Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ռեալը» նախապատրաստում է ներխուժում առաջին եռյակ

«Ռեալը» նախապատրաստում է ներխուժում առաջին եռյակ
30.01.2018 | 08:56

Անցած հանգստյան օրերին տուրի իրենց հանդիպումներն անվրեպ են անցել եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ընթացիկ առաջնությունների բոլոր առաջատարները: Ճիշտ է, դրանք չեն եղել անցնցում («Բավարիան» ու «Բարսելոնը» պարտվելիս են եղել), սակայն վերջին խոսքը, այնուամենայնիվ, եղել է գրանդ ակումբներինը:

ԳԵՐՄԱՆԻԱ
Վերջին երկու տարում «Բավարիայի» համար ահեղ մրցակցի վերածված «Հոֆենհայմը» հենց սկզբից էլ անցավ գործի՝ արդեն իսկ 12-րդ րոպեին ապահովելով երկու գնդակի առավելություն: Թվում էր, թե տանտերերին առաջադրվել էր անլուծելի խնդիր, սակայն մյունխենյան ակումբի ողջ հմայքն այն է, որ Յուպ Հայնկեսի գլխավորությամբ կարողանում է գտնել իր համար ցանկալի լուծման հնարավորությունը: Հյուրերի երկու գնդակի առավելությունը հալեցվեց առաջին իսկ խաղակեսում, իսկ երկրորդում մաքուր էջից դաշտ մտած «Բավարիան» ևս երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը: Նկատենք, որ բավարացիներից հինգերորդ գոլի հեղինակը «Հոֆենհայմն» իր համար նոր ակումբով փոխարինած Սանդրո Վագներն էր:


Տուրում առաջինը մեկնարկած «Այնտրախտը», բնականաբար, չէր էլ կարող երևակայել, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0) իր համար կարող է նման հաջող ցատկ ապահովել մրցաշարային աղյուսակում: Փաստը մնում է փաստ, որ դեռ երեկ յոթերորդ հորիզանականում գտնվողն այսօր 33 միավորով արդեն չորրորդ հորիզոնականում է, եվրագոտում:
Տուրում հաջող են հանդես եկել «Բայերն» ու «Շալկեն»: Նրանք 2:0 հաշվով առավելության են հասել օրվա մրցակիցների՝ «Մեցի» ու «Շտուտգարդի» նկատմամբ: Առաջինը դա արել է տանը, երկրորդը՝ հյուրընկալվելիս: 34 միավորով նրանք 2-3-րդ հորիզոնականներում են:
Շարունակում է նահանջը երկրի անցած տարվա փոխչեմպիոնը: «Լայպցիգից» այս անգամ միավոր կորզողը նրան հյուր ժամանած «Համբուրգն» էր՝ 1:1: Պիտի նկատել, որ «Լայպցիգից» ավելի լավ օրի չէ և Դորտմունդի «Բորուսիան», որը տիտանական ջանքերով կարողացավ ոչ-ոքիի հասնել հյուր եկած «Ֆրայբուրգի» հետ՝ 2:2: «Լայպցիգն» ունի 32, դորտմունդցիները՝ 31 միավոր:

ԻՍՊԱՆԻԱ
«Վալենսիա»-«Ռեալ»: Հակասական զգացողությունների տեղիք տված այս հանդիպմանը միանշանակ գնահատական տալը դժվար է: Փաստ է, որ «Վալենսիան» պարտվել է խոշոր 1:4 հաշվով, ու նույնպիսի հաշվով հաղթողը եղել է նրա օրվա մրցակից «Ռեալը», սակայն պարադոքսն այն է, որ որքան հյուրերն էին արժանի նման հաշվով հաղթանակի, նույնքան տանտերերն արժանի չէին նման պարտության, սակայն եկեք չմոռանանք, որ սա ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է նույնիսկ անհավանականը: Այդ դիմակայությունը մրցաշարային աղյուսակում կողմերի ունեցած տեղերը պահեց անփոփոխ, սակայն ակնհայտ է, որ «Ռեալը» լրջորեն է տրամադրված առաջին եռյակ ներխուժելուն ու, որքան էլ պարադոքսալ թվա, սույնում ակնհայտորեն նրան եկել է ազատելու «Բարսելոնին» հասնել չկարողանալու գիտակցումը: Եթե ոչ ընդհանրապես, գոնե՝ ընթացիկ մրցաշրջանում:
«Աթլետիկոն» խնդիրներ չունեցավ «Լաս Պալմասի» հետ (3:0)՝ միավորների թիվը հասցնելով 46-ի, ինչը երրորդ հորիզոնականում գտնվող «Վալենսիայի» ունեցածից ավելի է վեց միավորով: Այստեղ նկատենք, որ մեկ խաղ պակաս անցկացրած «արքայականն» ընդհուպ մոտեցել է վալենսիացիներին ու եթե ակտիվում ունեցած խաղում հաղթի, երրորդ տեղի համար պայքարում մեկ միավորով կշրջանցի նրանց:
«Ռեալին» մերձ հարևանությամբ դիրքավորվել է «Վիլյառեալը», որը սեփական հարկի տակ «Ռեալ Սոսիեդադի» երկու գոլին պատասխանել է կրկնակիով, ու միավորների թիվը հասցրել է 37-ի:
Լա լիգայի լավագույն վեցյակը եզրափակում է «Սևիլիան»: «Խետաֆեի» հետ նրա հանդիպումը սեփական դաշտում ավարտվել է 1:1 հաշվով: Անդալուզցիները վերջին վայրկյաններին են բաց թողել հաղթանակը: Նրանք ունեն 33 միավոր:
Ինչ վերաբերում է իսպանականի առաջատարին, նրա մրցակիցը տուրում «Ալավեսն» էր: Հյուրերը երկար ժամանակ հաշվի առավելությունը պահում էին իրենց ձեռքերում, սակայն կատալոնացիներն ի վերջո իրենցն արեցին՝ տոնելով հերթական հաղթանակը՝ 2:1: Նկատենք՝ հինգերորդ անընդմեջ խաղն է, որ Մեսին չի հեռանում առանց գոլի, իսկ Սուարեսի համար հերթական գոլը հերթական անընդմեջ ութերորդ խաղում էր: 57 միավորով «Բարսելոնը» աղյուսակի վերին հորիզոնականում է:

ԻՏԱԼԻԱ
Ակնհայտ երևում է, որ սկուդետեում չեմպիոնական տիտղոսի համար ռեալ պայքարողները երկուսն են՝ «Նապոլին» ու «Յուվենտուսը», որոնք մերձակա հետապնդողներից առաջ են տասը միավորի չափով: Ինչ վերաբերում է նրանց մերձակա հետապնդողների եռյակին, «Լացիոյի», «Ինտերի», «Ռոմայի» կռիվը խոշոր հաշվով բրոնզե մեդալի համար է, իսկ թե չստացվի, գոնե կպայքարեն եվրագոտում հայտնվելու համար, ինչը բնավ էլ վատ ցուցանիշ չի դիտարկվի: Նկատենք, որ եվրագոտում հայտնվելու համար կռիվ կտան և «Սամպդորիան» ու «Միլանը»: Արդ դառնանք այն հարցին, թե տուրում հիշատակվածներն իրենց ինչպես են դրսևորել: «Նապոլին» սեփական հարկի տակ խնդիրներ չի ունեցել «Բոլոնիայի» հետ (3:1), իսկ «Յուվենտուսն» արտագնայում կոտրել է «Կիևոյի» դիմադրությունը՝ 2:0: 57 ու 56 միավորով նրանք առաջին երկու հորիզոնականներում են:
Արտագնայում «Միլանից» կրած պարտությունը (1:2) «Լացիոյին» թողեց ունեցած 46 միավորով: Միավորներ է, որ շարունակաբար կորցնում է «Ինտերը»՝ ավելի ու ավելի մշուշոտ դարձնելով բրոնզե մեդալներ նվաճելու հեռանկարը: Այս անգամ նրան միավորով բավարարվել պարտադրողը սկուդետեի նորեկն էր՝ ՍՊԱԼ-ը (1:1):
Հաղթեր «Սամպդորիային»՝ միավորներով «Ինտերին» կարող էր հավասարվել «Ռոման», սակայն սեփական հարկի տակ իտալական «գայլերը» նվազագույն հաշվով զիջեցին հյուրերին ու մնացին ունեցած 41-ով (0:1): «Սամպդորիան» 37 միավորով վեցերորդ հորիզոնականում է:

ՖՐԱՆՍԻԱ
Ամեն խաղակեսում երկու գոլ, ու «Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Մոնպելիեին»՝ չթողնելով նրան գոնե հեղինակության գոլ խփել:
Բավականին տարօրինակ կարելի է համարել «Բորդո»-«Լիոն» դիմակայության 3:1 հաշիվը, սակայն փաստը մնում է փաստ, որ տանտերերը հյուրերին ոչ միայն թողեցին 48 միավորով, այլև «Մարսելի» համար հրաշալի հող նախապատրաստեցին երկրորդ հորիզոնական բարձրանալու համար, սակայն վերջինս սեփական հարկի տակ չկարողացավ մեկ միավորից ավելի վաստակել «Մոնակոյի» հետ դիմակայությունում՝ 2:2: Արդյունքում «Պարի Սեն Ժերմենն» ավելի քան վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը (59 միավոր), նրանից 11-ական միավոր պակաս ունեն «Լիոնն» ու «Մարսելը», որոնցից իր հերթին մեկ միավորով է հետ մնում «Մոնակոն»՝ երկրի անցած տարվա չեմպիոնը:


ԱՆԳԼԻԱ
Երկրի գավաթի 1/16-ի խաղերից ներկայացնենք նրանք, որոնցում մրցելույթներ են ունեցել պրեմիեր լիգան ներկայացնող թիմերը: Վստահ հաղթանակներ են տարել «Չելսին», «Լեստերը», մանչեստրյան երկու ակումբները: «Ազնվականները» հաղթել են «Նյուքասլին» (3:0), «Լեստերը»՝ «Պետերբորոյին» (5:1), «Մանչեստր Սիթին»՝ «Կարդիֆին» (2:0), «Մանչեստր Յունայթեդը»՝ «Յովլին» (4:0): Նկատենք, որ մանչեստրյան ակումբներն ու «Լեստերը» հանդիպումները շահել են արտագնայում:
Դրամատիկ հանգուցալուծում է ունեցել «Լիվերպուլ»-«Վեստ Բրոմվիչ» դիմակայությունը, որտեղ տանտերերը չեն կարողացել կոտրել հյուրերի դիմադրությունն ու դուրս են մնացել պայքարից՝ 2:3: Պակաս համառ չեն եղել «Նյուպորտի» ֆուտբոլիստները, որոնք 1:1 են խաղացել «Տոտենհեմի» հետ, ինչի պատճառով հանդիպումը վերախաղարկվելու է: Նույնպիսի ճակատագիր է վիճակվել «Հադերսֆիլդ»-«Բիրմինգհեմ» դիմակայությանը: Այստեղ ևս կողմերը բավարարվել են մեկական գոլի փոխանակումով: «ՈՒոտֆորդի» դարպասը խփած «հրեշտակների» միակ գոլը 1/8 է հանել «Սաուտհեմպտոնին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ