Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Սարգսյան. Ոչ ես, ոչ որդիներս, ոչ կինս, ոչ մերձավորներս «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր չենք

Արմեն Սարգսյան. Ոչ ես, ոչ որդիներս, ոչ կինս, ոչ մերձավորներս «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր չենք
31.01.2018 | 12:34

Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը «Շանթին» տված հարցազրույցում հերքել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերը: ««Լիդիանի» պատմությունը՝ հերթական սուտ լուրերից մեկն է։ Հաճույքով կհստակեցնեմ: Ես և իմ ընտանիքի որևէ անդամ երբեք այդ ընկերության բաժնետեր չենք եղել, չենք լինելու և չենք: Սա պարզ հստակ ձևակերպում է։ «Լիդիան» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ վերջին անգամ շփվել եմ 5 տարի առաջ: «Լիդիան»-ը Կանադայում գրանցված բաց, թափանցիկ աշխատող ընկերություն է: Կանադան՝ լինելով լավագույն տարածքներից մեկը, որտեղ լեռնաարդյունաբերությունը լավ կազմակերպված է, հստակ են բաժնետերերի անունները, կարող են «գուգլ» անել ու տեսնել՝ ես կամ ինձ հետ կապված որևէ մեկը բաժնետեր եղել են, թե ոչ: Պատասխանը լինելու է՝ ոչ»,- հարցազրույցում ներկայացրել է Արմեն Սարգսյանը:


Նա ասել է, որ «Լիդիան» ընկերության հետ իր հարաբերությունները զարգացել են ի պաշտոնե՝ լինելով դեսպան ինքը աջակցել է, օգնել է, որ Հայաստանում ներդրում անեն: «Իմ հարաբերությունը այդ ընկերության հետ եղել է շատ պարզ։ Եթե կա ընկերություն, որը Հայաստանում հետաքրքրված է ներդրում անելու, ես պատրաստ եմ աջակցել, խորհուրդ տալ, որ գան Հայաստան: Այդպես ստացվեց «Կոկա Կոլա»-ին կամ HSBC բանկին Հայաստան բերելը, որը ծանր աշխատանք էր և տարածաշրջանում Հայաստանը միակն էր, որտեղ եկավ այդ բանկը: Ես հպարտանում եմ այդ ամենով, որովհետև այդ բանկի՝ Հայաստան գալով բանկային համակարգում շատ բան փոխվեց, օրենքներ փոխվեցին: Եթե կա ընկերություն, որ պատրաստ է Հայաստանում ներդրում անել, ես միշտ պատրաստ եմ նրանց հետ հանդիպել, խորհուրդ տալ, աջակցել, որ գան: Այսպիսի օրինակներ շատ կան, բայց դա չի նշանակում, որ դրանցից յուրաքանչյուրի մեջ ես շահաբաժին ունեմ կամ ունեցել եմ: Չունեմ»,- պատմեց Սարգսյանը: Նա նաև նշեց, որ «Լիդիան» ընկերության բաժնետերերից մեկը՝ Ջոզեֆ ՈՒղուրլյանը, ծագումով հայ է և հիմա Արցախում ՀԷԿ է կառուցում: Նրա խոսքով, ինքն է ՈՒղուրլյանին վերադարձրել հայկական արմատներին:

«ՈՒղուրլյանը ինձ խնդրեց խորհուրդ տալ՝ ինչպես աշխատի «Լիդիանը» Հայաստանում և առաջարկեց, եթե հնարավոր է, ես ընկերությանը խորհրդատվությամբ օգնեմ: Իմ ֆունկցիան պետք է լիներ խորհուրդներ տալը և ըստ օրենքի, խորհրդատուն չէր կարող բաժնետեր լինել: Սա ևս մեկ պատճառ է, որ հերքվում են այդ տեղեկությունները: Այդ խորհրդի անդամ ես եղել եմ ընդամենը երեք ամիս, որի ժողովներին նույնիսկ չեմ մասնակցել: Իմ կարծիքը առանձին շարադրել եմ ու հրաժարական տվել, դուրս եկել»,- պատմեց Արմեն Սարգսյանը: Նա մեկ այլ պատճառ էլ մատնանշեց, թե ինչու չէր կարող լինել «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր. «Նույն ընկերության բաժնետերեր են եղել Համաշխարհային բանկը և Եվրոպական բանկը: Այդ կազմակերպությունները չեն ներդնում ընկերությունների մեջ, որտեղ նախկին կամ ներկայումս գործող պետական ծառայող կա»։

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ