Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչպես է անցկացվում զորակոչը

Ինչպես է անցկացվում զորակոչը
02.02.2018 | 02:56

Պաշտպանության նախարարությունը ներկայացրեց բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, որը բավական ընդգրկուն փաթեթ է և ենթադրում է նոր մոտեցումներ ու գաղափարների իրականացում: Մինչ այս արդեն զգալի փոփոխություններ կատարվեցին զինծառայողների մասին օրենքում: Բանակի հետ տասնութ տարեկան տղայի առաջին հանդիպումը սկսվում է զորակոչի օրը, այսպես ասած, հավաքակայանից: Առաջին օղակի խնդիրներից հաճախ էին ծնողները բողոքում, սակայն վերջին շրջանում դրանց թիվը նվազել է: Սա է փաստում նաև երկար տարիներ այս գործընթացին հետևող մեր զրուցակիցը:

2009-ից պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհուրդը (ՀԽ) հետևում, վերահսկում է զորակոչի անցկացումը, վեր հանում խնդիրները, ներկայացնում պատկան մարմիններին: Խորհրդի ղեկավար, պաշտպանության նախարարի խորհրդական ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում պատմեց այս տարիներին իրենց աշխատանքների և զորակոչի շրջանում հանդիպած խնդիրների մասին: Յուրաքանչյուր զորակոչից առաջ ՀԽ-ի հովանու ներքո ստեղծվում է քաղաքացիների դիմումների, բողոքների քննարկման հանձնաժողով, որի կազմում, բացի խորհրդի անդամներից, ներգրավվում են նաև ՊՆ-ի համապատասխան կառույցների ներկայացուցիչներ: Այս զորակոչը չհաշված, խորհուրդը նախորդ տարիներին ստացել է 2324 դիմում-բողոք: «Սա մեծ թիվ է և վստահության ցուցանիշ: Սկզբում 40-50 դիմում-բողոք ենք ունեցել, սակայն հետագայում թիվն աճել է: Օրինակ, 2014 թ. ամառային զորակոչին ստացել ենք 316 դիմում-բողոք»,- ասաց Հարությունյանը՝ հընթացս հավելելով, որ իրենց միջնորդությունների շուրջ 1/3-ը արմատական լուծում է ստանում. վերանայվում են պիտանիության եզրակացությունները, զորակոչիկներին տրվում են տարկետումներ, ոմանք էլ հաշվառվում են պահեստազորում, բավարարվում են նաև առողջականից տարբեր՝ այլ բնույթի դիմումներ: Հանրագումարում նման լուծում է ստացել 472 դիմում-բողոք: Մեր զրուցակցի դիտարկմամբ, տարեցտարի իրականացվող բարեփոխումների արդյունքում որոշ հարցեր դադարում են քաղաքացիներին մտահոգելուց և դուրս են գալիս օրակարգից: Օրինակ, նախկինում շատ են եղել բնակավայրին մոտ, եղբոր հետ նույն զորամասում ծառայելու խնդրանքներ: «Այս անգամ ընդամենը մեկ դիմում ենք ստացել, որովհետև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքը հաջող լուծումներ է տվել այս հարցերին»: Ի դեպ, հանձնաժողովը բոլոր դիմում-բողոքներին չէ, որ ընթացք է տալիս: Եթե բժշկական հետազոտությունները կատարվել են ամբողջ ծավալով, անհրաժեշտ բոլոր տվյալներն առկա են, եթե ճիշտ են կիրառվել փորձաքննության պահանջները, ապա հանձնաժողովի անդամները զորակոչիկին ու նրա ծնողներին բացատրում են, որ ընդունված որոշումները հիմնավորված են: ՀԽ-ի ղեկավարը նշում է, որ պարզաբանումներից հետո քաղաքացիների 80 տոկոսն այլևս չի շարունակում բողոքարկումը, այլ ատյանի չի դիմում: «Այս աշխատանքը նաև հոգեբանական նշանակություն ունի, թուլանում է անարդարության զգացողությունը: Ծնողը դիմում է մեզ, որովհետև մտածում է, որ իր տղայի հետ անարդար են վարվել, բայց երբ բացատրում ես, վերլուծում և ներկայացնում բոլոր հանգամանքները, այդ մտայնությունը փոխվում է, փոխվում է նաև զորակոչիկի տրամադրությունը»,- հավելեց պաշտպանության նախարարի խորհրդականը:


Նախորդ տարեվերջին, երբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքը ներկայացվեց խորհրդարանի դատին, քննարկման մեծ դաշտ բացվեց: Քննադատության թիրախում հայտնվեցին, այսպես ասած, առողջական հորինված խնդիրներով զորակոչիկները: Ինչպե՞ս է հանձնաժողովը «թացը չորից» տարբերում, այսինքն` իրականում հիվանդ զորակոչիկի բողոքին ընթացք տալիս, իսկ հիվանդության անվան տակ ներկայացող զորակոչիկին մերժում: Գեղամ Հարությունյանը փաստեց, որ զորակոչիկների առողջական վիճակի ուսումնասիրման և գնահատման հարցը դեռևս մնում է խնդրահարույց: Զորօրինակ, բժշկական հաստատություններն իրար հակասող եզրակացություններ են տալիս: «Կոռուպցիոն գործարքի կանխավարկածով երբեք չենք առաջնորդվում որևիցե հետազոտական փաստաթուղթ ուսումնասիրելիս: Դա խորթ է մեզ: Կատարված հետազոտությունը վստահության արժանի ենք համարում, բայց նաև տարօրինակ դեպքերի ենք հանդիպում, որոնք ցույց են տալիս` ինչ-որ բան այն չէ»,- ասաց մեր զրուցակիցը՝ պատմելով անցած զորակոչից մի դեպք: Զորակոչիկը երեք անգամ տարկետում էր ստացել և չորրորդ անգամ ճանաչվել էր ծառայությանը պիտանի: Տղային տարկետում էին տվել իսկական գինեկոմաստիայի պատճառով: Բոլոր հետազոտություններն էլ իրականացվել էին «Արմենիա» ԲԿ-ում, սակայն նույն տեղում չորրորդ անգամ պարզվել էր, որ առկա է ոչ թե իսկական, այլ կեղծ գինեկոմաստիա, այսինքն` գեղձային հյուսվածքը մեկ տարի առաջ, հինգ ամիս առաջ կար, հիմա անհետացա՞վ, վերածվեց ճարպային հյուսվածքի՞: Այսպիսի դեպքերը, ըստ Հարությունյանի, չեն կարող հարցեր չառաջացնել և վերստին հետազոտելու առիթ չդառնալ: Բայց ստուգիչ հետազոտություն չկատարվեց, իսկ զորակոչիկն էլ հրաժարվեց զինվորական ծառայության մեկնելուց: «Երբ որոշումը վիճահարույց է լինում, ծնողը և զորակոչիկը չեն համոզվում, որ այն հիմնավոր է, հայտնվում են ծանր երկընտրանքի առաջ՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել արդյունքը: Որոշ դեպքերում նախընտրում են ծառայության ընթացքում հասնել արդարության վերականգնմանը, բայց հաճախ էլ զորակոչիկը հրաժարվում է ծառայության մեկնելուց, իսկ այդ դեպքում հարուցվում է քրեական գործ: Նման դեպքերում չպետք է պատասխանատվությունը ծանրանա միայն զորակոչիկի և նրա ծնողների վրա: Պետք է նաև հարցնել, թե ինչպես է, որ երեք զորակոչի ժամանակ գինեկոմաստիան իսկական էր, իսկ չորրորդ անգամ հանկարծ դարձավ կեղծ»,- ընդգծեց ՀԽ-ի ղեկավարը:


Այդուհանդերձ, Գեղամ Հարությունյանը շեշտեց, որ վերջին տարիներին բժշկական հետազոտությունների խորությունը, ծավալային ընդգրկումը բարելավվել են: Չորս տարի առաջ կցագրման փուլում անցկացվող պարտադիր բժշկական հետազոտությունների ցանկում ներառված չէին էլեկտրասրտագրությունը և որովայնի ներքին օրգանների սոնոգրաֆիան: Եվ տասնութ տարեկանում հանկարծ պարզվում էր, որ այս օրգանների հետ կապված խնդիրներ կան: Այսօր չկան նաև խոչընդոտներ հետազոտական ակտերի պատճենների տրամադրման հարցում, ինչը մի քանի տարի առաջ լուրջ դժգոհության և բողոքի տեղիք էր տալիս:
Ի դեպ, մեր զրուցակիցն անդրադարձավ նաև հանրության շրջանում արմատացած այն կարծիքին, թե բուժհաստատությունների և զինկոմիսարիատների միջև պայմանավորվածություն կա այնպես հետազոտելու, որ զորակոչիկը ենթակա լինի զորակոչման: «Թյուր կարծիք է, ոչ մի դավադրական կապ չկա զինկոմիսարիատների և բուժհաստատությունների միջև: Դա անիրական է ու անհավանական: Պարզապես երբեմն լինում են վատ, անփույթ կատարված հետազոտություններ, անգամ հետազոտության տվյալների ոչ ճիշտ գնահատում, ոչ ճիշտ ախտորոշում: Սրանք վրիպումներ են, բայց դավադրություն չկա: Պատկերացրեք, զորակոչիկները ուղեգրվում են տարբեր բուժհաստատություններ, զինկոմիսարիատն այդ ի՞նչ օղակ է, որ կարողանա այդպիսի ազդեցություն ունենալ»,- փաստեց Հարությունյանը՝ շեշտելով, որ խոսքը «շահադիտական գործարքի» մասին չէ:
Պաշտպանության նախարարի խորհրդականը խոսեց նաև բուժսպասարկման ոլորտում նկատվող մի երևույթի մասին, որից քաղաքացիները շատ են դժգոհում: Խոսքն այն մասին է, որ բուժհաստատությունները հրաժարվում են տասնութ տարեկան տղաներին հետազոտելուց կամ էլ հետազոտելուց հետո պատշաճ ձևով չեն փաստաթղթավորում հետազոտության արդյունքները: «Տվյալները ձևաթղթերի վրա չեն լրացվում, չեն կնքվում, չեն ստորագրվում: Ընդամենը թղթի վրա ինչ-որ բաներ են գրում կամ բանավոր ասում, որն էլ ավելի է խճճում իրավիճակը»,- նշեց նա:


Հանձնաժողովի տարիների աշխատանքի փորձից Հարությունյանը եզրակացրեց, որ զորակոչիկների բժշկական փորձաքննության ամենախրթին հարցերից մեկը փորձագետի հայեցողության հարցն է: «Այստեղ սահման որոշելը շատ դժվար է: Մի կողմից հետազոտության տվյալները չեն կարող անտեսվել, բայց եթե փորձագետը համոզված է, որ դրանք ճշգրիտ չեն և կրկնակի հետազոտություններն էլ համոզիչ չեն, ինչպե՞ս վարվել այդ դեպքում: Այստեղ կարող է և պատահում է, որ լինում են կամայական մոտեցումներ: Զորակոչերից մեկի ժամանակ նկատվեց, որ դիմում-բողոքներում զգալի տեղ է զբաղեցրել մի հիվանդություն, որը նախկինում չէր էլ նշմարվում: Սա հենց այդ դեպքն էր, քանի որ փորձաքննության կարգում որևէ փոփոխություն չէր կատարվել: Եվ բնական է, որ դժգոհության ու բողոքի նոր դաշտ էր բացվել»,- նշեց մեր զրուցակիցը:


Այս տարվա ձմեռային զորակոչի մասին էլ ՀԽ-ի ղեկավարը խոսեց թվերով: Ինչպես միշտ, այս անգամ ևս դիմում-բողոքները գերազանցապես վերաբերում են զինակոչիկների առողջական խնդիրներին: Այս զորակոչին հանձնաժողովը ստացել է 162 դիմում-բողոք, որոնցից 97-ի համար միջնորդություն է ներկայացվել համապատասխան օղակներին: Երեկ արդեն մեկ դիմում-բողոք դրական լուծում էր ստացել։ Զորակոչիկ Արման Նիկողոսյանը դիմել էր հանձնաժողովին հիվանդության պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու խնդրանքով։ Պարզվում է` նա ունի սկոլիոզ հիվանդություն (28 աստիճանի ծռվածություն)։ Սակայն այս փաստը մի քանի անգամ անտեսել է բժշկական հանձնաժողովը, և զինվորը ճանաչվել է պիտանի։ Ծնողները բողոք են ներկայացրել հասարակական խորհրդին, որին էլ ընթացք է տրվել։ Մեզ հետ զրույցում Արմանի մայրը` Սաթենիկը, իր շնորհակալությունը հայտնեց ՀԽ-ի ղեկավարին, որի հետևողականության շնորհիվ Արմանը հաշվառվել է պահեստազորում։
Հավարտ ասվածի, Գեղամ Հարությունյանը խոսեց բանակի հանդեպ հասարակության վերաբերմունքի մասին: «Բանակի և զինվորական ծառայության հանդեպ հասարակության վերաբերմունքը դրական է: Հաճախ եմ լինում զորամասերում, շփվում զինվորների հետ և կարող եմ վկայել, որ նրանք գիտակցում են, որ ծառայությունը անհրաժեշտ է և իրենց կյանքի ամենակարևոր փուլերից մեկն է, որ այժմ էլ իրենց հերթն է երկիր պաշտպանելու: Դրա լավագույն ապացույցը նաև «Ես եմ» ծրագրով ծառայության անցած 150 զինվորներն են»,- ամփոփեց Գեղամ Հարությունյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ