Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Արվեստը պետք է այնքան օրգանական լինի, որ դառնա իրական»

«Արվեստը պետք է այնքան օրգանական լինի, որ դառնա իրական»
30.01.2018 | 08:52

(Նախորդ մասը)

Դերասան, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ զրուցում ենք ամենատարբեր թեմաների շուրջ՝ փոքր շուկան և մեծ կինոն, ֆիլմի և իրականության փոխազդեցությունը, դերասանի մասնագիտության հոգեմաշությունն ու հարստությունը: Սիրված դերասանը պատմում է նաև թատրոնում և կինոյում իր զբաղվածության մասին, մեծ հույզով հիշում իր 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն, որի ընթացքում հաղթահարել է անսպասելի առաջադրված փորձությունը:
Դավիթ Հակոբյանը մարմնավորել է ավելի քան 60 դեր, նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, 2008-ին արժանացել Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Երեք անգամ արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն դերասան»:


«ԽԱՂԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱՐ, ՏԱՆԿՆ ԱՅՆՊԵՍ ՊԱՅԹԵՑ, ՈՐ ԵՍ ԿՈՆՏՈՒԶԻԱ ՍՏԱՑԱ»


-Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվը» մեծ էկրան բարձրացավ 2016-ի սեպտեմբերին՝ համընդհանուր հետաքրքրության արժանանալով (ի դեպ, ֆիլմում Ձեր մարմնավորած կերպարը շատ տպավորիչ էր): Դիտումների քանակը աննախադեպ էր, սոցցանցերում քննարկումները չէին դադարում: Նրանք, ովքեր չէին հավանել ֆիլմը, հատկապես մատնանշում էին այն հանգամանքը, որ ֆիլմի գլխավոր հերոսը պատերազմ է գնում ամենևին էլ ոչ հայրենասիրական մղումներից դրդված:
-Իսկ ո՞վ ասաց, որ բոլորը գնում են պատերազմ հայրենասիրական մղումներից դրդված: Այդպես չէ: Այսօր բոլորը գնում են բանակ հայրենիքը պաշտպանելու վեհ գաղափարից ելնելո՞վ: Մարդկային կյանքը շատ անբացատրելի է:
-Բայց խոսքը ֆիլմի հերոսի մասին է:
-Չի կարող լինել հատուկ սարքած հերոս: Զոհված տղաները բոլորը գիտեի՞ն, որ հերոս են, ամեն մեկը մի բանից ելնելով գնաց, մեկը՝ խոր հիասթափությունից, մեկը՝ ընկերասիրությունից, մեկը՝ ինչ-որ կոնֆլիկտի պատճառով, մի մասին պարզապես տարան: Հայրենական պատերազմում մենք տվել ենք 350 հազար զոհ, բոլորը հերո՞ս էին, և, վերջին հաշվով, հերոսը ո՞րն է: ՈՒրիշ բան է գեղագիտական հերոսը: Գեղագիտական հերոսը ուրիշ խնդիր ունի, նա պետք է լավ օրինակ լինի: Հիմա այդ տղան լա՞վ օրինակ է, թե՞ ոչ, մարդը հաղթահարեց իր մեջ իր վախը, իր բարդույթները: Շատ սիրուն մի տեսարան կա, առաջին մարտի ժամանակ նա նույնիսկ չգիտեր ոնց կրակի, և փախչում է: Դա նորմալ է: Պետք է հայտնվես պատերազմի դաշտում, որ հասկանաս` ինչ բան է, երբ կողքիդ պայթում է ռումբը, երբ դու տանկի վրա նստած ես, ու ականը պայթում է: Դա սարսափելի բան է: Ես պատերազմի չեմ մասնակցել, բայց առաջնագծում մասնակցել եմ ֆիլմի նկարահանումներին: Չգիտես ինչու, պատերազմի ժամանակ որոշել էին ֆիլմ նկարահանել առաջին գծում: Այդ ֆիլմն այդպես էլ էկրան չբարձրացավ` բանկային խարդախության պատճառով: Ես տանկիստ էի, տանկի վրա պետք է սպանեին, խաղալու կարիք չկար, տանկը այնպես պայթեց, որ ես կոնտուզիա ստացա: Պատերազմը շատ բարդ երևույթ է, քննադատելը, խոսելը՝ շատ հեշտ: Բայց մենք բոլորս ապրեցինք այդ շրջանը: Ես ինքս երկու անգամ կամավոր գնացել եմ մասնակցելու, ինձ թույլ չեն տվել, չասեմ՝ ով, կարևոր չէ, ասել են՝ մենք մսաղացի չենք գնում, կռվի ենք գնում, գնա քո թատրոնով զբաղվիր:

«ԲԱՅՑ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՀՈԳԵՄԱՇՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՔՈ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ»


-Ֆիլմի և իրականության փոխազդեցության մասին ի՞նչ կասեք:
-Ես խորապես համոզված եմ, որ արվեստն ու իրականությունը իրար հետ առնչություն չունեն: Բայց այստեղ պարադոքս կա. արվեստը պետք է այնքան օրգանական լինի, որ դառնա իրական: Արվեստն ի՞նչ է, վերջին հաշվով: Արվեստը կյանքի երևույթն է՝ առանձին մարդու հոգեբանական, գիտակցական և տաղանդի պրիզմայի միջով անցած: Եթե տաղանդը, հոգեբանությունը, գիտելիքները չեն հերիքում, իմ պրիզմայի միջով դուրս եկածը տգեղ բան է և չի էլ կարող ազդեցություն ունենալ: Ֆոլկլորային մի երգը կարող է դառնալ համաշխարհային արվեստի գործ, ինչպես, օրինակ, «Որսկան ախպեր» երգի լեյտմոտիվը Արամ Խաչատրյանի սիմֆոնիան դարձնում է համաշխարհային ստեղծագործություն, և ազդեցությունը հզոր է:
-Մեծ թվով կերպարներ եք մարմնավորել, եղե՞լ է դեր, որի ազդեցությունից դժվարությամբ եք դուրս եկել:
-Ասում են՝ կա նման բան: Չգիտեմ՝ որքան է ճիշտ, որքան՝ չափազանցված, ասում են, որ հոլիվուդյան մի դերասան երկու-երեք ամիս հոգեբուժարանում պառկել է, որ կարողանա դերի մեջ լինել ու հետո շատ մեծ դժվարությամբ է դուրս եկել այդ վիճակից, մեկ ուրիշը ոստիկանությունում է աշխատել, որ բնական խաղա: Վերջին հաշվով, կա «դերի տակ մնալու» հոգեբանություն, բայց եթե դերասանը տեխնիկային տիրապետում է, «դերի տակ մնալը» մի քիչ ծիծաղելի է: Իհարկե, ցանկացած դեր հոգեմաշ է դերասանի համար, բայց պետք է կարողանաս նաև այդ հոգեմաշությունը դարձնել քո հարստությունը, այն, ինչ կատարվում է կյանքում, նույնիսկ հարազատիդ կորուստը պետք է քո հարստությունը լինի: Սա նախ ապրելու օրենքն է, հատկապես դերասանի մասնագիտության դեպքում, որովհետև դու գրքում չես կարդում, թե դա ինչպես է լինում, դու դա ապրում ես:
Վերջերս Հայաստան էր եկել հոլիվուդյան մի մասնագետ (նույնիսկ ուզում են դպրոց բացել մեզ մոտ), ո՞րն է, ըստ նրա, արվեստի տեխնիկայի գաղտնիքը. ասում է` եթե քեզ արագ պետք է հուզվել, արտասվել, ու վարպետությունդ չի հերիքում, հիշիր քո կյանքում տեղի ունեցած որևէ դժբախտություն: Կինոյում գուցե մի անգամ էդպես անես, բայց պատկերացրեք, ես Լիր արքա եմ խաղում ու ամեն երեկո պետք է այդպես հուզվեմ. հոգեմաշ կլինեմ, ու երրորդ օրը կտանեն հիվանդանոց: Հնարավոր չէ այդ հույզերը անդադար իրականում ապրել: Այստեղ արդեն կարևոր են տեխնիկան ու վարպետությունը:
-Ձեր 60-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը Դուք մի երեկոյի ընթացքում տարբեր դերե՞ր եք խաղացել:
-Այդպիսի մի օյին խաղացին իմ գլխին: Արման Նավասարդյանն ու տղաս էին կազմակերպել: Ես, նախ, շատ զայրացած էի, որովհետև չգիտեի, որ նման բան է լինելու: Գիտեի, որ իմ ներկայացումը պետք է խաղամ, ու հանկարծ ներս է մտնում ուրիշ կերպար՝ ուրիշ ներկայացումից, որը ես 20 տարի առաջ եմ խաղացել: Երբ Կարինե Ջանջուղազյանը ներս մտավ ու այդ ռեպլիկը հնչեցրեց՝ Բեռնա՜ր («Օսկար» ներկայացումից), ինձ թվաց, թե ես լավ չեմ: Ես փայտը ստուգեցի, իրակա՞ն է այս ամեն ինչը, թե՞ ոչ: Ես իրո՞ք լավ չեմ: Բայց շատ արագ կողմնորոշվեցի, կենտրոնացա ու խաղացի այդ տեսարանը, հետո հաջորդը ու այդպես 6 ներկայացում: Վերջում, երբ ավարտվեց այդ ամենը, արդեն թեթևացած, հանգիստ, մի քիչ էլ զայրացած՝ ես Արմանին ասացի՝ դու հասկանու՞մ ես, թե ինչ արեցիր, բա որ ես չկարողանայի՞, բա որ ձախողվե՞ր այս ամենը, ի՞նչ էի անելու: Ասաց՝ ուրեմն այս ամեն ինչը սուտ էր, ուրեմն դու Դավիթ Հակոբյանը չես, իսկ հիմա ճիշտ է, դու Դավիթ Հակոբյանն ես: Այդպիսի հոբելյան չէր եղել Հայաստանում, իրոք անակնկալ էր: Ես շատ ուրախ եմ, որ այդ տեսակ բան եղավ ինձ հետ, ուրախ եմ, որ կարողացա դա անել, շնորհակալ եմ գործընկերներիս, որ օգնեցին անելու, բայց շատ մեծ հույզի գնով:

«ԱՅՍՕՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԼՑՎԱԾ Է ԴՈԿՏՈՐԲՈՒՐԲՈՆՅԱՆՆԵՐՈՎ»


-Դերը, որ մարմնավորում ես, ներկայացումը, որ բեմադրում ես, կարո՞ղ են ազդեցություն ունենալ սեփական ճակատագրիդ վրա:
-Երևի կա նման բան, բայց այդ ազդեցությունը հաճախ ինքներս ենք ստեղծում մեր շուրջը: Ինչպես, օրինակ, սուտը չորս անգամ բարձրաձայն կրկնիր, սկսում ես հավատալ: Վահան Թոթովենցը հանճարեղ ստեղծագործություն ունի՝ «Դոկտոր Բուրբոնյան» (հրատարակվել է նաև «Հայաստանի Դոն Կիխոտը» վերնագրով): Դոկտոր Բուրբոնյանի ամբողջ կյանքը խարսխված է ստի վրա՝ սուտ գործիչ, սուտ գիտնական, սուտ կրթություն (երկար ժամանակ ուզել եմ բեմադրել, հանճարեղ կինո էլ կլինի): Նա սովորում է տղաների վարժարանում, դիմացի ցանկապատի այն կողմում աղջիկների վարժարանն է: Բուրբոնյանը սիրահարվում է մի աղջկա, իր համար պատմություններ է հորինում, ինչպես կլիներ իրենց հանդիպումը, աղջիկն իրեն ինչ ասաց, ինքն ինչ պատասխանեց: Աղջիկը գաղափար չունի, որ նման մարդ կա: Իրականում չկան այդ պատմությունները: Եվ ահա մի օր նամակ է գրում, որ ինքը հայրենիքի ազատագրման գործին է նվիրված, մերժում է աղջկա սերը, նամակն ընկնում է վարժարանի տեսուչի ձեռքը, տեսուչը կանչում է աղջկան, հարցնում է՝ ինչո՞վ է զբաղված, կանչում են դոկտորին, նա հաստատում է, որ աղջիկն անհանգստացնում է իրեն, ասում են, որ բերի նամակը: Նա գնում է տուն, մենակ, հսկող չկա, որ սուտը խաղա, երեք ժամ այդ նամակն է փնտրում, որ չկա: Այսօր մեր երկիրը լցված է դոկտորբուրբոնյաններով: Տեսեք՝ ովքեր են կառավարում մեզ, ստի, կեղծիքի, դիլետանտիզմի հիման վրա օրենքներ են գրում, որոշում են` ինչպես ապրենք:
-Ձեր զբաղվածության, ծրագրերի, սպասվելիք դերերի մասին ի՞նչ կասեք:
-Համազգային թատրոնում Վիգեն Չալդրանյանի բեմադրությամբ երկու ներկայացում է նախատեսվում, երկուսին էլ մասնակցում եմ: Սունդուկյանում դեր ունեմ, մեկն էլ նախատեսվում է, երբեմն նաև Մալյանի թատրոնում եմ խաղում «Կարոտ» ներկայացման մեջ: Մոսկովյան ռեժիսոր Յուրա Էրամջյանը լիամետրաժ ֆիլմ է նկարահանելու Հայաստանի մասին, շատ հետաքրքիր սցենար է, օրերը տաքանան, երևի կսկսի նկարահանումները: Ֆիլմերում նկարահանվելու առանձնապես լուրջ առաջարկ էլ չունեմ: Վերջին ֆիլմը, որում նկարահանվել եմ, Էդգար Բաղդասարյանի «Սիմոնի ճանապարհն» է: Մեծ հաճույքով աշխատել եմ, շատ հետաքրքիր ֆիլմ ստացվեց: Դեռ էկրան չբարձրացած՝ հասցրեց 10-15 միջազգային մրցանակ ստանալ: Մի հետաքրքիր առաջարկ կա՝ «Հրանտ Դինքի վերջին օրը», ես պիտի Հրանտ Դինք խաղամ, բայց ֆինանսական պատճառներով նկարահանումները ձգձգվում են: Հեռուստատեսությունում շատ զբաղված եմ, նաև դասավանդում եմ կինոյի և թատրոնի ինստիտուտում, Գևորգյան հոգևոր ճեմարանում:
-Սունդուկյանի անվան թատրոնը նոր տնօրեն ունի, Համազգայինը` նույնպես, պետական կամերային թատրոնում տնօրենի թափուր պաշտոնի համար երկրորդ մրցույթ է լինելու: Ինքներդ ղեկավարել եք տարբեր թատրոններ, տնօրենի փոփոխությունը ենթադրու՞մ է տեսանելի փոփոխություններ թատրոնի կյանքում:
-Այո, իհարկե, վերջին հաշվով, տնօրենը թատրոնի աշխատանքի կազմակերպիչն է՝ տեխնիկական, սպառողական, ֆինանսական և այլ գործառույթներով: Տնօրենը պետք է կարողանա ճիշտ պայմաններ, ճիշտ մթնոլորտ ստեղծել, որ թատրոնը գործի, բայց թատրոնի ճիշտ վիճակը որոշում է արվեստագետը (գլխավոր ռեժիսոր լինի, գեղարվեստական ղեկավար, թե պարզապես ռեժիսոր): Եվ նորմալ է փոփոխությունը, ինչու՞ ոչ: Ես շատ կուզեի, որ երիտասարդ սերունդ գար թատրոն, թատրոնը, վերջին հաշվով, երիտասարդի արվեստ է, ծեր մարդու տեղ չէ: Ծեր լինելն էլ միայն տարիքը չէ, հոգեբանական վիճակ է. մի անգամ, անկախ ինձից, ձևակերպվեց ասելիքս, կուզեի կրկնել՝ երանի տաղանդավոր դերասաններին, որոնք մահանում են երիտասարդ տարիքում՝ 75-ից հետո:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ