USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Մեծ Բրիտանիան իր պահանջով կոպտորեն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, իսկ ՀՀ ԱԱԾ-ն չտեսնելու է տալիս

Մեծ Բրիտանիան իր պահանջով կոպտորեն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, իսկ ՀՀ ԱԱԾ-ն չտեսնելու է տալիս
06.02.2018 | 12:30

Ներկա աշխարհաքաղաքական իրողությունները բնութագրվում են աշխարհի միաբևեռ կառավարման տրամաբանությամբ, ԱՄՆ-ի կողմից համաշխարհային տիրապետության պահպանման ձգտմամբ և նրա նոր ղեկավարության առավել կոշտ կեցվածքով:
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը ոչ թե ենթադրության, այլ փաստերի վրա հիմնված իր և շատ ուրիշների այս համոզմունքը ներկայացրեց «Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի դահլիճում վերջերս կազմակերպված «Ավանդական ընտանիքի հաստատությանը արդիական սպառնալիքներ և մարտահրավերներ (իրողությունների գնահատականներ և 2017 թ. պայքարի արդյունքներ)» համաժողովում:


Բանախոսը նախ ասաց, որ ԱՄՆ նախագահի քաղաքականության վերոնշյալ դրսևորումն իր արտահայտությունն է գտել ՄԱԿ-ի ամենամյա նստաշրջանում նրա հայտնի ելույթում, որում Դոնալդ Թրամփը ներկայացրեց աշխարհի նկատմամբ ամերիկյան նոր հայեցակարգը:
«ՄԱԿ-ի վերոնշյալ նիստում ԱՄՆ նախագահ Թրամփը իր ելույթում լսարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ ինքը չի պատրաստվում խառնվելու այլոց գործերին, շեշտելով, որ «մենք Ամերիկայում չենք ցանկանում որևէ մեկին պարտադրել մեր կենսակերպը, մենք ցանկանում ենք դառնալ ցայտուն օրինակ յուրաքանչյուր երկրի համար»,- ասաց հիշյալ նախաձեռնության համակարգողը:- Թեև ԱՄՆ նախագահն ի լուր աշխարհի հայտարարում է, որ իրենք այլևս չեն խառնվելու այլ երկրների ներքին գործերին, և իրենց համար առաջնահերթությունը սեփական երկրի երբեմնի փառքի վերականգնումն է, սակայն, միաժամանակ, ռազմական ծախսերի համար ֆինանսավորումը հասցվելու է մինչև 700 միլիարդ դոլարի, և ԱՄՆ բանակը, ըստ ԱՄՆ նախագահի, պետք է դառնա պատմության մեջ ամենահզոր ուժը»:


ԱՄՆ իշխանությունները թեև հայտարարում են իրենց «չեզոքության» և այն մասին, թե չեն միջամտելու այլ երկրների ներքին գործերին, սակայն, բանախոսի հավաստմամբ, առկա իրողությունները վկայում են ճիշտ հակառակը:
«Նմանատիպ քաղաքականություն է իրականացնում նաև Եվրամիությունը, որն առերևույթ կարծես չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, սակայն հետևողականորեն պարտադրում է երկրներին ընդունել միջազգային իրավական այն նորմերը, որոնք էական ազդեցություն են թողնում այդ երկրների քաղաքական, տնտեսական, կրթական և հոգևոր կյանքի վրա,- ասաց Հայկ Նահապետյանը:- Եվրամիության նման պարտադրանքը երկրի վրա երբեմն դրսևորվում է քաղաքական և տնտեսական ճնշումների ձևով` այն նպատակով, որպեսզի տվյալ երկիրը ստորագրի միջազգային այս կամ այն պայմանագիրը: Պարտադրման այդ գործընթացն ուղեկցվում է նաև տվյալ երկրին ֆինանսավորման օժանդակության և բոնուսների տրամադրմամբ»:


«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգողը, հանդես գալով ուշագրավ զեկուցմամբ, որով հիմնականում ներկայացրեց միջազգային պայմանագրերում ամրագրված, ինչպես նաև որոշ կազմակերպություններից և հիմնադրամներից բխող մարտահրավերներն ու սպառնալիքները, փաստեց, որ թիրախավորված է ավանդական ընտանիքը, ինչի նպատակն ավանդական ընտանիքի ինստիտուտի ոչնչացումն է: ԱՄՆ-ը և Եվրամիությունը բացահայտորեն աջակցում և ֆինանսավորում են Հայաստանի այն ՀԿ-ներին, որոնք զբաղվում են այլասերման, միասեռականության, անբարո կյանքի քարոզչությամբ:


Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից իրականացվող «մտրակի» և «բլիթի» այս քաղաքականությունը հաճախ միջնորդավորված է իրականացվում՝ իրենց կողմից ֆինանսավորվող հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների միջոցով:
Բանախոսը նշեց, որ որոշ միջազգային պայմանագրեր և օրենքներ, որոնք պարտադրվել են Հայաստանին, արդեն իսկ ստորագրվել, վավերացվել և ուժի մեջ են մտել, մյուսները գտնվում են իրավական ամրագրման գործընթացի մեջ: Ընդ որում՝ նման միջազգային պայմանագրերը հաճախ ուղղված են խարխլելու հայ ժողովրդի ավանդական, քրիստոնեական, ընտանեկան արժեհամակարգը և բարոյական նորմերը: Այս առնչությամբ բերելով որոշակի օրինակներ, հիշյալ նախաձեռնության համակարգողն ասաց.
«1993 թվականին Հայաստանը ստորագրեց «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան (CEDAW), իսկ 2006 թվականին ստորագրեց այդ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը: Այդ փաստաթղթով Հայաստանը պարտավորվեց ընդունել օրենքներ գենդերային հավասարության և ընտանեկան բռնության մասին»:
Սույն կոնվենցիան կանանց նկատմամբ որպես խտրականության դրսևորում է սահմանում «սեռի հիմքով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որը նպատակ ունի կանանց համար սահմանափակել կամ վերացնել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական կամ ցանկացած այլ բնագավառում, տղամարդկանց և կանանց, անկախ նրանց ամուսնական կարգավիճակից, հավասարության հիմքով, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ճանաչումը և կանանց կողմից այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը կամ դրանցից օգտվելը» (հոդված 1):


«2015 թվականի դեկտեմբերի 11-ին,- շարունակեց Հայկ Նահապետյանը,- Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց 12 մլն եվրո գումարի չափով «Բյուջետային ֆինանսավորման համաձայնագիր», որը Հայաստանին պարտավորեցնում էր ընդունել «Ընտանեկան բռնության մասին», «Խտրականության դեմ» (ԼԳԲՏ խմբի իրավունքների պաշտպանություն) օրենքները և վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիան):
Ստամբուլյան կոնվենցիան առաջին միջազգային պայամանագիրն է, որով որոշվում է գենդերային ինքնության պատկանելությունը: Դա նշանակում է, որ այսուհետ կանայք և տղամարդիկ ոչ միայն հանդիսանում են կնոջ և տղամարդու սեռի կենսաբանական նմուշներ, այլև գոյություն ունի գենդերային պատկանելությամբ սոցիալապես կառուցված կատեգորիա, որը որոշում է կանանց և տղամարդկանց բնորոշ դերերը և վարքը:
Տվյալ կոնվենցիայի 12-րդ հոդվածը պարտավորեցնում է կողմերին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել` կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային վարքագծում փոփոխություններ ներդնելու նպատակով, որպեսզի արմատախիլ արվեն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց ոչ լիարժեքության գաղափարի կամ կանանց և տղամարդկանց դերերի կարծրատիպային պատկերացումների վրա։


Կոնվենցիայում պահանջվում է, որ այն ընդունած երկրներում մտցվի քրեական կամ այլ իրավական պատասխանատվություն ընտանիքում բռնության (ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական) համար: Կոնվենցիայում առկա է նաև զուգընկեր հասկացությունը (հակառակ կամ նույն սեռի), որը նույնացվում է ընտանիքի անդամի հետ»:
2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց «Ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին» համաձայնագիրը: Ըստ այդ համաձայնագրի, ինչպես նշեց հիշյալ նախաձեռնության համակարգողը, Հայաստանն իր վրա պարտավորություն է վերցնում ձեռնարկելու հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների, այդ թվում՝ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների հետագա ամրապնդումը, ինչը ներառում է նաև ԼԳԲՏ խմբի անձանց իրավունքների պաշտպանությունը: «Ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին» համաձայնագրի 84-րդ հոդվածում նշված է գենդերային հավասարության և խտրականության բացառման, իսկ 85-րդ հոդվածում՝ սեռական կողմնորոշման հատկանիշով խտրականության բացառման մասին:


«Եվրամիությունը,- շարունակեց Հայկ Նահապետյանը,- բացահայտորեն աջակցում և ֆինանսավորում է Հայաստանի այն հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են այլասերման, միասեռականության, անբարո կյանքի քարոզչությամբ: Հայաստանում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանները, Վրաստանում Նիդերլանդների դեսպանը կազմակերպում են հանդիպումներ նման ՀԿ-ների ներկայացուցիչների հետ՝ աջակցելով նրանց բարոյապես և կազմակերպական հարցերում:
2016 թվականի մայիսի 17-ին, այսպես կոչված, մարդասիրական «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ, կազմակերպել էր «ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության հարցերով օրենսդրական նախաձեռնություններ» անվանումով քննարկում, որին մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանները և Վրաստանում Նիդերլանդների դեսպանության ներկայացուցիչը:


Քննարկման ժամանակ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարեց, որ օրենսդրորեն պետք է բացառվի ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը, և որ դա հանդիսանում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը):
2017 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի արդարադատության նախարարությունը Եվրամիության պահանջով հրապարակեց քրեական օրենսգրքի նոր նախագիծը: Նախագծում ավելացված է 197-րդ հոդվածը, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն ֆիզիկական անձանց և պետական պաշտոնյաների համար՝ սեռական կողմնորոշման հատկանիշներով խտրականության համար: Հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքի, հասարակական աշխատանքների կամ մինչև երկու տարով ազատազրկման տեսքով (պաշտոնատար անձանց կողմից խտրականության դեպքում՝ մինչև 3 տարով- Ա. Հ.):
Նախագծի ընդունման դեպքում ոչավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք և ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ- Ա. Հ.) անձանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունները հնարավորություն կստանան Հայաստանում անարգել կերպով իրականացնելու միասեռականության քարոզ (և ոչ միայն...- Ա. Հ.)»:
Բանախոսի հավաստմամբ, «Բաց հասարակության հիմնադրամը» (Սորոսի հիմնադրամ) ֆինանսավորում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքների լոբբինգով հանդես եկող հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են նաև հակակառավարական, հակաեվրասիական, հակառուսական քարոզչությամբ, իրականացնում են փողոցային հակակառավարական ցույցեր: Հայաստանյան որոշ հասարակական կազմակերպություններ ստանում են ամերիկյան և եվրոպական հիմնադրամների աջակցությունը, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Ժողովրդավարության աջակցության Ազգային և Եվրոպական հիմնադրամների (NED և EED):
«Այդ հիմնադրամների կողմից աջակցություն ստացող կազմակերպությունները սոցիալական ցանցերում, փողոցային միջոցառումներով, ֆիլմերի ցուցադրությամբ, քննարկումներով, կոնֆերանսներով իրականացնում են ԼԳԲՏ անձանց կյանքի այլասերված կենսակերպի քարոզչություն՝ նպատակ հետապնդելով ապագայում ամրագրել այլասերված կենսակերպը որպես ընդունելի նորմ՝ հայ հասարակության կողմից,- ասաց Հայկ Նահապետյանը:- Այդ նույն կազմակերպությունները իրավական դաշտում մշակում և ՀՀ Ազգային ժողովին ու կառավարությանն են ներկայացնում օրենքների նախագծեր, որոնք ուղղված են ԼԳԲՏ անձանց իրավունքների ամրագրմանը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Դրանցից են ընտանիքում բռնությունների կանխարգելման մասին և «Խտրականության դեմ» օրենքների նախագծերը: Կառավարման ոլորտում մշակվում և ՀՀ կառավարություն են ներկայացվում ռազմավարական փաստաթղթեր, որոնք պարունակում են այլասերվածների իրավունքների պաշտպանության ծրագրեր: Այդ կազմակերպություններից մի քանիսը մշակում են սեռական դաստիարակության դասագրքեր, որոնց փորձում են ներառել դպրոցական ծրագրերում»:
2001 թվականին, ինչպես տեղեկացրեց հիշյալ նախաձեռնության համակարգողը, ստեղծվել է «Ցանկացած տիպի մարմնական պատիժների արգելման գլոբալ նախաձեռնություն» (Global Initiative to End All Corporal Punishment of Children) միջազգային կազմակերպությունը, որի համակարգողն է Պիտեր Նյուելը: Վերջինս կապված է եղել 1970-ականների վերջին և 80-ականների սկզբում Մեծ Բրիտանիայում գործող մանկապիղծների կազմակերպությունների հետ:


«2003 թվականին,- շարունակեց Հայկ Նահապետյանը,- «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպությունը (Save the Children), որն ունի մասնաճյուղ նաև Հայաստանում, աջակցեց երեխաների մարմնական պատիժների արգելքին: Երեխաների մարմնական պատիժների խնդրի լուծման աշխատանքային խմբի ղեկավարը նույն Պիտեր Նյուելն է: 2004 թվականին ԵԽԽՎ-ն ընդունել է երեխաների մարմնական պատիժների արգելման թիվ 1666 համաեվրոպական առաջարկը, իսկ 2006 թվականին ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեն հրապարակել է «Ընդհանուր կարգի թիվ 8 դիտողությունը», որը վերաբերում է մարմնական պատիժներից և այլ դաժան ու արժանապատվությունը նվաստացնող բոլոր տեսակի պատիժներից երեխայի իրավունքի պաշտպանությանը: Փաստաթղթի և համապատասխան տիպային ձեռնարկների մշակման աշխատանքներին մասնակցել է Պիտեր Նյուելը:


2008 թվականին մեկնարկել է «Ընդդեմ երեխաների նկատմամբ մարմնական պատիժների» Եվրոպայի խորհրդի նախաձեռնությունը: Իր ելույթում Պիտեր Նյուելը պնդել է, որ Եվրախորհրդի անդամ բոլոր երկրներում օրենսդրորեն արգելվեն երեխաների նկատմամբ մարմնական պատիժները»:
Հարց չի՞ առաջանում, թե Մեծ Բրիտանիայում գործող մանկապիղծների կազմակերպությունների հետ կապված անձն ինչու՞ է զբաղվում տարբեր երկրներում երեխաների նկատմամբ մարմնական պատիժներն օրենսդրորեն արգելելու խնդրով, ո՞րն է նրա իրական կամ վերջնական նպատակը:
Բանախոսի տեղեկացմամբ, Հայաստանում իր գործունեությունն է ծավալում նաև «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամը, որը հիմնադրել է Գերմանիայի «Կանաչների կուսակցությունը»: Վերջինիս առաջնորդները 1980-ականներին աջակցել են մանկապիղծների խմբերին: Այդ առնչությամբ 2013 թվականին Գերմանիայում իրականացվել է հետաքննություն:


«2016 թվականի դեկտեմբերի 2-ին «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում տեղի ունեցավ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպությունների փակ հավաք՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատուի մասնակցությամբ,- ասաց Հայկ Նահապետյանը:- Միջոցառման կազմակերպիչն էր «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամը: Քննարկումը կրում էր «ԼԳԲՏ անձանց իրավունքների կիրարկման համապարփակ ռազմավարություն» խորագիրը: Ի դեպ, տեղի հասարակական կազմակերպությունները մեկ անգամ չէ, որ մասնակցել են Վրաստանում «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի կազմակերպած կոնֆերանսներին»:


Ինչպես իրավացիորեն նշեց բանախոսը, Եվրամիության և միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների այն գործունեությունը, որոնք մարտահրավեր են նետում հայ ավանդական ընտանեկան արժեհամակարգին, ընտանիքի ինստիտուտին, բարոյական արժեքներին, անընդունելի և դատապարտելի են հայ ժողովրդի և Հայաստանի կողմից: Եկել է ժամանակը, որ ժողովրդի այդ կեցվածքը ամրագրվի իրավական և քարոզչական ոլորտներում: Յուրաքանչյուր ընտանիք Հայաստանում պետք է դառնա անառիկ ամրոց, որպեսզի հնարավոր չլինի այն կազմաքանդել:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ