Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոչ մեկն իրավունք չունի նրան բան ասելու

Ոչ մեկն իրավունք չունի նրան բան ասելու
07.02.2018 | 18:49

Վերջին շրջանում կառավարման համակարգի փոփոխությունից ենթադրվող բոլոր օրինագծերը մեկ նպատակ ունեն՝ մեծ լիազորություններով օժտել ապագա վարչապետին: Սակայն իրականում, երբ կառավարման մոդել էր փոխվում, իշխանությունն իր կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի հետ միաբերան պնդում էր, որ ստեղծվում է հակակշիռների մեխանիզմ: Մինչդեռ, ստացվում է, որ այսօրվա վարչապետի լիազորություններին ավելանում է նաև այսօրվա նախագահի լիազորությունները, արդյունքում այդ ողջ լծակների տերուտնօրենը դառնում է ապագա վարչապետը: Խորհրդարանի դատին ներկայացվող կառավարման օղակի ցանկացած վերափոխում ու վերաձևում մեկ փիլիսոփայություն ունեն՝ ապահովել գերկենտրոնացում մեկ մարմնում: Ավելին, ոչ մի սողանցք չի մնում, բացի մեկից:


Իսկ այդ մեկն էլ տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում՝ ոչ: Այսինքն, հաշվի առնելով այսօրվա իրողությունները, հազիվ թե այդ «սողանցքը» գործի դրվի: Վարչապետի դիրքերը կարող են սասանվել, եթե խորհրդարանի մեծամասնությունը որոշի, օրինակ, վեց ամիսը մեկ վարչապետ փոխել: Ասել է՝ անվստահություն հայտնել վարչապետին և նոր վարչապետ ընտրել: Այս մեխանիզմը տրված է խորհրդարանական կառավարմանն անցնող մեր երկրին, բայց այդ իրավունքից արդյոք կօգտվի՞ այս խորհրդարանը: Սա հարց է, որ պայմանավորված է մեկ հանգամանքով. նայած թե ով կլինի վարչապետը:


Բոլոր զարգացումները և քաղաքական գործիչների հայտարարությունները ենթադրում են, որ ապագա վարչապետ կարող է լինել Սերժ Սարգսյանը: Հիմա մի պահ պատկերացնենք, թե այս խորհրդարանական մեծամասնությունը, որն ամբողջությամբ Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ է (ինչու միայն ՀՀԿ-ն, նաև ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունը), կարող է անգամ մտածել, որ ինչ-որ պահի վարչապետի հրաժարականն է պահանջելու: Նրանցից քանիսի՞ միտքը «օրորոցում» կխեղդվի, իրենք էլ դրա հետ: Պարզ է, չէ՞, որ Սերժ Սարգսյանին օրումեջ անփոխարինելի ու «հրաշալի ղեկավար» որակող ուժերը չեն կարող անգամ հրաժարականի մասին մտքեր ունենալ:


Այնպես որ, ապագա վարչապետը կարող է միանձնյա ողջ երկիրը մատների վրա «խաղացնել», ու կառավարման օղակում չկա երկրորդը, որ ասի՝ բայց դու դրա իրավունքը չունես: Բոլոր իրավունքները նրան օրենքով ու սահմանադրությամբ արդեն տրված են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ