Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ամորձատված մտքի վառման հնոցում. 1900-1995 թվականներ

Ամորձատված մտքի վառման հնոցում. 1900-1995 թվականներ
06.02.2018 | 12:42

ԱՍՔ՝ ՈՐԿՈՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ


Այնուամենայնիվ, 1990-ի օգոստոսի 23-ն է պետական անկախության հիմնադրման օրը, զի այդ օրը հնչեց հռչակագիրը այր մի Մանուկյան Արամի շուրթերից։ Իսկ մեկ օր, 24 ժամ անց, երկրի նորաբողբոջ իշխանիկները սկսեցին բորբոքել դավանյութման հնոցը, զի ազգային զարթոնքի սերուցք միտքը ամենևին չէր տառապում ասկետական ժուժկալությամբ կամ էլ անգամ՝ ասպետական վեհանձնությամբ: Այո՜...
Օ՜, Տեր իմ Երկնավոր, այդ ինչպե՞ս եղավ, ինչու՞ որկորը ոսոխ փնտրեց և ինչպե՞ս գտավ անհայտ ոսոխին հենց այնտեղ, որտեղ դեռ ժամեր առաջ սրտեր էին խանդավառվում և տրոփում էին քունքերը անհայտ տագնապից, մի՞թե տանուլ ենք տալու պատմական պահը, չէ՞ որ մեր դռանն է չոքել անկախ պետականության վերականգնման հաղթական ուղտը, և մի՞թե մենք դավելու ենք 70-ամյա մեր երազանք-ուխտին, որը, ահաբեկված խորհրդային մուրճ-մանգաղի դաշինքից, հեռացել էր երկրից և թախծահայաց դեգերում էր Մեռյալ ծովի շուրջբոլորը: Մի խոսքով, որկորը հաղթարշավում էր, իշխանության եկած ՀՀՇ վերնախավը համազգային շարժման ոգին թլպատել, դարձրել էր ոտան կոխան:


Թատերական հրապարակի ազդականչերը լլկվում էին նոր պահանջատիրության կուռ ամորձիների գրկախառնումներում, զի նոր պահանջատիրության կարմիր թելը գաղափարի բռնադատումն էր՝ եթե վտանգել ես անդորրդ վասն հայրենիքի, ապա հայրենիքը պետք է վճարի դրա դիմաց ամեն օր, ամենուր և անբավ քանակությամբ: «Ղարաբաղ» համազգային կոմիտե: Նրա աջթևայիններից մեկը` Մանուչարյանը Աշոտ, հռչակագրեց անկախ պետականության կայացման հանգուցային տեսլականը՝ «Ղարաբաղ» կոմիտեն հայ ազգի և հանրության գերագույն իղձը կենսագործելով լքում է քաղաքական ասպարեզը՝ նախապես կազմավորելով 3-րդ հանրապետության խորհրդարանն ու կառավարությունը Հայաստանի և Սփյուռքի ունակ ու պետականակերտ ուժերով: Սակայն կոմիտեի ձախթևայինները (Լևոնն ու Վանոն, Բաբկենն ու Վազգենը և այլք) արմատապես մերժեցին Աշոտյան հռչակագիրը և հենց իրենք հապշտապ և ինքնասիրահարված ստանձնեցին երկրի կառավարումը: Չափից անդին ժողովրդավար էին Լևոնն ու Վանոն, Բաբկենն ու Վազգենը և այլք. ժողովուրդը (անհարմար է և ամոթալի) արդեն չպետք է մեջքը ծռի խորհրդային հաստոցի առաջ, կամ էլ սովետական հանդերում:


Եվ ֆաբրիկաներն ու գործարանները նախ մասնատվեցին, այնուհետև որպես մետաղի ջարդոն հընթացս վաճառվեցին: Գրողը տանի, մի՞թե անվրեպ հաջողակ-երջանիկ չէին նոր-հայկական պետականության կառուցողները, զի ամորձատված միտքը նյութում էր չարիք, բայց չէ՞ որ ի պատասխան առատության եղջյուրներից երկրի իշխանիկաց սեգ գլխին հորդառատ անձրևի պես թափվում էր բարիքը: Տեսեք, կարիք կա՞ր արևակեզ այգիներում աճեցնել խաղող, կամ էլ խնամել ծիրան և փշատ, արդյո՞ք խելամիտ էր տավարը քշել սար, ողջ տարին էլ պայքարել գել ու հարամու դեմ, մի՞թե արժեր զարգացնել գիտությունը, ծաղկեցնել մշակույթը, չէ՞ որ վերոնշյալը պատված էր խորհրդային փառով: Աշխարհը հարուստ էր, անբավ էին քաղաքակիրթ պետությունների ռազմական պահոցներում առկա ժամկետանց և գնանկված ապրանքները: Գանգրահեր տնտեսագետին էին վստահված պետության տնտեսության ներկան, նաև ապագան: Եվ գանգրացավ տնտեսակարգը, և մարեցին հնոցներն ու վառվեցին մոմերը, զի, համաձայն ներկրումային իմաստասիրության, 1-2-ժամյա էներգամատակարարումը լիուլի բավարար էր նախ ճաշ եփելու, հետո նաև լողանալու և վերջապես շաբաթվա լվացքը արդուկելու համար: 1-2 ժամ, այո: Մութն ընկնելուն պես ողջ Հայաստանը խորասուզվում էր պարտադրյալ քնի մեջ: Այսպես սպառվում էր օրվա 12-ից (եթե ամառ էր) 16 ժամը (եթե ձմեռ էր): Մնում էին աղոթքի 5-7 ժամեր, մոմի լույսի տակ, վասն հաղթանակի Արցախում և հանուն շուկայական ամորձատման: Անկախ պետականության կայացման հրամայականն ահա այս էր՝ ներկրումներ՝ վասն հարուստ խավի ձևավորման: Եվ խուժեցին երկիր ժամկետանց մսեղիք ու բորբոսնած կաթի փոշի, և Արարատյան դաշտում սրի քաշվեցին խաղողի այգիները, և նրանց բնօրրան հողի վրա ցանվեցին ու բուսնեցին լոլիկ, կոտեմ, վարունգ և պղպեղ: Վսեմ էր գանգրահեր ասքը:

Ամորձատված մտքի հնոցում նախ` գնդակներ որոտացին և ծունկ ծնկի նստած, ցավն ու բերկրանքը միմյանց միջև հավասար կիսած ազատամարտիկները, տուն վերադառնալով վերին ատյանի անեծք-օրհնանքի ներքո, մի գիշերվա մեջ բարիկադվեցին: Պատերազմի խրամատները արնածոր վերք դարձան շարքային ազատամարտիկ-նվիրյալների հոգում: Եվ օրվա ցամաք հացն ու անյուղ ապուրը նրանց փառապանծ անցյալի անդրադարձն էր՝ հոգեհացի վերածված անսփռոց սեղանների շուրջը: Այո՜, անսփռոց, հենց այդպես, զի սփռոցներից շապիկ էին կարել Արաբոյի և Գևորգ Չավուշի հոգեորդի ազատամարտիկների ընտանիքների անդամների համար:


Վառման հնոցում հրկիզվում էր թլպատվող գաղափարը, անհրաժեշտ էր իսկույն կերտել պաշտպանական համակարգի միջնաբերդը և այնտեղ բնակեցնել հաղթական խրամատների ազնվական վերքերը դեռ լիովին չապաքինած զորակազմին: Տե՜ր իմ Երկնավոր, ե՞րբ է հայոց հաղթական բանակի զորավարը եղել դղյակատեր ու սնանկացրել զորաբանակը` խլելով յուր պահապան զինվորի օրվա հացը: Մի՞թե Կարմիր Վարդանն էր եղել նման զորավար: Գուցե Նժդե՞հն էր ապրել փաշայավայել: Հարկավ ոչ: Զի այն օրերին խիստ հեռավոր և ոչ այնքան վառման հնոցում չէր բոցավառվում ամորձատված միտքը: Եվ ծնվեց գեներալական վերնախավը, բոցաչք, լցոնված և կենդանի խաչքար:

Թանկագին և հուսավառ իմ ընթերցող, վերոնշյալը, սակայն, ընդամենը հոգու խռովք է, զի այն ունի քաղաքական երես, և նրա դարձերեսին քարագրված է նորամանուկ պետականությունը վերջնագրորեն ամորձատելու գերագույն հեռանկարը:


Այո՜, այո՜, մի գիշերվա մեջ անկախպետականության շաղախը հունցած և սրբատաշ քարերը միմյանց կցած հերոսները դարձան հակահերոսներ, թույլ տվեք այս պահին ամոքել իմ և ձեր սրտերը առավել հիմնավոր բնութագրմամբ՝ նրանք դարձան հրոսակներ: Եվ այս ամենը դաջվեց մեր պատմության վերջին հատորում, հայոց վերջին (մի՞թե վերջին) պետական տան կառուցման ընթացքում, 1990-1995 թվականներին: Սակայն զարզանդելին ահա այս էր. հակահերոսների հակապետական կրքոտ վարքը նրանց ժամանակակից մտավորական երևելի այրերի կողմից կառափնարան բարձրացվելու փոխարեն պարզապես սրբագործվեց: Երևելի այրերը վերամբարձ քարոզ կարդացին մեր շրջամոլոր գլխներին, թե ինչու եք այդքան կարճամիտ և ձեր կողքին երկիր կերտող (իմա՝ քերթող, հոգին բերանը բերող) ձեր արյունակից եղբայրների մեջ չեք տեսնում Կարմիր Վարդանին և Արշակ արքային, Պապին թագավոր և Մեսրոպին Մաշտոց: Եվ կերտվում-քերթվում է հայոց պետականությունը ահա արդեն 27 տարի:

ՔԾՆԱՍՊԵՏԻ ԱԿԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Իսկ մեզ այսօր մի բան է մնում անելու, քարագրելու 3-րդ հանրապետության կայացման հերթական փուլը, 20-րդ դարավերջից մինչև 21-րդ դարասկիզբը, ահա վերոնշյալ խորագրի ներքո: Ցը...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2294

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ