Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կառավարության նիստերը` դռնփակ

Կառավարության նիստերը` դռնփակ
02.02.2018 | 03:41

Ապրիլից նախարարները կարող են կառավարության նիստերին իրենց ազատ զգալ, քանի որ նիստերը կայանալու են դռնփակ՝ լրագրողների աչքից հեռու և չեն հեռարձակվելու: Ավելին, կառավարությունն ինքը կորոշի, թե նիստից հետո որ հարցով, որ նախարարը ճեպազրույց կտա լրագրողներին, ինչը նշանակում է, որ գործադիրի որոշմամբ են քննարկվող հարցերը ներկայացվելու հանրությանը: Գործադիրի նիստի դռնփակ անցկացման նախագիծը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը կառավարության երեկվա նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ինչն էլ հաստատվեց: Հիշեցնենք, որ կառավարության նիստերը դռնփակ էին նաև 1998-2002 թթ., և լրագրողները նիստերի դահլիճի մոտ, երկրորդ հարկում սպասում էին նիստի ավարտին, որից հետո ցանկացած նախարար, անգամ գլխավոր դատախազ, հասանելի էր լինում և պատասխանում էր ցանկացած հարցի։ Հետո կառավարության շենքի առաջին հարկում ստեղծվեց լրատվության կենտրոնը, որը ինչ-որ չափով պատնեշ հանդիսացավ լրագրողների և գործադիրի շփման հարցում: Այսօր կրկին առաջարկ է արվում վերադառնալու նախկին մոդելին, բայց այս դեպքում կառավարության անդամները հասանելի չեն լինելու: Սա, իհարկե, միակ փոփոխությունը չէր:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ ուժային կառույցները կլինեն վարչապետին կից, իսկ տնտեսական ոլորտի նախարարները՝ փոխվարչապետին: Այս փոփոխությունը վաղուց սպասված էր, և այս մասին շատ էր խոսվում հանրության շրջանում: Այն բխում է նոր Սահմանադրության պահանջներից, և քանի որ վարչապետի պաշտոնը առանցքային է դառնում ապրիլից, բնականաբար, ուժային կառույցները չէին կարող լինել փոխվարչապետի ենթակայության տակ: Օրինագիծը ենթադրում է այլ փոփոխություններ ևս՝ վարչությունների միավորումներ և ինքնուրույն պետական կառույցների փոփոխություններ: Անկախությունից ի վեր մի քանի անգամ նման փոփոխություններ են կատարվել, և երբ կառավարության նիստերը սկսեցին հեռարձակվել, ու լրագրողները հետևում էին դրանց առաջին հարկի լրատվության կենտրոնից, այն ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշում էր, որ ստեղծվել են լրատվության համար աշխատելու բարենպաստ պայմաններ, ինչը չի հակասում ժողովրդավարական մոտեցումներին: Այսօր կրկին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք հայտնեց, որ մոտեցումը ժողովրդավարական է` վկայակոչելով զարգացած երկրների փորձը. «Ես երբևէ կողմ չեմ եղել, որ կառավարության նիստերը լինեն դռնբաց, քանի որ ծանոթ եմ միջազգային փորձին: Չգիտեմ որևէ կառավարություն, որի նիստերը կայանում են դռնբաց: Եթե չեք ուզում հիմք ընդունել Արևմտյան Եվրոպայի օրինակը, կարող ենք ուսումնասիրել նաև այլ երկրների փորձը: Օրինակ, փորձեք Իսրայելում հեռարձակել թեկուզ մի փոքր հատված կառավարության նիստից՝ չեք կարող»: Համաձայնելով նախարարի բերած օրինակի հետ, այնուհանդերձ պետք է նկատենք, որ այս երկրներում նշված մոտեցումը ի սկզբանե է ձևավորվել, իսկ մեզանում անընդհատ այն փոխվում է: Անընդհատ փոխվում են նաև կառավարման մոդելները՝ նախարարությունները միացվում և անջատվում են, վերածվում են գերատեսչությունների ու նորից դառնում նախարարություններ։ Ինչու՞:

«Մենք փոփոխություններ իրականացնում ենք, և դա լավ է: Կրկին պետք է անդրադառնամ միջազգային փորձին և նշեմ, որ նույն ժողովրդավարական երկրներում նախարարություններ են միավորվում, հետո տրոհվում են, այսինքն` փոփոխություններ են կատարվում: Այդ առումով մենք բացառություն չենք: Այո՛, տարիների ընթացքում կառավարման նոր մոդելների անհրաժեշտություն է առաջանում, ի հայտ են գալիս հաջողված և անհաջող փորձեր: Հնարավոր է` մի երկրում հաջողված մոդելը ընդօրինակվի, և կիրառման ընթացքում պարզվի, որ այն այնքան էլ արդյունավետ չէ տվյալ երկրի համար. այդ դեպքում մենք փորձում ենք փոխել մոտեցումը: Այնպես որ, պետք է լինել ճկուն, ոչ կարծրացած, միշտ հաշվի առնել անցած մարտահրավերները, անցած ուղին և գնալ առաջ՝ սա է փոփոխությունների նպատակը»,- պարզաբանեց Դավիթ Հարությունյանը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ