Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գլխավոր ինտրիգի վարագույրն աստիճանաբար բացվում է

Գլխավոր ինտրիգի վարագույրն աստիճանաբար բացվում է
02.02.2018 | 03:24

Որոշակի դադարից հետո, որ հիմնականում պայմանավորված էր հանրապետության չորրորդ նախագահի հնարավոր թեկնածուի շուրջ սպասումներով և քննարկումներով, հանրության ուշադրությունը կրկին ու կրկին սևեռվել է գլխավոր ինտրիգի՝ ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի վրա։


Փորձագիտական շրջանակները դեռ ամիսներ առաջ կանխատեսում էին, որ ապրիլին մոտ տեղի են ունենալու այնպիսի գործընթացներ, այդ թվում՝ կոնկրետ օրենսդրական փոփոխություններ կամ կառավարության որոշումների ընդունումներ, որոնք որոշակիորեն բացելու են վարագույրը, և պարզ է դառնալու, թե քաղաքական վերնախավը (ավելի շուտ՝ ՀՀ գործող նախագահի մերձավոր շրջապատը, որը ստացել է «պոլիտբյուրո» բազմանշանակ անվանումը), ի վերջո, նոր վարչապետի խնդրի լուծման որ տարբերակին է հակված։
Թերևս, մենք արդեն քաղաքական զարգացումների հենց այդ փուլի մեկնարկի ականատեսն ենք։ Կառավարության կողմից «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի, հետո նաև՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրինագծի ընդունումից հետո շատերի մեջ հեշտ տրամաբանվող համոզմունք առաջացավ, որ Սերժ Սարգսյանը և որոշումներ ընդունող «պոլիտբյուրոն» կարծես թե վարչապետի վերաբերյալ քաղաքական որոշում արդեն իսկ կայացրել են։ Բայց մի բան է որոշելը, այլ բան է այն կյանքի կոչելը։ Ինչևէ, որպես հիմնական փաստարկ ընդունվում է այն հանգամանքը, որ ներմուծվել է առաջին փոխվարչապետի պաշտոն, որը Սահմանադրությամբ ամրագրված չէր, և ինչպես պարզվում է, առաջին փոխվարչապետի պաշտոնը ստեղծելու համար նույնիսկ սահմանադրական փոփոխություն պետք չէ անել, բավական է միայն օրենսդրական փոփոխման միջամտությունը։ Սա շատերի մեջ տպավորություն է ստեղծում, թե արդեն որոշված է, որ հենց Սերժ Սարգսյանն է ստանձնում վարչապետի պաշտոնը, իսկ առաջին փոխվարչապետի աթոռը առաջարկվելու է գործող վարչապետ Կարեն Կարապետյանին։


Այս առումով գրեթե բոլոր շահագրգիռ շրջանակները վերջին օրերին որպես կարևոր ակնարկ, կարևոր հաղորդագրություն կամ, ինչպես ասում են, «մեսիջ», տրամաբանված էին ընկալել Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա և Կարեն Կարապետյանի մասնակցությունը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին։ Շեշտը, բնականաբար, դրվում էր նկատելի և աննկատ նրբությունների վրա։ Ֆրանսիան ավանդաբար համարվում է Եվրամիության կողմից Հայաստանի համակարգողը, մեզ մոտ «հարց լուծողը», և որ Ֆրանսիան որոշ նկրտումներ ունի ՀՀ ղեկավարի նշանակման հարցում։ Այս տեսակետից շատերին հետաքրքրում էր, թե եվրոպական այս երկրում ինչպես կընդունեն Սերժ Սարգսյանին, ինչ կհասկացնեն ու գուցե կհասկանան, և ինչ արձագանքներ կլինեն։ Այս տեսակետից այցը բավականին ուշագրավ էր, և արտաքինից կարծես ընթացավ Սերժ Սարգսյանի համար շատ բարենպաստ մթնոլորտում։ Գերամբիցիոզ և Եվրոպայի առաջնորդի նկրտումներ ունեցող Էմանուել Մակրոնը գոնե հրապարակայնորեն բավականին ջերմ էր վերաբերվում Սերժ Սարգսյանին, անգամ ոչ ֆորմալ ժեստերով էր ընդունում ու ճանապարհում Հայաստանի ղեկավարին։ Այսպիսով նա ցույց էր տալիս, որ կոնկրետ մարդու նկատմամբ որևէ խնդիր չկա, իսկ քաղաքական առումով էլ Ֆրանսիան կարծես թե անհաղթահարելի խնդիրներ առանձնապես չի տեսնում, թեև ըստ էության, երիտասարդ նախագահ Մակրոնի շուրթերից հնչող հայտարարություններն ակնարկում էին, որ Ֆրանսիայի նախագահն ավելի խիզախ քայլեր է ակնկալում ՀՀ ղեկավարներից, ավելի կտրուկ ու խիզախ քայլեր հատկապես Արցախի հարցում։ Բայց ամեն դեպքում թեպետ պետական քարոզչամեքենան ամեն ինչ արեց, որպեսզի համարվի, որ Սերժ Սարգսյանի ֆրանսիական շրջագայությունը բավականին բարենպաստ էր, սակայն նկատելի էր նաև այն փաստը, որ սովորաբար նման դեպքերում եվրոպական մամուլում արձանագրվող տեղեկատվական որոշակի արտահոսքեր, որոնք հաստատում կամ ժխտում են հայաստանյան այս կամ այն պաշտոնյայի հնարավորությունները, չեղան։ Այս անգամ մամուլի արձագանքներն ավելի քան զուսպ էին։


Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա եթե ինչ-որ մեկը սպասում էր, որ Դավոսը հենց այն հարթակն է, որտեղ ապագայում վարչապետի հավակնություններ ունեցող Կարեն Կարապետյանը պետք է քաղաքական հայտարարություններ կամ գոնե ակնարկներ աներ, ապա սխալվում էր։ Այստեղ նույնպես նրա մոտ ավելի քան ընդգծված տնտեսական օրակարգ էր. քաղաքական և տնտեսական ոլորտների բաժանման շուրջ հստակ պայմանավորվածությունները, որ կան Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև, շարունակում են պահպանվել։ Սա նշանակում է, որ գոնե այդ հարցում այս պահի դրությամբ որևէ արմատական փոփոխություն չկա, և շատ հավանական է, որ ապագայում էլ, ինչպես բազմիցս նշել են վերլուծաբաններն ու քաղաքական որոշ շրջանակներ, այս տանդեմը գործերի նշված բաժանումով պահպանվի արդեն վարչապետ-առաջին փոխվարչապետ սխեմայով։ Բայց ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ վարչապետի դավոսյան տուրնեն բավականին հանգամանալից էր նախապատրաստված, և գոնե որոշ չափով սկսեցին քաղաքական օրակարգից դուրս գալ վարչապետի արևմտյան ինքնամեկուսացման կամ մեկուսացման մասին շահարկումները։ Իսկ «Եվրանյուզին» տված հարցազրույցը առանձնակի շեշտում է, որ գոնե եվրոպական ուղղությունում Կարեն Կարապետյանն առանձնապես խնդիրներ չունի։ Սակայն ինչպես պարզվեց, որոշակի դժվար հաշվարկելի ազդեցություններ կարելի է սպասել բոլորովին այլ ուղղություններից։ Այստեղ թերևս այլ հարց է, թե այդ տանդեմը որքան երկար կգոյատևի:


Մասնավորապես, առաջիկա զարգացումների վրա որոշակի ազդեցություն կարող է թողնել նաև Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։ Հայտնի է, որ Հայաստանի տնտեսությունը բավականին ինտեգրված է ռուսաստանյան որոշ շրջանակների, մասնավորապես, օլիգարխիայի ներկայացուցիչների հետ։ Ամենահետաքրքրական և որոշակիորեն ազդեցիկ գործոնը կարող է լինել հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի՝ այդ ցուցակում հայտնվելը։ Բոլորին է հայտնի, որ Սամվել Կարապետյանը ՀՀ տնտեսական համակարգի լոկոմոտիվներից մեկն է։ Ի վերջո, նաև ներդրումների ակումբի ոչ պաշտոնական ղեկավարն է համարվում։ Իհարկե, դեռևս վաղ է հստակ կանխատեսումներ անել, սակայն պարզ է, որ ցանկացած գործողություն, որը կարող է կաշկանդել քաղաքական, ֆինանսական և տնտեսական տեսակետից Հայաստանի խոշոր ներդրողներից մեկին, կարող է իր արձագանքն ունենալ նաև մեր երկրում։ Գուցե նաև որոշակիորեն ազդի իշխանական ու տնտեսական ոլորտներում վերադասավորումների վրա։ Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ի վերջո ինչ է նշանակում հայտնվել «ԱՄՆ-ի հակառակորդների» այդ ցուցակում։ Մի բան է, որ դա հոգեբանական ճնշում է, և ի վերջո այս ցանկի հրապարակումը ՌԴ քաղաքական, ֆինանսատնտեսական և օլիգարխիկ էլիտայում նախագահ Պուտինի դեմ դժգոհություններ առաջացնելն է, այլ բան է, եթե հոգեբանական ճնշումից բացի կան կոնկրետ պատժամիջոցներ՝ բանկային հաշիվների և այլ ակտիվների սառեցում, վարկային ռեսուրսների սահմանափակումներ, նշված անձանց հետ համագործակցության վտանգներ ու ռիսկեր և այլն։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա։ Մի բան հստակ է. ցուցակում հայտնված բոլոր՝ ավելի քան 200 անձանց նկատմամբ չի կարող հավասարապես գործել պատժամիջոցների ռեժիմը։ Ամենայն հավանականությամբ որոշակի սելեկցիա է լինելու։
Ամեն դեպքում առայժմ Միացյալ Նահանգների ղեկավարությունը կարծես թե ձգտում է սահմանափակվել զուտ հոգեբանական ճնշմամբ՝ ցուցակի անդամներին վերածելով յուրահատուկ շարժվող թիրախների, որոնք յուրաքանչյուր պահի պետք է զգան, որ կարող են հայտնվել շատ կոնկրետ և ցավագին հարվածի տակ։ Ըստ էության, մասնավորապես ցուցակի օլիգարխներին կամ գոնե նրանց մի մասին ժամանակ է տրվում վերանայելու իրենց մոտեցումը և գործունեությունը՝ կապված ՌԴ ներկայիս ղեկավարության հետ։ Այս պարագայում չի բացառվում, որ Հայաստանի համար կարող են բացվել նույնիսկ դրական հնարավորություններ՝ կապված Ռուսաստանից և այլ անապահով վայրերից կապիտալը, այլ ակտիվներ Հայաստան տեղափոխելու հեռանկարների հետ։ Բնականաբար, դա կարող է իր ազդեցությունն ունենալ նաև Հայաստանի ներքին քաղաքական անընդհատ շարունակվող վերադասավորումների գործընթացի վրա, քանի որ դժվար հերքելի ճշմարտություն է այն, որ Հայաստանում քաղաքականությունը և խոշոր կապիտալը սերտաճած կատեգորիաներ են։
Ինչևէ, վարչապետական մրցավազքի շուրջ պարզաբանող ակնարկներ դեռևս կլինեն, սակայն քիչ հավանական է, որ մինչև մարտի կեսերը հնչի վարչապետի թեկնածուի կոնկրետ անուն, քանի որ գործող նախագահը կամ վարչապետը կհայտնվեն հայտնի կաղ բադիկի կարգավիճակում, ինչը նաև հղի է համակարգի անգործությամբ։ Այդ իսկ պատճառով որոշման հրապարակումը հնարավորինս ձգվելու է, որպեսզի ոչ մեկը, ոչ էլ մյուսը կաղ բադիկի կարգավիճակում չհայտնվեն ու չկանգնեն փաստի առջև։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ