյեկտիվ, որ ստացվում է մարմնի ֆիզիկական ու քիմիական պարամետրերի ամբողջ համակարգից: Ազդանշանը ստանալով` ուղեղը նյարդային վերջույթներին հրահանգներ է ուղարկում` ինչպես իրենց պահեն: Կանադացի բժիշկ Պոլ Ինգրեմը կատարվողը ներկայացրել է երևակայական երկխոսության միջոցով.
ՈՒղեղը ինչպես ցանկանում է` ղեկավարում է նեյրոններին ու նրանք ստիպված են ենթարկվել:
Նյարդեր. Պրոբլեմ: Պրոբլեմ: Վիթխարի: Մեծ: Տագնապի կարմիր ազդանշան: Անհապաղ միացրեք:
ՈՒղեղ. Հա՞ որ: Լավ, ընդունեցի ի գիտություն: Գիտեք ինչ, ես տվյալների բազա ունեմ: Կներեք, խիստ գաղտնի: Հավատացեք իմ խոսքին` ամեն ինչ այդքան սարսափելի չէ: Թուլացեք:
Նյարդեր. Ոչ, ոչ, լսի, շատ լուրջ է:
ՈՒղեղ. Ոչ, չեմ հավատում:
Նյարդեր. Լսի, գուցե մենք, իհարկե, այդ «տվյալների բազա» մուտք չունենք, որի մասին դու անընդհատ հիշեցնում ես, բայց մենք հիանալի գիտենք` ինչ է նշանակում հյուսվածքի վնասվածք: Մենք խաղալիքներով չենք խաղում: ՈՒ ձայններս չենք կտրի` մինչև միջոցներ չձեռնարկես:
ՈՒղեղ (հիպնոսողի ձայնով). Դուք արդեն չեք հիշում` ինչ է եղել: Բոլորովին պետք չէ ինձ ազդանշաններ ուղարկել: Ամեն ինչ կարգին է: Խոր շնչեք:
Նյարդեր. Հա, ի՞նչ էինք ուզում ասել: Ոնց որ կարևոր ասելիք ունեինք: Լավ, մենք հետո կգանք:


12. Ամենագլխավոր պետը
ՈՒղեղն ինքն է որոշում` ինչպես կարգավորել օրգանիզմի ցավի կոճակը, և ինչու՞ է նա երբեմն կանգ առնում 6-ի, երբեմն 10-ի վրա, մենք մինչև հիմա չգիտենք: ՈՒղեղն իրականում ինչ ուզում` անում է նյարդային վերջույթների հետ: Եթե ինչ-որ բան դուր չի գալիս, կարող է ավելի շատ տեղեկություններ պահանջել: Կարող է և իր ենթականերին հրամայել ոտքի տակ չընկնել: Վերջին տարիներին բավականաչափ տեղեկություններ են հայտնվել, որ վերջույթների նյարդերը կարող են իրականում փոխվել և ֆիզիկապես, և քիմիապես` հավանաբար ուղեղից ստացված հրահանգով: Պոլ Ինգրեմը նկատում է. «ՈՒղեղը ոչ միայն կարող է ձայնը կարգավորող կոճակը պտտել, այլև փոխել ամբողջ սարքը` փոխելով ազդանշանը` նախքան կհասնի դինամիկներին»:


Եզրակացություն
Ցավի վերջնական էությունը, չնայած բոլոր կենդանի արարածների գոյության անքակտելի մասն է, նախկինի պես անհայտ է:
ВВС


Հ.Գ. Դե ի՞նչ: Անցավ ապրեք` որքան կարող եք: Եթե չի ստացվում, մի դիմադրեք, այլ պատճառը գտեք ու… Սպասեք` հաջորդ ազդանշանին: Կյանքը առեղծվածից առեղծված ու ցավից ցավ անցում է` փաստորեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ