Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ստատուս քվոն` շրջադարձի կետ

Ստատուս քվոն` շրջադարձի կետ
09.02.2018 | 01:54

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ասել է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան խնդրի կարգավորման ինտենսիվ բանակցությունները շարունակել Ադրբեջանում և Հայաստանում նախագահական ընտրություններից հետո: Դա նշանակում է, որ մինչև ապրիլ գործնական քայլեր չեն լինի, և Ադրբեջանը կշարունակի նույն քաղաքականությունը, ինչ վարել է մշտապես` խոսել բանակցություններից ու կրակել` երեկ սահմանին նորից հայ զինվոր է զոհվել: Կրակել ու բանակցել` բանակցելու վերաբերյա՞լ:
Սա միակ պարադոքսը չէ: Ադրբեջանում հազիվ թե տեղյակ չեն, որ Հայաստանում կառավարման համակարգ է փոխվել և համաժողովրդական նախագահական ընտրություններ չեն լինելու` նախագահն ընտրվելու է խորհրդարանում, և երկրի առաջին դեմք ապրիլից լինելու է վարչապետը: Պաշտոնապես դեռ հարց է, թե ո՞վ է բանակցելու Ադրբեջանի նախագահի հետ` ՀՀ նորընտիր նախագա՞հը, թե՞ վարչապետը: Համենայն դեպս` այդ հարցին Հայաստանում էլ ոչ ոք դեռ հրապարակային պաշտոնական պատասխան չի տվել: Եվ չի էլ տալու, քանի դեռ նախագահն ընտրված չէ ու վարչապետը նշանակված չէ: Ադրբեջանում արտահերթ ընտրություններ նշանակվեցին ու հոկտեմբերի 17-ի փոխարեն կես տարի առաջ են նախագահ ընտրում: Բայց գնալու ու ընտրելու են Իլհամ Ալիևին: Տպավորիչ տոկոսներով, որը պիտի արտաքին աշխարհին ի ցույց դնի նրա լեգիտիմության հաստատուն մակարդակը: Փաստը, որ հայտարարությունն արվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու Իլհամ Ալիևի հանդիպումից հետո, ենթադրությունների տեղիք է տալիս, որ ոչ թե Հիքմեթ Հաջիևն է «անտեղյակ», այլ մենք չգիտենք հնարավոր պայմանավորվածությունների ու լուծումների մասին: Չգիտենք այն, ինչ գիտեն համանախագահներն ու Իլհամ Ալիևը ապագա բանակցությունների ձևաչափի մասին: Բայց դա դավադրությունների տեսությունից է:

Ինտենսիվ բանակցությունների մասին Ադրբեջանը մշտապես է խոսում` հավելելով, որ այդ «ինտենսիվը» հասկանում է սուբստանցիոնալ բանակցությունները` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անցյալ դարում ընդունված բանաձևերի հիման վրա: Սուբստանցիոնալի ամբողջ բովանդակությունը հանգում է «օկուպացված տարածքների» անհապաղ «ազատագրմանը», որից հետո նոր միայն Բաքուն գուցե կքննարկի, գուցե չի քննարկի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Իլհամ Ալիևը և նրա տարբեր մակարդակի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա իրենց տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծումը: Փաստացի` չեն ճանաչի ԼՂՀ անկախությունը: Առավելագույնը` պատրաստ են ինքնավարության ինչ-որ աստիճանի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանության շրջանակներում: Ահա այստեղ, փաստացի, Բաքուն վերջակետում է բանակցությունները և մնում է բանակցել` հանուն բանակցելու տարբերակը` մեղավոր հայտարարելով հայկական կողմին, որ զիջումների չի գնում ու փակուղի է մտցրել բանակցությունները: Սա է իրավիճակը: Արդեն քանի տարի: Փոխվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, նրանց գործելաոճը: Պարբերաբար համանախագահներից որևէ մեկն է առաջին պլան գալիս ու ինչ-որ փակագծեր բացում բանակցությունների վերաբերյալ, բայց դա իրավիճակ չի փոխում ու չի փոխելու, քանի դեռ բանակցային սեղանին մադրիդյան սկզբունքներն են, որ կողմերը տարբեր են ընկալում: Ստատուս քվոն բոլորին հնարավորություն է տալիս պահպանել իշխանությունը և նույն քաղաքականությունը, որ վարել ու վարում են: Եվ դա պայմանավորված է նաև տարածաշրջանում արտաքին ուժերի քաղաքականությամբ: ԱՄՆ-ն ապահովում է կայունությունը և ԼՂՀ գոյությունը իբրև անկախ պետություն` չճանաչելով հանդերձ, ՌԴ-ն շարունակում է զենք վաճառել կողմերին` լուծելով իր ֆինանսական ու քաղաքական հարցերը: ԵՄ-ն ներկայացնող Ֆրանսիան մեկ ակտիվանում, մեկ պասիվանում է` հայտարարությունների մակարդակով անընդունելի համարելով ստատուս քվոն, գործողությունների մակարդակով` ընդունելով ԼՂՀ գոյության իրավունքը:

Ինչքա՞ն կարող է շարունակվել այս վիճակը: Պատասխանը ոչ միայն Հարավային Կովկասում է, այլև Մերձավոր Արևելքում: Նույնիսկ` Մեծ Մերձավոր Արևելքում, որտեղ իրադարձությունները զարգանում են հարափոփոխ սցենարներով: Համենայն դեպս` այս պահին Սիրիայի կոնֆլիկտում ներգրավված որևէ երկիր իր նախնական ծրագրերին չի հասել ու չի կարողանում այդ ծրագրերը կատարել` բախվելով մրցակիցների ու դաշնակիցների հակասական շահերին: Ձևավորվում ու քանդվում են իրադարձային ալյանսներ, պատերազմը շարունակվում է ԻՊ-ի հիմնական ուժերին վտարելուց հետո` դառնալով ավելի բաց` սեփական շահերի պաշտպանության տեսակետից:


Երբ բոլորը կռվում են բոլորի դեմ` Բաքուն կարող է գայթակղություն ունենալ ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու: Ընդամենը գայթակղություն, որովհետև որքան էլ բոլորը խառն են, Ալիևը լավ հասկանում է, որ բլիցկրիգ չի լինի, իսկ տևական պատերազմի պարագայում կարող է դրվել իր իշխանության հարցը: Դրվել ու լուծվել: Եվ նույնիսկ Անկարան ու Մոսկվան չեն կարողանա ու գուցե չեն էլ ցանկանա իրեն պահել-պահպանել: Անկարային գործողությունների ազատություն է պետք` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու իր դիրքերը տարածաշրջանում ամրապնդելու համար: Մոսկվան նոր իշխանությանը նորից կշարունակի զենք վաճառել ու գուցե իր համար ավելի նպաստավոր պայմաններով` փորձելով ազատվել նաև նավթի ու գազի հարցում Բաքվի մրցակցությունից: Նոր պատերազմը Բաքվին չեն ների` 2016-ի ապրիլին Ալիևը կորցրեց իրավիճակն ի շահ իր ծրագրերի փոխելու հնարավորությունը: Մնում է զենք գնել ու սահմանին անվերջ կրակել` արդարացնելու պետական բյուջեի ռազմական հատկացումները, ու սոցիալ-տնտեսական իրավիճակը բացատրել թշնամի Հայաստանին ոչնչացնելու նպատակով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եթե ստատուս քվոն իսկապես անընդունելի է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համար, բանակցային սեղանին նոր սկզբունքներ են պետք և քաղաքական վճռական քայլեր` ԼՂՀ-ն ճանաչելու ուղղությամբ: Բանակցության բովանդակությունը պետք է փոխվի` ալիևյան սուբստանցիոնալիզմը հաջողության հեռանկար չունի` ոչ հիմա, ոչ ապագայում: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը երբեք չեն եղել ՄԽ համանախագահների առաջարկների շրջանակներում: Տարածքային ամբողջականության և ազգի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հակասությունը պիտի հաղթահարվի միջազգային իրավունքի տեսակետից: Լեռնային Ղարաբաղը լուծում է իր ֆիզիկական գոյության խնդիրը` այս հարցը առևտրի կամ բանակցելու թեմա չէ:
Դա գիտեն բոլորը, բայց պետք է հրապարակային ընդունեն իբրև հարցի լուծման հիմնաքար, որից կբխեն մյուս որոշումները:

Դիտվել է՝ 2547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ