USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Օգտակար իրեր՝ թափոններից

Օգտակար իրեր՝ թափոններից
02.02.2018 | 04:26

Քաղաքը մաքուր պահելու բազմաթիվ միջոցառումները, դժվար է ասել, արդյունք տալի՞ս են, թե՞ ոչ: Գաղտնիք չէ, որ հատկապես քաղաքի ոչ տեսանելի, բանուկ հատվածներն անբարեխիղճ բնակիչները հետևողականորեն վերածում են աղբանոցի: Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ, «Բնասերներ» խմբի ղեկավար ՆԱՐԻՆԵ ՓԻԼՈՅԱՆԻ կարծիքով՝ բնապահպանական տարաբնույթ միջոցառումները, այնուամենայնիվ, արդյունք են տալիս: Նրա համոզմամբ՝ փոփոխություն կա, թեև բավարար չէ, ելքը մարդկանց գիտակցական մակարդակի բարձրացումն է դեռ փոքր հասակից:

Նարինեն թափոնների դեմ պայքարելու իր եղանակն ունի: Փոքրիկ այնթապցիները, Նարինեի ղեկավարությամբ, թափոններից (պլաստմասսայե շշեր, թղթեր, չորացած ծառի ճյուղեր, պոլիէթիլենային տոպրակներ) պատրաստում են օգտակար իրեր:
«2013-ից գործում էր խմբակը: 2014-ին մասնակցեցինք «Թափոնների կառավարում. նվազեցրու՛, վերաօգտագործի՛ր, վերամշակի՛ր» խորագրով մրցույթին և հաղթող ճանաչվեցինք, որից հետո որոշեցինք «Բնասերները» դարձնել խումբ, որը կունենա շարունակական գործառույթ,- ասաց մեր զրուցակիցը:- Մրցույթը թափոնների կառավարման թեմայով էր. պլաստմասսայե շշերից պատրաստել էինք ոռոգման համակարգ, որ օգտագործելի լինի, նաև թափոնները կառավարենք: Դրանից հետո սկսեցինք ավելի շատ զբաղվել բնապահպանական խնդիրներով, հիմնական նպատակը գործնական աշխատանքը իրեղեն արդյունքի վերածելն էր: Արդեն երկու-երեք տարի է` թափոններից պատրաստում ենք «Կարմիր գրքում» գրանցված կենդանատեսակներ, բարձրացնում վտանգված, խոցելի և այլ կատեգորիաներում գտնվող կենդանիների խնդիրը: Ընթացքում մասնակցում ենք տարբեր բնապահպանական միջոցառումների»: «Բնասերները» ներկայումս ուշագրավ նախագծով են ներկայանում: «Դու՛րս Կարմիր գրքից» խորագրով ցուցահանդես են նախատեսում. ցուցադրելու են թափոններից պատրաստած կենդանատեսակներ: Ցուցահանդեսից առաջ և հետո մոտակա դպրոցներում հարցում են անցկացնելու՝ ճանաչու՞մ են արդյոք «Կարմիր գրքում» գրանցված կենդանիներին, և ինչպիսի՞ն է պատկերը ցուցահանդեսից հետո: Նախատեսում են նաև վարպետության դաս, որի ընթացքում այնթապցիները իրենց փորձը կփոխանցեն այլ դպրոցների երեխաներին: Երևանի կենդանաբանական այգու ղեկավարության հետ նախնական համաձայնությունից հետո հանդես կգան ընդհանուր ցուցահանդեսով:


Բնասերների խմբում ընդգրկված են 7-րդ և բարձր դասարանների աշակերտներ, սակայն, տեսնելով փոքրերի հետաքրքրությունը, աշխատանքներին միանալու պատրաստակամությունը, խմբի ղեկավարը որոշել է նրանց էլ ընդգրկել: Նարինեն պատմում է, որ խմբի երեխաները բարձրաձայնում են գյուղի տարբեր խնդիրներ, երբ որևէ մեկը սխալ է վարվում բնության հետ, դժգոհում են, երբ աղբ են տեսնում թափված փողոցներում, դիտողություն են անում:


«Բնասերները» իրականացնում են տարբեր միջոցառումներ՝ ծառատունկ, աղբահավաք, թափոնների վերամշակում, թռչնադիտարկում, պատրաստում և տեղադրում են թռչնաբներ, կերամաններ: Մասնակցում են տարբեր մրցույթների, ծրագրերի, ցուցահանդեսների: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԿ, GIZ), «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի շրջանակում կազմակերպած մրցույթներում երկու տարի անընդմեջ հայտնվել են հաղթողների շարքում: 2016-ին «Մոլորակի ժամը» ակցիայի շրջանակներում մասնակցել են «Տապան» էկոակումբ ՀԿ-ի և WWF հայաստանյան գրասենյակի կազմակերպած «Կանաչ մոլորակ» մրցույթին և կրկին տեղ զբաղեցրել հաղթողների շարքում: 2017-ին Կենտրոնական բանկի հայտարարած «Խնայում ենք փողը՝ խնայելով բնությունը» խորագրով վերամշակման մրցույթում երկրորդ տեղն են զբաղեցրել: Համագործակցում են տարբեր կազմակերպությունների հետ՝ Հայաստանի թռչունների պահպանման միություն, «ԷՅ-ԹԻ-ՓԻ» բարեգործական հիմնադրամ, «Տապան» էկոակումբ, Վեդիի «Կենաց ծառ» էկոակումբ, Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղ (NABU), Երևանի կենդանաբանական այգի, Կալավանում գործող «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao