«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ինչու՞ ոչ ոք չի ուզում օգնել Աֆրինի քրդերին

Ինչու՞ ոչ ոք չի ուզում օգնել Աֆրինի քրդերին
30.01.2018 | 07:50

Արդեն օրեր շարունակ Մերձավոր Արևելքից ստացվող գլխավոր տեղեկությունները Սիրիայի Աֆրինի շրջանի քրդերի դեմ Թուրքիայի սանձազերծած «Ձիթենու ճյուղ» պատժիչ գործողության մասին են: Շատերը հասկանում կամ գուշակում են, որ աշխարհը բախվել է ամենաբարձր մակարդակի լուրջ դավադրության:

Ի՞նչ նպատակ և կոնկրետ ո՞վ է հետապնդում՝ դժվար է հասկանալ, բացի Թուրքիայի դիրքորոշումից: Իրաքյան Քրդստանում «անկախության» ձախողումից հետո թուրքերը, ինչպես ասում են, «օր օրի» սպասում էին, որ «անկախ Քրդստան» հռչակելու և ստեղծելու հաջորդ փորձերը կլինեն արդեն ժամանակակից Թուրքիայի ժամանակակից տարածքում: Այսինքն, մեր Արևմտյան Հայաստանում ու Միջագետքում: Եվ դրա միակ հենակետը, բնականաբար, Սիրիայի այն տարածքներն են, որոնք գտնվում են քրդերի վերահսկողության ներքո: Ինչու՞ թուրքերը չէին երկյուղում Իրաքի քրդերից: Որովհետև Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության (KPG) նախկին նախագահ Մասուդ Բարզանին «աշխատում» էր ԱՄՆ-ի և Իսրայելի պլանների շրջանակներում, այն է՝ քրդական անկախությունն օգտագործել ընդդեմ Իրանի, և, բացի այդ, Բարզանին շատ շատերի մոտիկ ընկերն է ժամանակակից թուրքական վերնախավում: Բարզանին բազմիցս է դա ապացուցել՝ Անկարայի հետ համաձայնեցված կարգով Հյուսիսային Իրաքում ձեռնարկելով Թուրքիայի հետ սահմանային իրաքյան Կանդիլի լեռներում «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկների ու ճամբարների դեմ ուղղված միջոցներ:
Հենց Անկարայի երկյուղները նկատի առնելով՝ թուրքերի այսօրվա անպատժելիությունը հասկանալու բանալին պետք է որոնել անցած տարվա նոյեմբերի մեջ և ոչ թե այն բանում, որ ռազմական գործողություններն սկսվելուց մի քանի օր առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարության և MIT հատուկ ծառայության պատվիրակությունը եղավ Մոսկվայում և խորհրդակցություններ անցկացրեց: Հիշեցնեմ 2017 թ. նոյեմբերի՝ Սիրիայի քրդերի և ամբողջ Մերձավոր Արևելքի համար կարևորագույն որոշ մանրամասներ: Այն ժամանակ Անկարան մի քանի օրվա մեջ մեկ ՆԱՏՕ-ին սպառնաց վերանայել հարաբերությունները դաշնախմբի հետ, մեկ էլ կամացուկ սկսեց հայտարարել, թե «նման բան չկա»: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, իր իտալացի պաշտոնակից Անջելինո Ալֆանոյի հետ հանդես գալով Հռոմում կայացած մամուլի համատեղ ասուլիսում, Եվրոպային և ՆԱՏՕ-ին հավաստիացրեց, որ Անկարան նրանց հետ մերձեցման ուղիով է ընթանում: «Թուրքիան չի մերձենում Ռուսաստանի հետ: Նման բան չկա»,- արևմտյան դիվանագետներին հանգստացրեց նա: Ասեմ, որ «թեման» պատահաբար չէր առաջացել: Նոյեմբերի 20-ին Թուրքիայի նախագահի օգնական Յալչըն Թոփչուն կոչ էր արել վերանայել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, որը, «ցավոք, թշնամաբար է տրամադրված Թուրքիայի նկատմամբ» (նկատի է առնվում ՆԱՏՕ-ի զորախաղերում որպես թշնամու պատկերներ Էրդողանի ու Աթաթուրքի լուսանկարների օգտագործման աղմկոտ դրվագը): Հետո Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը հանդես էր եկել հակառակ հայտարարությամբ, հաղորդելով, որ Անկարան չի ծրագրում «բաժանվել» ՆԱՏՕ-ից:


Եվ ահա, նոյեմբերի 28-ին ելույթ ունենալով կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ղեկավար կազմի առջև, Թուրքիայի նախագահ Էրդողանը հանկարծ նշեց, թե վերջին շրջանում առաջին անգամ Թուրքիան և ԱՄՆ-ը գտնվում են «միևնույն ալիքի վրա», և երկու երկրների երկխոսությունը մոտ օրերս կշարունակվի: Ինչպես Անկարայից հաղորդել է Reuters գործակալությունը, Թուրքիայի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոյեմբերի 24-ին (այսինքն՝ արդեն Սոչիից հետո) իր ունեցած հեռախոսային խոսակցությունը: Թե Էրդողանի մատնանշած թեմաների կողքին (զենքի մատակարարումները Սիրիայի քրդերին, Ֆեթուլլահ Գյուլենի հանձնումը, ռազմատեխնիկական ոլորտում Վաշինգտոնի ու Անկարայի համագործակցությունը և այլն) սա ինչ կարող է նշանակել, մնում է միայն գուշակել: Բայց իմանալով, որ ԱՄՆ-ը նոր առճակատում է նախապատրաստում Իրանի հետ, դժվար է պատկերացնել, որ Թրամփը ինչ-որ հակաիրանական պայմաններ չի դնի Թուրքիայի առջև: Սպիտակ տունը, ճիշտ է, «սրբագրում» է Էրդողանի «հույսերը» և պնդում, որ խոսքը «ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող խմբերին» զենքի մատակարարումների կրճատման մասին է, ոչ թե դադարեցման: Բայց դա ճեղքում է Անկարայի համար, ուստի Էրդողանը հայտարարել է. «Թրամփն ասաց, թե կարող է զանգահարել գալիք շաբաթ: Եթե չզանգահարի նա, կզանգահարեմ ես»: Այնպես որ, դաշնակիցները հիմա խիստ շահագրգռված են միմյանցով: Եկեք կասկածի տակ չդնենք, որ դաշնակիցները (իսկ Սիրիայի հարցում թուրքերն ու ամերիկացիներն իրոք դաշնակիցներ են) հաճախակի են «շփվել հեռախոսով», թեև հունվարի 16-ին Էրդողանը պնդեց, թե, իբր, «սպասում է, որ Թրամփն ինքը զանգի»: Աֆրինում տիրող իրադրությունը ակնբախ ապացույց է այն բանի, որ ԱՄՆ-ը «հավանություն» է տվել հակաքրդական ռազմական գործողություններին:


Ոմանք կցանկանան առարկել ինձ, թե, իբր, տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ը Սիրիայի ամերիկամետ «ժողովրդավարական ուժերի միության» (CDC) մեջ մտնող քրդերին լուրջ սպառազինություններ՝ շարժական զենիթահրթիռային համալիրներ է տվել: Եթե դա ճիշտ է, ապա հասկանալի չէ, թե ինչու թուրք-քրդական պատերազմի առաջին օրերի ամփոփագրում աշխարհը չի լսում այն մասին, որ քրդերը գոնե փորձում են թուրքական ռազմական ինքնաթիռներ խփել: Իսկ չէ՞ որ Անկարան բառացիորեն ամեն օր տարփողում էր, թե կատարվել է այսքան օդային հարված, այսքան հրթիռակոծություն, թե համարյա բոլոր նպատակակետերը խոցված են, և այսպես շարունակ: Քրդերի դիմակայության մասին հայտնի է միայն, որ փեշմերգայի (աշխարհազորի-խմբ.) մարտիկները ոչնչացրել են թուրքական հատուկ նշանակության ամբողջ ջոկատը, որը դիվերսիոն-քայքայիչ նպատակով ներխուժել էր Աֆրին, հանձնարարություն ունենալով ցամաքային հարձակում նախապատրաստելու: Եվ որ հենց սկզբում քրդերը ոչնչացրել են թուրքական հինգ տանկ: Եթե ԱՄՆ-ը քրդերին շարժական զենիթահրթիռային համալիրներ է տվել, ապա ինչու՞ քրդերը չեն փորձում խփել թուրքական ինքնաթիռներն ու հրթիռները: Ստացվում է, որ կամ ամերիկացիները ստում են և իրականում ոչինչ չեն տվել, կամ էլ նրանք այդ համալիրները «ուրիշ քրդերի» են տվել: Իհարկե, այս հոդվածի շրջանակներում շատ դժվար է հետազոտել և ընթերցողներին ներկայացնել, թե որտեղ է թաքնված սիրիացի քրդերի «Պոլիշինելի գաղտնիքը»: Սակայն որոշ բաներ պետք է հիշեցնել ընդհանուր գծերով:


Խնդիրն այն է, որ ամերիկամետ, CDC-ի կազմում ընդգրկված քրդերը հիմնականում, այսպես կոչված, Քրդական գերագույն կոմիտեի (կամ խորհրդի), DBK-ի ներկայացուցիչներ են, իսկ ռազմական ուժը բաղկացած էր Քրդական ժողովրդական ինքնապաշտպանության (YPG) որոշ ջոկատներից: Բայց կա նաև Քրդական ազգային խորհուրդ (KNC), որում «Քրդական ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) հեղինակությունը, այնուամենայնիվ, ավելի բարձր է, քան մյուս կազմակերպություններինը: Արդյունքում ստացվել է, որ YPG-ի ջոկատների մեջ կան նաև այնպիսիք, որոնք ավելի շատ կատարում են PYD-ի որոշումները, ոչ թե Սիրիայի մյուս քրդական կազմակերպություններինը: Սիրիայում մրցակցող քրդական խմբավորումների ու կառույցների միջև երբեմն բավական սուր բախումներ էին բռնկվում, և պատմությունն արձանագրել է, օրինակ, թե ինչպես են PYD-ի քրդերը 2015 թ. մեկ-երկու գիշերվա ընթացքում ձերբակալում բացահայտորեն ամերիկամետ քրդերին: Այսպես թե այնպես, DBK-ի ստեղծման որոշումն ընդունվեց 2012 թ. հուլիսի 12-ին Էրբիլում՝ Բարզանիի հավանությամբ ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հովանավորությամբ: DBK-ի կենտրոնակայանը տեղակայված է Այն-էլ-Արաբում (Քոբանի): 2012 թ. հուլիսի 19-ին YPG-ն զավթեց Այն-էլ-Արաբը, իսկ հաջորդ օրը՝ Ամուդա և Աֆրին քաղաքները: KNC-ն և YPG-ն հետագայում կազմավորեցին զավթված քաղաքների կառավարման համատեղ մարմին: 2012 թ. հուլիսի 24-ին YPG-ի հսկողության տակ անցան նաև Դերիկ, Ռաս-էլ-Այն (Սերեկանիե), Դիրբեշի և Ալ-Մեբադա քաղաքները: Ընդ որում, քրդերի մեծամասնության շրջանում անվիճելի է PYD կուսակցության առաջնորդ Սալեհ Մուհամմադ ալ-Մուսլիմի հեղինակությունը, և հենց այդ կուսակցությունը պաշտոնական ներկայացուցչություն ունի Մոսկվայում, իսկ դա սիրիացի քրդերի արտասահմանյան միակ ներկայացուցչությունն է:


YPG կազմակերպության փեշմերգայի ջոկատների հենց երկակի բնույթն է, որ հիմա հիմքեր չի տալիս պնդելու, թե ամերիկացիները հատկապես ում են տվել զենիթահրթիռային համալիրները, եթե, իհարկե, տվել են: Եթե տվել են և այն էլ «իրենց քրդերին», այդ դեպքում, հավանաբար, պայմանով, որ քրդերը դրանք չեն օգտագործի «ամերիկյան կոալիցիայի» երկրների ավիացիայի դեմ: Իսկ Թուրքիան հենց այդ երկրներից է: Ստացվում է, որ ամերիկացիները զենիթահրթիռային համալիրները քրդերին կարող էին տալ պայմանով, որ նրանք կկրակեն միայն Սիրիայի ավիացիայի և... Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈՒ) վրա, որովհետև, բացի «ամերիկյան կոալիցիայի» երկրների ավիացիայից, Սիրիայի երկնքում թռչում են միայն Սիրիայի ռազմաօդային ուժերի և Ռուսաստանի ՌՏՈՒ-ի ինքնաթիռները: Անգամ իսրայելական ավիացիան, երբ հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին, ջանում է չխախտել Սիրիայի օդային սահմանները. իսրայելցիները Սիրիայի տարածքի վրա գրոհում են Լիբանանի օդային տարածքից: Դրա համար չէ՞, արդյոք, Ռուսաստանը, որը կարծես չէր հակառակվում Աֆրինի քրդերի դեմ Թուրքիայի պատժիչ գործողությանը, արդեն մեղադրել ԱՄՆ-ին, որ թուրք-քրդական ներկա ռազմական գործողությունները հրահրել է Վաշինգտոնը:


Իրոք, հունվարի 22-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը Հարավարևելյան Ասիա կատարած ուղևորության ժամանակ ինքնաթիռում լրագրողներին խոստովանել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ին իրազեկել էր Վաշինգտոնի աջակցությունը վայելող քրդական կազմավորումներին հարվածելուց առաջ: «Նախքան ինքնաթիռներն օդ բարձրացնելը, նրանք մեզ նախազգուշացրել էին, որ անելու են դա»,- ասել է Մետիսը: Եվ ամերիկացիները ակնարկ իսկ չարեցին կանգնեցնելու թուրքերին: Այսինքն, «քաշեցին» քրդերին: Մետիսի ասելով, Թուրքիայի կողմից նախազգուշացում արվել է թուրքական և ամերիկյան զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների միջև հեռախոսային խոսակցության ժամանակ: Նա չի ասել, սակայն, թե ամերիկյան զինվորականները թուրքերին խորհուրդ տվե՞լ են, արդյոք, որ իրենց հղացած քայլը չձեռնարկեն: «Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք դրան: Դրա մեջ ներգրավված են շատ բարձր մակարդակի մարդիկ, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մենք զբաղվում ենք այդ խնդրով»,- ընդգծել է նա: Մի՞թե Պենտագոնի ղեկավարի խոստովանությունը չի հաստատում Էրդողանի նոյեմբերյան հայտարարությունն այն մասին, թե «վերջին շրջանում առաջին անգամ Թուրքիան և ԱՄՆ-ը գտնվում են միևնույն ալիքի վրա» քրդերի հարցում: Իմ կարծիքով աքսիոմ է:


Համոզված եմ, որ բոլոր վայրիվերումներին տեղյակ է նաև Սիրիան, թեև Բաշար Ասադն արդեն կտրականապես արտահայտվել է Թուրքիայի դեմ և մեղադրել է ոչ միայն ագրեսիայի, այլև ահաբեկիչներին օժանդակելու մեջ: Ամեն ինչի մասին գիտի նաև Իրանը, որը դեկտեմբերի վերջին ցույց տվեց «կարմիր գիծը», նշելով, որ այսուհետև Լիբանանի, Սիրիայի և Իրաքի պաշտպանությունը համարժեք է Իսլամի և Իրանի պաշտպանությանը: Սակայն ո՛չ Սիրիան, ո՛չ Իրանը և նրա շիադավան դաշնակիցները բացահայտորեն չեն շտապում Աֆրին:

Ընդ որում, իրենք՝ քրդերը, Աֆրինին հասցված օդային հարվածների մեջ մեղադրում են ոչ միայն Թուրքիային, այլև Ռուսաստանին: YPG-ի հայտարարության համաձայն, հաղորդել է քրդական Rudaw գործակալությունը, թուրքական ՌՕՈՒ-ն հարվածները հասցրել է «Ռուսաստանի հավանությամբ», որի կապակցությամբ Մոսկվան, իբր, նույնպես պատասխանատվություն է կրում Աֆրինի քաղաքացիական բնակչության զոհվելու համար: Բայց քրդերի կողմից առայժմ որևէ մեղադրանք չկա ԱՄՆ-ի հասցեին, որն ակտիվորեն զինել և պաշտպանել է նրանց հավակնությունները, և որի զինծառայողները տեղաբաշխված են քրդերի կողմից վերահսկվող սիրիական տարածքներում: Թեև հազիվ թե քրդերը չիմանան Էրդողանի նոյեմբերյան հայտարարության մասին և լսած չլինեն Մետիսի հունվարի 22-ի հայտարարությունները: Ավելին, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, որն առաջ Անկարային կոչ էր անում ձեռնպահ մնալ Աֆրինի վրա հարձակումից, իր հայտարարության մեջ արդեն մեկնաբանել է թուրքական ագրեսիան. «Մենք դարձյալ պաշտպանում ենք Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում կարևոր գործընկերոջ անվտանգության պաշտպանության օրինական միջոցները: Սակայն մենք Թուրքիային հաստատակամորեն կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և սահմանափակել ռազմական գործողությունների չափերն ու տևողությունը, խորաթափանցություն հանդես բերել՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»: Այս կապակցությամբ հարց է ծագում. իսկ ինչու՞ Ռուսաստանը (ինչպես նաև Սիրիան և Իրանը) պետք է հակամարտությունում «տանջվեն» քրդերի համար: Քրդերը Սիրիայում ունեն իրենց հովանավորը՝ ԱՄՆ-ը, և եթե Վաշինգտոնը ոչ մի գործուն քայլ չի անում Էրդողանին կանգնեցնելու համար, ապա ինչու այդ բանը պետք է անեն Մոսկվան, Դամասկոսը, Թեհրանը, որոնք շահագրգռված են Սիրիայի ամբողջ տարածքում Բաշար Ասադի վերահսկողությունը վերականգնելու և այդ երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցում, որին հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկը քրդերն են: Դե, իսկ թուրքերին Սիրիան, Իրանն ու Ռուսաստանը Սիրիայի տարածքից շատ արագ դուրս կքշեն:


Սա ԱՄՆ-ի գործելակերպն է: Դրա վկայությունը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ճանաչված թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հունվարի 22-ի խոստովանությունն է. «Նախկինում քրդերին պաշտպանող ամերիկացիները փաստորեն դավաճանեցին նրանց: Անկարայի գործողությունները դատապարտող հայտարարություններ մենք չլսեցինք Վաշինգտոնից, դրա փոխարեն ամերիկյան կողմը ձգտում է իր անգործությունն արդարացնել նրանով, թե, իբր, Թուրքիան կարևոր ռազմավարական գործընկեր է»: Բա ո՞նց, սա քրդական կազմակերպությունների ու նրանց առաջնորդների «կոմպլեմենտարության» օրինաչափ «արդյունքն» է:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ