Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Այսքանից հետո էլ ի՞նչ հրավառություն

Այսքանից հետո էլ ի՞նչ հրավառություն
09.02.2018 | 03:12

Երեկ խորհրդարանը, ավարտելով հերթական նիստը, անցավ արտահերթին, որն ավելի հետաքրքիր ու բուռն անցավ: Բոլոր աղմկահարույց նախագծերը կառավարությունը որոշել էր արտահերթ ռեժիմով քննարկել: Ընդհանրապես, կարծես ավանդույթ է ձևավորվել՝ խորհրդարանի հերթական նիստերը ձանձրալի են ու թերբեռնված, իսկ արտահերթերը՝ ծանրաբեռնված և ինտրիգային:


Երեկ՝ մեկ օրում, խորհրդարանը որոշեց «հորով-մորով» անել «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը», ինչը փաստաբանների շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել` դառնալով գործադուլի և ցույցերի պատճառ (հիշեցնենք` այս նախագծով դատավորը կարող է նիստի ընթացքում մինչև 100 հազար դրամով տուգանել փաստաբաններին): Խորհրդարանականների դատին էին ներկայացվել նաև ամիսներ շարունակ բողոքի ցույցերի առիթ դարձած աջ ղեկով մեքենաների արգելքին վերաբերող օրինագիծը, «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքը, որով ԱԽ-ն կրկին անցնելու է վարչապետի վերահսկողության տակ: Մեկ այլ նախագծով էլ քննարկվեց «Հանրային խորհրդի մասին» օրենքը: Այս կառույցն էլ ենթակա է լինելու վարչապետին: Քննարկվեց նաև «Ներման մասին» օրենքի նախագիծը, որով ամրագրվում են ապագա վարչապետի` ներում շնորհելու լիազորությունները: Առաջնորդվելով արտահերթ ռեժիմով քննարկվող հարցերի տրամաբանությամբ, կարելի է ասել, որ իշխանությունը շարժվում է երկու ուղղությամբ. ամենակարևորը՝ մեծ լիազորություններով օժտել ապագա վարչապետին, իսկ տնտեսական օրինագծերով էլ հնարավորինս շատ արգելքներ, տուգանքներ ու սահմանափակումներ կիրառել` բյուջեն լցնելու համար:


Ստացվում է, որ այսօր Հայաստանում երկու հույժ կարևոր խնդիր կա. նախ` ինչպես անել, որ խորհրդարանական կառավարման համակարգն էլ միակենտրոն լինի, և ուրիշ ինչ տուգանքներ ու հարկեր սահմանել, որպեսզի տարբեր խավերի եկամուտներից պետբյուջեն հնարավորինս շատ մասնաբաժին ունենա: Փաստորեն, և՛ քաղաքական, և՛ տնտեսական հարթությունում այնպիսի թիրախներ են ընտրված, որոնք ավելի են մեծացնելու հանրային հիասթափությունը:


Որպես կատարված աշխատանքի «հատուցում», արտահերթ նիստն ավարտվեց «հրավառությամբ». խորհրդարանականները որոշեցին, որ առանց թույլտվության և սահմանված կարգի խախտմամբ հրավառություն անելու դեպքում սահմանվում է տուգանք` 1 մլն դրամի չափով: Բայց դե, այսքանից հետո էլ ի՞նչ հրավառություն:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1880

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ