«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Կդիմանա՞ Էրդողանը Մակրոնի հարվածին

Կդիմանա՞ Էրդողանը Մակրոնի հարվածին
05.02.2018 | 07:37

Երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում կհռչակվի հայերի ցեղասպանության հիշատակի օր և հայերի ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքը կվերադառնա խորհրդարան, ֆրանս-թուրքական հարաբերությունները հայտնվեցին հերթական ճգնաժամում: 1918-ի իրադարձությունների թուրքական պաշտոնական վարկածը լավ հայտնի է` հայերի ցեղասպանություն չի եղել: Թուրքական ԶԼՄ-ներում սկսվել է հակաֆրանսիական արշավանք` հետաքրքիր սյուժետային ուղերձներով: Ֆրանսիան առաջ տարբեր ձևերով նախաձեռնել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության խնդրի քննարկումը: 2011-ի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ (այդ թվում` հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում):

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը 127 կողմ և 86 դեմ ձայներով ընդունեց բանաձևը: Ֆրանսիայի Սահմանադրական դատարան հայց ներկայացվեց օրինագծի դեմ և քննարկումից հետո օրինագիծը ոչսահմանադրական համարվեց: Վճռական դեր խաղաց Փարիզի համերաշխությունը Անկարայի` իբրև ՆԱՏՕ-ի դաշնակցի հետ: Շատ փորձագետներ Փարիզի գործողությունները բացատրում են նախ և առաջ ներքաղաքական իրադարձություններով, ընտրական ցիկլերով, երբ իշխող կուսակցությունը ձգտում էր ստանալ հայկական ազդեցիկ համայնքի աջակցությունը: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի փոխնախագահ («Արդարություն և զարգացում» կուսակցությունից) Ահմեդ Այտինը վստահ է, որ «Մակրոնն օգտագործում է պատմական փաստերը իբրև ներքաղաքական գործիք»: Բայց այսօր Ֆրանսիայի գործող նախագահի հորիզոնում ընտրություններ չեն երևում: Թուրք փորձագետները պնդում են, որ «Մակրոնը բացում է հայերի ցեղասպանության թղթապանակը Սիրիայի հյուսիսում թուրքերի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության պատճառով»: Եվ քրդականի հետ ձգտում է հայկական հարցը ներառել Մերձավոր Արևելքի իր քաղաքականության օրակարգում: Եթե այդպես է, ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան փորձում են ներկայացնել թուրք քաղաքական գործիչները: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հռետորական հարց է տալիս. «Ի՞նչ կփոխվի, եթե այդ հարցը օրակարգ մտնի: Ֆրանսիայի սահմանադրական դատարանի վճռով «ցեղասպանությունը» իրավական, ոչ թե քաղաքական եզրույթ է»: Բայց այս փուլում Փարիզը կարող է շեշտը դնել հենց խնդրի իրավական կողմի վրա, այդ դեպքում ի՞նչ է անելու Անկարան: Ֆրանսիան, ինչպես Անտանտի մյուս անդամները (Ռուսաստանն ու Անգլիան), մինչև Առաջին համաշխարհային պատերազմը արևելյան Թուրքիայում հյուպատոսական լայն ցանց ուներ, որի աշխատակիցները հստակ արձանագրել են այնտեղ ապրող բնակչության թիվն ու էթնիկ կազմը, նկարագրել ու վերլուծել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական ու քաղաքական վիճակը: Պատերազմից հետո Փարիզը մասնակցեց Սիրիայում ու Լիբանանում մանդատային համակարգի ձևավորմանը, որ որոշիչ նշանակություն ունեցավ Մերձավոր Արևելքի քարտեզի ստեղծման մեջ` ստանալով ներկային շատ մոտ գծեր: Այն ժամանակների փաստաթղթերին ֆրանսիական արխիվներից ծանոթ հետազոտողները գիտեն` ինչ բծախնդրությամբ են ֆրանսիացի դիվանագետները հավաքել կոնկրետ նյութերն ու արձանագրել հայերի անհետացման փաստը Օսմանյան կայսրության հարավ-արևելյան վիլայեթներից: Թուրք պատմաբաններն ու քաղաքական գործիչները դա շատ լավ գիտեն: Անկարան վաղուց փորձում է «բաժանել» Օսմանյան կայսրության քաղաքացի հայերին ու «ռուսահայերին», այսինքն` ժամանակակից Հայաստանը` նրանց նկատմամբ տարբեր քաղաքականություն գործադրելով: «Անցյալում հայկական սփյուռքի հետ բանակցություններն ընկալվում էին իբրև սպառնալիք կամ հետախուզություն,- ժամանակին ասում էր Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:- Դիվանագետները մտածում էին` ինչ են անելու, եթե այդ բանակցությունները գրի առնվեն: Բայց հիմա դա նրանց պարտականությունն է դարձել: Որոշակի ժամանակից իմ արտասահմանյան այցերի ժամանակ ես հանդիպում եմ հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, եթե կան տվյալ երկրում: Մենք դա չենք բարձրաձայնում, որովհետև էքստրեմիստորեն տրամադրված հայերը կարող են խնդիրներ հարուցել: Մենք հասկանում ենք, որ առանց կապեր ապահովելու սփյուռքի հետ, որ ճնշում է գործադրում Հայաստանի վրա, հարցը փակուղուց դուրս չի գա»:
Բայց Թուրքիան Ադրբեջանի ճնշման տակ հրաժարվեց վավերացնել 2009-ի հոկտեմբերին ստորագրված Ցյուրիխի արձանագրությունները, որ նախատեսում էին Անկարայի ու Երևանի հարաբեությունների կարգավորում ու սահմանի բացում: Արձանագրություններում նաև ամրագրված էր պատմաբանների համատեղ թուրք-հայկական հանձնաժողովի ստեղծման հնարավորություն` ուսումնասիրելու 1915-ի Հայոց ցեղասպանության իրադարձությունները: Բաքուն ձախողեց Թուրքիայի ու Հայաստանի ջանքերով հայերի ցեղասպանության հարցի դուրսբերումը «մեծ քաղաքականությունից»: Հիմա էստաֆետն ընդունել է Փարիզը, ավելի ստույգ` հայկական արևմտյան սփյուռքը:

Տարբերակներ են հայտնվում Թուրքիային հաշիվներ ներկայացնելու` արդեն Մերձավոր Արևելքում քրդական հարցի լուծման ենթատեքստում: Վարկածներից մեկով` Մակրոնն իբր փորձում է Թուրքային մղել Ցյուրիխյան արձանագրությունների վավերացման: Բացառված չէ: Եվս մեկ վարկածով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո կարող է ճանաչել հայերի ցեղասպանությունը 1915-ին: Դա լուրջ նրբերանգներ է հավելում Սիրիայում, Մերձավոր Արևելքում ու Անդրկովկասում ԱՄՆ-ի քաղաքականությանը, որի հետ ստիպված են հաշվի նստել տարածաշրջանի երկրները: Հակառակ Անկարայի կոչերին` Վաշինգտոնը շարունակում է աջակցել սիրիացի քրդերին: Իրավիճակը Թուրքիայի համար բարդացնում է փաստը, որ Առաջին համաշխարհայինում դաշնակից Գերմանիան, օգտագործելով իր ունեցած պատմական փաստաթղթերը, հետո նաև Վատիկանը, 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանդը ճանաչեցին ցեղասպանություն: Այսօրվա Թուրքիայում էլ կարելի է գտնել գրքեր, որտեղ 1915-ի ողբերգական իրադարձությունները մեկնաբանվում են հայերի ցեղասպանություն: Անկարան չի թաքցնում, որ սուր սպառնալիք է զգում և անցել է դիվանագիտական հակահարձակման: Կօգնե՞ն «հայկական հարցի վերակենդանացման ծայրահեղ բացասական հետևանքների մասին» խոսակցությունները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ փոխհարաբերություններում: Թուրքիայի շուրջ ծավալվում են իրադարձություններ, որ շատ են հիշեցնում Առաջին աշխարհամարտի ավարտը: Մի՞թե պատմությունը կրկնվում է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Պատմությունը միշտ է կրկնվում: Այլ հարց է` պատրա՞ստ են կրկնությանը պատմության գործող անձինք: Գարունը գալիս է և օր առ օր մոտեցնում է «առ ոչնչի» ժամանակը Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների համար Երևանում: Անկարայում Ցյուրիխը վաղուց են մոռացել: Կամ` այդպես են ներկայացնում: Իսկ եթե 2019-ին Աբդուլա Գյուլը վերադառնա ոչ միայն նախագահական նստավայր, այլև «ֆուտբոլային դիվանագիտությա՞նը» Հայաստանի հետ: Առանց նախապայմանների: Էրդողանը բացահայտորեն խանգարում է ոչ միայն Արևմուտքին ու ՆԱՏՕ-ին, այլև` Թուրքիային: ՈՒ դա առավել ու առավել ակնհայտ է դառնում և թուրքերին:
Իսկ մե՞նք: Մենք պատրա՞ստ ենք փոփոխությունների և ի՞նչ պայմաններով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ