Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թեհրանի պահանջներն անփոփոխ են

Թեհրանի պահանջներն անփոփոխ են
06.02.2018 | 12:26

(Նախորդ մասը)

Արդեն հունվարի 21-ին վերոհիշյալ Բահրամ Քասեմին հայտարարեց, որ սիրիական ճգնաժամի արմատը միջտարածաշրջանային տերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և տարածաշրջանի որոշ ռազմատենչ ու հավակնոտ երկրների (ինչպիսին սիոնիստական վարչակազմն է) անպատասխանատու վարքագիծն է. «Իրանը սևեռուն և ուշադրությամբ հետևում է սիրիական Աֆրին քաղաքում տեղի ունեցող իրադարձություններին»,- հաղորդել է Mehr News-ը: «Իրանը հուսով է, որ այդ գործողությունը անհապաղ կավարտվի և կկասեցվի ճգնաժամի խորացումը Թուրքիայի ու Սիրիայի սահմանամերձ շրջաններում,- հայտարարել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:- Աֆրինի ճգնաժամի շարունակումը կարող է ահաբեկիչ տակֆիրիստների խմբավորումներին էլ ավելի ամրապնդել Սիրիայի հյուսիսային շրջաններում և պատերազմի հրդեհ ու ավերմունք բորբոքել այդ երկրում»: Ընդգծելով Սիրիայի տարածքային ամբողջականության և այդ երկրի ազգային սուվերենության հարգման կարևորությունը, Քասեմին կոչ արեց խույս տալ Սիրիայում անմեղ մարդկանց սպանությունից և հումանիտար իրադրության վատացումից: «Ակնկալվում է, որ բոլոր երկրները, մասնավորապես Թուրքիան, որպես սիրիական հաշտության գործընթացի երաշխավոր պետություն, նվիրված կլինեն սիրիական ճգնաժամի կարգավորման հարցի քաղաքական լուծմանը, հատկապես Աստանայի հաշտության գործընթացին, կշարունակեն կատարել իրենց պարտավորություններն ու կառուցողական դեր կխաղան ճգնաժամի կարգավորման գործում,- հայտարարեց նա:- Քանի դեռ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այդ թվում՝ տակֆիրիստների ահաբեկչական խմբավորումները շարունակում են իրենց անօրինական ներկայությունը Սիրիայում, ինչը ևս հակասում է միջազգային իրավունքին, չնայած Սիրիայի օրինական կառավարության կոչերին և հակառակ սիրիական ժողովրդի շահերին, հումանիտար ճգնաժամը Սիրիայում կշարունակի խորանալ»:


Նշենք, որ Անկարայում անուշադրության չեն մատնել այս բոլոր հայտարարությունները: Ինչպես հաղորդել է իրանական Tasnim News կայքը, հունվարի 22-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Հուլուսի Աքարը իր նախաձեռնած հեռախոսազրույցում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամմադ Հոսեյն Բաքերիին հավաստիացրել է, որ Անկարան հարգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը: Աքարը իր իրանցի պաշտոնակցին ասել է, որ Թուրքիան հարգում է արաբական երկրում տիրող իրավիճակի շուրջ Իրանի և Ռուսաստանի հետ կայացած եռակողմ բանակցություններում ձեռք բերված համաձայնագրերը: Ի պատասխան, իրանական զորավարը ինչ-որ գերերաշխիքներ է պահանջել Թուրքիայից. Անկարան «պետք է հավաստիացումներ տա այն մասին, որ մտադիր չէ խախտել դրանք (եռակողմ համաձայնագրերը-խմբ.): Նա ավելացրել է, որ նման միջոցառումները չպետք է հիմք ծառայեն Սիրիայի և մուսուլմանական աշխարհի թշնամիներին, հատկապես ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցներին Սիրիայում իրենց նվաճողական քաղաքականությունը շարունակելու: Դրանք չպետք է խարխլեն նաև Սիրիայի շուրջ Թեհրանի, Մոսկվայի և Անկարայի եռակողմ բանակցություններն ու Աստանայի հաշտության բանակցությունները, որոնք մինչև հիմա որոշ արդյունքներ տվել են՝ ասել է իրանցի գեներալը: Բայց IRIB պետական հեռուստատեսությամբ հունվարի 23-ին բոլոր կարևոր հարցերն իրենց տեղը դրեց այաթոլահ Խամենեիի ավագ ռազմական խորհրդական, ԻՀՊԿ-ի նախկին գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սեֆևին: Նա հիշեցրեց, որ Սիրիայում ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմական գործողությունները օրինական են, և մեկնաբանեց Աֆրինում տիրող իրավիճակը. «Թուրքիան որոշ դեպքերում համապատասխանում է ԱՄՆ-ին, և թուրքերը շարժվում են ամերիկյան ռազմավարության շրջանակներում»: «Որոշ տարաձայնություններ կան ամերիկացիների ու թուրքերի միջև, և Աֆրինի արևմտյան մասը նրանց տարաձայնությունների ասպարեզներից մեկն է: ԱՄՆ-ը Սիրիայում ստեղծում է 30000-անոց նոր զինված ուժեր, բայց Թուրքիան համաձայն չէ դրան: Մյուս կողմից, եթե քրդերը ձգտում են իրենց ինքնավարությունն ստեղծել տարածաշրջանում, ապա պետք է դուրս գան Միջերկրական ծովի ափ, որպեսզի կարողանան գոյատևել: Ահա թե ինչու թուրքերը զավթեցին Աֆրինը, և դա Սիրիայի ազգային սուվերենության խախտում է»,- հայտարարեց իրանցի գեներալը: Այնուհետև նա, փաստորեն, ակնարկել է, թե ինչ կարող է ձեռնարկվել ի պատասխան. «Սիրիական հողում ԱՄՆ-ի ու Թուրքիայի ներկայությունը մեզ համար անօրինական է և խելամիտ արդարացում չունի: Ես կարծում եմ, որ սիրիական կառավարությունն ու բանակը չեն հանդուրժի այդ ներկայությունը: Աֆրինի շրջանում թուրքերի ներկայությունը խնդիրներ է հարուցում Թուրքիայի ու Սիրիայի հարաբերություններում: Թուրքերը միավորված են ամերիկացիների ու սիոնիստների հետ իրենց ընդհանուր ռազմավարությունում, և նրանց վեճերը հիմնականում մարտավարական բնույթ են կրում»:


Խելքի ծով պետք չէ լինել հասկանալու համար, որ գեներալ-մայոր Սեֆևին արտահայտել է ոչ թե իր անձնական տեսակետը, այլ բարձրաձայնել է այն որոշումները, որ ընդունվել են Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլահ Խամենեիի կողմից, ինչպես որ Սիրիայի պաշտպանության և Իսլամի պաշտպանության համարժեքության մասին այաթոլահի գլխավոր խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Վելայեթիի հայտարարության դեպքում: Բայց այդ դեպքում ինչու՞ Իրանը չի շտապում ուժային եղանակով խոչընդոտել Աֆրինում շարունակվող թուրքական ագրեսիային: Մեր կարծիքով, գաղտնիության շղարշը դեն է նետում խոսնակ Լարիջանին, երբ ասես հպանցիկ հիշատակում է, որ Ռաքքայի նահանգում նոր բազաներ ստեղծելու ԱՄՆ-ի գործողությունները լրացուցիչ սպառնալիք են պարունակում: Այդ նահանգում, ինչպես հայտնի է, միայն ամերիկացիներն ու SDF կոալիցիայի մեջ մտնող քրդական ջոկատներն են: Ամփոփելով ու հանրագումարի բերելով Աֆրինի իրադարձությունների վերաբերյալ Թեհրանի բոլոր հայտարարությունները, հասկանում ես, որ Իրանն իր նպատակն է համարում առաջին հերթին ամերիկացիների արտաքսումը Սիրիայից, հատկապես Իրաքին սահմանակից կամ մոտ գտնվող նահանգներից: Իրանի գլխավոր շտաբի հետ օպերատիվ հեռախոսային կապը և այն էլ թուրքական ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախաձեռնությամբ, վկայում է այն մասին, որ Անկարան ծայրաստիճան անհանգստացած է և ձգտում է ամեն կերպ համոզել Իրանին, որ թուրքական գործողություններն Իրանում ուղղված չեն Իրանի և շիաների (կարդանք՝ նաև ալավիների-խմբ.) դեմ:


Բայց եթե Թեհրանի հայտարարություններն ու պատրաստությունները սահմանափակվեին միայն Թուրքիային ուղղված կշտամբանքներով, դա կլիներ գործի կեսը: Խորամուխ լինենք, թե ինչպես է գեներալ-մայոր Սեֆևին շարունակել իր այն միտքը, թե «թուրքերը միավորված են ամերիկացիների ու սիոնիստների հետ իրենց ընդհանուր ռազմավարությունում, և նրանց վեճերը հիմնականում մարտավարական բնույթ են կրում»: «Ընթացիկ տարում ԱՄՆ-ի ռազմավարության հիմքը տարածաշրջանում հակամարտությունների գոտու պահպանումն է, նույնիսկ ընդլայնումը, նպատակ ունենալով ապահովել իր քաղաքական, տնտեսական ու ռազմական շահերը»,- հայտարարել է Սեֆևին: Եվ տեղնուտեղը արել է առաջարկություն. «Իրանը պետք է գործի խելամտորեն, ստեղծելով տարածաշրջանային կոալիցիա, որի մեջ կմտնեն Ռուսաստանն ու Սիրիան, ինչպես նաև Պակիստանն ու Իրաքը, որպեսզի դիմակայի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային»: Ինչպես տեսնում ենք, Թուրքիան առհասարակ հիշատակված չէ, էլ չենք խոսում քրդերի մասին: Եվ հիշելով նրա իսկ խոսքերը Սիրիայի դեմ ամերիկացիների ու թուրքերի դաշինքի մասին, ակամա ստիպված ես խոստովանել, որ Գերագույն առաջնորդ այաթոլահ Խամենեին իր խորհրդականների շուրթերով կոչ է անում, այդ թվում` Ռուսաստանին, իրական կերպով դիմակայել «ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային»: Բայց չէ՞ որ դա նշանակում է նաև Թուրքիային, քանի որ իրանցի բոլոր պաշտոնատար անձինք Սիրիայում թուրքական ներկայությունն էլ են համարում ապօրինի և արդարացում չունեցող: Ահա սա է Իրանի իրական պատասխանը Աֆրինի պատերազմին:


Մի քանի խոսք այն մասին, թե ինչու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր ուժերի սովոր ձևաչափում (պայմանականորեն ասած, «չորսի դաշինք»՝ կնքված 2015 թ. սեպտեմբերի 25-ին Իրանի, Ռուսաստանի, Իրաքի և Սիրիայի կազմավորած Բաղդադի ռազմատեղեկատվական կենտրոնի մասնակից երկրների ռազմաքաղաքական ղեկավարության համաձայնությամբ) հիմա Թեհրանը նշում է նաև Պակիստանի մասնակցության անհրաժեշտությունը, որը, կարծես թե մուսուլմանական աշխարհում ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի անչափ հուսալի դաշնակիցն է:


Սակայն նախ այն մասին, թե ինչ գործառույթ ունի այդ կենտրոնը, որը հաջողությամբ գործում է արդեն երրորդ տարին: Տեղեկատվական կենտրոնի նպատակը Սիրիայի ու Իրաքի տարածքում ահաբեկչական կազմակերպությունների տեղաշարժերի մասին տեղեկությունների հավաքումը, վերլուծությունն ու փոխանակությունն է: Կենտրոնի հիմնական ջանքերն ուղղված են ահաբեկիչների օբյեկտների որոնմանն ու հայտնաբերմանը՝ դրանց ոչնչացման նպատակով: Աշխատանքներ են տարվում հաղորդակցության ուղիների խափանման, զինյալների տեղափոխման երթուղիների հայտնաբերման, զենք-զինամթերքի, մաքսանենգ նավթի փոխադրման ուղիների հայտնաբերման ուղղությամբ, ինչպես նաև զինանոցների, զենք-զինամթերքի տնայնագործական արհեստանոցների, ԻՊ-ի կողմից Իրաքի տարածքում քիմիական զենքի արտադրության լաբորատորիաների որոնման ու հայտնաբերման ուղղությամբ: Ստացված տեղեկությունները հաղորդվում են այդ երկրների ԶՈՒ գլխավոր շտաբներին, մի մասն էլ օգտագործվում է Սիրիայում սիրիական բանակի ահաբեկիչներին հարվածներ հասցնելու համար: Նաև հետախուզություն է կատարվում Սիրիա-իրաքյան սահմանով ահաբեկիչների տեղափոխման վերահսկողության համար, ինչպես նաև ի հայտ բերված նպատակակետերին օդային հարվածներ են կազմակերպվում:

Օրինակ, 2016 թ. հուլիսի վերջին Իրաքի կառավարական զորքերի կողմից Էլ-Ֆալլուջա քաղաքի ազատագրման գործողության ընթացքում ի հայտ էր բերվել շրջապատումից զինյալների մի մեծ խմբի դուրս գալու և Սիրիայի սահմանի կողմը շարժվելու փաստ: Կենտրոնի տրամադրած տեղեկության շնորհիվ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈՒ) և Սիրիայի ռազմաօդային ուժերի օդային հարվածներով Սիրիայի և Իրաքի սահմանի Աբու-Քեմալ անցակետի շրջանում այդ խումբը ոչնչացվեց: Մյուս կողմից, այդ կենտրոնը Իրաքում Ռուսաստանի և Իրանի խոշոր ռազմահետախուզական բազա է:
Բանն այն է, որ Սիրիայում ու Իրաքում հակաահաբեկչական պատերազմի եռուն շրջանում «որոշ ուժեր» Պակիստանի տարածքից մի քանի անգամ Իրան ներխուժելու փորձեր արեցին: 2017 թ. գարնանը Իրանը խիստ նախազգուշացրեց Պակիստանին, որ նման բաներն անթույլատրելի են, և եթե Իսլամաբադն ի վիճակի չէ իր տարածքում ապահովելու համատեղ սահմանի անվտանգությունն ու կարգուկանոնը, ապա Իրանն այդ բանն ինքը կանի: Հերթական դիվերսիայից հետո իրանցիներն անցան սահմանն ու «կարգուկանոն հաստատեցին»՝ պակիստանյան կողմից չխնայելով ոչ ոքի: Դրանից հետո Պակիստանը զերծ մնաց հակաիրանական գործունեությունից: Եվ հիմա դա օգտագործում է ԱՄՆ-ը. վերջերս Վաշինգտոնը բացահայտորեն սպառնաց Պակիստանին: Առայժմ միայն նվազեցնել կամ դադարեցնել ֆինանսական և ռազմական օգնությունը Իսլամաբադին: Զուգահեռաբար պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Պակիստանին մեղադրեց «երկերեսանիության» մեջ, իբր ապաստան են տալիս «Թալիբանի» ահաբեկիչներին: Միաժամանակ նա սպառնաց, որ նման քաղաքականության շարունակման դեպքում Պակիստանը կարող է կորցնել իր տարածքի մի մասը:


Որպես այլընտրանք ներկայացվում է վերջնագիր. «Մենք ուզում ենք աշխատել Պակիստանի հետ, որպեսզի ոչնչացնենք ահաբեկչությունն այդ երկրի սահմաններում, բայց Պակիստանը պետք է «Հագանի» խմբավորման և մյուսների հետ հարաբերությունների փոփոխման գործընթաց սկսի»: Ի պատասխան, Պակիստանը ԱՄՆ-ին մերկացրեց ստախոսության մեջ և հիշեցրեց Վաշինգտոնին, որ հենց նրա քաղաքականությունն է հանգեցրել այն բանին, որ Աֆղանստանում, «երբ նրանք (այսինքն՝ ամերիկացիները-խմբ.) պայքարում էին «Թալիբանի» դեմ, այնտեղ արդեն հայտնվել էր ԻՊ-ը»: ԱՄՆ-ի հունվարյան մեղադրանքների ու սպառնալիքների առնչությամբ Իսլամաբադից հնչող հայտարարությունների ընդհանուր իմաստը հետևյալն էր. նախ՝ ինքներդ ձեզ քննադատեք ձեր երկակի ստանդարտների համար: Տեսնելով Քաբուլում ԱՄՆ-ի խամաճիկների անբանությունը, «Իսլամաբադը նայում է ապագային և ուզում է իր կողքին տեսնել մարտունակ դաշնակցի, ոչ թե մի գլխացավանք, որը կհրամցնեն ամերիկացիները, ինչպես արեցին Սիրիայում Թուրքիայի հետ մեկտեղ»: Դա բացահայտ ակնարկ է հենց Իրանին և Ռուսաստանին, հնարավոր է անգամ Չինաստանին, որովհետև 2015-2017 թթ. ընթացքում բազմիցս կարելի էր նկատել, որ Պեկինը «ինչ-որ տեղ մոտակայքում է» Իրանի և Ռուսաստանի ստվերում:


Իհարկե, հավանաբար իրեն զգալ է տալիս նաև այն, որ Պակիստանի շիաները Իրաքում ու Սիրիայում մասնակցել են ահաբեկիչների դեմ մղված մարտերին, բնականաբար, այն կառույցների կազմում, որոնք, վերջին հաշվով, ղեկավարում էին Իրանի ռազմական խորհրդականները: Սակայն, այսպես թե այնպես, մենք կանգնած ենք տարածաշրջանում լուրջ ռազմավարական փոփոխության առջև: Դե, իսկ Աֆրինի քրդերը հունվարի 25-ին, հսկայական ուշացումով, փաստորեն, ընդունեցին Իրանի և Ռուսաստանի առաջարկությունները: Ինչպես հաղորդել է արաբական «Ալ-Մայադին» ալիքը, Աֆրինի քրդական վարչակազմը դիմել է Սիրիայի կառավարությանը կոչ անելով ապահովել Թուրքիայի հետ սահմանի պաշտպանությունը: Այսինքն, քրդերն իրենք են Ասադին խնդրում սիրիական բանակը մտցնել Աֆրին: Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի ռազմական գործողությունը նպատակ ունի «Սիրիայից մի հողակտոր պոկել»: Քրդերն ընդգծում են, որ Աֆրինը Սիրիայի անբաժանելի մասն է, և երկրի իշխանություններին խնդրում են «կատարել պետության սուվերենության պաշտպանության իր պարտավորությունները». «Մենք սիրիական բանակին կոչ ենք անում պաշտպանել քաղաքն ու նրա շրջակայքը, որոնք ենթարկվել են թուրք զավթիչների ուխտադրուժ հարձակմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 3499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ