Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանից է վերցրել իր էմբրիոնը

Հայաստանից է վերցրել իր էմբրիոնը
09.02.2018 | 02:00

Արմեն Սարգսյանը ներհայաստանյան իր խաղը համաժամանակյա փոխարկեց արտքաղաքական պասաժով, մեկնեց աշխարհի երբեմնի երեք իմպերիաներ` Մոսկվա, Հռոմ, Միացյալ Թագավորություն, «հասկանալու» վաղուց հասկացածը: Պատահականությու՞ն, թե՞ նրբակերտ ճանապարհային քարտեզ էր, որ «առաջին գիշերվա» իրավունքն էլ վերապահվեց Ռուսաստանին: Երբեք` ոչ: Ընդ որում՝ Արմեն Սարգսյանի եռագույն «տուրնեն» ոչ այնքան հանդիպում էր հայ համայնքների, բավականին բարձրաստիճան (Անգլիայում` հատկապես) պաշտոնյաների հետ, որքան վաղուց խորհրդանիշներով ապրող (տե՛ս Հռոմի պապի նվերը Էրդողանին) աշխարհին, այդ թվում՝ հայաստանյան հանրությանը ազդանշանելու` թրենդը, իսկապես, փոխվում է:


Ի դեպ, նրբակերտ հաշվարկի արդյունք է նաև, որ այդ այցերից հետո միայն Արմեն Սարգսյանը կհանդիպի հայոց ընդդիմությանը: Ընդ որում՝ խիստ պայմանական է «ընդդիմություն» բառն այս դեպքում ի դեմս «Ելքի»` Արմեն Սարգսյանն ունի համախոհներ, որոնք ստիպված են լինելու քվեարկել նրա դեմ` հուսալով, որ Արմենը կհասկանա իրենց: Իսկ ահա նրան «կողմ» քվեարկելու պատրաստ ԲՀԿ-ն իսկապես խոր ընդդիմադիր է Արմեն Սարգսյանին, որովհետև վերջինիս «երևմամբ»` խաղը փոփոխվում է ամենևին ոչ իր օգտին, և դա այն ժամանակ, երբ «պահեստային նստարանին» է դեռ իրենց մյուս «ախոյան» Կարեն Կարապետյանը, և իրենք երկու ճակատով, «դեմ ըլլալով»` կողմ քվեարկելն էլ մի բան չէ, մանավանդ երբ կա կրեդոն` նախագահը` Սերժ Սարգսյանը, «ոնց ասի»: Իսկ նախագահն ասել է` Արմեն Սարգսյան և` առաջին փուլով:


Ի դեպ, այստեղ ևս նրբագեղ ճանապարհային քարտեզ կա. նախագահը ԲՀԿ-ի (որի քվեարկությունից է կախված Արմեն Սարգսյանի ճակատագիրը. 79 ձայն առանց ԲՀԿ-ի հնարավոր չէ) համար նույնպես հետաքրքիր պասաժ է ապահովել. Արմեն Սարգսյանի հանդիպումները ֆրակցիայի և նրա ղեկավարի հետ տեղի կունենան առանձին-առանձին, ինչն աննախադեպ է: Ասել է` Սերժ Սարգսյանը, նախ, ինքն է կարևորում ԲՀԿ դերակատարությունը, որովհետև առանց ԲՀԿ-ի առաջիկա բոլոր կարգի ընտրությունները պառլամենտում «սահուն» չեն լինի: Իսկ ԲՀԿ-ի ղեկավարի և «թամամ աշխարհ պտուտ» եկած նախագահի թեկնածուի «տետ ա տետ» հանդիպմամբ էլ հավասարության նշան է դրվում նրանց միջև... մինչև ե՞րբ. մինչև «կկուն կկանչի». այն է` մինչև քաղաքական պրոցեսները վերջնականապես կգեներացվեն հօգուտ այս կամ այն կողմի:
Իսկ հիմա ամենակարևորի մասին: Կարելի է կարծել, որ այս ամենը, իսկ առավել ստույգ` Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, այդ թվում՝ ԵՄ համաձայնագրի ստորագրումը ոչ մի կապ չեն կարող ունենալ օրերս Իլհամ Հեյդարովիչի կայացրած որոշման հետ, որով «ակունք իմաստնությանը» նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխեց ապրիլի 11: Միջազգային, ադրբեջանական, հայկական մամուլում բոլոր կարգի վարկածները հնչեցին` ընտրությունների էքստեռնացմանն առնչվող:


Կարծում ենք, սակայն, չնշվեց ամենակարևորը` Ալիևը հասկացել է, որ ինքն արդեն հեռու է քաղաքակրթական՝ խաղը գրագետ կազմակերպելու, աշխարհին ներկայանալի դառնալու, շուրջը տեղ ունեցողի հետ համահունչ քայլելու հնարավորություններից: Ասել է` նրբագեղ տրանսֆորմացվելու գաղտնիքը, որը Հայաստանին պարգևում է ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն առկա (ամերիկյա՞ն) տեղորոշիչ սարքեր, որոնք ոչ ևս են անում Ալիևի դիվերսիաները, ԵՄ համաձայնագիր կնքած, այն է` ԵԱՏՄ-ն ԵՄ-ին նախադեպորեն շաղկապած, ԵԽԽՎ-ում իրենց նոկաուտի ենթարկած (չմոռանանք, թե ինչ «հակահարված» իրականացրեց Սերժ Սարգսյանը Սեիդովի նկատմամբ), աշխարհի իմպերիաներով շրջող ապագա նախագահ ունեցող երկրի չափորոշիչներից, ուր առաջիկայում կժամանի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ «մյուս» երկրի արտգործնախարար Լավրովն էլ ասել է` դիտորդների քանակն ավելացնելու ենք հակամարտության գոտում...


Կարծում եք` պատահակա՞ն է, որ խան Ալիևը, որը կարող է անվերջ ընտրվել, նաև` իրավապաշտպան առևանգել Վրաստանից և քաղբանտարկյալ դարձնել նրան, հենց այնպես է որոշել մայիսին ազատել քաղբանտարկյալներին, հետո էլ անդամակցել ԵՄ-ին` մինչև տարվա վերջ:
Սույն կլոն-Իլհամը Հայաստանից է վերցրել կլոնավորման իր էմբրիոնը:
ՈՒրիշ ոչինչ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ