USD483.14
EUR549.38
RUB7.23
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 

Հնագետները Գվատեմալայի ջունգլիներում մայաների տասնյակ հազարավոր կառույցներ են գտել

Հնագետները Գվատեմալայի ջունգլիներում մայաների տասնյակ հազարավոր կառույցներ են գտել
04.02.2018 | 04:53

Մայաների քաղաքակրթության Տիկալ քաղաքը միայն փոքր մասն է վիթխարի մետրապոլիսի: Հնագետները Գվատեմալայի ջունգլիներում գտել են մայաների 60000 կառույցներ լազերային տեխնոլոգիաների օգնությամբ, որ հայտնաբերում են մարդու ստեղծածը հասարակածային անտառի հաստ շերտի տակ: Գիտնականները 2000 քառակուսի կիլոմետր տարածք են ուսումնասիրել Գվատեմալայի հյուսիսի Պետեն քաղաքի շրջակայքում: Ջունգլիներում գտնվել են տներ, պալատներ, ճանապարհներ և պաշտպանական շինություններ: Այս տարածքը մայաների քաղաքների ավերակների մերձակայքում է: Հավանաբար, շրջանի բնակչությունը մի քանի միլիոնով ավելի շատ է եղել, քան կարծում էին գիտնականները: Հնագետները վստահ են, որ նոր տեխնոլոգիաներն ամբողջությամբ կփոխեն մայաների քաղաքակրթության մասին պատկերացումները: «Սա ամենակարևոր հայտնագործություններից մեկն է մայաների հնագիտական ուսումնասիրության պատմության մեջ»,- ասում է Բրաունի համալսարանի հնագիտության ու անտրոպոլոգիայի պրոֆեսոր Ստիվեն Հյուստոնը: Նրա խոսքով` հայտնագործության մասշտաբները «շնչասպառ են անում»: «Ես գիտեմ, որ դա չափազանցության պես է հնչում, բայց երբ ես տեսա ստացված լուսանկարները, լաց եղա»` պատմում է պրոֆեսորը: ՈՒսումնասիրությունները կատարվել են ԼԻԴԱՌ (LIDAR - Light Identification and Ranging) տեխնոլոգիայով, որով տվյալներ են ստացվում հեռու առարկաներից արտացոլված լույսի մշակման օգնությամբ: ՈՒսումնասիրության արդյունքները վկայում են, որ Կենտրոնական Ամերիկայում եղել է ոչ պակաս զարգացած քաղաքակրթություն քան Հին Հունաստանում կամ Չինաստանում` գրում է National Geographic-ը:


«Տվյալները ուրվագծում են քաղաքների ու բնակավայրերի ամբողջ համակարգ, որի մասշտաբներն ու բնակչության խտությունը մինչև հիմա թերագնահատվել են»` ասում է Իթակիի քոլեջի հնագետ Թոմաս Հարիսոնը: Որոշ հնագետներ ԼԻԴԱՌ-ն անվանում են մոգական տեխնոլոգիա, որով հնարավոր է գտնել աչքին անհասանելի հնագիտական օբյեկտները: Գիտնականները լազերային իմպուլսներ են ուղարկել ինքնաթիռից կամ ուղղաթիռից և ուսումնասիրել վերադարձող ալիքի երկարությունը: ԼԻԴԱՌ-ի օգնությամբ նրանք համակարգչի էկրանի վրա մաքրել են ջունգլիների մացառները և ստեղծել ծառերի տակ գտնվող շինությունների եռաչափ պատկերը: «ԼԻԴԱՌ-ը հեղափոխություն է անելու հնագիտության մեջ, ինչպես «Հաբլ» տեսադիտակը ամբողջությամբ փոխեց աստղագիտությունը»` ասում է Նոր Օռլեանի Թուլեյնի համալսարանի հնագետ Ֆրանսիսկո Էստրադա-Բելին: «Մեզ պետք է 100 տարի` ուսումնասիրելու բոլոր տվյալները և հասկանալու` ինչ ենք գտել»` ասում է նա:
Հնագետները երկար տարիներ պեղել են Գվատեմալայի հյուսիսի Էլ Սոց բնակավայրը և քարտեզագրել բոլոր գտածոները: ԼԻԴԱՌ-ներով գտնվել են պաշտպանական կառույցների կիլոմետրեր, որ հնագետները չէին նկատել:


«Գուցե ապագայում մենք հասնենք բլուրին, որտեղ գտնվել է ֆորտը, բայց ես 2010-ին 50 մետրի վրա եմ եղել ու ոչինչ չեմ նկատել»` պատմել է մայաների մասնագետ Թոմ Հարիսոնը Live Science-ին:
Մինչև հիմա կարծում էին, որ մայաների քաղաքակրթությունը իր ծաղկման պահին` 1500 տարի առաջ, երկու անգամ ավելի մեծ տարածք է ունեցել, քան միջնադարյան Անգլիան և այնտեղ ապրել է 5 միլիոն մարդ: «Նոր տվյալները վկայում են, որ այնտեղ կարող էին ապրել 10-15 միլիոն մարդ, նաև ճահճառատ հարթավայրերում, որ մինչև հիմա համարվել են բնակության համար անպետք»` ասում է Ֆրանսիսկո Էստրադա-Բելին: 60000 շինությունների մեծ մասը ծղոտե տանիքներով քարե տներ են: Գտնվել է յոթհարկանի բուրգ` այնքան խրված բուսականության մեջ, որ բոլորովին չի երևում: Գիտնականներին ամենից շատ զարմացրել է ճանապարհների բարդ ու բազմաճյուղ համակարգը, որ միացրել է բոլոր քաղաքներն ու բնակավայրերը իրար: Ճանապարհները տարածքի մակարդակից բարձրացված են և ապահովել են երթևեկը անձրևների սեզոնին, և բավականին լայն են, որ հիմք է տալիս ենթադրել` ակտիվ երթևեկ է եղել և ծաղկել է առևտուրը:


ԼԻԴԱՌ տեխնոլոգիայով ուսումնասիրությունները մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող գվատեմալական կազմակերպության եռամյա ծրագրի մի մասն են միայն: Նրանք ծրագրում են ուսումնասիրել 14 000 քառակուսի կիլոմետր Գվատեմալայի ցածրահարթավայրերում:
ВВС


Հ.Գ. Մայաների բախտը բերեց` նրանց կյանքն ու կենցաղը ուսումնասիրելու նոր հնարավորություններ են ստեղծվում ու գուցե գիտնականները վերջնական ու սպառիչ պատասխան գտնեն, թե ու՞ր և ինչու՞ անհետացավ մայաների, ացտեկների ու ինկերի ծաղկուն քաղաքակրթությունը` բազում առեղծվածներ թողնելով մարդկությանը` սկսած բուրգերից մինչև գրեր: Ինչքան հրաշալի կլիներ, որ ԼԻԴԱՌ տեխնոլոգիաներով ուսումնասիրվեր Հայաստանի տարածքը: Պատկերացնու՞մ եք` ինչեր կգտնվեին հազարամյակների շերտերում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ