Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եթե ասելու նոր բան չկա, պետք չէ գրիչ վերցնել

Եթե ասելու նոր բան չկա, պետք չէ գրիչ վերցնել
02.02.2018 | 05:20

Սովորաբար գրքերի լույսընծայմանը հետևում են գրականագիտական վերլուծություններ՝ մեկը մեկին գերազանցող, և մեկը մեկին զիջող: Իսկ ահա այս գրքի մի պոեմի վերաբերյալ անգամ խուսափել եմ վերլուծական բնութագրումից, նախապատվությունը տալով ռեժիսորիս էությանը հարազատ պատկերամտածողությանը։ Եվ այդ գաղափարական հենքը ինքն ընդառաջ կգա, ուղղակի ժողովածուն պետք է կարդալ ու կարդալ ինչպես հաճախ ըմբոշխնում են դասական որևէ բարձրարվեստ ստեղծագործություն: Իրոք, բազմանիստ բովանդակությամբ, առանձնակի նշանակություն ունեցող զգայացունց, մոնումենտալ քերթվածքով, ամբողջական մի գրախոսության նյութի հենք է Սոնա Վանի «Ես հավերժական սարդն եմ» պոեմը: Նման ուժի գործ է «Ողջույն, քույրեր իմ» ստեղծագործությունը, որի մասին հարկ կլինի պատրաստել ևս մի գրքաչափ գրախոսություն: Այսպիսով, ներքո հոդվածը կազմված է ռեժիսուրայի կադրատրոհմամբ, և բանաքաղության (կոմպիլյացիա) տարրաբևեռմամբ: Այն կազմված է «Սոնա Վանի տաճարը անապատում. Խոսք` ծնված գրքի հետ» երկվերնագիր անտիպ գրքիս վերջաբանի հիման վրա:


Մնամ ասածիս, և իրոք, ի՞նչը վերլուծես՝ գիրքը «թափ տաս» ինչ-որ բան գտնելու համա՞ր, երբ ամեն ինչ արդեն ասված է խորունկ, և դեռ վերացապաշտության սիրահարներին էլ հագուրդ տվող «բարդ» պարզությամբ: Ի՞նչը վերլուծես, երբ սոնավանական ասք-բանաստեղծություններն իրենք են «ինքնակամ վերլուծվում»` բացահայտելով մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած չարագործությունները, այն էլ՝ «մաքուր» պոեզիայի գեղագիտությանը համարժեք ու բոլոր պահանջներին վայել անչար եղանակներով:
Ժողովածուն կազմելով, փորձել եմ խորքային արտապատկերման վերծանումը դիտարկել ազգայնական տեսանկյունից՝ բազմաշերտ խորհրդածություններով: Նպատակս վեր հանելն է և շեշտադրելը այսօրվա գլոբալ իրադարձությունների դաժան ու հակասական, անկանխատեսելի ու տագնապալի աշխարհաքաղաքական վայրիվերումների պատճառահետևանքների բացահայտումով այդ երևույթների մեղմացման (վերացնողը՝ միայն Արարչի կողմից) ձևերը, եղանակները: Սոնա Վանի այս բանաստեղծաշարքերը հիրավի գրական սխրանքի դրոշը կրող չափածո եզակի հայրենապատումները զորեղ ազդակ են այս մասին գրիչ վերցնողի համար իբրև ինքնարտահայտման միջոց, որոնց բաբախուն իմպուլսների ներքո, ոսկերիզ շղթայով, անեզր հորիզոն ձգվող ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖԵՆՈՄԵՆԻ անպարփակ թեմայի շուրջ խոհերս առավելապես ենթագիտակցականիս թելադրանքով են ներկայացված: Ըստ այդմ գեներումս կուտակված տեղեկության հոսքի պոռթկումից ծնված գիրքս հանգստավետ վիճակում ստեղծվող վերլուծական գիրք չէր կարող լինել, և այն չէ, ինչ ինքս եմ էությամբ. մեկ ասույթիս համաձայն, երբ ստեղծագործող անհատը արվեստի բազմակողմ ներազդող հզոր հնարավորությունները կամա թե ակամա ծառայեցնում է միայն գեղագիտական պահանջարկի բավարարմանը, ապա երիցս կորսվում է նրա տաղանդի փայլատակումները համազգային շահերին անմնացորդ նվիրաբերելու արարման խորհուրդը:


Եվ իրոք, ի՞նչը վերլուծես, ինչպե՞ս բացատրես Հայոց ցեղասպանության աննախադեպ, դաժան ու անմարդկային բնույթն ու ընդգրկումը, երբ նույնքան անբացատրելի է` մինչև իսկ Բարձրյալի շփոթմունքի աստիճանի հասցվելու պահը, այնքան, որ մինչ օրս Ամենակարողը չի կարողացել ձայն հանել (զբաղված է եղել Տիեզերական իր տնտեսության գործերով), ասել է թե` պատժել ցեղասպաններին. «Դու մի՞շտ ես եղել այսքան լռակյաց // թե՞ վերջերս ես համրացել»,- բանաստեղծաբար զարմանում է Սոնա Վանը:
«Լիբրետո անապատի համար» գրքի մասին իրոք դժվար է գրել: Կգրի իր մեջ վերոհիշյալը կլանող-մարսող Նորին Մեծություն Ժամանակը: Գուցե այս ընթացքու՞մ ձայն հանի եթե ոչ «բազմազբաղ» Հայրը, ապա՝ աշխարհի ճակատագրի համար Հայր Աստծո կամոք Երկրի վրա փրկչական առաքելություն իրականացնող Որդի՞ն, ում հետ մշտապես հարազատաբար «զրուցում» է Սոնա Վանը իր «Լիբրետո...»-ում, և դրանից էլ առաջ իր նախկին ժողովածուներում:


Թե չէ՝ ինչ վերաբերում է ժողովածուից ստացած տպավորությունները գրելու վաղաժամությանը, ապա դարանցիկ ժամանակը մահկանացուներիս համար է հավերժ թվում, եթե ընդունենք, որ Բարձրյալի համար մեր հազար տարին Նրա մեկ օրն է, կնշանակի՝ հարյուր տարին Իր 24 ժամն է: Դե սա ի՜նչ մի ժամանակ է, որ հոգսերով ծանրաբեռ Արարիչը «նկատեր» 19-րդ դարավերջի, 20-րդի սկզբի Հայոց ցեղասպանության ընթացքում մինչ երկինք հասնող մանկանց, կանանց, ծերերի ողբագին կանչը առ Աստված` անարձագանք թառանչանքներով: Նույնպես և «զարմանալի» է Որդի Աստծո լռությունը, քանզի հենց ցեղասպաններին պատժելը կարող էր լինել ամեհի պատասխան՝ այսօրվա չարանենգ ու ամբարիշտ մարդկությանը իբրև Մեծ Զգուշացում՝ Աստվածուրացության ջահակիրներին: Առեղծվածային է նրանց լռությունը, բայց չէ՞ որ հայտնի են Հոր և Որդու միջամտությունները` կանխելու աղետալի իրավիճակները, հենց Արցախյան ազատամարտի վճռական պահերին` ականատեսների վկայությամբ:


Դե, ուրեմն, հայ մարդ, հույսդ քեզ վրա դիր, հարյուր տարի անց գոնե, «հայի(դ) վերջին խելքը» բեր առաջ՝ նոր դժբախտությունների դեմն առնելու համար: Ջրհոսի դարաշրջանում ենք, մեր ազգի համար Արարչի կամոք սահմանված տիեզերական գարնան շեմին։ Այսպիսով լինենք բոլոր դրական ուժերի լարման բարձրակետում` տիեզերակարգի փառահեղ այս ժամանակաշրջանում տրված վերազարթոնքի մեծագույն պատեհ առիթը բաց չթողնելու, այն կատարելապես իրականացնելու առաքելությամբ.
Երազումս նորից Դեր Զորն է
ու վազում ենք նորից - սակայն
Փրկիչը մեզ հետ է այս անգամ
աչքերը փայլում են զայրույթից
ոսկի մազե՜ր - մի խոսքով
Քրիստոսն է նույն
գագաթի մեջ իր գեղեցկության

աջ ու ձախ շրջվում ու
մեկ առ մեկ
ցեխ է քսում
երկուսիս դեմքին էլ
հնարամիտ տատս
արագ-արագ
փրկելով մեզ այդպես իր
թևերի տակ։

Եվ ընթերցողը, կարծում եմ, կհամոզվի, ընթերցելով այս գլուխգործոցի թեկուզ մի հատվածը: Առավել ևս, որ այն բարձր են գնահատել միջազգային ճանաչում ունեցող շատ օտարազգի բանաստեղծներ և գրաքննադատներ։

Հոգիս՝ դասական անտունի
որ փնտրում է Աստծուն
ու չի գտնում
նայում եմ պատուհանից
հետո՝ անկողնուս տակ

ևս մի անպտուղ օր
այսօր էլ չերևաց Տերը
թույլ տվեք բարբաջել անմտորեն
աղերսել բաներ անկարելի
ինչ կա որ
կին չե՞մ ես -
մարդ՝
միակը - ընդունակ բարբաջելու

Տե՛ր ներիր... եթե կրկնում եմ ինձ
ե՞րբ է վերջանալու պատերազմը
հաջորդ մարգարեն ե՞րբ է գալու
որ մերժելու է մեռնել խաչի վրա
ե՞րբ ես շտկելու մեջքը մի նոր կապկի
և վերջապես
իջեցնելու մարդուն կախաղանից
Գոյայի սրտաճմլիկ նկարի մեջ

Ժամանա՛կն է... իհարկե ժամանակն է
(և սա սոսկ իմ կարծիքը չէ)
որ հավաքես հրեշտակներից նետերը
որ տվել ես մի օր անզգուշաբար
ետ վերցնես ռումբերը իշխաններից
որ ապահով դուրս գան հողի տակից
մեռյալ զինվորները բազմամիլիոն -
փոշի - թարթիչների վրա
ու կոշիկներին
խումբ-խումբ գրկախառնված քայլեն տուն
բա՜րձր աննպատակ ծիծաղելով...


Սամվել ՍՄԲԱՏՅԱՆ

Հ. Գ. Հոդվածը նվիրում է բանաստեղծուհու ծննդյան տարեդարձին։

Դիտվել է՝ 1369

Մեկնաբանություններ