Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Աշխարհում նման փորձ անողներն իրենց գյուղերն էլ են պահպանում»

«Աշխարհում նման փորձ անողներն իրենց գյուղերն էլ են պահպանում»
06.02.2018 | 12:44

Շուտով Գորիսի, Դիլիջանի, Աշտարակի և Հայաստանի այլ բնակավայրերի համ ու հոտը զգալու համար ստիպված չենք լինի երկար ճանապարհ անցնել։ Ազգագրական թաղամասը փորձելու է համատեղել-ամբողջացնել հայկական գյուղերի կոլորիտը` ոչ ավելի, ոչ պակաս, Երևանի քթի տակ։ Խոսքը «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցման ներդրումային ծրագրի մասին է, որ նախատեսվում է իրականացնել «Դալմա մոլ» համալիրի հարևանությամբ գտնվող տարածքում։ Ըստ ծրագրի` նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով:


Ծրագրի կողմնակիցները համոզված են, որ «Հայկական գյուղը» նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը։ Հանրությանն առանձնապես չի ոգևորում «Հայկական գյուղը»։ Մասնագետների շրջանում էլ կարծիքները միանշանակ չեն։
«Կան բազմաթիվ պատմական գյուղեր, որ ոչնչանում են, ու դրանք պահպանելու փոխարեն, որոշում են երևանամերձ տարածքում գյուղ սարքել։ Հասկացանք, աշխարհում նման փորձեր կան, բայց աշխարհում նման փորձ անողներն իրենց գյուղերն էլ են պահպանում»,- «Իրատեսի» հետ զրույցում իր կարծիքը հայտնեց վերականգնող-ճարտարապետ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, նշելով, որ Սյունիքում, Լոռիում բազմաթիվ պատմական գյուղեր ունենք, որ այսօր ոչնչանում են, այդ գումարներով կարող էին Սյունիքի Խոտ գյուղը վերականգնել, Հալիձորը, Շինուհայրը, Խնձորեսկը։


Դրական կողմ ունի՞ ծրագիրը զբոսաշրջիկներին գրավելու տեսանկյունից` հետաքրքրվեցի։ «Ամեն ինչ այսօրվա քաղաքականությամբ կենտրոնացնում են Երևանում, չեմ զարմանա, եթե հուշարձաններն էլ ամեն տեղից հավաքեն, բերեն Երևանում դնեն»,- ասաց Ստեփան Նալբանդյանը։- Բիզնես շուկա են սարքելու, այս տունը նման է Գորիսին, այս տունը` Գյումրվան։ Նույն բանը թող անեն Սյունիքում, ի՞նչ կլինի, զբոսաշրջիկն էլ Սյունիք հասնի, այնտեղ էլ մարդիկ են ապրում»։
«Կերպարվեստ» ամսագրի գլխավոր խմբագիր ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ խոսքով` երկու կարծիք լինել չի կարող. «Նախ` ինչու՞ մայրաքաղաքում կառուցել գյուղ։ Այս տարի լրանում է Երևանի հիմնադրման 2800-ամյակը, մենք Երևանը երբեք չենք համարել «մայրագյուղ»։ Գյուղական միջավայր կառուցելով մի վայրում, որտեղ երբեք գյուղ չի եղել, խնդիրը կեղծ հարթություն ենք տեղափոխում»։


Վրեժ Առաքելյանի կարծիքով` կառավարությունը պետք է չեղարկի ծրագիրը և կազմակերպի լայն հասարակական քննարկում։ Նա նաև գերկենտրոնացման վտանգ է տեսնում.
«Երևանը գերկենտրոնացած է և՛ վարչական իմաստով, և՛ մշակութային, և՛ տնտեսական։ Երկրորդ գերկենտրոնացումն է կատարվում, «Խոշոր գլխով, փոքր մարմնով երկիր» արատավոր սկզբունքն այստեղ էլ է կիրառվում»։


«Կուզեի՞ք Երևանում տեսնել «Երևան գյուղ»` դեկորներ գյուղական միջավայրից, որոնք գուցե պատկերացում կտան մեր մարզերի մասին» հարցն ուղղեցինք երիտասարդ արձակագիր ԳՐԻԳԻՆ։ «Եթե ճաշակով լինի, գուցե հետաքրքիր լինի, բայց կա մեծ խնդիր՝ իրադարձությունները տեղի են ունենում քաղաքում, ամեն ինչ կենտրոնանում է քաղաքում, և դատարկվում են մարզերը։ Եթե կա X գյուղը, ինչու՞ չգնալ և տեսնել այն, ինչու՞ պետք է այն գա Երևան։ Թող մարդը ճանապարհ անցնի, դուրս գա իր կոմֆորտ վիճակից իր ուզած վայրը տեսնելու hամար։ Օրինակ, երբ եկեղեցին իմ տան մոտ է, ես այդ եկեղեցի չեմ այցելում, որովհետև եկեղեցի գնալու համար ճանապարհ պիտի հաղթահարեմ, դժվար ճանապարհը արժևորում է նպատակակետը»։ Գրիգի կարծիքով` զբոսաշրջիկներին գրավելու համար կարելի է ավելի հետաքրքիր նախաձեռնություններ իրականացնել, քաղաքի կոլորիտը փոխել, ճաշակով շենքեր կառուցել. «Նայեք բարձրահարկ շենքերին, մեկը պատշգամբն է առաջ տվել, մյուսը մի հարկ ավելացրել է տանիքի հաշվին, այնքան խնդիր կա, որ լուծված չէ, իսկ մենք ուզում ենք մեծ նախագծեր անել, փոքրերից է պետք սկսել։ Ես հոռետեսորեն եմ տրամադրված, կարելի է ճիշտ ներդրումներ անել ու ստանալ գեղեցիկ քաղաք»։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ