Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մալթական օրդենի» կոմանդորն ու նրա պիոներիան

«Մալթական օրդենի» կոմանդորն ու նրա պիոներիան
02.02.2018 | 03:56

1989 թ. ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) նոր սերնդի գործուն մասնակցությամբ կասեցվեց ՊԱԿ-ի նախագահի տեղակալ Աբրամովի առաջադրումը որպես ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: Սա անդրանիկ քայլն էր «վերակառուցման» մի նոր փուլի, որով ՊԱԿ-ի նոր սերունդը սկիզբ դրեց պետական կառավարման մարմինների ապամոնտաժմանը:


Հարկավ՝ 1988-ին արդեն իսկ ՊԱԿ-ի նոր սերնդի կողմից արտոնվել էր ՀՅԴ սփյուռքյան կուսակցությանը՝ իր ներկայությունն ու մասնակցությունը ունենալ Հայաստանում, ինչպես արձանագրվեց պետական փաստաթղթերում՝ «զբաղվելու համար հասարակական գործունեությամբ, որը նպաստում է Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և մշակույթի զարգացմանը»: Մինչդեռ ՊԱԿ-ը նպատակադրվել էր ՀՅԴ կուսակցությանը օգտագործել որպես վերակառուցողական քայքայիչ ուժ՝ խորհրդային կենտրոնաձիգ կառույցների ոչնչացման և նոր շուկայական ազատական համակարգի ձևավորման համար: Սակայն նույն 1988-ի ապրիլին ՀԽՍՀ ՊԱԿ-ի զեկույցներում՝ ուղղված ԽՍՀՄ ՊԱԿ-ի ղեկավարությանը, ներկայացված էին անհերքելի ապացույցներ ՀՅԴ գաղտնի կառույցների առկայության վերաբերյալ, որոնք արդեն 1986-ից ընդհատակյա գործունեություն էին ծավալում Հայաստանում և Արցախում:
1990-ի սկզբին ԽՍՀՄ ՊԱԿ-ի համար հստակ դարձավ, որ ՀՅԴ ներկայությունը տարածաշրջանում այս կազմով և առկա քաղաքական ուղղվածությամբ անցանկալի է և կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ Ռուսաստանի հետագա ընդարձակման ծրագրերի, այդ թվում հատկապես ԼՂԻՄ-ի ռուսական սցենարով կարգավորման խնդրին, ուր և ՀՅԴ-ն արդեն զինված ապստամբության ծրագրեր էր իրականացնում, կյանքի կոչելով իր գաղափարախոսությունն ու պահանջատիրության իրավունքը: Հարկ է նշել, որ ՀԽՍՀ ՊԱԿ-ի ղեկավարության կողմից արդեն իսկ համակարգվել և ապա գործի էին դրվել «վտարանդի կազմակերպությունների` երկիր վերադարձի կապակցությամբ» ԽՍՀՄ ՊԱԿ-ի անդրոպովյան ծրագրերը: Այն հետապնդում էր ՀՅԴ կուսակցության մեջ ներթափանցումների միջոցով ստեղծել ազդեցության շրջանակներ, հավաքագրումների միջոցով ձևավորել գործակալական ցանցեր, ազդել բոլոր ձեռնարկների և որոշումների վրա, հասնելով կառավարման պոստերի և, ղեկավարելով հայաստանյան կազմակերպությունը, իրենց ազդեցության տակ վերցնել սփյուռքյան կառույցների քաղաքական, ռազմական, տնտեսական հոգևոր և մշակութային ղեկավարման լծակները: Խնդիր էր դրված նաև ապահովել քաղաքական դաշտի բևեռացումը, և օպտիմալացնել ընդհանուր վերահսկումը: ՊԱԿ-ի անդրոպովյան մեքենան դրվել էր գործի: Եվ որքան էլ երկարաշունչ ու դժվարին լիներ ծրագրերի իրականացումը, ստրուկտուրաների տրանսֆորմացումը, ղեկավարների հաջորդաբար փոփոխություններն ու ընդհանուր վերափոխումները, անգամ ՊԱԿ-ի անվանափոխումը ԱՖԾ-ի չխոչընդոտեց այս ծրագրերի իրականացմանը: Դեռ ավելին, ՊԱԿ-ը, շարունակելով իր գործունեությունը, բացառիկ արհեստավարժություն դրսևորելով ստեղծեց մի շարք համանուն ներհակ կազմակերպություններ` ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի, Հայ դատի և այլ հասարակական ու քաղաքական կուսակցություններ: Այս հանգրվանին հաջորդեց «վտարանդի» և տեղական ուժերի միջև միացման, համաձուլման բոլոր փորձերի կանխամտածված վիժեցումը: Արդեն քաղաքական դաշտի բևեռացումը ապահովված էր: Տեղին է նշել, որ դեռևս 1989-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը բուժման նպատակով գտնվում էր Փարիզում, գաղտնի հանդիպում էր ունեցել ՀՅԴ բյուրոյի լիազոր ներկայացուցչի հետ, ուր ձեռք էր բերվել փոխհամաձայնություն. «Հայ ժողովրդի քաղաքական ու հասարակական բոլոր կազմակերպությունները միավորել ազգային մի նոր դաշինքի մեջ»:


Մինչև 1993-94 թթ. ՀՅԴ-ի սպառնալիքը՝ ուղղված Ռուսաստանի ծավալապաշտական նկրտումներին, երկրորդ պլան էր մղվել, ինչը պայմանավորված էր առկա երկու հանգամանքով. նախ՝ որ Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող սպառնալից իրադարձությունները Ռուսաստանին կախվածության մեջ էին դրել Հայաստանից, և ապա ռուսաստանյան ներքին զարգացումները բավականին անորոշ էին և խառը. ուր Կարմիր հրապարակի ամեն մի խորշից սպառնում էր Ռուսաստանը հեղափոխական նիհիլիզմի մեջ խեղդելու վտանգը: Եվ ահա 1994-ի դեկտեմբերին Մոսկվայում կայացավ «Պանթուրքիզմը և Ռուսաստանի ազգային անվտանգության խնդիրները» միջազգային առաջին գիտագործնական համաժողովը: Ներկա էին ՌԴ Պետդումայի պատգամավորներ, նահանգապետեր, ուժային կառույցի և ՆԳՆ պատասխանատուներ, հատուկ ծառայությունների և ԶՕ առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հրավիրվածներ: ՀՅԴ-ն ծախսելով շուրջ 150000 ԱՄՆ դոլար, հավաքել էր Թուրքիային շրջապատող 15 երկրներից շուրջ 300 մասնագետների: Ռուսաստանի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ներկայացուցիչները իրենց ելույթներում անուղղակիորեն մեղադրում էին ԱՖԾ-ին Ռուսաստանում պանթուրքիզմը պաշտպանելու շահագրգռության մեջ: Նրանք վտանգավոր էին համարում պանթուրքիզմի գաղափարը և առաջարկում էին կարծր և խիստ միջոցներ ձեռնարկել ընդդեմ այդ քաղաքական ուժի: Հնչեցին մեղադրանքներ ՌԴ նախագահ Բորիս Ելցինի և նրա ռեժիմի կողմից Ռուսաստանը թրքական ստրկացմանը ենթարկելու առնչությամբ: Համաժողովից անմիջապես հետո, ինչպես ԱՖԾ-ն, նույնպես էլ ԳՀՎ-ն գործուն միջոցառումներ էին իրականացնում իրենց գաղափարակից համախոհների քանակները լրացնելու ուղղությամբ, այդ թվում՝ նաև Հայաստանից ներս:
1994-ի վերջին և ապա 1995-ի սկզբին ՀՅԴ բյուրոյի նորանշանակ ներկայացուցչի Մոսկվա այցելությունների ընթացքում հանդիպումներ էին տեղի ունենում ինչպես ՌԴ նախագահի, այնպես էլ ԳՀՎ-ի ներկայացուցիչների հետ: 1994-ին վերջիններիս հետ մի գաղտնի հանդիպման ընթացքում գեներալներից մեկը իր պատրաստակամությունն էր հայտնել անմիջապես համագործակցելու ՀՅԴ-ի հետ Անդրկովկասի անվտանգության հարցերով: Այն նախատեսում էր նաև Արևմտյան Հայաստանի (Թուրքիայի) Արևելյան հատվածի խնդիրներն ու կարգավորումները: Համաձայնությունների և դիրքորոշումների հստակեցումից անմիջապես հետո 1994-ի դեկտեմբերին Թիֆլիսում տեղի էր ունենալու արդեն նշանակված գաղտնի հանդիպում Անդրկովկասի ճակատի ԱՊՀ զորքերի հատուկ բաժնի պետ, գեներալ Ռեուտի և ՀՅԴ-Դրո գաղտնի ծառայության տարածքային վարչության ներկայացուցիչների միջև...
Այստեղ հարկ է անդրադառնալ զուգահեռ ընթացող ևս մի կարևոր գործընթացի: Արդեն 1993 թ. ձմռանը, Լիբանանի Անճար հայկական ավան ժամանած «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) ղեկավար Աբդուլլա Օջալանի գաղտնի մամուլի ասուլիս անցկացնելու ժամանակահատվածում, վերջապես ձեռք էր բերվել ՀՅԴ կուսակցության հետ համագործակցության վերջնական փոխհամաձայնություն: ՀՅԴ-ՔԲԿ բարձրագույն մակարդակների միջև, ինչպես նաև Սիրիայի բանակի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ձեռք բերված համաձայնագիրը սահմանում էր Հայ դատի պահանջատիրության պայքարի փոխադրումը Արևմտյան Հայաստան (Թուրքիայի գրաված տարածքներ) բանաձևումներով, որը խոչընդոտ էր հանդիսանալու նաև պանթուրքիզմի դեպի Անդրկովկաս թափանցմանն ու նրա դեպի Եվրոպա արշավի ծրագրերին: ՀՅԴ-Դրո գաղտնի ծառայության առաջին հետախուզադիվերսիոն խմբի (ՀԴԽ) ներթափանցումը գրաված տարածքներ նշանակված էր 1995-ի մարտի սկզբին, ուր և ՔԲԿ-ի կողմից սկսվել էին նախապատրաստական աշխատանքներ ՀԴԽ-ների դիմավորման և ժամանակավոր տեղակայման համար: ՀՅԴ-ՔԲԿ համաձայնությունների և նախապատրաստական շփումներից մի քանի ամիս անց, դավադրաբար մահափորձի ենթարկվեց ՀՅԴ առաջնորդ Հրայր Մարուխյանը: Այսպիսով վերջ էր դրվելու Հայ դատի պահանջատիրության և ազատագրական պայքարին: Սակայն սա դեռ ամենը չէր. վերակառուցման ճանապարհով Ռուսաստանը փլուզող նոր սերնդի մարտիկները երբևէ չէին հանդուրժելու ՀՅԴ-ով Հայաստան կերտողներին...


ԽՍՀՄ-ի փլուզմանը գործուն մասնակցություն ցուցաբերած և արդեն 1991-ից մասոնական «Մալթական օրդեն»-ի կոմանդոր Բորիս Ելցինի և նրա վարչախմբի կողմից 1994-ին փորձեր ձեռնարկվեցին իրականացնելու ունիվերսալ պետության ստեղծման ծրագրերի գործընթացը: Կովկասյան տարածաշրջանում այն նախատեսում էր ԼՂ հանրապետության ամբողջական հանձնումը Ադրբեջանին և ռուսական քաղաքականության որակների շրջանակներում Թուրքիայի հետ մերձեցումը հայկական տարածքների զիջման, պահանջատիրության և անկախության, տնտեսության ու տնտեսական նոր կառավարման համակարգի մերժման և ոչնչացման գնով: ՀՅԴ կուսակցության ներկայությունը տարածաշրջանում բավականին մեծ խոչընդոտ հանդիսացավ ելցինյան ծավալապաշտական նկրտումների համար, ՀՅԴ-ն դիտարկվեց որպես լուրջ սպառնալիք Ռուսաստանի ռազմական ներկայությանն ու մասնակցությանը Ադրբեջանի նավթային ծրագրերին: Խիստ կենսական անհրաժեշտություն առաջացավ չեզոքացնել ՀՅԴ ուժը և ապա կուսակցությունը տրանսֆորմացնել: Բ. Ելցինի կարգադրությամբ ՌԴ հետախուզության դաշնային ծառայության (ՀԴԾ) հետախուզական վարչության 10-րդ բաժնի պետ Երմակովի և ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության (ԱԱՊՎ) պետ Դավիթ Շահնազարյանի համատեղ միջոցառումների արդյունքում կասեցվեցին ՀՅԴ գործունեությունը, Դրո զինված խմբերի ՀԴԽ-ների ներթափանցումը Արևմտյան Հայաստան: 1994 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հանրահայտ ելույթով ՀՅԴ կուսակցությանը մեղադրեց միջազգային ահաբեկչության և թմրանյութերի տարածման մեջ: Տեղի ունեցած ձերբակալությունները, խուզարկություններն ու քրեական գործի հարուցումը իրականացվեցին անօրինականությամբ և բիրտ ուժի գործադրությամբ: Նախաքննության ընթացքում ԱԱՊՎ մեկուսարանում դաժանաբար սպանվեց ՀՅԴ գործիչ Արտավազդ Մանուկյանը, կտտանքների ու խոշտանգումների ենթարկվեցին շատ ու շատ կուսակցական գործիչներ:


Նախաքննությունն ու դատաքննությունը ուղղորդվում էին արդեն ՀՅԴ-ՀՀՇ բարձրագույն իշխանության միջև Օսլոյում տեղի ունեցած գաղտնի հանդիպումների ժամանակ ձեռք բերված փոխհամաձայնությունների պարտավորություններով: Ըստ այդմ որոշվել էր ստեղծել առաջադրված հանցանքների ամբողջական պատասխանատվությունը իր վրա կրող դրոյականների մի խումբ, որը չորս մահապատիժների և այլ չափի ազատազրկման դատավճիռներից հետո մինչև 2000 թվականը բանտերից պիտի ազատ արձակվեր. դատավճռի իրավական ակտի քողի տակ թաքնված էր քաղաքական տակտիկական հնարքը: «Դրո գործի» նյութերը վերջնական ավարտին հասցվեցին 1995-ի մարտի 20-ից ապրիլի 10-ի ժամանակահատվածում, ուր արդեն որոշված էր.
1. «Դրո» ծառայությունը ՀՅԴ-ի մեջ տպավորել որպես հակադաշնակցական կառույց,
2. «Դրո»-ն ձևակերպել որպես զինված բանդա և փաստագրել սպանությունների, թմրանյութերի առկայությունը,
3. ՀՅԴ-Դրո կապը թողնել առկախ,
4. Դրո-ն կապել Լիբանանի ՀՅԴ գործիչների և հատկապես ՀՅԴ բյուրոյի նախագահ Հրայր Մարուխյանի հետ:


ՀՀ Գերագույն դատարանի 10.12.1996 թ. դատավճիռը Դրո-ծառայության հանդեպ ամբողջությամբ արևելյան բազար հիշեցնող համաձայնությունների արդյունք էր, և այդ վճռի հանդեպ հանրային դրական կարծիք ձևավորելու համար միացյալ գործեցին քաղաքական գրեթե բոլոր ուժերն ու նրանց լրատվամիջոցները: Տեղի էր ունեցել ոչ միայն իշխանափոխություն, այլև Հայաստան-Սփյուռք մերձեցման և Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ եվրոպական քաղաքակրթության ինտեգրացիայից շրջադարձային փոփոխություն: Կասեցվել էին ազատագրական պայքարն ու Հայ դատի պահանջատիրության իրավունքներին տեր կանգնելու միակ տիրոջ՝ հայ ժողովրդի իրավունքը: Սակայն ճշմարտությունը մնաց քողարկված և հասարակության մեջ տպավորեց այնպես, ինչպես իշխանափոխական օրվա պահանջներն էին թելադրում:


Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ-Դրո գործով մահվան դատապարտված
25.01.2018 թ.

Դիտվել է՝ 13802

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ