Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Գեղարվեստագիտական մի մեղեդի՝ Րաֆֆու թեմաներով»

«Գեղարվեստագիտական մի մեղեդի՝ Րաֆֆու թեմաներով»
02.02.2018 | 04:29

ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ գեղարվեստական արձակին ծանոթ ընթերցողը պիտի հաճելիորեն զարմանա նրա նոր՝ «Րաֆֆու ոտնահետքերով» գրքի բովանդակությանը ծանոթանալով (եթե, իհարկե, արդեն ծանոթ չէ մամուլում տպագրված հատվածներին):
Տարիների հետևողական ուսումնասիրությունների և գրողական երևակայության համադրումից ծնված երկ է սա, որի մասին զրույցը, անկեղծ ասած, դժվար է ամփոփել երեք-չորս էջի շրջանակում:


Եվ այնուամենայնիվ, փորձենք բացահայտել Ալիս Հովհաննիսյանի Րաֆֆու բազմաշերտ աշխարհը՝ շատ դեպքերում դնելով կախման կետեր:

«ՐԱՖՖՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐՆ ԷԻՆ, ՈՐ ԹԵՎԱՎՈՐՈՒՄ ԷԻՆ ԻՆՁ»


-Տիկին Ալիս, Ձեր գիրքն ինձ հիշեցնում է երաժշտության մեջ կիրառվող մոտեցումը, երբ ժամանակակից կոմպոզիտորներն իրենց ստեղծագործություններում վերապրեցնում են Սայաթ-Նովայի, Կոմիտասի, այլոց ստեղծագործությունները, մեր հնամյա շարականները, բանահյուսական նմուշները: Նաև աղերսներ եմ տեսնում նորօրյա կինոարվեստի հետ, որում համակցվում են փաստագրական և գեղարվեստական լուծումները: Կարելի՞ է Ձեր գիրքը դասական գրողի կերպարի և ստեղծագործության գիտագեղարվեստական մշակում կոչել:
-Դուք, սիրելի Կարինե, արդեն պատասխանում եք Ձեր տված հարցին: Ինձ մնում է հաստատել, որ, այո՛, այդպես է: Րաֆֆի կարդալիս՝ օրերից մի օր ես այնքան սքանչելի տեսա նրա միտումները, նրա ամենատես ոգին, գաղափարների հեռահարությունը և այնպես ապշած մնացի, որ հասկացա՝ իմ իմացության, իմ գրողական կարողությունների սահմաններում պետք է գտնեմ հայտնի ու անհայտ բանալիները, փորձեմ համադրել դրանք, և 21-րդ դարի մարդու տեսադաշտում հետազոտեմ 19-րդ դարի մեր հանճարին: Սա չափից դուրս հաճելի աշխատանք դարձավ ինձ համար: Ճիշտ է՝ ընթացքում ձևավորվում էր նաև իմ «Ամենակարգին մարդիկ և ագռավները» ժողովածուն, որ լույս տեսավ 2016-ին, բայց Րաֆֆու հետ կապված բացահայտումներն էին, որ թևավորում, մե՛կ դեպի անցյալ, մե՛կ էլ դեպի ապագայի հեռուներն էին տանում ինձ: Սա էլ հենց երջանկությունն է:
-«Քրքրի՛ր մի ազգի հնությունները, և մի գիշերվա մեջ կզարթնի նրա հոգին»,- մեջբերել եք Րաֆֆու խոսքը: Ձեր գիրքը կարծես այս ճշմարտության նորօրյա վավերացումն է: Ըստ որում՝ նոր օրն այստեղ առավել քան շոշափելի է, ներկա՝ Րաֆֆու ժամանակի համապատկերում: Սա կանխամտածված մոտեցու՞մ է րաֆֆիապատումին, թե՞ այն հընթացս ծնվեց:
-Ի՜նչ լավ բնորոշում արեցիք՝ «րաֆֆիապատում»: Երբ սկսեցի քայլեր անել Րաֆֆու ստեղծագործությունների խորխորատներում, չգիտեի, թե ինչ ձևեր են ստանալու ինձ ամեն պահ հանկարծակիի բերող երևույթները: Եթե նկատել եք, էսսեներից ոչ մեկը նման չէ մյուսին: Նյութը աննկատելիորեն, անսպասելիորեն ինքն էր գտնում իր ձևը: Սա հենց Ձեր նախորդ հարցի պատասխանն է: Ստացվում էր գեղարվեստագիտական մի մեղեդի՝ Րաֆֆու թեմաներով: Նաև ինքնաբերաբար կապվում էր մեր ժամանակի այլևայլ խնդիրների հետ: Ապացուցվում էր Րաֆֆու հանճարի կիրառականությունը նաև իրեն հաջորդած երկու դարերի ընթացքում, նաև արդեն՝ երկու տարբեր հազարամյակների: Նրա կանխատեսումները, նախազգուշացումները, առաջադրած լուծումները դեռ էլի ու էլի իրականացման ճանապարհին են: Հիշենք թեկուզ «Խամսայի մելիքությունները»: Ո՞վ կմտածեր, որ նրա մահից ուղիղ 100 տարի անց՝ նույն օրերին, սկիզբ կառնի արցախյան շարժումը, և կունենանք հենց այն հաղթանակը, որ Րաֆֆու երազանքն էր: (Մահացել է 1888 թվականի ապրիլի 25-ին. մի՞թե կարելի է սա նշան չհամարել:)
-Սիրապատումները բացահայտում են նոր Րաֆֆու: Աննա, Ռոզա, ռոմանտիկ, բայց և բարոյական նորմերը չխախտող տղամարդ: Որքանո՞վ է Ձեր գրողական երևակայությունը դեր ունեցել այս պատումաշարում:
-Այստեղ ոչ մի հորինված բան չկա: Պարզապես Աննայի և Ռոզայի մասին եղած սուղ տեղեկություններից ոչ մի փշուր չի կորել: Կարելի է ասել՝ միայն շրջանակն եմ դրվագել՝ ըստ իմ ճաշակի:
-Գրքում զետեղված քարտեզներն ունեն իրենց առանձին կենսագրությունը: Բացեք, խնդրեմ, փակագծերը:
-Երբ նորից ու նորից կարդում էի «Դավիթ Բեկը», «Սամվելը», «Կայծերը», ՈՒղեգրությունները, «Խամսայի մելիքությունները», մեջս մեծ ցանկություն էր առաջանում Րաֆֆու՝ այդքան մանրամասն, գեղագիտորեն նկարագրած տեղանքը պատկերացնել ճանապարհների ձևով: Հասկացա, որ ավելի մատչելի, տեսանելի կդառնա պատումը, եթե ընթերցողը անցնի, ասենք, Սամվել Մամիկոնյանի անցած ուղին՝ Ողական ամրոցից մինչև Արաքս, Արաքսի որոգայթները: Քարտեզագիր Գեղամ Բադալյանը անմիջապես հասկացավ, թե ինչ է իմ ուզածը: Գրքում տեղ գտած 6 քարտեզներից 5-ը հատուկ այս գրքի համար նա է գծել՝ իր որդի Միհրան Բադալյանի հետ: Պատկերացնում եմ, թե այս քարտեզներին նայելով՝ որքան ավելի կթեթևանա առաջին անգամ Րաֆֆու գործերը ձեռքն առնող ուսանողի կամ Րաֆֆուն շատ սիրող ընթերցողի մտքի թռիչքը դեպի անցյալ դարեր:

«ՐԱՖՖՈՒ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ ՔԱՅԼԵԼԸ, ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՃՈՒՅՔ ԼԻՆԵԼՈՒՑ ԶԱՏ, ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԱՅԴՄ ՍԻՐԵԼՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ԴՊՐՈՑՆ Է»


-Սա, ի վերջո, գիրք է՝ հանուն Րաֆֆու: Ձեր գրողական հավակնությունները խոցված չե՞ք զգում:
-Ճիշտ հակառակը: Այս մտահղացումս իրականություն դարձնելու ամբողջ ընթացքում ավելի ու ավելի էի համոզվում, որ սկիզբ եմ առնում մեր դասականներից, որ որպես գրող՝ ձևավորվել եմ նախ նրանցից և ապա աշխարհի մյուս մեծ մարդասերներից դասեր քաղելով: Իսկ Րաֆֆու ոտնահետքերով քայլելը, գերագույն հաճույք լինելուց զատ, նաև հայրենիքը ճանաչելու և ըստ այդմ սիրելու ամենամեծ դպրոցն է: Այո՛, ճիշտ ասացիք՝ առաջին հերթին հանուն Րաֆֆու: Բախտս բերել էր, որ այս կարծիքի էր նաև Կարինե Խոդիկյանը, որ երևի թե «Գրական թերթի» ամբողջ պատմության մեջ առաջին անգամ կատարեց այս փորձարարությունը՝ երեք ու կես տարի շարունակ թերթում մե՛րթ սյունակի, մե՛րթ ամբողջ էջի չափով տեղ հատկացրեց Րաֆֆուն նվիրված իմ էսսեներին: Եթե նրա կողմից չլիներ այս խրախուսանքը, գուցե չլինեին դրանցից շատերը, և չլիներ այս գիրքը: Իմ ապրած կյանքը բազմիցս ապացուցել է՝ երբ ճիշտ ուղի ես ընտրում, Աստված առաջնորդում է քեզ հենց առաջին իսկ քայլերից: Այս անգամ էլ հանգիստ, ուշադիր ու վստահ հետևում էի Նրա Նոր Առաջնորդությանը: Այս ընթացքում զարմանալի զուգադիպությունները հաջորդում էին միմյանց: Դրանցից մեկը նկարագրել եմ «Րաֆֆու ոտնահետքերը» էսսեում: Չնչին հույս ունենալով, թե Արծվանիկ գյուղում 135 տարի անց հուշի մի ծեղ կգտնեմ այստեղ 1881-ի ամռանը հյուրընկալված Րաֆֆու մասին, գրեթե այստեղ ոտք դնելուս պահին պարզ դարձավ, որ կանգ ենք առել արծվանիկցի Էդուարդ Մանուչարյանի հիմնած ազգագրական թանգարանի առջև: Երկար տարիներ այստեղ պատմություն դասավանդած ուսուցչի, երկու գրքերի հեղինակի 90-ամյակը նախորդ օրն էին նշել: Եվ նա, առանց իմանալու Արծվանիկ այցելելու մեր նպատակը, քիչ անց այդ թանգարանի պատերից մեկի վրա ցույց էր տալու տեր Մեսրոպ քահանայի լուսանկարը՝ նրա, ում տանը հյուրընկալվել էր Րաֆֆին, և որ ամենահետաքրքիրն է, նա Է. Մանուչարյանի մայրական պապն է եղել: Իսկ նրա հայրական պապն էլ տեր Մեսրոպի հետ նրան Արծվանիկից ուղեկցել է մինչև Տաթև: Ոգևորությունը հիանալի գործոն է ցանկացած դեպքում, իսկ եթե ոգևորողները մարդիկ են, որոնք քեզնից որևէ կախում չունեն, կեղծելու պատճառ չունեն, ու իրենք էլ իրենց հերթին ոգևորվում են քո արածով, վստահությունդ աճում է մինչև… չգիտես թե ուր: «Գրական թերթում» լույս տեսած ամեն էսսեից հետո ինձ զանգահարում էր Սերգեյ Սարինյանը, որի հետ նախկինում անձնական ծանոթություն չեմ ունեցել, զանգահարում կամ փողոցում հանդիպելիս իրենց ուրախությունն ու շնորհավորանքն էին հայտնում մարդիկ, որոնց միայն բարևել եմ: Հաճախ եմ լսել այս հարցը, որ հեռախոսով տվեց նաև իմ վաղամեռիկ համալսարանական ընկերը՝ Դավիթ Հովհաննեսը, որի հետ երկար ժամանակ չէի խոսում, խռոված էինք. «Ախր, ո՞նց մտքովդ անցավ Րաֆֆուն անդրադառնալ: Կարդում եմ բոլոր էսսեներդ: Կարդալու եմ… Շարունակի՛ր»: Ոգևորությունը շարունակվեց նաև գրքի պատրաստման ընթացքում: Ոգևորվեց գրքի խմբագիրը՝ Մարատ Թադևոսյանը, նա մանրակրկիտ, գրեթե խոշորացույցով համեմատեց Րաֆֆուց և րաֆֆիագետներից բոլոր մեջբերումները, մի քանի անգամ կարդաց բնագիրը, ճշգրտումներ արեց: Հրաչուհի Տատուրյանը՝ եզակի մի մտավորական, դարավոր ընկերս, դեռ տպարան իջեցնելուց մի երկու օր առաջ ծայրից ծայր կարդաց ամբողջ գիրքը, կատարեց ևս մի խմբագրի, երբեմն նաև սրբագրիչի աշխատանք: Կամավոր սրբագրիչի դերն ստանձնեց գյումրեցի բարեկամուհիս՝ խոստումնալից երիտասարդ գրականագետ Կարինե Մարտիրոսյանը: Էլ չեմ ասում, որ առաջին ընթերցողս և քննադատս էր հանգուցյալ ամուսինս՝ Յուրի Թադևոսյանը, որի հիշատակին էլ նվիրել եմ գիրքս: Զավակներս՝ Արեգը և Քնարիկը, նույնպես անմասն չէին՝ խորհրդատուներս էին՝ ըստ իրենց մասնագիտությունների (մշակութաբան, հոգեբան):
-Գիրքը ձևավորված է բարձր ճաշակով՝ շքեղ, բայց ոչ ճչան, ճշգրիտ, բայց ոչ սխեմատիկ: Դու՞ք եք հուշել այսօրինակ ձևավորումը:
-Այո՛, հուշել եմ, արել եմ իմ առաջարկները, բացատրել եմ, թե ինչ է ուզածս, բայց գրքի ձևավորող Արամ ՈՒռուտյանն էր իմ պատկերացումները տեսանելի դարձնողը, և նրա կողմից առաջադրվող շտկումները գրեթե միշտ ընդունելի էին ինձ համար: Հիմա գիրքը ձեռքն առնողներից շատերը ասում են. «Հա՜, Արամ ՈՒռուտյանն է արել ձևավորումը, դե՛, պարզ է…»:


«ԱԶԳԱՆՎԵՐ ԳՈՐԾԵՐԻ ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ՁԵՌՆԱՐԿՈՂՆԵՐ»


-Ինձ համար բացահայտում էր Լոս Անջելեսում գործող «Սալմաստի ժառանգության միություն» կազմակերպությունը, որը հովանավորել է «Րաֆֆու ոտնահետքերով» գրքի տպագրությունը և այժմ էլ լծված է գրողի ուսումնասիրության, վերարժևորման առաքելությանը: Ասել է, թե Ձեր համագործակցությունը կունենա շարունակությու՞ն:
-Ինձ համար էլ անծանոթ մի անվանում էր սա, բայց պարզվեց, որ նրա անդամները ազգանվեր գործերի անշահախնդիր ձեռնարկողներ են: Դեռ մեկ-երկու օր առաջ՝ հունվարի 24-ին՝ Պարույր Սևակի ծննդյան օրը, նրան նվիրված մեծ հանդիսություն էին կազմակերպել Լոս Անջելեսում: (Պարույր Սևակի նախնիները նույնպես սալմաստահայեր են եղել): Առանց այս միության հովանավորության ՝ գիրքս երբևէ չէի կարողանա հրատարակել այս որակով: Հաճախ եմ կրկնում, որ սա այն դեպքն է, երբ ամեն ինչ ստացվել է ճիշտ և ճիշտ ուզածիս պես: Միության նախագահ Սարգիս Բարխուդարյանը, փոխնախագահներ Լաուրա Աթոյանը, Էդիկ Հայրապետյանը կազմակերպեցին հանգանակությունը, Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմում» ֆիլմի ցուցադրումով (այս ֆիլմն ընդգրկված էր «Օսկար» մրցանակաբաշխության 2016 թվականի 10 հավակնորդ ֆիլմերի ցանկում և արդեն ցուցադրվել է գրեթե բոլոր աշխարհամասերում) և սալմաստահայերի ներդրումներով գոյացած գումարով կատարեցին այն ամենը, ինչ մտածում էին, որ արժանի է իրենց հանճարեղ հայրենակցին: Այո՛, նրանց իսկ առաջարկով արդեն կազմավորվել է երիտասարդ գիտնականների մի լավ խումբ, որոնց մեջ ոչ այնքան երիտասարդը ես եմ. Հայկ Համբարձումյան, Սևակ Ղազարյան, Նվարդ Վարդանյան, Նունիկ Դարբինյան: Դարձյալ Աստծո կամոք և առաջնորդությամբ՝ զբաղվելու ենք Րաֆֆու ժառանգության գիտական ուսումնասիրությամբ և մեր մեծ դասականի վերարժևորման գործով:
-Որքան ինձ հայտնի է, արդեն իսկ մեծ է ընթերցողի հետաքրքրությունն այս գրքի նկատմամբ: Ինչպե՞ս կարելի է այն ձեռք բերել:
-Առայժմ միայն «Բյուրոկրատ» գրախանութում, «Բուկինիստում» և դրա մասնաճյուղերում:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ