Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ես իմ թերությունների ու սխալների համար բազմիցս ներողություն եմ խնդրել»

«Ես իմ թերությունների ու սխալների համար բազմիցս ներողություն եմ խնդրել»
09.02.2018 | 03:18

Հայաստանում տնտեսությունն ու քաղաքականությունն այնքան սերտաճած են, որ հնարավոր չէ տնտեսական որևէ էական տեղաշարժ առանց քաղաքական լուրջ փոփոխությունների: Երբ ընդդիմությունը պայքարում է մի դաշտում, մյուսն անտեսելով, հազիվ թե արդյունքը տեսանելի լինի: ԱԺ «Ելք» խմբակցությունը «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների, նաև դրանից բխող թանկացումների առնչությամբ արդեն երկրորդ բողոքի երթն անցկացրեց: Խնդրո առարկան տնտեսական է, սակայն ակնհայտ է, որ այդ թանկացումները միայն տնտեսության վատ կառավարման «ծնունդ» չեն, մեր երկրում ամեն ինչ քաղաքական հենք ունի: Խմբակցության անդամ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում վստահեցրեց, որ իշխանությունների կամայականությունների դեմ իրենք երկու ուղղությամբ էլ պայքարում են:

-Այս օրերին քաղաքական բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, իշխանությունը փորձում է վարչապետական երկրի բոլոր հիմքերը մեկիկ-մեկիկ դնել: Դրան զուգահեռ կան տնտեսական բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարոտ են: «Ելքը» որոշել է թանկացումների դեմ պայքարել, սակայն ակնհայտ է, որ մեր երկրում նույնիսկ «մաքրամաքուր» տնտեսական հարցերը քաղաքական աստառ ունեն: Դուք ի՞նչ եք անում քաղաքական հարթությունում, որ իշխանությունը չդառնա կրկին միանձնյա:
-Եթե Հայաստանում քաղաքական գործընթացները կազմակերպում է ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ, կա մի ուժ, որը դեմ է քվեարկում, դեմ է աշխատում, բանավիճում ու քննադատում է, դա «Ելք» դաշինքն է՝ գումարած որոշակի փորձագիտական շրջանակներ: ՈՒրիշը չկա: Եթե կա ու սա կարող է անել, բայց չի անում, նշանակում է` չի սիրում այս ժողովրդին, ուղղակի ուզում է որևէ պաշտոնում լինել, սակայն դրա հնարավորությունը չի տեսնում, դրա համար էլ չի պայքարում, ոչինչ չի անում: Հետևաբար, «Ելքը» ինչ արել է, ճիշտ է արել: Եթե այս թանկացումների ֆոնին «Ելքը» մնար ԱԺ-ում ու կոչ չաներ, թե «ժողովուրդ, եկեք փորձենք միասին մի բան անել», կոպիտ սխալ կլիներ: Լրագրողների հիմնական հարցը ինձ հենց դա կլիներ, թե ինչու ժողովրդին կոչ չեք անում փողոց դուրս գալ, ուրեմն ընդդիմություն չեք, ուրեմն վախեցաք: Ինչ վերաբերում է հարցին, թե պայքարում եք թանկացումների դեմ, փոխանակ քաղաքական հարցեր դնեք, մեկ այլ լրատվամիջոց էլ ինձ մեղադրեց հակառակում, թե պայքարում ենք քաղաքական դաշտում՝ տնտեսական խնդիրները մի կողմ թողնելով: Երկու դեպքում էլ պատասխան ունենք: Նախ՝ տնտեսական պայքարը թանկացումների դեմ պայքար է թանկացումները բերող իշխանության դեմ: Ինչ վերաբերում է տնտեսական դաշտին, իմ ամբողջ կյանքի տնտեսական, քաղաքական գործունեության արգասիքն եմ դնում այդ քննարկումներում: Բարեբախտաբար, թե՛ տնտեսական հանձնաժողովում, թե՛ Հայաստանի և Ղարաբաղի քաղաքական էլիտայի առանձին անդամների հետ զրույցներում չեն եղել մարդիկ, որոնք ինձ ասեն, թե դու սխալ ես ասում, կամ ինչու այս-այս բաները չես բարձրաձայնում: Խնդիրն այն է, որ իշխանությունները մեր խոսքը չեն կարդում, չեն դիտում մեր ելույթները: Երբ իրենք են խոսում, մենք ուշադիր նայում, լսում, վերլուծում ենք իրենց, որ համապատասխան պատասխաններ տանք, գտնենք թերություններն ու մատնանշենք:
-Ինչու՞ իշխանությունը չի արձագանքում ընդդիմությանը:
-Նրանք մի դեպքում են արձագանքում. երբ իրենց կոպիտ վիրավորում ես կամ հայհոյում: Միայն այդ դեպքում են հետաքրքրվում, որ տեսնեն ինչ ենք ասում: Այդ հարթության մեջ են խնդիրները դիտարկում: Թանկացումների համատեքստում կարևորում եմ տնտեսական ընդհանուր քաղաքականության փոփոխության հարցը: Ինձ համար անգամ ընդունելի կլինեին թանկացումները, եթե իշխանությունն ասեր, որ երեք կամ հինգ տարի հետո էս-էս ոլորտներում գումար դնելով, բյուջեն այսքան ավելանալու է: Պարոն Արամյանն ասում է՝ փողերը վերցնում ենք, որ ծառը ջրենք, բայց չի ասում, թե ինչ ծառ ենք ջրում, իրենց բյուջեի ուղերձում էլ դա չկա: Իմ ելույթից հետո նա ասաց, որ իրենց ուղերձում այդ մասին կա, ես չզլացա, 90-էջանոց ուղերձը կարդացի, բայց այնտեղ նման բան չկար: Խնդիրը հետևյալն է՝ այս իշխանությունները բյուջեի դեֆիցիտը վերացնելու համար փորձում են եղած միջոցներից ավելի շատ հարկեր գանձել ու ապրանքները թանկացնել: Սա նաև միջազգային կառույցների պահանջն է, երբ դու քո բյուջեի բացը լրացնում ես պարտքերով, գալիս է մի պահ, որ կրկին պետք է պարտք վերցնես, որ պարտքդ մարես: Այսպես շատ երկրներ են դեֆոլտի գնացել, ինչպես Հունաստանը: Նման դեպքերում միջազգային կառույցներն ասում են, որ քո երկրում կոռուպցիան մեծ չափերի է հասնում, շատ ավելորդ ծախսեր ունես, թոշակներն ու աշխատավարձերը ոչ թե պետք է բարձրացնես, այլ իջեցնես, բանկերում ավանդները պետք է սառեցնես մինչև այս խնդիրները լուծելը: Հայաստանի պարագայում, երբ գործազրկության ու աղքատության ցուցանիշները շատ բարձր են, նման մոդելը մեր պարագայում չի աշխատելու, որովհետև մեր ժողովուրդը բողոքելու ուրիշ ձև գիտի: Մեր լրատվական դաշտն էլ համոզում է, որ դու հուսահատված ես, ոչ մեկի վրա հույս մի դիր, բոլորը ծախված են, ճիշտը Սերժ Սարգսյանն է, այս պարագայում քաղաքացին լքում է երկիրը՝ համարելով, որ այստեղ չի կարող լավ բան լինել: Այս տեմպերով մենք պարզապես կվերջանանք: Դրա համար ես առաջարկում եմ ոչ թե լրացուցիչ հարկեր հավաքել, այլ լրացուցիչ պոտենցիալ ներգրավել տնտեսությունում:
-Ժողովրդի հուսահատության հարցում ընդդիմությունը մեղքի բաժին չունի՞: Խոսքը միայն «Ելքի» մասին չէ, բոլորի, այդ թվում՝ նախորդ տարիների ընդդիմադիր ուժերի:
-Ընդդիմությանը չպետք է ընդհանրացնել: Կար ժամանակ, որ ամենաակտիվ ընդդիմությունը Արտաշես Գեղամյանն էր, որի քվեներն ինձնից մի քանի անգամ ավելի շատ էին, շատ անգամ ամենաակտիվ ընդդիմություն է եղել նաև Արթուր Բաղդասարյանը, հիմա եթե ասենք՝ իրենք էլ են մեղավոր, ես էլ, ճիշտ չէ: Պետք է թացը չորից տարբերենք: Կան ընդդիմադիրներ, որոնք երբեք նման գործելակերպ չեն ունեցել ու եթե հրապարակից էլ գնացել են, ապա՝ ամենավերջինը ու ո՛չ իրենց որոշմամբ: Եթե սա դուք չեք տեսնում և ընդհանրացնում եք, սովորական քաղաքացին էլ նույն կերպ է դիտարկում բոլորին: Խնդիրն ինձ չի վերաբերում, ես իմ թերությունների ու սխալների համար բազմիցս ներողություն խնդրել եմ: Այնպես չէ, որ իմ անցած ուղով հիացած եմ, բայց գոնե չեմ ամաչում, գլուխս չեմ կախում, ոչ էլ իմ երեխաներն են ամաչում: Այսպես էլ շարունակելու եմ ապրել: Ինչ վերաբերում է ընդդիմության մեղքին, կարծում եմ, ընդդիմությունն էլ ունի մեղքի բաժին, բայց հիմնական մեղքը իշխանությանն է, նա է կրակում ժողովրդի վրա, նա է տասը հազար դրամ բաժանում, նրան են ենթարկվում ոստիկանությունը, դատախազությունը: Արդար ընտրություն ես ո՞նց եմ ապահովելու: Գործիքներն իր մոտ են, ինքն է պարտավոր դա անել, քանի որ դրա համար աշխատավարձ է ստանում: Իհարկե, կա արտաքին քաղաքական գործոնի ազդեցություն, որը եղել է 2003-ին, 2008-ին: Դա ռուսական գործոնն է, որը փոփոխություն չի ուզում այս երկրում և իր կապերով, խոստումներով ձգում է ժամանակը, մինչև մարի գործընթացը: Մնացած բոլոր առումներով, ոչ Ստեփան Դեմիրճյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունների մեջ չեմ տեսել մի բան, որը ժողովրդի դեմ արվի:
-«Ելքը» որոշ ժամանակ առաջ հայտարարում էր, որ եթե Սերժ Սարգսյանը նորից ստանձնի իշխանության ղեկը, իրենք դուրս կգան փողոց: Այսօրվա զարգացումները, իշխող կուսակցության ակնարկները հուշում են, որ Սերժ Սարգսյանն է ապագա վարչապետը: Երբ այս կանխատեսումներն իրականանան, «Ելքը» փողոց դուրս կգա՞:
-Այսօր որևէ բան բացառել չենք կարող: Ընդ որում, որևէ ուժ դա չի կարող բացառել: Հնարավոր է այնպիսի զարգացումներ լինեն, որ անգամ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն էլ փողոց դուրս գա: Երբ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունը փոխում են ու ասում են, թե դա բարեփոխում է, քաղաքական կյանքն ավելի թափանցիկ դարձնելու, կառավարման մեխանիզմներն ավելի հեշտացնելու համար է, ու երբ գործող նախագահն էլ ասում է, թե երբեք չի ողջունել երրորդ ժամկետ պաշտոնավարելը, հանկարծ պարզվում է, որ իրականությունը լրիվ այլ է ու հենց երրորդ ժամկետ գնալու համար է այդ ամենը: Բարեբախտաբար, ընդդիմության ու իմ համեստ ջանքերով կարողացել ենք այնպես անել, որ նախորդ երկու նախագահները երրորդ ժամկետով չեն պաշտոնավարելու: Հիմա ինքը նստելու է էլի նույն շենքում ու ասելու է, որ իրեն ոչ թե նախագահ, այլ վարչապետ պետք է ասել: Կարեն Կարապետյանն էլ կառավարության շենքում է նստելու, բայց իրեն ասելու են՝ պարոն փոխվարչապետ: Այս ամենից հետո Լոս Անջելեսում, Լիբանանում կամ մեր գյուղում՝ Դավալուում ապրող հայը կհավատա՞ բարեփոխումներին, տրված խոստումներին, երկրի զարգացումներին: Դա պարզապես անհեթեթություն կլիներ: Հետևաբար, այս գործընթացը միանշանակ վնաս է բերելու Հայաստանին և, առաջին հերթին, ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը, քանի որ նմանվելու ենք Ադրբեջանին: Անշուշտ, այս գործընթացը վնասելու է նաև տնտեսությանը, համատարած անվստահություն է տարածելու երկրում, ինչն էլ հանգեցնելու է չդադարող արտագաղթի:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ