Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հզոր կրքերի տասնհինգ րոպե

Հզոր կրքերի տասնհինգ րոպե
06.02.2018 | 13:03

«Լիվերպուլ»-«Տոտենհեմ» դիմակայությունը դեռ երկար ժամանակ կլինի շիկացած կրքերի բախման կենտրոնում Թեմիսի կույր լինելու վերաբերյալ հերթական քննարկումներով: Սա անվիճելի է, ինչպես անվիճելի է այն, որ այդ հանդիպումն ինչ դիտանկյունից էլ քննության առնվի, միևնույն է, գալու է հաստատելու այն պարզ ճշմարտությունը, որ եղածը շարքայիններից չէր, իսկ դրա վերջին տասը հիմնական ու մրցավարի հավելած հինգ րոպեն պարզապես փոթորիկ էր: Սակայն փոթորիկը միայն այս խաղում չի եղել: Հզոր կրքեր են եռացել և կատալոնյան դերբիում, որտեղ պարտությունից խուսափող կողմը եղել է «Բարսելոնը»: Ինչ վերաբերում է «Մոնակո»-«Լիոն» դիմակայությանը, այն հավասարազոր էր վերը հիշատակված անգլիական «սպանդին», եթե չասենք ավելին:

ԱՆԳԼԻԱ
«Լիվերպուլը» սկսեց այնքան արագ, որ մինչ «Տոտենհեմը» փորձում էր վարժվել դաշտում ծավալվելիքին, արդեն պարտվում էր 0:1 հաշվով: Գոլի հեղինակը լիվերպուլյան գրանցում ունեցող հրաշք եգիպտացին էր, որը հանդիպման ընթացքում մի անգամ էլ զրնգուն իր մասին հիշել կտա, իսկ մինչ այդ «Տոտենհեմը» դեռ պիտի կարողանար ապացուցել, որ դատապարտվածի մակարդակով չի եկել հյուր, որ խաղարկվող մեդալների համար պայքարից իրեն դուրս չի համարում, որքան էլ այն միայն արծաթի ու բրոնզի մակարդակով կարող է լինել: Կորցրածը վերադարձնելու համար Մոուրիսիո Պոչետինոյի սաներից պահանջվեց 77 րոպե: Դա փառահեղ կատարմամբ հաշվի հավասարեցում էր: ՈՒ այստեղից իրենց ասելիքը համեմատություններով համեմել սիրողները մասնավորապես կասեին՝ կայծակը որոտաց, երկինքը պատռվեց: Կատաղի պայքարը «Լիվերպուլի» տուգանայինում ավարտվեց Հարի Քեյնի վայր ընկնելով, որում մրցավարը տանտերերին 11-մետրանոցով պատժելու բավարար հիմքեր տեսավ: Չիրացված տուգանայինն առավել աստվածավախները կբնութագրեն որպես արդարության հաղթանակ ու այս ոգով կարձագանքեն Սալահի ֆանտաստիկ դրիբլինգով ավարտված դարպասի գրավմանը, որը տանտերերին նորից դարձրեց դրության տեր: Սակայն րոպեներ անց մրցավար Մոսը հերթական անգամ ականջակախ կլինի իր օգնականին, ու Քեյնն այս անգամ անվրեպ կլինի տասնմեկմետրանոցից իր կրակոցում՝ խաղի համար վերջնահաշիվ ձևակերպելով 2:2-ը:
Պակաս նյարդային ոչ-ոքի չի գրանցվի նաև «Բյոռնլի»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունում (1:1), որտեղ տանտերերը, այնուամենայնիվ, քիչ չչարացրին առաջնության առաջատարին: Պրեմիեր լիգայի լավագույն վեցյակը կազմած մյուս թիմերն իրենց հանդիպումները հաղթանակով են ավարտել («ՈՒոտֆորդ»-«Չելսի» հանդիպումը կայացել է երեկ ուշ երեկոյան): «Մանչեստր Յունայթեդը» երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Հադերսֆիլդին» ու 56 միավորով, ինչը 13-ով քիչ է մանչեստրյան մյուս ակումբի ունեցածից, երկրորդ հորիզոնականում է: Հաղթական է եղել նաև «Էվերտոնի» հետ «Արսենալի» տնային դիմակայությունը (5:1), որտեղ երեք գոլային փոխանցումով փայլել է մեր Հենրիխ Մխիթարյանը՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում յուրաքանչյուր տուր հիմնովին խմբագրման է ենթարկում առաջին վեցյակի դասավորությունը, ու միակ թիմը, որին չեն առնչվում այդ տեղաշարժերը, «Բավարիան» է, որը թիմ թիմի հետևից է պարտության մատնում ու այնպիսի հպարտ միայնության մեջ է իր հերթական ոսկուն գնում, որի մասին միայն երազել կարելի է (53 միավոր ունի` 18-ով ավելի երկրորդ տեղում գտնվողի ունեցածից): Մյունխենցիների քննությանը չդիմացողն այս անգամ «Մայնցն» էր՝ 0:2:
Սեփական հարկի տակ «Վերդերին» զիջելը (1:2) «Շալկեին» արժեցավ երկրորդից հինգերորդ հորիզոնական գահավիժում: Երկրորդում արդեն արտագնայում «Ֆրայբուրգի» հետ հանդիպումը գոլազուրկ ոչ-ոքիով ավարտած «Բայերն» է, սակայն այն ունեցած 35 միավորով բունդեսլիգայի միակ թիմը չէ, քանի որ Մյոնխենգլադբախում տեղի «Բորուսիային» նվազագույն հաշվով հաղթած «Լայպցիգը» ևս ունի նույնքան միավոր:
Հյուրընկալվելիս «Քյոլնի» նկատմամբ Դորտմունդի «Բորուսիայի» 3:2 հաշվով տոնած հաղթանակը 34 միավորով (նույնքան է և «Շալկեի» ունեցածը) վերջինիս տեղ է ապահովել չորրորդ հորիզոնականում:
Հետաքրքրական է, որ «Աուգսբուրգ»-«Այնտրախտ» դիմակայությունում եվրագոտում գտնվող հյուրերի հաղթանակը նրանց համար տեղ կապահովեր միանգամից երկրորդ հորիզոնականում, սակայն տանտերերն իրենց խաղում եղել են առավել քան համոզիչ՝ 3:0:

ԻՍՊԱՆԻԱ
Եղանակային անտանելի պայմաններում անցած «Էսպանյոլ»-«Բարսելոն» դիմակայությունը կողմերից ոչ մեկին առավելություն չբերեց, թեպետ հանդիպումն էլ անգոլ չէր: Համենայն դեպս 1:1 հաշիվն ավելի շատ հօգուտ տանտերերի էր, քանզի «Բարսելոնից» խլված ցանկացած միավոր մրցակից թիմի համար յուրօրինակ հաջողություն է:
Եթե այս վերջին ժամանակահատվածի «Ռեալը» չլիներ, «Լևանտեի» հետ նրա ոչ-ոքին խոշոր անակնկալներից կհամարվեր, սակայն ընթացիկ մրցաշրջանի «արքայականը» այնպիսի վայրիվերումներով խաղ է ցույց տալիս, որ նրա մասնակցությամբ ոչ մի կարգի հաշիվ էլ չի կարող զարմացնել: Ինչևէ՝ 2:2:
Անակնկալ խոշոր հաշվով պարտություն է կրել «Սևիլիան», ու նրան պատժողը եղել է «Էյբարը»՝ 5:1: Սա իսպանականի այս տուրի թերևս ամենասենսացիոն հաշիվն է:
Ոչ պակաս անհյուրընկալ է եղել և «Բետիսը»՝ եվրագոտում գտնվող «Վիլյառեալին» տուն ուղարկելով պարտության դառնահամը ճաշակած՝ 2:1:
«Աթլետիկո»-«Վալենսիա» դիմակայությունը մրցաշարային առումով առանձնահատուկ նշանակություն ուներ: Հաղթանակը «Վալենսիային» հնարավորություն կտար մրցակցից հետ մնալը հասցնելու երեք միավորի ու արծաթե մեդալների պայքարում շարունակելու լինել ռեալ ուժ: Սակայն արծաթից զատ վալենսիացիների համար օրակարգային էր նաև բրոնզե մեդալների համար պայքարը, քանի որ «արքայականը» ծանրորեն շնչում է նրանց թիկունքին` սպառնալով (պակաս անցկացրած խաղը դրական ելքով լուծելու դեպքում) շրջանցել նրանց: Այսքան երկար նախամուտքից հետո գուցե անցումը կտրուկ թվա, սակայն տեղի խնայողությամբ պայմանավորված՝ պիտի կարճ կապենք` «Աթլետիկոն» հաղթել է նվազագույն առավելությամբ ու Լալիգային հաղորդել անհամեմատ սրություն:
58 միավորով «Բարսելոնն» առաջին հորիզոնականում է, նրան ամենամոտ կանգնած «Աթլետիկոն» ունի 49 միավոր: «Վալենսիան» մնաց եղած 40-ով, «Ռեալը» նրանից մեկ միավորի հեռավորության վրա է: Եվրագոտում են «Վիլյառեալն» (37) ու «Սևիլիան» (33):

ԻՏԱԼԻԱ
Եթե եվրոպական գերտերությունների առաջնություններից չորսում չեմպիոնության համար պայքարը սկզբունքորեն ավարտված է (միայն հրաշքը կարող է որևէ բան փոխել), սկուդետեում վիճակը միանգամայն այլ է: «Յուվենտուսի» ու «Նապոլիի» միջև պայքարը չափից ավելի համառ է, անզիջում, ու յուրաքանչյուր վրիպում կարող է էապես վիճակ փոխել: Այս տուրն էլ անմասն չմնաց մինչ այդ եղած զարգացումներից: Ճիշտ է, «Սասուոլոյի» նկատմամբ «Յուվենտուսի» 7:0 հաշվով տպավորիչ հաղթանակը «Նապոլին» չկրկնեց, սակայն «Բենևենտոյի» նկատմամբ 2:0 հաշվով առավելությունը բերեց նույնքան՝ երեք միավոր, իսկ սա նշանակում է, որ «ծեր սինյորան» ևս մեկ տուր պարտադրված է «Նապոլիին» հետապնդողի դերում լինել: Նեապոլցիներն ունեն 60, թուրինցիները՝ 59 միավոր:
Տուրում միավորներ կորցրին «Ինտերն» ու «Սամպդորիան» (ի դեպ, երկուսն էլ սեփական հարկի տակ)՝ ոչ-ոքի խաղալով «Կրոտոնեի» ու «Թուրինի» հետ: Երկուսում էլ արձանագրվել է 1:1 հաշիվը: 45 ու 38 միավորով նրանք պահպանել են աղյուսակում ունեցած դիրքերը՝ չորրորդ ու վեցերորդ տեղեր:
Արտագնայում «Վերոնայի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը 44 միավորով «Ռոմայի» համար ամրագրված է պահել մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը, իսկ երրորդ հորիզոնականում գտնվող «Լացիոն» (46 միավոր) «Ջենովայի» հետ տուրի հանդիպումն անցկացրել է երեկ ուշ երեկոյան:

ՖՐԱՆՍԻԱ
Խոշոր հաշիվներ են արձանագրվել դիվիզիոնի առաջին չորս հորիզոնականներում գտնվող թիմերի հանդիպումներում, որոնցից մեկը եղել է իրար միջև: Սկիզբը դրել են մարսելցիները, որոնք 6:3 հաշվով հաղթանակ են տոնել մրցաշարային աղյուսակի հետնապահ «Մեցի» նկատմամբ: «Մարսելի» նախաձեռնությունը խլել է «Լիլի» դարպասը երեք անգամ անպատասխան խոցած «Պարի Սեն Ժերմենը», սակայն դիվիզիոնի հանդիպումների թագը եղել է «Մոնակո»-«Լիոն» մրցակցությունը: Հյուրերը առաջին խաղակեսի առաջին կեսում երկու գնդակի առավելություն են ունեցել տանտերերի նկատմամբ: Ի բարեբախտություն իրենց, մոնեգասկները վեց րոպեի ընթացքում հավասարեցրել են հաշիվն ու հանդերձարան գնացել, այնուամենայնիվ, կոտրված սրտով, քանի որ խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ մնացել են տասը հոգով: Բնականաբար, դժվար չէ գուշակել, որ լիոնցիները երկրորդ խաղակեսում փորձել են հանդիպման ելքը բեկել իրենց կողմը, սակայն հանդիպման ավարտից երկու րոպե առաջ «Մոնակոյին» հաջողվել է ոչ միայն խփել հաղթական գոլը, այլև մրցակցին երրորդ հորիզոնականից դուրս մղել:
«Պարի Սեն Ժերմենն» ունի 62, «Մարսելը»՝ 51, «Մոնակոն»՝ 50, «Լիոնը»՝ 48 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ