Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նշանառության տակ է վերցվել ընտանիքը՝ որպես համաշխարհային գերիշխանության դեմ ամենաուժեղ և ամենակենսունակ դիմադրող օղակ

Նշանառության տակ է վերցվել ընտանիքը՝ որպես համաշխարհային գերիշխանության դեմ ամենաուժեղ և ամենակենսունակ դիմադրող օղակ
02.02.2018 | 05:17

Արևմուտքն այսօր մեծ ջանքեր է գործադրում պիղծ օրենքներն առաքելական քրիստոնեական Հայաստանում ներդնելու համար՝ ավանդական քրիստոնեական արժեհամակարգը ոչնչացնելու նպատակով:
Ռազմավարության մշակման արևմտյան կենտրոնների կողմից «ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն» ձևակերպմամբ բանաձևված լիբերալ գաղափարախոսությունը՝ մարդկանց իրավահավասարության և ազատության կեղծ շղարշի ներքո, իրականում ուղղված է Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդու հոգևոր և ֆիզիկական այլասերմանը, ավանդական ընտանիքի ոչնչացմանը. այս համոզմունքն արտահայտեց քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ` «Եվրամիության կողմից պարտադրվող օրենքները` որպես քրիստոնեական արժեհամակարգի և բարոյականության նենգափոխման գործիք» զեկուցմամբ հանդես գալով Երևանի «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի դահլիճում կազմակերպված համաժողովի ընթացքում:


Կարինե Եսայանը, նախ ներկայացնելով հիշյալ օրենքների ընդունման պատմությունը 2013 թվականից ի վեր, ասաց.
«1991-ին Խորհրդային Միության կազմաքանդումից հետո նախկին խորհրդային հանրապետություններին, նրանց թվում նաև Հայաստանի Հանրապետությանը, միջազգային կառույցների կողմից պարտադրվել ու շարունակում են պարտադրվել հասարակական ու քաղաքական կյանքի բոլոր ոլորտներին առնչվող օրենքներ ու նորմեր, որոնք առաջին հայացքից թվում է՝ ուղղված են մեր երկրում օրենսդրական դաշտի բարելավմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, սոցիալական արդարության հաստատմանը: Սակայն դա միայն առաջին հայացքից…»:
Քաղաքագետ-միջազգայնագետն անդրադարձավ 2013-ից ի վեր Հայաստանին պարտադրված նման օրենքներից մի քանիսին:
«2013 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որն առավել հայտնի է որպես գենդերի մասին օրենք,- ասաց Կարինե Եսայանը:- Համաձայն այդ օրենքի՝ «գենդեր» կամ «գենդերային» հասկացությունը տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք է, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը:


2013 թ. հունիսի 11-ին օրենքը ստորագրել է ՀՀ նախագահը:
«Գենդերը» սոցիալական սեռ է՝ ի տարբերություն տղամարդու և կնոջ կենսաբանական սեռի: Սոցիալական սեռն այն է, ինչ զգում է մարդը, ինչին նրան սովորեցրել են: Երբ սոցիալական սեռը չի համընկնում կենսաբանականի հետ, մարդու բնությունը այլասերվում է, և այդպիսի մարդը կոչվում է այլասերված (միասեռականներ, տրանսվեստիտներ և այլն): Իզուր չէ, որ այլասերվածների պահանջը «գենդերային հավասարությունն է»: Այսպես կոչված «գենդերը» այն հիմնական միջոցն է, որով կոտրվում է հասարակության կյանքի ավանդական ապրելակերպը և ավերվում է ազգի բարոյական կոդը:
Այդ օրենքի ընդունումից հետո Եվրամիության կողմից Հայաստանին պարտադրվեցին նաև այլ օրենքներ, որոնք պետք է ամրագրեին միասեռականների իրավունքները հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ ներառյալ միասեռականների ամուսնությունների օրինականացումը, նրանց կողմից երեխաների որդեգրման իրավունքը, այսպես կոչված, հոմոֆոբիայի դեմ օրենքների ընդունումը, միասեռականության քարոզչությունը, կանանց քահանայության ներդրումը և այլն»:


Նկատենք, որ Հայաստանը Եվրամիության պարտադրած վերոնշյալ օրենքները դեռ չի ընդունել, սակայն եթե մեր ժողովուրդը չընդվզեց, ոտքի չկանգնեց, չպայքարեց, հանդուրժեց, ապա թող որևէ մեկը կասկած չունենա, որ այդ օրենքները ոչ հեռավոր ապագայում, հնարավոր է, նույնիսկ այս տարի իրար հետևից ընդունվեն:
«Այդպիսի օրենքների թվին է պատկանում «Խտրականության դեմ» օրենքը, որն ամրագրում է, այսպես կոչված, «հատուկ հատկանիշներով» անձանց իրավունքները,- ասաց «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավարը:- Այդ օրենքի ընդունմամբ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ.- Ա. Հ.) անձինք կստանան լայն իրավունքներ և հնարավորություններ` միասեռականության և այլասերված կենսակերպի քարոզչության, ուսումնական հաստատություններում դասավանդման և այլնի համար: Սույն օրենքի նախագծում «հատուկ հատկանիշներով» հասկացությունը ձևակերպվել է որպես անձի և/կամ անձանց խմբի ենթադրվող կամ իրական հատկանիշներ՝ կախված սեռից, ռասայից, գենդերից կամ այլ սոցիալական հատկանիշներից:


Միասեռականների իրավունքների ամրագրումից հետո այլասերումների քարոզչությամբ զբաղվող անհատներն ու կազմակերպությունները իրավական դաշտի միջոցով հնարավորություն կստանան ներխուժելու ընտանիք, ամուսինների միջև ստեղծելու բաժանարար գծեր, խորացնելու հակասությունները նրանց միջև, հակասությունների դաշտ ստեղծելու ծնողների և զավակների միջև՝ ընտանիքի կազմաքանդման և երեխաների օտարման նպատակով:
2013 թվականին, այսպես կոչված, գենդերի մասին օրենքի ընդունումից հետո 6 հասարակական կազմակերպություններ ՀՀ Ազգային ժողով առաջարկ ներկայացրին «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի ընդունման մասին, որն այնուհետև դարձավ քննարկման առարկա մասնագիտական շրջանակների համար, մասնավորապես՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ արդարադատության նախարարություններում: Արդյունքում՝ նախագիծը մերժվեց՝ դրա անհրաժեշտության բացակայության հիմնավորմամբ: Այդ ժամանակ հնչեց առաջարկ առ այն, որ եթե կա ընտանիքներում բռնության կանխարգելման խնդիր, ապա անհրաժեշտ է կատարել փոփոխություններ նաև այլ իրավական ակտերում:


Ի դեպ, օրենքի նախագիծը պարունակում էր շատ վտանգավոր ձևակերպում, որով բանաձևվում էր ընտանիքի մի նոր մոդել: Դա «զուգընկեր» հասկացության ձևակերպումն էր՝ որպես միմյանց հետ սեռական հարաբերություններ ունեցող անձինք, որոնք համարվում էին ընտանիքի անդամներ: Ձևակերպման մեջ չէր նշվում տվյալ անձանց սեռը, այսինքն՝ դա վերաբերում էր նաև միասեռական զույգերին, որոնք կհամարվեին ընտանիքի անդամներ»:
Բանախոսի տեղեկացմամբ, հաջորդ փաստաթուղթը, որը Հայաստանից պահանջում են էին ստորագրել և վավերացնել, Եվրոպայի խորհրդի, այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիան էր՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիան: Համաձայն 2015 թվականին Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված պայմանագրի՝ Հայաստանը պարտավորվել էր ստորագրել և վավերացնել Եվրոպայի խորհրդի՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիան: 2018 թվականի հունվարի 18-ին այդ կոնվենցիան ստորագրվեց Հայաստանի կառավարության կողմից:


«Սա առաջին միջազգային փաստաթուղթն է, որը պարունակում է գենդերային ինքնության ձևակերպումը,- ասաց Կարինե Եսայանը:- Դա նշանակում է այսուհետ ընդունել, որ կանայք և տղամարդիկ ոչ միայն հանդիսանում են կնոջ և տղամարդու սեռի կենսաբանական նմուշներ, այլև որ գոյություն ունի նաև գենդերային պատկանելության սոցիալապես կառուցված կատեգորիա, որը որոշում է կանանց և տղամարդկանց բնորոշ դերերը և վարքը:
Ընդ որում, կոնվենցիայում առկա հիմնական հասկացությունները, նպատակները, դասակարգումը, կենցաղային բռնության տեսակները դարձան հիմք «Ընտանիքում բռնության մասին» օրենքի նախագծի համար: Այդ կոնվենցիան պարունակում է «զուգընկերոջ» ձևակերպումը: Հարց է առաջանում. ի՞նչ կապ ունի ընտանիքում բռնությունների դեմ պայքարը միասեռականների՝ որպես ընտանիքի անդամների, իրավունքների ամրագրման հետ»:
Ըստ հիշյալ նախաձեռնության ղեկավարի, այն կապ ունի առաջին հերթին այնքանով, որ վերոնշյալ օրենքի նախագծի մշակման և ընդունման գործում շահագրգռություն հանդես բերած հասարակական կազմակերպություններն աշխատում են միասեռականների իրավունքների պաշտպանության ոլորտում: Այդպիսի կազմակերպություններից է «Pink Armenia» ՀԿ-ն, որն օրենքի նախագիծը մշակող 6 հասարակական կազմակերպություններից մեկն է:


«Այսինքն՝ իրականում այդ օրենքի ստեղծման նպատակը բնավ էլ ընտանիքում բռնությունների դեմ պայքարը կամ դրանց կանխարգելումը չէ, և ոչ էլ ընտանիքում առաջացած խնդիրների լուծումը, կամ էլ համերաշխության մթնոլորտի հաստատումը,- ասաց Կարինե Եսայանը:- Օրենքում նշվում է, որ այն ուղղված է ընտանիքում բռնության կանխարգելմանը: Սակայն իրականում այդ օրենքում չկա այն մեխանիզմը, որն ուղղված կլինի ընտանիքում բռնության կանխարգելմանը: Այդ դեպքում ո՞րն է օրենքի իրական նպատակը: Իրական նպատակը հետևյալն է. այդ օրենքը հնարավորություն է ստեղծում որոշակի շրջանակների, պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների համար միջամտել ընտանիքի ներքին գործերին»:
Նշելով, որ վերոնշյալ օրենքի ընդունման համար շահագրգռություն են հանդես բերել նաև մի շարք ՀԿ-ներ, բանախոսն ասաց, որ նրանք զբաղվում են Հայաստանում այլասերումների տարածմամբ և քարոզչությամբ: Այսպիսով, այլասերում քարոզող կազմակերպություններն են, իբր, ամենաշահագրգիռները մեր ընտանիքներում բռնության կրճատման հարցում:
«Ազգային ժողովում,- շարունակեց Կարինե Եսայանը,- վերոնշյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ օրենքի ընդդիմախոսներից մեկը հարց ուղղեց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին՝ ասելով, որ փոխնախարարը պարբերաբար նշում է, թե այդ օրենքն ընդունված է աշխարհի 120 երկրներում, «Կարո՞ղ է արդյոք փոխնախարարը նշել երկրներ, որտեղ այդ օրենքների ընդունումից հետո նվազել են ընտանիքներում բռնությունների և ընտանիքներից երեխաների օտարման ցուցանիշները»: Պատասխանն ապշեցուցիչ էր. «Դա էական չէ»: Մեր համոզմամբ, եթե փոխնախարարը չի կարողանում նշել գեթ մեկ երկրի անուն՝ դրական արդյունքով, ապա այդ օրենքի ընդունման գլխավոր նպատակը, վստահաբար, բնավ ընտանիքում բռնության կանխարգելումը չէ»:


Իսկ որտեղի՞ց է սկիզբ առնում նմանատիպ օրենքների ստեղծման պատմությունը:
Հիշյալ նախաձեռնության ղեկավարի հավաստմամբ, իրենց հետազոտությունների համաձայն՝ վերոնշյալ օրենքի ստեղծման ակունքները հասնում են մինչև 1970-ական թվականներ, Մեծ Բրիտանիա, որտեղ մանկապիղծների մի խումբ, նպատակադրվելով երեխաներին խլել ընտանիքներից՝ իրենց անասնական զազրելի սեռական պահանջները բավարարելու նպատակով, բնականաբար, հանդիպում է երեխաների ծնողների դիմադրությանը: Եվ որպեսզի ունենան ընտանիքներ անարգել մուտք գործելու հնարավորություն, նրանք տեղեկատվական դաշտում պարբերաբար սկսում են արծարծել այն գաղափարը, թե ընտանիքներում ծնողներն իբր խախտում են երեխաների իրավունքները:
«Քանի որ այդ մանկապիղծները տիրապետում էին ֆինանսական մեծ ռեսուրսների,- շարունակեց Կարինե Եսայանը,- նրանց հաջողվում է մի քանի տասնյակ տարիների ընթացքում հասնել նրան, որ ՄԱԿ-ում և եվրոպական կառույցներում ընդունվեն օրենքներ և այլ իրավական ակտեր, որոնք իբր ուղղված են երեխաների իրավունքների պաշտպանությանը:


Հետաքրքիրն այն է, որ այս օրենքները հիմնված են արևմտյան ուղեղային կենտրոնների մշակած և «Ժողովրդավարություն և մարդու իրավունքների պաշտպանություն» անվանումը ստացած գաղափարախոսական մշակումների վրա:
Այդ գաղափարախոսությամբ նշանառության տակ է վերցվել ընտանիքը՝ որպես Արևմուտքի համաշխարհային գերիշխանության դեմ ամենաուժեղ և ամենակենսունակ դիմադրող օղակ:
Եվ որպեսզի մարդը դառնա կառավարելի, նա պետք է զրկվի իր հոգևոր և ազգային արժեհամակարգից, վերածվի մի էակի, որի կյանքի իմաստն ու նպատակը զուտ իր նյութական, փառասիրական, սեռական (այդ թվում նաև՝ պիղծ ու անբարո) կրքերին հագուրդ տալն է: Մարդը, փաստացիորեն, պետք է վերածվի միայն կենդանական բնազդներով առաջնորդվող էակի՝ պարզապես մարդկային արտաքինով, որին կարելի է անվերապահորեն կառավարել:
Եվ այս այլասերումներն արդեն բացահայտ կերպով քարոզվում են արևմտյան, իսկ հիմա նաև հայաստանյան մի շարք զանգվածային լրատվամիջոցներով՝ ստանալով ֆինանսավորում տարբեր հիմնադրամներից:


Մարդու իրավունքների պաշտպանությունն Արևմուտքը գերակա է դարձրել իրավունքի բոլոր այլ տեսակների նկատմամբ: Մարդկանց իրավահավասարության ու ազատության քողի ներքո նրանց կողմից աղճատվել է ընտանիքի իրական ընկալումը: Մարդկային այլասերումները՝ միասեռականությունը, մանկապղծությունը, արյունապղծությունը և այլ այլասերումներ, իրավական ձևակերպումներից հետո օրինականացվել են մարդու իրավունքների և ազատությունների անվան ներքո, իսկ պարկեշտությունը, բարեպաշտությունը, ավանդական ընտանիքը որակվել են որպես հետամնաց կարծրատիպեր, որոնցից «առաջադեմ» Արևմուտքը պարտադրում է ձերբազատվել:
Ընտանիքներ ներխուժելու համար արևմտյան ուղեղային կենտրոնները մշակել են տեղեկատվական-մանիպուլյատիվ գործիքներ, որոնք օգտագործվում են ընտանիքում ավանդական միջանձնային կապերի, իրավունքների և պարտականությունների ավանդական ընկալման ոչնչացման, այլասերումների՝ որպես բնական մարդկային նորմերի, ընդունման և արմատավորման համար: Այդ գործիքների օգնությամբ միասեռական զույգերին տրված իրավունքները ամրագրվում են միջազգային պայմանագրերում, իսկ այդ պայմանագրերը պարտադրվում են այն երկրներին, որոնք գտնվում են Արևմուտքի գերիշխանության ներքո, որից հետո այդ երկրների օրենսդիր մարմիններին ևս պարտադրում են ընդունել այդ օրենքները»:


Բանախոսի հավաստմամբ, Արևմուտքի ջանքերը Հայաստանում ավանդական ընտանեկան ընկալումների ու քրիստոնեական բարոյականության նենգափոխման, այլասերումների օրինականացման, դրանց՝ որպես նորմ ամրագրման գործում առայսօր որոշակի չափով չեզոքացվել են առկա դիմադրության շնորհիվ: Սակայն…
«Դիմադրության բացակայությունը,- շարունակեց բանախոսը,- այլասերվածներին հնարավորություն կտա իրականացնելու այն ավերը, որի ականատեսն ենք Եվրոպայի համարյա բոլոր քրիստոնեական երկրներում, որտեղ այլասերումները դարձել են կենսակերպ, որտեղ ծնելությունը կտրուկ անկում է ապրել, որտեղ միասեռականները ներդրվել են պետական կառավարման կառույցներում և, ունենալով համաշխարհային ուժային կենտրոնների աջակցությունը, օրինականացնում են այլասերումների նոր տեսակներ՝ դրանք պարտադրելով նաև այլ ժողովուրդների:
Արևմուտքն այսօր մեծ ջանքեր է գործադրում այդ օրենքներն առաքելական քրիստոնեական Հայաստանում ներդնելու համար՝ ավանդական քրիստոնեական արժեհամակարգը ոչնչացնելու նպատակով:


Հոգևոր ընտանեկան արժեհամակարգի պաշտպանության նպատակով, ազգային ինքնության, քրիստոնեական արժեհամակարգի, բարոյականության, պետականության դեմ սպառնալիքների չեզոքացման համար անհրաժեշտ ենք համարում ստեղծել և ամրացնել դիմադրության նոր օջախներ, միավորել արդեն գործող մարդկանց և կազմակերպությունների ներուժը»:
«Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավարը կրկին հաստատեց, որ ապագայում ևս շարունակելու են պայքարը հանուն քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության՝ ամենակարող Աստծո՝ մեր տեր Հիսուս Քրիստոսի անունով:
«Եվ մենք հավատում ենք, որ հանուն ճշմարտության և արդարության այս պայքարում Աստծո օգնությամբ մենք հաղթելու ենք»,- եզրափակելով իր խոսքը` ասաց Կարինե Եսայանը:
Վերջում հավելենք, որ հիշյալ համաժողովը նախաձեռնել էր «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը` «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության հետ համատեղ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Տեսանյութ

Դիտվել է՝ 2791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ