Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Օսլայված» տղերքն ու արդեն իսկ կայացրած որոշումը

«Օսլայված» տղերքն ու արդեն իսկ կայացրած որոշումը
09.02.2018 | 03:25

Հանդիպումս մեր թերթի հեղինակ ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ շոշափում է հարցեր, որոնք այս օրերին բավականին արդիական են, քանի որ մեր հարցազրույցի հերոսը՝ ՀՀ նախագահի թեկնածու (ՀՀԿ-ից) Արմեն Սարգսյանը, այսօր, թերևս, Հայաստանի ամենախորհրդավոր, տագնապներ և հույսեր հարուցող գործիչն է:

ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐՆ ՈՒ «ԲՈՅԿՈՏԸ»


-Պարոն Հուրիխանյան, ի դեմս Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի, 1996 թ. նոյեմբերի սկզբներին կառավարությունն ունեցավ նոր գլուխ: Դուք այն ժամանակ մամլո ծառայության պետն էիք: Ինչպե՞ս ընդունեցիք այս նշանակումը:
-Ես կառավարությունում էի հայտնվել «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնից: Իր նրբություններով հանդերձ այն շատ ավելի անկաշկանդ, ստեղծագործական աշխատանք էր, քան այդ պահին իմ ունեցածը, իսկ ես իմ բնույթով շատ ավելի ազատ պահվածքի, ասելիքի մեջ պայմանականություններ չընդունող մարդ եմ: Հասկանալի է` ողջամտության սահմաններում: Այս նախամուտքի մեջ թերևս մի կարևոր մանրամասն էլ` կառավարությունում իմ աշխատանքի անցնելը եղել է թերթի գլխավոր խմբագրի ու չասեմ, թե ում ներքին պայմանավորվածության արդյունքը, ինչի մասին ինձ տեղեկացվել է շատ ավելի հետո: Իսկ հիմա Ձեր հարցի կոնկրետ պատասխանը: Ներքին շահագրգռության առումով այդ նշանակումն ընդունել եմ վատ, իսկ ընդհանրապես` նորմալ, քանզի այս արևի տակ ամեն ինչ հարափոփոխ է:
-Ասել է թե, չնայած Ձեր մասնագիտական բարձր որակներին, Դուք ունեիք աշխատանքից ազատված լինելու տագնա՞պ:
-Ինձ դա չթողեցին էլ ունենամ, քանզի նոր վարչապետը եկել էր մամլո ծառայության իր ապագա պետով, ու ժամանակի հարց էր նրա նշանակումը: Բնականաբար, ինձ իսկույն մեկուսացրին գործերից, չէին տեղեկացնում կառավարությունում կամ այլուրեք վարչապետի հանդիպումներից, ապարատային խորհրդակցություններից, ու սույնի հենքի վրա ավելի քան տարօրինակ էր, երբ երկու-երեք օր անց նրա երկու խորհրդականները սիամական երկվորյակի պես բարեհաճեցին իմ աշխատասենյակ՝ «ինչո՞ւ զանգվածային լրատվամիջոցներով չեմ իրազեկում վարչապետի հանդիպումները, սա ի՞նչ բոյկոտ է» դժգոհությամբ:
Զսպանակելով ողջ համբերությունս՝ ես դիվանագիտական աշխատանքի այդ գուցե թե տիտաններին (նրանք այդ ոլորտից էին), սակայն մարդկային նորմալ պահվածքից էապես հեռու անձանց բացատրեցի, որ եթե ինձ չեն տեղեկացնում վարչապետի հանդիպումների մասին, բնականաբար, ես չեմ կարող իմանալ դրանց մասին, ու որ սույնը հասկանալու համար առանձնակի խելք պետք չէ ունենալ՝ ձեռքի հետ հընթացս բացատրելով «բոյկոտ» բառի իմաստը: Չարենցյան որակմամբ այդ «օսլայված» տղերքին, բնականաբար, դուր չեկան ասածներս, բայց դե մենք էլ մարդու ա՛յս տեսակն ենք, անհիմն ու հիմար բաների առաջ չենք կարող ականջ կախել: Այս զրույցից մոտ քառասուն րոպե անց ես հրավիրվեցի վարչապետի մոտ: Առանձնապես ցույց չտալով, որ ավելի քան իրազեկված է եղածից, ասաց, որ իր հետ իմ աշխատանքը կառուցվելու է բացառապես իր խորհրդականների միջոցով:
-Ձեր արձագանքը:
-Կամքն իրենն էր: Եթե ինքն այդպես էր տեսնում աշխատանքի կազմակերպումը, ես առարկելու ոչինչ չունեի, մանավանդ կույրին էլ էր տեսանելի, որ մեր համատեղ աշխատանքն ապագա չուներ:
Խորհրդականների հետ զավեշտը շարունակվեց ևս մի քանի օր: Մի քանի դրվագ հիշատակեմ, որ ավելի ընկալելի լինի: Դիցուք` կարող էին 20.50-ին գալ, առանց փոքրիշատե մանրամասնելու, որն ինքնին անհեթեթություն է, ասել, թե վարչապետը հանդիպել է այսինչի հետ, ժամը 21.00-ի «Լրաբերը» նայել ու չհասկանալ, թե ինչու ինֆորմացիան չի գնացել եթեր:
Հստակ հասկանալով, որ դիվանագիտական ճակատի այս ներկայացուցիչների հետ գնում է նյարդերի պայքար` ես նրանց բացատրում էի, սակայն ոչ առանց ծակող հեգնանքի, հեռուստատեսության աշխատանքների կազմակերպման նրբությունների մասին, որ եթե խոսում ենք վարչապետի ունեցած ընդունելություններից կամ այս կարգի բաներից, անհրաժեշտ է նյութը համեմել բովանդակային մասով, տեսագրությամբ և այլն:
Վարչապետի բարկությունը իր պատկերացմամբ կամակոր, իմ համոզմամբ՝ գործի շահերով առաջնորդվող մարդուցս ահագնանում էր խորհրդականների ինստիտուտի՝ իմ համեստ կարծիքով չպատճառաբանված միջնորդության պատճառով: Դրա գագաթնակետը եղավ այն, որ այդ նույն խորհրդականների ձեռքով ինձ իջեցվեց, մինչ այժմ էլ դրա հեղինակի ով լինելն ինձ համար անհայտ մնացած, մի տեքստ, որը ես պարզապես հրաժարվեցի ԶԼՄ-ներին տրամադրել՝ հենվելով բացառապես լրագրողի իմ ունեցած համեստ բնազդի վրա: Չբավարարվելով դրանով՝ պատրաստեցի նյութի իմ տարբերակն ու օգտվելով նրա հետ անմիջականորեն շփվելու կապի միջոցի իմ տրամադրության տակ եղած հնարավորությունից, խնդրեցի շտապ հանդիպում:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ԱԴՄԻՐԱԼ ՆԵԼՍՈՆԻ ԱՐՁԱՆԸ, ՄԱՌԱԽՈՒՂԸ


-Արձագանքե՞ց:
-Օպերատիվորեն: Լսեց, երկու տեքստն էլ դրեց գրպանը, ասաց, որ հանրապետության նախագահի հետ շտապ հանդիպում ունի, կգա, նոր կխոսի: Եկավ ժամեր անց, չգիտեմ ինչ պատճառով, առանց մանրամասների մեջ խորանալու, ասես ի միջի այլոց, ասաց, որ տեքստի երկու տարբերակն էլ ցույց է տվել գլխավորին, հավանության է արժանացել իմ ներկայացրածը: Համենայն դեպս, այս դեպքից հետո նվազագույնի հասցվեցին խորհրդականների հետ իմ շփումները, թեպետ չեմ կարծում, որ զուտ մարդկայնորեն նրանք ինտենսիվորեն չէին աշխատում կառավարությունից իմ ժամ առաջ չքանալու ուղղությամբ: Իսկ դա եղավ շատ արագ:
-Ի՞նչ եք կարծում՝ դա պատվե՞ր էր, թե՞ հանձնարարական:
-Ինչ չգիտեմ՝ չգիտեմ: Հոգուս վրա էլ մեղք չեմ կամենում վերցնել: Վարչապետի գալուց երևի մի 10-12 օր էր անցել, իր մոտ հրավիրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Գագիկ Շահբազյանն ու ասաց, որ իրավիճակի փոփոխության պատճառով ճիշտ կլինի աշխատանքից ազատվելու դիմումս գրելը: Պատասխանեցի, որ շատ լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում իրավիճակի փոփոխություն (ի դեպ՝ իմ կյանքում նման ապուշ որակում մի անգամ էլ է եղել), սակայն նախընտրում եմ աշխատանքից ազատողի շուրթերից անձամբ լսել, թե ինչու եմ հեռացվում աշխատանքից: Նախարարը փորձեց բաներ ասել, որոնք ես իրենից պակաս չէի հասկանում: Այնուամենայնիվ համաձայնեցի դիմում գրել, որից նրա սիրտը կանգնեց: Իսկ իմ գրածն ընդամենը հոդաբաշխ բացատրության պահանջ էր, թե ինչու են ինձ աշխատանքից ազատում, ու ավելացրել էի, որ նման մտայնությամբ առաջնորդվելով՝ մենք ոչ թե երկիր, հավաբուն էլ չենք կառուցի: Շահբազյանը որքան էլ փորձեց համոզել խելքին ավելի մոտ դիմում գրել՝ խոստանալով հետագա աշխատանքի լուծում, պատասխանս եղավ՝ գործի տեղավորող եք, ձեզ տեղավորեք: Ի միջի այլոց, որքան գիտեմ, իսկ ես հաստատ գիտեմ, որ ի տարբերություն ինձ, նա վաղուց երկրում էլ չէ: Ինչևէ: Թողնենք նման բաները, թե չէ շատ բաներ կելնեն ջրի երես:
Հաջորդ օրը երեկոյան հինգին վարչապետը հրավիրեց իր մոտ: Սկսելով նրանից, որ բոլոր վարչության պետերի հետ իր հանձնարարությամբ զրուցում է Գ. Շահբազյանն ու միակ բացառությունն արվել է ինձ, ուզեց տեղեկանալ գործերից: Ես կարճ կապեցի՝ ասելով, որ անհամատեղելի եմ տեսնում իր հետ իմ գործունեությունը: Գուցե թե սա բարեկրթության սահմանների գերազանցում էր, սակայն ինձ էլ հասկացեք՝ ներքին վիրավորվածությունս անափ էր: Վերջապես այս աշխարհում հո ես ու իմ չոր գլուխը չէինք: Ես ընկերներ ունեի, շրջապատ, ընտանիք, գուցե ոմանց համար էլ հեղինակություն էի ու այսպես վերցնում… Չխոսեմ, հա՞: Նրա համար, սակայն, ասածս շատ մեծ անակնկալ էր ու, երևի թե չգտնելով հարմար շարունակություն, առաջարկեց զրույցը նստած շարունակել:
Խոսել ենք երեսուն րոպեի չափ, ու զրույցն ընդմիջվել է այն պատճառով, որ նշանակված հանդիպում է ունեցել: Ասել եմ՝ հնարավոր ամեն ինչ: Սկսած նրանից, որ ինքը հայաստանյան իրականությունում չի կարող դրսևորվել, որովհետև եթե անգամ շատ ցանկանա, թույլ չեն տա դա անել, հեգնել եմ, որ խոսակցություններ կան, թե իր գալով` Լենինի արձանի տեղը դնելու են ծովակալ Նելսոնինը, ու որ մառախլապատ Ալբիոնի կարոտախտն առանձնապես ծանր չտանի, Հանրապետության հրապարակում առավոտյան ու երեկոյան ապահովելու են լոնդոնյան մառախուղի էֆեկտ: Ասել եմ, շատ բան եմ ասել ու դրանց մեջ, այստեղ մի փոքր առաջ ընկնեմ, ամենագլխավորն այն է եղել, որ ինքը Հայաստանում վեց ամսից ավելի կյանք չունի:
Երբ 1997-ի մարտին ծանոթներից մեկի անակնկալ զանգը պահանջեց միացնել Հ1-ը` Լոնդոնից իր հրաժարականի մասին էր խոսում արդեն նախկին վարչապետը, իմ բերանից թռած առաջին արտահայտությունը պատկերացնում եք, չէ՞, ինչը կարող էր լինել: Խոշոր հաշվով, փաստորեն, ստացվում էր, որ երկրի առաջընթացը կասեցնողը ես էի, իր էլ եթե ոչ թիվ մեկ, գոնե առաջնային խնդիրներից էր հայաստանյան իրողություններից ինձ մեկուսացնելը: Ինչ ասեմ՝ եթե հոդաբաշխ ուրիշ բացատրություն կարող եք տալ եղածին, տվեք: Անցել է արդեն 22 տարի: Անկեղծ եմ ասում՝ մեջս բարկության նշույլ էլ չի մնացել, սակայն այս ընթացքում բազմիցս եմ հարցրել ինքս ինձ՝ այդ մարդը երբևիցե հիշե՞ց կամ իրեն նեղություն տվե՞ց հիշելու, թե ինչ գուշակություն եմ արել իր համար, ինչ Նոստրադամուսի է կորցրել:

ԵՐԲ ՄԻ ԵՐԿԻՐ ՉԻ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ…


-Գիտեմ, որ եթե խնդրեմ մի նոստրադամուսություն էլ անեք, չեք անի, ուստի եկեք մի փոքր հետ գնանք: Ասացիք, որ զրույցն ընդմիջվել է:
-Այո: Հակառակ այդքան չարացած խոսքերիս, վարչապետը շատ նրբորեն խոսակցությունը տեղափոխեց գործնական հուն, ներկայացրեց գաղափարախոսական աշխատանքների կազմակերպման իր տեսլականը՝ ասելով, որ դրանում տեսնում է իմ մասնակցությունը և որ իմ առաջարկություններով հանդերձ կուզենար այս զրույցը շարունակել հաջորդ առավոտ: Մտածելով, որ սա դիմացինին ցրելու քաղաքակիրթ ձև է ընդամենը, որքան էլ ծրագրերում համեստ անձս առկա էր, պատասխանեցի, որ չհամագործակցելու վերաբերյալ որոշումս վերջնական է: Արդեն դռների արանքում էի, երբ ասաց՝ առավոտյան սպասում եմ:
Կկեղծեմ, եթե ասեմ, թե չէի ակնկալում այդ հանդիպումը (մեջս չասված բաներ կային դեռ), սակայն առավոտյան հանդիպմանը չգնացի՝ օրվա մեջ սպասելով աշխատանքից ազատմանս հրամանին: Երեկոյան իննի մոտերքը կանչեց: Առաջին խոսքը կշտամբանքն էր, որ պայմանավորվածությունները չեմ հարգում: Ես դիմադարձեցի՝ պատասխանելով, որ ասելիքիս մեջ չափից ավելի հստակ եմ եղել: Նորից հրավիրեց զրույցը նստած շարունակել: Ես համոզված էի, որ անդրադառնալու է Հայաստանում իր աշխատել չկարողանալու վերաբերյալ ասածիս: Հստակ զգացվում էր, որ խոցված է, բայց և ակներևաբար ուզում էր ճշտել, թե ինչերից է բխում ասածս: Մանրամասներ չեմ բացի, միայն ասեմ, որ զրույցն ավարտվեց այսպես՝ մտադիր է լուծարելու տեղեկատվության նախարարությունը, դրա համար ստեղծվելու է հանձնաժողով, և կոնկրետ իր համար բացառիկ նշանակություն կունենան իմ առաջարկները: Չեմ կեղծելու՝ լուսահոգի Հրաչյա Թամրազյանն ինձ համար թանկ մարդ էր, կարգին ընկեր, մտավորական: Ես հանդիպել եմ նրան, հայտնել նախարարությանը սպասվելիքի մասին, ժամանակ տվել գործերը կարգի բերելու:
-Իսկապե՞ս նախարարությունը լուծարելու անհրաժեշտություն կար:
-Հետին թվով բաներ չեմ ուզում ասած լինել, սակայն եթե մի երկիր ուշադրություն չի դարձնում գաղափարախոսական աշխատանքին, որը խոշոր առումով արժեհամակարգային խնդիրների համաբույլ է, այստեղ առկա հարցերը փորձում է լուծել ոտքի վրա կամ բավարարվում է մամլո խոսնակների այս մեծամիտ, պիժոնական աշխատաոճով, նման երկրի անցնելիք ճանապարհը կարճ է, ինչպես որ անվերջ չի կարող շարունակվել զոռբայությամբ հարցեր լուծելու ուղին:
-Հետո՞ ինչ եղավ:
-Խոշոր հաշվով ոչ մի բան էլ չեղավ ինձնից խլված ժամանակից զատ:
-Դուք այլևս հանդիպում չե՞ք ունեցել վարչապետի հետ:
-ՈՒնեցել եմ: Իր իսկ հրավերով: Մեկն առնչվել է Թուրքիայի հետ հարաբերություններին՝ ինձ համար աշխատանքային գործունեության հետ մասնակի աղերսներ ունեցող կտրվածքով, մյուսը եղել է շատ ավելի հարազատ ոլորտից: Առաջինի առնչությամբ լուրջ վերապահումներ եմ ունեցել, երկրորդի առնչությամբ՝ տագնապներ, քանի որ էժանագին սենսացիաների սիրահար լրատվամիջոցները կարող էին լրջագույնս շահարկել իմ ու իմ հազար տարվա, ավաղ նույնպես լուսահոգի ընկերոջ հարաբերությունների անկեղծությունը, իսկ դեռևս Շեքսպիրից է հայտնի՝ ածուխը եթե չայրի, գոնե կսևացնի: Ասեմ, որ վերջին առաջարկի հետ կապված վարչապետն ինքն էլ որոշակի վերապահում ուներ, քանի որ տվյալ պարագայում թեկնածությունս պետական մեկ այլ սանդղակ էլ պիտի անցներ:
-Հետո՞:
-Էլ ինչ հետո: Ասաց, որ մոտակա ժամանակներն այցելություն ունի Ղարաբաղ, կգա, հարցերին լուծում կտա: Ղարաբաղ գնաց էլ, եկավ էլ, սակայն օրերն անցնում էին: ՈՒ չնայած մինչ այդ ինձ կանչելու երկու դեպք է եղել, որից մեկն անձամբ իր զանգով, ինչը, անկեղծ ասեմ, ինձ խոշոր անակնկալի է բերել, այս անգամ նախաձեռնողն ինքս եղա: Անունը չտամ, զրուցակիցս ասաց, որ վարչապետն ընտանեկան հարցերով մեկնել է Լոնդոն, նախապատրաստում է ընտանիքի տեղափոխությունը Հայաստան: Է, մենք էլ մտածեցինք, որ Լոնդոնն այնքան էլ հեռու չէ, մարդը բարով գնացել է, բարով էլ կգա: Սակայն այդ ընթացքում ականջիս տհաճ խոսակցություններ էին հասնում նրա այլևս չվերադառնալու մասով: Մի խոսքով` այսպես կես խռով, կես հանգիստ սպասումների մեջ էի, մինչև եղավ Հ1-ը միացնելու չարաբաստիկ զանգը:
-Այսքան տարիների ընթացքում երբևիցե նրան հանդիպելու ու ինչ-որ բաներ ասելու ցանկություն չի՞ եղել:
-Եղել է ու ոչ մեկ անգամ, սակայն միշտ վերջին պահին մի բան խանգարել է:
-Ի՞նչը:
-Որ այդ մարդն էլ կյանքում ինձ բաժին հասած խաչն էր:
-ՈՒ Դուք այդպես հանգիստ ասում եք` Ձեզ հաշիվ չտալով, որ Արմեն Սարգսյանը ներկայացվել է երկրի նախագահի պաշտոնում:
-Հետո ինչ, որ ներկայացվել է: Կամ՝ ի՞նչ է նշանակում հաշիվ տալ. կարծում եք՝ ինչ-որ բանի տագնա՞պ պիտի ունենամ, թե՞ մտածում եք՝ հիշողության մատյաններից պիտի ինձ քրքրեն-հանեն: Խոշոր հաշվով դրանք չափազանց մանր հարցեր են: Շատ ավելի կարևորը ողբերգականորեն դատարկվող երկիրն է, վաղվա օրվա նկատմամբ հավատի կորուստը: Կկարողանա՞ երկրի ապագա նախագահը գտնել այս հարցերին լուծում տալու ճարը, հավատացեք՝ առաջինը նրան ծափահարողը ես կլինեմ: Իսկ այն, որ ապագա նախագահը ավելի շատ ներկայացուցչական ֆունկցիաներով է օժտված լինելու, այդ կարգի դատողությունները մանուկների համար նախատեսված «Հեքիաթն է կանչում» հեռուստաշարքից են: Իրականում նա անհամեմատ մեծ գործառույթներով է գալիս:
-Բայց սահմանադրությամբ…
-Սահմանադրությունը հանգիստ թողեք: Այն գրքի ընդամենը բարձրաձայնվող էջն է: Դուք գիտե՞ք, թե ինչ ասել է պահեստային թռիչքուղի: Ավելորդ հարցեր չտաք, քանզի պատասխան չեք լսելու: Առանց այն էլ հարկ եղածից ավելի ասացի:


Հարցազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ