USD481.66
EUR566.62
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

Փղոսկրե ատամմաքրիչի կաքավումները ծակ կաթսայի մոտ (չարտագաղթող գերանդիներ)

Փղոսկրե ատամմաքրիչի կաքավումները ծակ կաթսայի մոտ (չարտագաղթող գերանդիներ)
02.02.2018 | 04:41

ՆԱԽԵՐԳ


Նոր տեղացած ձյան սրսռուն բույրն ինձ հիշեցնում է օգոստոսյան ձմերուկի շվայտ հոտը։ Իսկ ձե՞զ։ Բայց եթե չկա ձյուն, ապա նաև չի լինի ձմերուկ։ Ի՜նչ միամիտն եմ, ձմերուկ էլ կլինի, սեխ էլ, և անգամ ամսական բողկով կլիանա երկիրը մեր, չէ՞ որ միակ գերհաջողված տնտեսական գործընթացը ներկրումային ոլորտն է, այնպես որ անձմերուկ չենք մնա։
Անկեղծ ասած անդուր ձմեռ է, ոչ գազարաքիթ ձմեռ-պապեր կան բակերում, ոչ էլ ձնագնդի շրմփոցն է լսվում հարակից զբոսայգում։ Այսուհանդերձ արդեն փետրվարն է, բախտորոշ-բախտախնդիր մարտին ԱԺ-ն կընտրի (այն է` կնշանակի) երկրի 4-րդ նախագահին, իսկ ապրիլին էլ ոմանց գողոնով լի գնացքները կուղևորվեն դեպի ելուզակային նավահանգիստ, ոմանք էլ գլխիկոր կլքեն քաղաքական ասպարեզը։ Գալիք ապրիլին հանրապետությունը կխորհրդարանացվի, կառավարիչ-վարչապետը կամ կդառնա ԱԺ-ի հպատակը, կամ էլ Բաղրամյան-19-ը կհպատակեցնի իր կամքին և քմայքին։ Չնայած լավ կլինի, որ երկուստեք հպատակվեն երկրին։ Սակայն երկրի ողը ԵԱՏՄ-ից 5-ամյա ապտակաշարով «օրհնված», ԵՄ-ից էլ աղանդավորությամբ հարստահարված, ԼԳԲՏ-ականությամբ ազատականացված և, ի վերջո, Ամուլսարով էլ ախտահարված իշխանակառավարական ժպիտն է` նրբաքիմք ու զարմանալիորեն բարեհոգի։ Չե՞ք հավատում։ Շատ իզուր, քանզի ասվածը ճշմարիտ է նույնքան, որքան ճշմարիտ են մեր ձեռքբերումներն անցած 27 անկախ-պետական տարիներին` զանգվածային և չմարող արտագաղթը, փթթող օլիգոպոլիան և, իհարկե, ռուսական գազի сука-գինը։

ՓՂՈՍԿՐԵ ԱՏԱՄՄԱՔՐԻՉԻ ԿԱՔԱՎՈՒՄՆԵՐԸ ԾԱԿ ԿԱԹՍԱՅԻ ՄՈՏ


Վերջին (մի՞թե վերջին) գնաճի հետ կապված խորհրդարանական լսումներ եղան, և ՀՀ-ն Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ներկայացավ աշխարհին ստեղծագործական մի ծածկագրով` «Է՜ստի համեցեք»։ (Էստի, այն է` Հայաստան)։ Սակայն նախ խորհրդարանական լսումները վերալսենք։ Տպավորությունն այնպիսին էր, որ ՀՀ ո՛չ օլիգարխ և բյուրոկրատ (նաև ո՛չ դատավոր ու գեներալ) բնակչությունն ի բնե տկարամիտ է, նաև ունի ձեռքբերովի մի հատկանիշ` գերդյուրահավատ է։ Եվ քանի որ վերոնշյալը պատմաքաղաքական փաստ է և ձեռքբերում, ապա արժե ԱԺ-ի բարձր ամբիոնից քմծիծաղախառն դիմախաղով հրապարակել կաղացող թվեր, վարակակիր պարզաբանումներ և երջանկանալ, զի հերթական անգամ վերնադասը սեփական հանցավոր անճարակությունը (եթե դա անճարակություն է, ոչ թե կանխամտածված դավադրություն) պարտակում է երկրի ու նրա տարաբախտ բնակիչների վրա։ Հատկապես զավեշտալի էր զուգորդումը Վրաստանի հետ։ Հայտարարվեց, որ գնաճը հարևան այս երկրում առնվազն կրկնակի ավելի է ՀՀ գնաճից։ Ամենևին չի բացառվում, որ այդպես էլ կա։ Սակայն ՀՀ-ից Վրաստան 2017-ին հանգստանալու է մեկնել 1 մլն 700 հազար մարդ։ Հազարից ավելի հմուտ և հայկական շուկայական իրականությունից խիստ շփոթված գործարարներ մեծ հաջողությամբ աշխատում-շենացնում են հարևան այս երկիրը։ Սակայն այս ամենն ընդամենը գլխիվայր իրավիճակի փաստագրումն է, երբ երկիրը հակահայրենիք-հանք է, ուրիշ ոչինչ, զի ԱԺ-ի պերճաշուք ամբիոնից հնչող թվերն ու հիմնավորումները թունահաբեր էին, որոնք ի բավարարում մատուցվում էին հակահայրենիք-հանքի տկարամիտ ու գերդյուրահավատ բնակիչ-գրաստներին, այսինքն` մեզ։ Եվ որպես գիլիոտինի վերջին հարված` հակահայրենիք-հանքի դարպասի մոտ բարձրացավ հսկա մի ճերմակ պաստառ, վրան գրված դարչնագույն գրով. «Ներկա գնաճը նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը, կեցցե այն գերաճը, որը վաղն է չոքելու մեր դռանը»։

Չեմ թաքցնում, խիստ հիասթափված եմ գործող վարչապետի դիմահարդարային բարեփոխումներից։ Այնուամենայնիվ նրան կարեկցում եմ, զի արդեն իսկ, կամա-ակամա, նա հակահայրենիք-հանքի շահագործողների խմբում է հայտավորվել։ Դավոսի համաժողովում արգո Կարենը Կարապետյան հանդիպեց Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ և ասաց ահա սա. «Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար»։ Սինգապուրը հակահայրենիք-հանք էր և մեծ խանդավառությամբ էր շահագործվում տեղական և օտար կորզիչների ձեռամբ։ Բայց գեղեցիկ մի օր ամեն բան շրջվեց գլուխն ի վար, հանրային ցանկացած հակաարարք քրեականացվեց, գանձագողերը ենթարկվեցին մահապատժի, օլիգարխիական և վարչական բյուրոկրատիան էլ լքեց երկիրը։
Այս ամենը ինչու եմ այսօր շարակարգում, չէ՞ որ հանրահայտ ճշմարտության հերթական հիշեցումը հուսալքման մի նոր, արնածոր վերք կծաղկեցնի մեր սրտերում։ Ամենևին այդպես չէ, հերթական դժոխային սանձարձակությունը վերստին կոփում է մեզ, մենք տեղում չենք դոփում, այլ խոհեմ բարեսրտությամբ փորձում ենք դարձի բերել մեր ցավ ու պատիժ վերնադասին։ Այս տեսանկյունից մի երկու հանգամանք է կարևորվում, և ահա ես, ծառան ձեր հեզ, փորձեմ դրանք հռչակագրել` ի սփոփում մեզ և հապաքինում վերնադաս-վերին կույտի։
Մեղավորն այս ամենում... փղոսկրե ատամմաքրիչն է։ Երբ երկիրն անկախացավ, անմիջապես եկավ (ապառաժ և խորդուբորդ, բազալտե ու հողմածեծ) քարերը անկախացած ժողովրդի գլխին ջարդելու երանելի ժամանակը։ Եվ ժամանակն այդ անավարտ է, ինչպես դարը։ Այլ կերպ ասած, առաջացավ փղոսկրե ատամմաքրիչ գործածողների խավը, որոնք ահա 27 տարի ճաշից հետո փորփրում են ժանիքների միջակայքը, կանգնած ծակ կաթսայի մոտ։ Այո՜, այո՜, նրանց բերանում ատամներ չկան, թուջե ժանիքներ են, երեսպատված ոսկով, փաշայական փայլի համար։ Եվ հենց այս տեսակն էր վերջերս կաքավում ԱԺ-ում, փորփրում էր ժանիքները, պատրաստում էր դրանք նոր կլանիչ պատերազմի ընդդեմ երկրի։ Հիմա եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք. Z սուբյեկտը, որը երբևէ չի ճաշակել չարքաշ կյանքի վայելչանքը, կարող է ըմբռնել, որ անհնար է ապրել մարդավայել, նվազագույն զամբյուղի տիրակալությունում, կարելի է գոյատևել և ժամանակից շուտ լքել այս աշխարհը, որը ծակ կաթսա է, և որի շուրջ ահա 27 տարի փղոսկրե ատամմաքրիչները ձեռքներն առած պորտապարի ռիթմերով կաքավում են վերնադասի տեսաբան-սուբյեկտները` ալֆայից մինչև օմեգա։ Իսկ կաթսայի խորքերում լսվում են ազգային-ազատագրական մեղեդիներ։ Առայժմ լսվում են, և գնալով լցվում է մեր համբերանքի թասը, որը կարծես հատակ չունի։
Միով բանիվ ՀՀ առաջին գերկառավարիչ վարչապետի գերագույն տեսլականն ահա այս է` պարտադրել վերնադաս-վերնակույտին, որ առաջիկա 5 տարում ապրի չարքաշ կյանքով, բավարարվի նվազագույն կենսազամբյուղի բարիքներով և ուրիշ ոչինչ։

ՉԱՐՏԱԳԱՂԹՈՂ ԳԵՐԱՆԴԻՆԵՐ


Աշխարհի շատ դաշտեր և արոտներ կարոտ են հայոց արծաթափայլ գերանդիների շիտակ ձայներգությանը։ Գերանդի՜, ազնվական գործիք, գուցե ժամանակն է, որ ներկա փղոսկրե ատամմաքրիչներով զինված վերնամասը գեթ գալիք ամռանը սպառազինվի գերանդիներով, ներխուժի դաշտ ու արոտ և փորձի քավել մեղքերը` հնձելով մարդաբոյ խոտը։ Գուցե։ Սակայն ուշագրավ մի բան ունի մեզ հաղորդելու նշանավոր գրագետը` Խրախունի Զարեհը` յուր «Ձեռնածու» բանաստեղծության նախերգանքով։

ԳԼԽԱՐԿԵՆ
Աղավնիներ դուրս կը հանե, որ թև կառնեն կը թռչին
Նապաստակներ վեր կը քաշե, որ կը վազեն կը փախչին
Եվ դեռ ինչեր
Ինչ որ կանցնի ձեր մտքեն
Ան գլխարկեն կը հանե
Սակայն իրեն կը պահե
Եվ ոչ մեկուն բան չի տար...

Անշուշտ կռահեցիք, որ «Ան»-ը մեր իշխանակառավարական օթյակն է, որի բանջարեղ (հանճար բառի հողմաղացյան մեծարումն է) տնտեսական քաղաքականության պատճառով թևեր առել և թռել-հեռացել են երկրի բարիքները` սկսած մարդկային ներուժից, վերջացրած ռազմավարական հանգույցներով։ Անմոռաց են թևեր առած, անհետ կորած «աղավնիներն» ու «նապաստակները», Երևանի կոնյակի գործարանը, ՀԷՑ-ն ու հանքերը, Սևանա լճի ափերն ու հեռախոսակապը և այլն։ Մի խոսքով, ողբը չարիք է, և մեզ մնում է կառուցողական առաջարկներով երկիրը շեղել գահավիժումից։ Գալիք վարչապետը կարող է արմատապես փրկել իրավիճակը, եթե ձեռքն առնի 2 գերանդի։ ՈՒ անցնի հնձի։ Մեկը «Ազգ-բանակ» համազգային-համապետական ծրագիրն է, որն առայժմ չի բարձրացել խանդավառ երազանքի մակարդակից` անգամ երկու թիզ վեր։ Մյուս գերանդին, որը պետք է աջ ու ձախ հնձի, չզարմանաք, արհմիությունն է։ Քաղաքակիրթ երկրներում երեկ էլ, այսօր էլ արհմիությունները եղել են (և կան) որպես հսկա ներուժ, որը պետության և հասարակության համար և՛ սուր է, և՛ վահան է, ընդդեմ հակաերկրային արատների, ի մասնավորի` փղոսկրե ատամմաքրիչների։
Օրերն անդարձ անցնում-գնում են և մաշվում են ազգային պետություն կառուցելու մեր քարշակի սռնիներն ու անիվները։ Սա իսկապե՞ս չեն գիտակցում վերնադասում։ Գիտակցում են, հավատացեք, բայց առայժմ գիտակցաբար դեռևս փլուզում են երկիրը։ Զի վարկային պարտավորությունները նրանց փաղաքշում են և հարվածում են նրանց ստոծանուն։

ՎԵՐՋԵՐԳ


Նախ և առաջ` հարկավոր է բռնագրվել բոլոր փղոսկրե ատամմաքրիչները և ծակ կաթսաները։
Նախ և հետո` անհրաժեշտ է հռչակել «Ազգ-բանակ» ծրագրի իրական մեկնարկը։
Եվ վերջապես, օրենքի օրհնությամբ պետք է յուրաքանչյուր հայ աշխատավորի (ներառյալ ՀՀ գալիք վարչապետը, երկրի և ԱԺ նախագահները) անդամագրել ՀՀ արհմիությանը։

Նոր տեղացած ձյան սրսուռ բույրն ինձ հիշեցնում է օգոստոսյան ձմերուկի շվայտ հոտը։ Բայց դե եթե չկա ձյուն, ապա նաև չի լինի ձմերուկ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Yerevan PerspectivesMarketers CommunityԱռողջ սիրտ