Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիան սիրիական շրջապտույտում

Թուրքիան սիրիական շրջապտույտում
02.02.2018 | 23:52

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հետաձգեց ծրագրված այցերը Լատինական Ամերիկա` Բրազիլիա, ՈՒրուգվայ, Վենեսուելա: Փետրվարի 5-ին նրան սպասում են Վատիկանում ու Իտալիայում: Էրդողանի մանևրների պատճառները հասկանալի են: Սիրիայի հյուսիսում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության ընթացքին ուշադիր հետևող Իսրայելի Haaretz-ը գրում է` Անկարան «այդ իրադարձությունը ներկայացնում է իբրև հավակնոտ քայլ, թեպետ ամենայն հավանականությամբ ստիպված է տևական ռազմական գործողություններ ծավալել` անհայտ արդյունքով»:

Աֆրինը դեռ գրավված չէ, թեպետ Թուրքիայի նախագահը խորհրդարանում հայտարարեց, որ թուրքական բանակը անհրաժեշտության դեպքում կհասնի Իդլիբ: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելը, մեկնաբանելով Վաշինգտոնից Անկարայի պահանջը` դադարեցնել օգնությունը «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG), հայտարարեց, որ ԱՄՆ-ը մտադիր չէ իր զինվորականներին դուրս բերել Մանբիջից, որ Թուրքիան ուզում է իր վերահսկողության տակ վերցնել: Ամեն ինչ ակնհայտ է` Անկարան անելու է հնարավորն ու անհնարը, որ կանխի իր սահմանի երկայնքով ինքնուրույն քրդական կանտոնի ձևավորումը և ձգտելու է շրջափակել քրդական շրջանների միջև անցումը դեպի Միջերկրական ծով Լաթաքիայի մերձակայքում: Արգելակելու է 30000-անոց քրդական բանակ ստեղծելու ԱՄՆ ծրագիրը` Սիրիայի ու Թուրքիայի սահմանը պահպանող ուժերի անվան տակ: Բայց այդ ծրագրերը վիթխարի ռազմական ջանքեր ու ֆինանսական ներդրումներ են պահանջում: Էրդողանը հերթական մարտահրավերն է նետել` հայտարարելով, որ մտադիր է ընդլայնել Թուրքիայի ներկա սահմանները: «Հետաքրքիր է` ո՞վ է մեզ համար նկարել Թուրքիայի ներկա քարտեզը, ֆիզիկապես մենք ուժեղ տարբերվում ենք մեր երկրի ռեալ տարածքներից,- հայտարարել է նա:- Մեր երկրի տարածքը կրճատվել է, մենք թույլ չենք տա մնա` ինչպես հիմա է, մենք պետք է պաշտպանենք մեր եղբայրներին մյուս մասերում»: Դա չի՞ նշանակում, որ Ռուսաստանն ու Իրանը, իբրև Սիրիայի հարցում Թուրքիայի հետ ալյանսի մասնակիցներ, ստիպված են լինելու զսպել Անկարային, որ չընդլայնի իր գործողությունները Աֆրինի կանտոնից դուրս ու չշարժվի Իդլիբ: Մոսկվան «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց հետո առաջին անգամ հրապարակավ հայտարարեց իր անհանգստությունը իրադարձությունների զարգացումից: ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նկատեց, որ «ստացվող տեղեկություններով` գործողության 10 օրերին զոհվածների թիվը մի քանի հարյուրի է հասել, նրանց մեջ կան խաղաղ բնակիչներ»: Եվ վերահաստատեց «Ռուսաստանի անփոփոխ դիրքորոշումը` աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և միասնությանը, իրենց երկրի ապագան որոշելու սիրիացիների իրավունքին»: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիային զգուշացրեց, որ «Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ գործողությունը չպետք է պատրվակ դառնա երկիր ներխուժելու համար»: Նրա խոսքով` «դա իսկական պրոբլեմ կդառնա մեզ համար»: Եվ հետո (հաշվի առնելով «Ձիթենու ճյուղ» գործողության բնույթի ակնհայտ փոփոխությունը)` «Թուրքիան պետք է համաձայնեցնի իր գործողությունները բոլոր դաշնակիցների հետ»: Մակրոնը բացահայտ ակնարկում է, որ Ռուսաստան-Թուրքիա-Իրան ալյանսի ռեսուրսները անբավարար է համարում սիրիական ուղղությամբ: Նա հայտարարել է, որ «ուզում է աշխատել Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի հետ` մշակելու խնդրի լուծման համընդգրկուն մեխանիզմ» և «մտադիր է բոլոր ջանքերը գործադրել` համոզելու Թուրքիային ու Ռուսաստանին»:


Դա նշանակում է, որ Արևմուտքը մի կողմից ձախողում է ապաէսկալացիոն գոտու ստեղծման Աստանայի պայմանավորվածությունը Իդլիբում, որ պետք է վերահսկեն Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, մյուս կողմից, Deutsche Welle-ն գրում է, որ Իդլիբի վրա գրոհում են սիրիական զինված ուժերը: Իրավիճակը շատ խառն է և մեծ հաշվով բաց է մնում Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ձևավորման հարցը: Սոչիի Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսում կոնֆլիկտի քաղաքական կարգավորման ինչ-որ ճանապարհային քարտեզ ի հայտ եկավ, սակայն ոչ ոք չգիտի` կաշխատի՞ ստեղծված մեխանիզմը:


Ֆրանսիայի Atlantico-ն, գրում է, որ Անկարան, սկսելով «Ձիթենու ճյուղ» գործողությունը, կրակեց Կոնգրեսի ոտքին, «թեպետ հասավ Սիրիայի նոր սահմանադրություն մշակող հանձնաժողովի ձևավորմանը»: Հիմա հարց է, թե կհաջողվի՞ կամրջել Սոչին Ժնևի բանակցություններին: Atlantico-ն կարծում է, որ ամերիկացիները չեն ցանկանում, որ Դամասկոսը վերադարձնի վերահսկողությունը Սիրիայի ամբողջ տարածքում ռուսների ու իրանցիների աջակցությամբ, իսկ թուրքերին «ցրում են» քրդերի վրա` նրանց ցույց տալով ռազմական ու դիվանագիտական աջակցություն: Վաշինգտոնն առավելագույնս խոչընդոտում է հաստատուն երկխոսության հնարավորությանը սիրիացի քրդերի ու Դամասկոսի միջև: Հավելեք, որ Իսրայելը կտրականապես դեմ է Սիրիայում Իրանի ներկայությանը: Այսինքն` Ռուսաստան-Թուրքիա-Իրան ալյանսում Թուրքիան ու Իրանը դուրս են բերվում ցնցումների գոտի և այնտեղ իրենց բոլոր ռեսուրսների կենտրոնացման: Ակնհայտ է, որ Անկարան սկսել է իր շահերը Սիրիայի սահմաններից դուրս տարածել, առաջին հերթին խնդիրներ ստեղծելով իր համար: Ստեղծված իրավիճակում սիրիական կարգավորման ցանկացած բանակցություն միջանկյալ է, այլ ոչ ավարտական: Շատ հարցեր այսօր լուծվում են հյուսիս-արևելյան Սիրիայում, որտեղ կատարվող կարևոր իրադարձությունները կարող են հերթական անգամ ցնցել Մերձավոր Արևելքը և հանգեցնել ապագա ամենաանհավանական ալյանսների ի հայտ գալուն: Հատկապես եթե հաջողվի սահմանափակել թուրքական ռազմական միջամտությունը ժամանակի ու տարածության մեջ` նրան զբաղեցնելով Սիրիայի հյուսիսում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իսկ այս ամենից հետևում է, որ շատ վաղ է համարել, թե ԻՊ-ին Սիրիայից վտարելուց հետո պատերազմը երկրում ավարտվեց: Միայն հիմա են ի հայտ գալիս պատերազմն իրականում սկսած կողմերն` իրենց հավակնություններով ու նպատակներով: Ստացվում է, որ ՌԴ նախագահ ու նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության զինանոցից դուրս է բերվում կարևոր հաղթաթուղթ` ռուսական միջամտության շնորհիվ խաղաղության հաստատումը Սիրիայում ու պատերազմի հաղթական ավարտը Դամասկոս-Մոսկվա տանդեմի համար: Չափազանց շատ ուժեր են ներգրավված կոնֆլիկտում, որ հարցը լուծվի նաև Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտին` 2022-ին, ու դառնա նրա համար արտաքին քաղաքականության հաղթաթուղթ երկրորդ ժամկետում հնարավոր առաջադրման համար: Հավելեք, որ մեծ քաղաքականություն վերադարձած Փարիզը ևս իր ծրագրերն ունի Մերձավոր Արևելքում: Երբ Էմանուել Մակրոնը հայտարարում է` «Թուրքիան պետք է համաձայնեցնի իր գործողությունները բոլոր դաշնակիցների հետ», դա ուղղակի մեսիջ է Էրդողանին, որ միայն ԱՄՆ-ին իր ռազմական նպատակների մասին տեղեկացնելը քիչ է ու սխալ է:


2019-ի նախագահական ընտրություններից առաջ Էրդողանին կարի անհրաժեշտ է Թուրքիայի տարածքի ընդլայնում` ազգայնականներից բացի հասարակության մյուս շերտերին իր կողմը տանելու համար: Հատկապես եթե Աբդուլլա Գյուլը վճռի իր թեկնածությունը առաջադրել: Նա վտանգավոր մրցակից է Էրդողանի համար` Արևմուտքը անմիջապես խաղը կտեղափոխի Գյուլի վրա` նրան համարելով ժողովրդավարությանը վերադարձ ապահովող թեկնածու: Սիրիայի այս պատերազմում ոչ միայն Բաշար Ասադի հետագա պաշտոնավարման, այլև տարածաշրջանի այլ «գահերի» հարցն է դրված, ու դա ապահովում է կոնֆլիկտի ոչ միայն տևականությունը, այլև` անկանխատեսելիությունը: Ցավոք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ