«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Թեհրանի պահանջներն անփոփոխ են

Թեհրանի պահանջներն անփոփոխ են
02.02.2018 | 03:13

Թուրքական «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, որն իբր սկսվել էր միայն ընդդեմ սիրիական Աֆրինի քրդերի, բացահայտորեն ձգձգվում է: Հավանաբար, դա դադարում է ԱՄՆ-ի շահերին համապատասխանելուց, քանի որ Վաշինգտոնն արդեն մի երկու անգամ Անկարային կոչ է արել «սահմանափակել» իր ռազմական գործողությունները, նույնիսկ համատեղ «անվտանգության գոտի» ստեղծել սիրիական սահմանամերձ մասում: Դա ԱՄՆ-ի վաղեմի (դեռ 2012 թվականից) ծրագիրն է՝ ներխուժել Սիրիա և այդ երկրի տարածքում Արևմուտքի խնամակալության ներքո ստեղծել կեղծ պետություն՝ ամեն տեսակի, այսպես կոչված, «անթռիչք գոտիներով» և այլ բաներով հանդերձ: Այսինքն, լիբիական սցենարը տեղափոխել Սիրիա: Ինչպես իրավացիորեն նկատել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, հենց ԱՄՆ-ն է Սիրիայի, այսպես կոչված, ժողովրդավարական ուժերի միության (SDF) մեջ մտնող Ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) քրդերից ինչ-որ սահմանապահ զորքեր կազմավորելու իր հայտարարություններով Թուրքիայի նախագահ Էրդողանին հրահրել ներկա հակաքրդական պատերազմին: Հիշենք՝ սա առաջին անգամ չէ, համարյա նույն ձևաչափով ամերիկացիները Սիրիայի քրդերին հրահրեցին սկսել նաև «Եփրատի վահան» գործողությունը, որն ավարտվեց Էլ-Բաբ քաղաքի զավթմամբ և Սիրիայի թուրքամետ թուրքմենների Ջարաբլու քաղաքավան մտնելուն նպաստելով: Այն ժամանակ այդ քայլերով խափանեցին պատրաստվող դաշինքը Այն-էլ-Արաբ (Քոբանի)-Էլ-Հասեկե-Էլ-Կամշլի գծով տեղաբաշխված քրդական զինված կազմավորումների և Աազազ-Աֆրին գծով գործող Հալեպի նահանգի հյուսիսային մասի քրդերի միջև:


Այսպես թե այնպես, «Ձիթենու ճյուղ» գործողությունը շարունակվում է: Ինչպես որ շարունակվում են գերտերությունների, այլ պետությունների նկատելի ջանքերը՝ Թուրքիային կոչ անելու դադարեցնել ռազմական գործողությունները: Իսկ քրդական և այլ աղբյուրներ շարունակում են պնդել, որ YPG-ի ջոկատները և նրանց դաշնակից ուժերը շարունակում են պաշտպանական համառ գործողությունները, ընդ որում՝ ոչ առանց հաջողության. եթե սկզբում խոսվում էր խփված տանկերի, ոչնչացված հատուկջոկատայինների և այլնի մասին, ապա հունվարի 24-ին քրդերը, վերջապես, իբր, թուրքական ռազմական ինքնաթիռ էլ են խոցել: Որը, ճիշտ է, չի կործանվել, այլ, կարծես, կարողացել է հասնել Թուրքիայի տարածք: Եվ եթե Էրդողանը պնդում է, թե Աֆրինի գործողության ընթացքում Թուրքիայի և «սիրիական ընդդիմության» կորուստները կազմել են 7-8 մարդ, իսկ հակառակորդի կորուստները՝ 268, ապա քրդերը պնդում են, որ վերացրել են ավելի քան 200 զինծառայողի և «թուրքամետ զինյալի»: Հասկանալով, որ սովորաբար հարձակվողների ու պաշտպանվողների կորուստները լինում են 5:1 հարաբերակցությամբ, մենք լիիրավ ենք ենթադրելու, որ Թուրքիայի նախագահը ավելորդ լավատեսությամբ է համակված: Իսկ քրդերը, ամենայն հավանականությամբ, ճիշտ են, երբ պնդում են, որ զոհվածների հիմնական մասը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ երեխաներ, որոնք զոհ են գնացել օդային հարվածների: Այլ բան է, որ Էրդողանի հռետորաբանությունից ստացվում է, որ ցանկացած քուրդ ահաբեկիչ է, և այլ բան է, երբ Էրդողանն այլևս չի թաքցնում, որ ինքը մտադիր չէ դադարեցնելու պատերազմը և պատրաստվում է զավթելու Սիրիայի ամբողջ սահմանամերձ գոտին. «Սկսելով «Ձիթենու ճյուղ» գործողությունը, մենք խափանեցինք տարբեր ուժերի խաղերը, ուժեր, որոնք ուզում են իրագործել մեր տարածաշրջանում իրենց պլանները: Սկսած Մանբիջից, մենք մեր ամբողջ սահմանի երկայնքով տարածաշրջանը լրիվ կմաքրենք ահաբեկիչներից, կապահովենք մեր անվտանգությունը»: Այսինքն, նա հաստատում է, որ մեկուկես տարի առաջ չհաջողվածը դարձյալ մնում է Թուրքիայի ղեկավարության ծրագրերում, այն է՝ գործողություն սկսել Մանբիջում, ինչպես նաև «Սիրիայում ոչնչացնել ահաբեկիչների մյուս որջերը»: Մանբիջը (Հալեպի նահանգ) ազատագրվել և քրդական կազմավորումների կողմից վերահսկվում է 2016 թ. օգոստոսից: Նրանց աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ը: Վաշինգտոնը նրանց հետ սկսեց համագործակցել, ինչպես պնդում էին, «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ոչնչացման նպատակով: Անկարան ԱՄՆ-ին մեղադրում է, որ նա խոստացել էր քրդերին հանել Մանբիջից, սակայն խոսքի տերը չէր եղել: Այսպիսով, հաշվի առնելով, որ չնայած իր կոչերին, ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, չի կանգնեցնում իր դաշնակից թուրքերին, հանգում ենք այն եզրակացության, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերադարձել է Օբամայի պլաններին, այն է՝ պոկել սիրիական տարածքի մի մասը (իհարկե, ածխաջրածիններով առավել հարուստ և հաղորդակցության առումով ռազմավարական նշանակություն ունեցող) և այնտեղ կազմավորել «սիրիական ընդդիմության վերահսկելի խամաճիկային կառավարություն»: Այլ կերպ ասած, այնուամենայնիվ, խոսքը Բաշար Ասադի տապալման և որպես այդպիսին սիրիական պետականության վերացման մասին է:


Այս կապակցությամբ նշանակություն է ստանում այն երկրների դիրքորոշումը, որոնք հանդես են գալիս որպես Սիրիայի տարածքային ամբողջականության և երկրի քաղաքական կյանքին մասնակցելու Բաշար Ասադի, ինչպես նաև ալավիների ամբողջ համայնքի իրավունքի պահպանման երաշխավորներ: Աֆրինի իրադարձությունների նկատմամբ Ռուսաստանի ու Իրանի վերաբերմունքն ընդհանուր առմամբ զուսպ է: Ի դեպ, զարմանալի է, բայց փաստ. նույն քրդերը, խոստովանելով, վերջապես, որ Ռուսաստանի ներկայացուցիչներն իրենց առաջարկել են համաձայնել սիրիական բանակի Աֆրին մտնելուն, բայց մերժում են ստացել, չգիտես ինչու, մոռանում են խոստովանել նաև, որ, պարզվում է, մինչ այդ նույնպիսի առաջարկությամբ իրենց դիմել են նաև Իրանի ներկայացուցիչները, բայց դարձյալ կտրական մերժում են ստացել: Դա զարմանալի է, որովհետև Էլ-Հասեկեում և Էլ-Կամշլիում, քրդական զինված զանգվածի գերիշխման պայմաններում քրդերը հանգիստ հաշտվում են այն բանի հետ, որ իրենց հետ մեկտեղ ահաբեկիչների դեմ ուղղված պաշտպանական մարտերին մասնակցել են նաև սիրիական կանոնավոր բանակի ստորաբաժանումները և շարունակում են մինչ օրս մնալ այդ նահանգներում ու վարչական կենտրոններում: Առավել անհասկանալի են Ռուսաստանի հասցեին քրդերի մեղադրանքները. իբր, «Ռուսաստանը մեզ դավաճանել է», մինչդեռ մեղադրանքի նշույլ իսկ չկա ԱՄՆ-ի հասցեին, որը հոգացել և հոգում է ամերիկացիների խնամակալությունը վայելող SDF-ի մեջ մտնող YPG-ի քրդերի հոգսերը: Բայց չէ՞ որ հենց ամերիկացիներն են դավաճանել քրդերին, ոչ թե Ռուսաստանը կամ Իրանը, որոնք քրդերին ոչ մի խոստում չեն տվել: Իսկ Մոսկվայի ու Թեհրանի առաջարկությունը՝ կանգնելու Սիրիայի դրոշի ներքո, քրդերը մերժել են: Եվ քրդերի վերջին ապշեցուցիչ առանձնահատկությունը. նրանք բառ անգամ չեն արտաբերում «Իրանի դավաճանության» մասին, քանի որ, հավանաբար, հաստատ գիտեն, թե այդ պարագայում ինչ պատասխան կլինի Թեհրանից:
Աֆրինի առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշման մասին բազմիցս հայտարարվել է, ուստի ուշադրությունը սևեռենք Իրանի վրա, չէ՞ որ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլահ Խամենեիի գլխավոր խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Վելայեթին է հայտարարել, որ այսուհետ Լիբանանի, Սիրիայի և Իրաքի պաշտպանությունը Իսլամի ու Իրանի պաշտպանություն է նշանակում: Սիրիայի տարածքային ամբողջականության ու սուվերենության պաշտպանությանը նվիրվածության ավելի կոշտ երաշխիքներ պետք էլ չեն. հենց այդ հայտարարությունից հետո սկսեցին հաղորդագրություններ երևալ այն մասին, որ արդեն Իրաքի շիական «Ալ-հաշդ աշ Շաաբի» աշխարհազորի զինվորական ղեկավարները (իհարկե, նաև այդ աշխարհազորի զինված կազմավորումները) մտել են Սիրիա և անգամ Լիբանան: Օրինակ, ամերիկամետ քրդական աղբյուրները, վկայակոչելով լիբանանյան ինչ-որ անանուն աղբյուրներ, օրերս հաղորդել են, որ Լիբանանի դատախազությունը հունվարի 15-ին ձերբակալության օրդեր է տվել «Ալ-Հաշդ աշ Շաաբի» աշխարհազորի գլխավոր մասը կազմող «Ասաիբ Ահլ ալ-Հակ» խմբավորման առաջնորդ Քայս Հազալիի համար, այն բանից հետո, երբ Հազալին հերթական անգամ «ապօրինաբար խախտել է Լիբանանի սահմանը»: Պարզվել է, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Հազալին նույնիսկ հասել է Իսրայելի հետ Լիբանանի հարավային սահման: Այնուհետև սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում իրաքցի շիա առաջնորդը լիբանանյան «Հըզբոլլահին» ռազմական օգնություն է առաջարկել իսրայելցիների դեմ պայքարում: Արդեն այս դրվագով տեսանելի ու հասկանալի է, որ Իրանն առանց որևէ աղմուկի լրջորեն պատրաստվում է և իր դաշնակիցներին պատրաստում է Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում իրավիճակի փոփոխման ամենադրամատիկ սցենարներին: Անմիջապես էլ հարց է ծագում. դա չէ՞, արդյոք, պատճառը, որ Թուրքիան այդքան աճապարեց Աֆրինի հարցում: Չէ՞ որ հասկանալի է, որ շփվելով Իրանի ու Ռուսաստանի պաշտոնակիցներ Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հետ, Էրդողանը բավական օպերատիվ կարգով էլի որևէ բան իմանում է, չհաշված անգամ այն, ինչ թուրքական գործակալական ցանցը Անկարային հաղորդում է անմիջականորեն Հյուսիսային Սիրիայից:


Համաձայնենք, «Հըզբոլլահ» կազմավորումը «Ալ-Հաշդ աշ-Շաաբիի» հետ համատեղ, աֆղանական կամավորական շիաների («Ֆաստիմիոն» կառույցի խեզարներ) և այլոց աջակցությամբ կդառնան տարածաշրջանային ևս մեկ «չգրանցված» լիարժեք բանակ: Եվ այդ բանակը հաստատ ի զորու կլինի իրագործելու այն հրահանգները, որոնք հիմա հնչում են Թեհրանում՝ թուրքական ագրեսիայի կապակցությամբ: Մի ոչ պակաս կարևոր նրբություն. իրաքցի Հազալիին ձերբակալելու վերաբերյալ Լիբանանի դատախազության տված օրդերի մասին տեղեկությունը տարածում են միայն քրդերն ու արաբական հակաիրանական ուժերը: Բուն Իրանում ու Իրաքում, ինչպես նաև Սիրիայում, լռում են: Ավելի լավ ապացույց այն բանի, որ «Ալ-Հաշդ աշ-Շաաբիի» կազմավորումները վաղուց Սիրիայում են և պատրաստվում են ինչ-որ հակագործողությունների, մեր կարծիքով, պետք էլ չէ: Այդուամենայնիվ, հարկ է նշել, որ իր բողոքները Իրանն սկսել է օպերատիվ կարգով և հետևողականորեն՝ Հյուսիսային Սիրիայում ԱՄՆ-ի ու Թուրքիայի մտադրությունների մասին հաղորդագրությունների ստացման համեմատ: Արդեն հունվարի 16-ին Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին ԱՄՆ-ին կոչ արեց դադարեցնել իր զավթողական քաղաքականությունը Սիրիայում, հայտարարելով, որ քրդական «անվտանգության սահմանապահ ուժերի» կազմավորումը կխորացնի ճգնաժամը պատերազմից ծվատված երկրում: Նա այդպիսի ուժեր ստեղծելու ԱՄՆ-ի ծրագիրը անվանել է «աղաղակող միջամտություն այլ երկրների գործերին», ավելացնելով, որ «բացի սիրիական ճգնաժամը բարդացնելուց, դա կառաջացնի մեծ անկայունություն և հրդեհ կբորբոքի երկրում»: Քասեմին նշեց, որ ամերիկացիների այդ որոշումը կայացվում է այն ժամանակ, երբ սիրիական բանակն ու նրա դաշնակիցները նշանակալի հաղթանակներ են տանում ԻՊ և «Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ մղվող պայքարում: Այնուհետև՝ հունվարի 19-ին, Իրանի մեջլիսի ղեկավար Լարիջանին Իսլամական համագործակցության կազմակերպության (PUIC) անդամ պետությունների խորհրդարանական միության Թեհրանում կայացած 13-րդ խորհրդաժողովում նախազգուշացրեց Սիրիայի հյուսիսարևելյան Ռաքքայի նահանգում լրացուցիչ բազաներ ստեղծելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման բացասական հետևանքների մասին, ընդգծելով, որ այդ քայլը միջազգային իրավունքի խախտում է և դավադրություն ընդդեմ այդ երկրի սուվերենության. «Սիրիայում նրանց (ԱՄՆ-ի ուժերի- խմբ.) ներկայությունը կարող է լինել վտանգավոր դավադրություն, բայց հազիվ թե նրանք որևէ կարևոր բան անեն, բացի ցավալի գործից»,- հաղորդել է Fars News-ը:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ