USD484.29
EUR551.32
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Սիրիայում Ասադից բացի, ԱՄՆ-ն այլ թիրախներ էլ ունի` Ռուսաստանը, Իրանը, թերևս նաև Թուրքիան

Սիրիայում Ասադից բացի, ԱՄՆ-ն այլ թիրախներ էլ ունի` Ռուսաստանը, Իրանը, թերևս նաև Թուրքիան
30.01.2018 | 08:23

Սիրիայում ծավալվող իրադարձությունները գնալով դառնում են մտահոգիչ: Միացյալ Նահանգներն այստեղ օգտագործելով քրդերին, փայլուն «շախմատային խաղ» է կազմակերպել, ընդ որում` միանգամից մի քանի կողմերի նկատմամբ (այդ կապակցությամբ նախորդ հրապարակումները կարող եք կարդալ irates.am կայքում հետևյալ հղումներով` «Սիրիայում Նոր տարվա նախաշեմին բացեցին Պանդորայի արկղը», «Բռնկված նոր պատերազմը դեռ շատ արյուն է հեղելու»):


Որոշ թուրքագետներ, քաղաքագետներ կարծում են, թե Սիրիայում ԱՄՆ-ի նպատակն Ասադին իշխանությունից հեռացնելն է, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը թուլացնելը: Չժխտելով հանդերձ Ասադին իշխանությունից հեռացնելու ԱՄՆ-ի նպատակը, կարծում եմ, ԱՄՆ-ի մյուս նպատակը ոչ թե սոսկ Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացումն է Սիրիայում, այլև Ռուսաստանին, Իրանին, ինչպես նաև Թուրքիային Սիրիայում երկարատև և հյուծիչ պատերազմի մեջ ներքաշելը` այն հաշվարկով, որ այդ պատճառով նշված պետությունները մեծապես տուժեն, թուլանան, նրանց ներքին կայունությունը սասանվի, և տապալվեն իշխող վարչակարգերը:


Ավելին. Միացյալ Նահանգների նպատակները չեն սահմանափակվում սոսկ վերը նշվածներով, քանի որ ԱՄՆ-ը նպատակ ունի նաև ժամանակ շահելու` Սիրիայում ահաբեկչական տարբեր կազմակերպություններին զինելու և ակտիվացնելու համար, Սիրիան մասնատելու, բաժանելու մի քանի հատվածի, տիրելու նավթով հարուստ շրջաններին կամ դրանք ընծայելու իր հարազատ եղբորը` Իսրայելին, և ավելին:
Սիրիայում նոր ու դեռ լիովին չավարտված նախորդից թերևս էլ ավելի արյունահեղ պատերազմի պայթուցիչը պայթեցնելու համար ԱՄՆ-ին պետք եղավ ընդամենը Սիրիայի քրդերին լավ զինել, Սիրիայի տարածքում անկախ պետություն հռչակելու նրանց ցանկությանն աջակցելու խոստումներ տալ, օգտագործել նրանց այդ ցանկությունը և քրդերին ընդհանրապես… Որքան էլ նրանք կոտորվեն սկսված ու գնալով թափ հավաքող պատերազմում, ԱՄՆ-ի ղեկավարության հոգը չէ, տասնյակ կամ նույնիսկ հարյուր հազարավոր քրդերի կյանքը ԱՄՆ-ի նախագահի ու մյուս ղեկավարների համար նույնիսկ ցենտի արժեք չունի: Բարոյականությունը նրանց համար զրոյի արժեք ունի, սակայն Սպիտակ տանը և Պենտագոնում, ինչպես նաև վերազգային այն կառույցում, որը որոշում ու թելադրում է Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, հաշվարկել շատ լավ գիտեն:


Սիրիայում քրդերը մեծությամբ երկրորդ էթնիկ խումբն են, նրանց թիվը, ըստ տարբեր աղբյուրների, հասնում է ավելի քան 2 միլիոնի: Այս երկրում «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ կազմակերպությունների դեմ ծավալվող պատերազմում քրդերն ինչպես օրինականորեն ձեռք բերված, այնպես էլ տարբեր կողմերից խլված զենքերով հասցրել են բավական լավ զինվել: ԱՄՆ-ը վերջերս նրանց էլ ավելի լավ է զինել` ուղարկելով առնվազն 5000 բեռնատար և 2000 ինքնաթիռ արդիական զենք ու զինամթերք: Ինչու՞…
ԱՄՆ-ի պատճառաբանության համաձայն, որ օգնի պայքարելու «Իսլամական պետության» դեմ: Սակայն, այս պատճառաբանությունը կեղծ է, քանի որ այդ դեպքում ԱՄՆ-ը նրանց զենք-զինամթերքի այդ խոշոր հատկացումը ոչ թե վերջերս, այլ ավելի վաղ կկատարեր, երբ Սիրիայում «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ կազմակերպությունների դեմ պատերազմն իր բարձրակետում էր, և ոչ թե հիմա, երբ «Իսլամական պետությունը», թեկուզ նաև մյուս ահաբեկչական կազմակերպությունները Սիրիայում հիմնականում ջախջախված են:


Իրականում Միացյալ Նահանգներն իր վերոնշյալ քայլով նպատակ ունի երկու խնդիր լուծելու: Առաջինը` քրդերին համարձակություն ներշնչել, որ իրենք արդեն այնքան ուժեղ են, որ կարող են ձեռնամուխ լինել Սիրիայի տարածքում անկախ պետություն հռչակելու իրենց երազանքի իրագործմանը (մինչ հունվարի 19-ին պատերազմի սկսվելը, օրինակ, հիմնականում քրդաբնակ Աֆրինի շրջանը փաստացի չէր ենթարկվում Դամասկոսին): Եվ երկրորդ` եթե քրդերը նույնիսկ չհամարձակվեն ու չգնան այդ քայլին, ապա թեկուզ միայն քրդերի զինվածության կտրուկ աճով հարուցել նրանցից բխող սպառնալիքով պայմանավորված Թուրքիայի տագնապը ու սադրել վերջինիս ներխուժումն իրեն սահմանակից Սիրիայի քրդաբնակ շրջաններ:


Կարելի է ասել, որ այս վերջին նպատակի իրականացումն ԱՄՆ-ի համար երաշխավորված էր. եթե Թուրքիան նույնիսկ այս պահին քրդերի զինվածության կտրուկ աճի և Սիրիայի տարածքում քրդական պետության հռչակման էլ ավելի իրատեսական դառնալու պատճառով չներխուժեր Սիրիայի տարածք ու չսկսեր պատերազմը քրդերի դեմ, ապա դա անպայման անելու էր Սիրիայի տարածքում քրդական պետության հռչակումից հետո, որին պատրաստվում էին այնտեղի քրդերը: Շարունակությունը բոլորիս է հայտնի. քրդերը Սիրիայի տարածքում դեռ չէին հասցրել անկախ պետություն հռչակել, երբ թուրքական զինուժը հունվարի 19-ից սկսեց հարձակվել նրանց վրա:
Հիմա պատասխանենք այն հարցին, թե ԱՄՆ-ն ինչու՞ զինեց Սիրիայի քրդերին, և ինչու՞ է նրանց ոգեշնչել, որ Սիրիայի տարածքում քրդական պետություն հռչակեն: Քրդական պետության հռչակումը նշանակում է Սիրիայի մասնատում և էական թուլացում, ինչին Դամասկոսը, բնականաբար, դեմ է լինելու և զենքի գործադրմամբ ընդդիմանալու է, ինչպես վարվեցին Իրաքի իշխանությունները, երբ այնտեղի քրդերն անկախ պետություն հռչակեցին: Սակայն, Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակների միջև առկա են մի քանի էական տարբերություններ. նախ, Սիրիայի քրդերն անհամեմատ լավ են զինված, քան զինված էին Իրաքի քրդերը, և նրանցից թե՛ զինական, թե՛ կազմակերպական առումով ավելի ուժեղ են:
Երկրորդ. ի տարբերություն Իրաքի քրդերի, Սիրիայի քրդերն ունեն ԱՄՆ-ի ռազմական և այլ բնույթի աջակցությունը, և կասկածից դուրս է, որ անկախ պետության հռչակման և Սիրիայի բանակի հետ բախվելու դեպքում էլ ավելի մեծ չափերով են ստանալու այդ աջակցությունը:
Երրորդ. ի տարբերություն 2011 թվականից սկսված արյունաքամ պատերազմի բովով անցած ու հոգնատանջ Սիրիայի բանակի, Իրաքի բանակն ավելի ուժեղ է, նույնը կարելի է ասել նաև պետության համար, քանի որ, ի տարբերություն Իրաքի, Սիրիան գրեթե լիովին ավերված է ու տնտեսապես թույլ:


Վերը շարադրվածը նշանակում է, որ իր դեմ ելած «Իսլամական պետության», ահաբեկչական այլ կազմակերպությունների, ինչպես նաև Թուրքիայի աջակցությունն ունեցող հակակառավարական «Սիրիական ազատ բանակի» հետ պատերազմը դեռ լիովին չավարտած Սիրիան քրդական պետության հետ պատերազմի մեջ մտնելու պարագայում, ամենայն հավանականությամբ, պարտվելու է, եթե այդ պատերազմում իր կողմից չմասնակցեն Ռուսաստանը և Իրանը:
Վերջին երկու պետությունները Սիրիայում դեռ լիովին չավարտված պատերազմում մարդկային, տեխնիկական, նյութական, ֆինանսական լուրջ կորուստներ ունեցան, ինչը չի կարող չանդրադառնալ այդ երկրների տնտեսության և հատկապես Ռուսաստանում իշխանությունների հանդեպ բնակչության մի մասի տրամադրությունների վրա: Թերևս ավելորդ է ասել, որ Սիրիայում քրդական պետության հռչակման ու Սիրիան մասնատումից ու կործանումից փրկելու նպատակով քրդական այդ պետության դեմ պատերազմելու պարագայում Ռուսաստանի և Իրանի կորուստներն անհամեմատ ավելի մեծ կլինեն` դրանցից բխող հետևանքներով հանդերձ… Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ «Իսլամական պետության» գրոհայինների թիվը Սիրիայում և Իրաքում, միասին վերցրած, 33 000-ը չի գերազանցել, մինչդեռ Սիրիայում քրդական պետության հռչակման դեպքում դրա բնակիչների թիվը կլինի մոտ 2 միլիոն կամ գուցե ավելի, որի առնվազն 10 տոկոսը զենք կվերցնի։
Ավելին, քրդական պետության դեմ Ռուսաստանի և Իրանի պատերազմելու պարագայում ԱՄՆ-ն էլ ավելի մեծ չափերով ռազմական աջակցություն կցուցաբերի քրդերին: Միանգամայն ենթադրելի է, որ նրան կմիանան նաև Իսրայելը և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները: Բացի զենք-զինամթերքի, դեղորայքի, սննդի, հագուստի, հետախուզական տեղեկությունների հատկացումից, շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը նույնպես մասնակցեն այդ պատերազմին` հարվածելով սիրիական և իրանական զինուժին, լիբանանյան «Հըզբոլլահ»-ի մարտիկներին, բացառված չէ` ԱՄՆ-ի մասնավոր ռազմական ընկերությունների վարձկանների միջոցով` նույնիսկ ռուսական թիրախներին, որպեսզի ինքը Ռուսաստանի դեմ անմիջականորեն չպատերազմի, ինչը կարող է վերածվել աշխարհավեր միջուկայինի:
Իրավիճակը է՛լ ավելի է բարդանում նրանով, որ քրդական պետության հռչակման և իր ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության նպատակով այդ պետության դեմ Սիրիայի պատերազմելու դեպքում Իրանը, հնարավոր է, չկարողանա օգնել Սիրիային կամ խիստ սահմանափակ օգնություն ցուցաբերի` հաշվի առնելով իր երկրում քրդական գործոնի առկայությունը (Իրանում Սիրիայից մոտ երեք անգամ ավելի շատ քուրդ է ապրում) և պետության կայունությունը ոչ մի պարագայում չսասանելու էլ ավելի կարևոր հրամայականը: Հասկանալի է, որ այս դեպքում Սիրիային աջակցելու, այդ պետությունը մասնատումից ու կործանումից փրկելու գրեթե ողջ ծանրությունը կընկնի Ռուսաստանի վրա: Ահա թե ինչու Ռուսաստանը հանդես չեկավ ամերիկյան զենքով զինված քրդերի դեմ պատերազմելու նպատակով Սիրիա թուրքական բանակի ներխուժման դեմ, այլ ընդամենը մտահոգություն հայտնեց Սիրիայում թուրքական գործողությունների առնչությամբ ու հակամարտ կողմերին կոչ արեց զսպվածություն ցուցաբերել:


Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում Սիրիայում սկիզբ առած պատերազմական գործողությունների գլխավոր մեղքը դրել են ոչ թե Թուրքիայի, այլ Սիրիայի քրդերին արդիական զենքեր մատակարարած ԱՄՆ-ի վրա: Սիրիայի հյուսիսային մասում առաջացած ճգնաժամային իրավիճակի հիմնական պատճառներն էին Միացյալ Նահանգների սադրիչ քայլերը՝ ուղղված քրդական բնակչություն ունեցող տարածաշրջանները Սիրիայից անջատելուն: Սիրիայի հյուսիսում ամերիկամետ կազմավորումներին Պենտագոնի կողմից ժամանակակից սպառազինության, այդ թվում շարժական զենիթահրթիռային համալիրների չվերահսկվող մատակարարումները նպաստեցին տարածաշրջանում լարվածության արագ աճին ու հանգեցրին թուրքական զորքերի հատուկ գործողությանը: Սիրիայի հյուսիսում առաջացած իրավիճակը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում հենց այսպես են բացատրել:
Նշենք, որ Սիրիայի տարածքում քրդական պետության հռչակումը ԱՄՆ-ին անհրաժեշտ էր նաև Սիրիա Թուրքիայի բանակի ներխուժումը սադրելու համար, եթե, իհարկե, Սիրիայի քրդերին մեծաքանակ զենք-զինամթերքի փոխանցումը և այդպիսով քրդական պետության հռչակումը մոտալուտ և իրատեսական դարձնելը դրա համար բավարար չլինեին: Սակայն բավարար եղան, Թուրքիայի բանակը մտավ Սիրիա։


Պատասխանենք նաև այն հարցին, թե Միացյալ Նահանգներն ի՞նչ նպատակ է հետապնդում` սադրելով Թուրքիայի զինուժի ներխուժումը Սիրիա և հարձակումը այնտեղի քրդերի վրա: ԱՄՆ-ին ի սկզբանե պարզ է, որ Թուրքիան այնտեղ լուրջ կորուստներ է ունենալու (ախր քրդերին ինքն է զինել ու լավ գիտի որքան և ինչ զենք-զինամթերք է տվել): Արդեն իսկ տեղեկություններ կան Սիրիայում Թուրքիայի բանակի զինծառայողներից և Թուրքիայի աջակցությամբ այնտեղի քրդերի դեմ կռվող իր դաշնակցի` «Սիրիական ազատ բանակի» գրոհայիններից հարյուրավորների զոհվելու, թուրքական բազմաթիվ տանկերի և Աֆրինում առնվազն մեկ ուղղաթիռի ոչնչացման մասին: Թուրքիան, ինչպես սպասելի էր, իր իրական կորուստները նվազեցված է ներկայացնում` երկրի թուրք բնակչության դժգոհությանը, առնվազն անհանգստությանը տեղիք չտալու, ինչպես նաև Թուրքիայում ապրող քրդերին չոգևորելու համար։
Տեղեկացնենք, որ գրավված տարածքներում թուրքական զինուժն արագորեն ստեղծում է ժամանակավոր ռազմահանգրվաններ, ինչը հուշում է, որ նրանք մտադիր են Սիրիայում և՛ շատ առաջ գնալ, և՛ երկար մնալ, ու հենց դրա համար էլ կարիք ունեն այնտեղ իրենց թիկունքն ամրացնելու: Էրդողանն արդեն հայտարարել է, որ Թուրքիայի բանակի գործողությունները միայն Աֆրինով չեն սահմանափակվելու, հասնելու են Մանբիջ ու նույնիսկ մինչև Իդլիբ, Սիրիա-իրաքյան սահման:


Թեև Էրդողանը «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության սկզբում հայտարարում էր, թե իրենք շատ արագ քրդերի հարցը կլուծեն ու կավարտեն պատերազմը, նույնիսկ այն ժամանակ, հիմա առավել ևս բոլորին էլ պարզ է, որ դա Թուրքիայի բանակին և «Սիրիական ազատ բանակին» արագորեն չի հաջողվելու և նրանք սկսված պատերազմի ընթացքում հսկայական կորուստներ են ունենալու, քանի որ քուրդ զինյալները թեև Թուրքիայի բանակի զինծառայողների համեմատ վատ են տիրապետում ռազմական արվեստին ու վատ են կազմակերպված, այնուամենայնիվ, Սիրիայում իրենց դեմ կռվող ուժերի համեմատ մեծաքանակ են, նրանցից էլ առանձնապես վատ չեն զինված, եթե մի կողմ թողնենք տանկերի և ռազմական ավիացիայի բացակայությունը: Քրդերը չունեն կամ շատ քիչ ունեն տանկեր, ավիացիա, որքան տեղյակ ենք, ընդհանրապես չունեն, սակայն ունեն հակառակորդի տանկերը և ուղղաթիռները, ինչպես նաև ոչ մեծ բարձրության վրա թռչող ինքնաթիռները ոչնչացնելու ժամանակակից միջոցներ:

Միաժամանակ պարզ է, որ Թուրքիան Սիրիայում ապրող և իր դեմ կռվող բոլոր քրդերին ոչնչացնել չի կարող, նրանք շատ են, եթե նույնիսկ կարողանա էլ, ԱՄՆ-ը դա նրան թույլ չի տա, քանի որ քրդերն ԱՄՆ-ին պետք են` Սիրիայում քրդական պետության հռչակման, Սիրիայի մասնատման, քրդերին Բաշար Ասադի, Ռուսաստանի և Իրանի դեմ որպես գործիք օգտագործելու համար: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ մի պահից ԱՄՆ-ը Թուրքիային կստիպի պատերազմը դադարեցնել: Եթե դա նույնիսկ այդպես չլինի, և Թուրքիան Սիրիայում ոչնչացնի իր դեմ կռվող և իր անվտանգությանը սպառնացող բոլոր քրդական կազմավորումները (իսկ իր այդ վերջնական նպատակին չհասնելու դեպքում` առավել ևս…), ապա թեկուզ միայն իր հսկայական կորուստների հանգամանքով պայմանավորված և երկրի բնակչության մոտ այդ կորուստներն արդարացնելու նպատակով, միանգամայն սպասելի է, որ Թուրքիան օկուպացնելու է Սիրիայի տարածքի մի մասը, առնվազն` թուրք-սիրիական սահմանի ողջ երկայնքով մի քանի տասնյակ կիլոմետր խորությամբ հատվածը` անվտանգության գոտի ստեղծելու պատճառաբանությամբ (Թուրքիայի գրաված տարածքներում ժամանակավոր ռազմաբազաների ստեղծումն էլ է հուշում այդ մասին):
Այո, այսօր մենք դիտարկում ենք մի իրավիճակ, երբ ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ Թուրքիան փորձում է Սիրիայում ստեղծել իր օկուպացիոն գոտին, որը կներկայացնի որպես անվտանգության գոտի: Իրանը պարզորորոշ հասկացրել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում դրա հետ չի համակերպվի և Սիրիային առավելագույն աջակցություն կցուցաբերի, որպեսզի վերջինս կարողանա դիմակայել թուրքական ագրեսիային: Այս մասին հայտնել է ռուսաստանյան քաղաքագետ, Ժամանակակից Իրանի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջափ Սաֆարովը:


Թեև Էրդողանը հայտարարել է, թե թուրքական բանակի նպատակը ոչ թե Աֆրինը գրավելն ու զավթելն է, այլ այն վերադարձնելը (այսինքն` քրդերից ազատագրելուց հետո վերադարձնելը արաբ «եղբայրական» ժողովրդին), սակայն նրա այդ հայտարարությանը չափազանց դժվար է հավատալ: Բացի այդ, Թուրքիան Աֆրին քաղաքը կարող է վերադարձնել Դամասկոսին, սակայն իրեն սահմանակից Սիրիայի տարածքը որոշակի խորությամբ օկուպացնել: Ի դեպ, ԱՄՆ-ը Թուրքիային արդեն իսկ առաջարկել է վերջինիս սահմանակից Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ստեղծել` դրանով Թուրքիային պարզորոշ հասկացնելով, որ նրա այդ քայլին ինքը բնավ դեմ չի լինի, հակառակը` խրախուսում է: Թուրքիան եթե վարվի այդպես, ինչը սպասելի է, ապա նրա այդ քայլը, ըստ էության, նույնպես կլինի ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ և Սիրիայի մասնատում, ինչով նա կանցնի Ռուսաստանի և Իրանի քաշած կարմիր գծից այն կողմ: Թեհրանը Թուրքիայի գործողությունների ամենասկզբից էլ մեծ կասկածանքով է նայել դրանց: ԱՄՆ-ում հավանաբար ենթադրում են, որ Սիրիան իր բանակով կփորձի հակազդել դրան, իսկ դրանից հետո Ռուսաստանը և Իրանը ստիպված կլինեն ներքաշվել սկսված թուրք-սիրիական պատերազմի մեջ` իրենց համար դրանից բխող հյուծիչ հետևանքներով հանդերձ: Իհարկե, այդ պատերազմի արդյունքում պարտված Թուրքիան նույնպես կթուլանա, հնարավոր է նաև մասնատվի, սակայն դա լիովին մտնում է ԱՄՆ-ի և Իսրայելի նախատեսումների մեջ (Սիրիայում Նոր տարվա նախաշեմին բացեցին Պանդորայի արկղը):


Շատ ուշագրավ է այն փաստը, որ Թուրքիայի հետ Սիրիայի սահմանային շրջանում, Հալեպ նահանգի Աֆրին քաղաքի մոտակայքում նկատվել է էլեկտրոնային պատերազմի թուրքական «Koral» շարժական համակարգը: Այս մասին տեղեկացրել է «ՁպսպչՐՈՎՎ ՍՈվՈս 338»-ը՝ հրապարակելով նաև համակարգի լուսանկարը: Արդիական այս համակարգը նախատեսված է ռադիոաղմուկի և ազդակների միջոցով միջին և հեռահար հակահրթիռային համակարգերի աշխատանքը խափանելու համար: Հարց չի՞ առաջանում, թե թուրք զինվորականներն ինչու են Սիրիա տեղափոխել էլեկտրոնային պատերազմի «Koral» համակարգը, երբ ո՛չ Սիրիան, ո՛չ քրդերը, ո՛չ Սիրիայում գտնվող ահաբեկչական կազմակերպություններից որևէ մեկը չունեն հեռահար կամ թեկուզ միջին հեռահարության հակահրթիռային համակարգեր, այնտեղ գտնվող և սիրիական հակամարտությունում ընդգրկված կողմերից այդպիսիք ունեն միայն Ռուսաստանը և ԱՄՆ-ը, իսկ Սիրիային սահմանակից պետություններից՝ Իսրայելը: Հետևաբար ո՞ր պետության հակահրթիռային համակարգերի դեմ է հեռատեսորեն Սիրիա տարվել թուրքական «Koral»-ը…


Եթե Սիրիան, Ռուսաստանը և Իրանը նույնիսկ չպատերազմեն Թուրքիայի դեմ, ապա կասկածից դուրս է, որ ռուս-թուրքական բարելավված հարաբերությունները նորից կվերածվեն թշնամականի` նախկինից ավելի սուր կերպով, իսկ Սիրիայում Աստանայով սկսված խաղաղության գործընթացը միանշանակ կձախողվի, ինչն էլ հենց ԱՄՆ-ի և Իսրայելի ուզածն է: Այս երկուսի համար լավագույնը, իհարկե, կլինի այն, որ և՛ Թուրքիան օկուպացնի Սիրիայի տարածքի մի մասը, և՛ Սիրիայի քրդերը հռչակեն իրենց պետության ստեղծումը` դրանով Սիրիան էլ ավելի մասնատելով և Դամասկոսի, Մոսկվայի ու Թեհրանի համար Սիրիայի մասնատման դեմն առնելը դարձնելով էլ ավելի դժվար, եթե չասենք անհնար, քանի որ նրանք այդ դեպքում ստիպված են լինելու կռվել երկու ճակատով` և՛ Սիրիայի տարածքում Թուրքիայի, և՛ քրդական պետության դեմ: Սա էլ կարծես քիչ է` ԱՄՆ-ը մտադիր է սատարել Սիրիայի հակակառավարական ուժերին, որպեսզի նրանք իրենց պետությունը ստեղծեն պետության ներսում, բնականաբար, ավելի մասնատելով Սիրիան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջերս հանդես է եկել կարևոր հայտարարությամբ` ասելով, որ ԱՄՆ-ը վերցրել է Սիրիայի տարածքի զգալի մասի վրա իշխանության այլընտրանքային մարմիններ ստեղծելու ուղեգիծ:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao