Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հասարակական կարծիքը նախապատրաստում են իշխանական բուրգի տրանսֆորմացիայի ընդհանուր պատկերին

Հասարակական կարծիքը նախապատրաստում են իշխանական բուրգի տրանսֆորմացիայի ընդհանուր պատկերին
09.02.2018 | 03:40

Կառավարման ներկայիս համակարգից խորհրդարանական համակարգի տրանսֆորմացիան, թերևս, հասել է այնպիսի իրավիճակի, երբ նախագահի և վարչապետի թեկնածուների շուրջ ինտրիգները, կարծես, բնականոն կերպով խաչվել են և ընթանում են զուգահեռ հարթություններում։ Եթե ապագա նախագահի հարցում որևէ կասկած չկա (այդ պաշտոնը զբաղեցնելու է խորհրդարանական մեծամասնության ընտրյալը՝ Արմեն Սարգսյանը), ապա վարչապետի հարցում ինտրիգը, այնուամենայնիվ, դեռևս պահպանվում է։ Սակայն այստեղ նույնպես հանրությունը աստիճանաբար սկսում է ավելի հստակ հասկանալ, թե զարգացումներն ինչ սցենարով են ընթանում։ Վերլուծությունները դիտարկելով՝ կարող ենք ասել, որ Բաղրամյան 26-ի PR թիմի քաղտեխնոլոգներն աստիճանաբար հանրությանը նախապատրաստում են սպասվող իրողություններին։


Ընդ որում՝ հասարակական կարծիքը նախապատրաստում են ոչ միայն այս կամ այն կադրային որոշմանը, այլև տրանսֆորմացվող իշխանական բուրգի ընդհանուր կոնֆիգուրացիային։ Այս համատեքստում Արմեն Սարգսյանի ընտրությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանն ամենևին էլ նպատակ չի ունեցել բերելու մի մարդու, որը զուտ ներկայացուցչական գործառույթներ է կատարելու, ինչպես մեզանում ընդունված է ասել՝ «անգլիական թագուհու» դերակատարում է ունենալու։ Համենայն դեպս, եթե Սերժ Սարգսյանը և «պոլիտբյուրոն» զուտ նման ֆունկցիոների պատկերացնեին նախագահի պաշտոնում, ապա ավելի անշառ մի ֆիգուրի կընտրեին, որի պակասը Հայաստանում հաստատ չէր զգացվի։
Եվ այսպես՝ ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ երրորդ նախագահը՝ ամբիցիոզ Արմեն Սարգսյանին չորրորդ նախագահի պաշտոնում առաջադրելով։ Արմեն Սարգսյանը, ինչպես կանխատեսում են շատ փորձագետներ, բացի սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթներից, իրականում շատ ավելի լայն գործառույթներ է փորձելու կատարել։ Գոնե այդպիսի լիազորություններ նրան խոստացել են։ Ընդ որում՝ դրանք կարող են լինել թե՛ ազդարարվող, թե՛ ոչ հրապարակային՝ հաշվի առնելով Արմեն Սարգսյանի կապերը միջազգային ֆորմալ և որոշ ոչ ֆորմալ ազդեցիկ կառույցների հետ։


Թերևս սխալ է գերագնահատել նրա կապերն ու կարողությունները, քանի որ ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուն ընդամենը մոտ է կանգնած այդ կառույցներին և որևէ ազդեցության լծակ դժվար թե ունենա որոշում կայացնողների վրա։ Սակայն միևնույն ժամանակ թերագնահատել էլ չի կարելի, և Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրելիս, ենթադրաբար հաշվի է առել նրա հնարավորություններն ու շրջապատը։ Ամեն դեպքում, Արմեն Սարգսյանն այն կերպարն է, որից ակնկալելու են արտաքին քաղաքական որոշակի գործառույթներ, ընդ որում, այդ գործառույթները լինելու են ինչպես հրապարակային, այնպես էլ չերևացող նուրբ խնդիրների շուրջ, որոնք պահանջելու են վերջինիս խորքային կապերը այն կառույցների հետ, որոնք, որպես կանոն, չեն գովազդվում։ Այս համատեքստում, իհարկե, Արմեն Սարգսյանն արտաքին քաղաքական դաշտում ինչ-որ չափով կրկնօրինակելու է արտաքին քաղաքական գերատեսչության ֆունկցիաները։


Բնականաբար, Արմեն Սարգսյանին ընտրելով ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնի համար, Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ վերջինս զբաղվելու է նաև Հայաստանում, պայմանականորեն ասած, ներդրումային երկրորդ ակումբի ձևավորմամբ, որն ավելի շատ արևմտյան վեկտոր պետք է ունենա։ Սակայն հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանն արևմտյան խոշոր կորպորացիաների, այդ թվում՝ տրանսազգային, ծրագրեր է ունեցել հետխորհրդային տարածքում, չի բացառվում, որ նրա վրա այդ հարցերը կարգավորող կոնկրետ գործառույթներ էլ են դրվելու։ Այնպես որ, Արմեն Սարգսյանը դիտարկվում է որպես գործիչ, որը կարող է ներդրումների նոր խողովակ բացել։ Այս առումով վերջինիս գործունեությունը արտաքին տնտեսական, ներդրումների ներգրավման առումով գուցե խաչվի ապագա վարչապետի կամ առաջին փոխվարչապետի պարտականությունների հետ։ Եթե համարենք, որ նշվածը գործող վարչապետ Կարեն Կարապետյանի առաջնահերթությունն է, ապա չի բացառվում, որ արտաքին քաղաքական ոլորտին զուգահեռ Արմեն Սարգսյանը փոխլրացման քայլեր անի նաև արտաքին տնտեսական բնագավառում։


Սերժ Սարգսյանը, որպես փորձված, մշտապես շախմատային հաշվարկներ անող քաղաքական գործիչ, ի դեմս կայացած, ինքնաբավ Արմեն Սարգսյանի, տեսնում է մի գործչի, որը կարող է ռուս-արևմտյան հարաբերությունների հետ կապված ֆորսմաժորային իրավիճակում լրացուցիչ կամուրջ դառնալ դեպի արևմտյան հայտնի կառույցներն ու գործիչները, որոնց հետ կարելի է առնվազն այլընտրանքային համագործակցության եզր բացել։
Բացի այդ, Արմեն Սարգսյանն ունենալու է նաև հակակշռողի դեր հենց երկրի ներսում՝ իշխանական բուրգում։ Նա, որպես քաղաքական ֆիգուր, բացասաբար չի ընկալվում հասարակության կողմից՝ հաշվի առնելով նրա համեմատաբար չվարկաբեկված լինելը, Վազգեն Սարգսյանի կողմից իբրև թե տուժած լինելու մասին առասպելը, որոշակի խարիզման։ Ինչպես փորձագետներից ոմանք են նշում, նա Հայաստանում ընկալվում է որպես քաղաքակիրթ մարդ՝ ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների մեծ մասի։ Այդ առումով նա ինչ-որ չափով նման է վարչապետ Կարեն Կարապետյանին։ Եվ հենց այս հանգամանքներից ելնելով՝ կարող ենք ասել, որ նրան հայաստանյան քաղաքական դաշտ բերելով՝ փորձում են չեզոքացնել նույն Կարեն Կարապետյանի բարձր վարկանիշը։ Այս երկու գործիչներին հանրությունը գրեթե նույն կերպ է ընկալում՝ կայացած և ինքնաբավ անհատականություններ, բարեփոխիչներ։ Որոշակիորեն տարբերվում են, թերևս, արտաքին քաղաքական վեկտորները, և Արմեն Սարգսյանը կարող է իր կողմը գրավել Կարեն Կարապետյանի երկրպագուների հոծ զանգվածի մի մասին։


Նշված պարագայում խոսել այն մասին, թե Արմեն Սարգսյանը զուտ ներկայացուցչական ֆիգուր է, ակնհայտորեն ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձ է։ Նախագահի պաշտոնը, իհարկե, ներկայացուցչական է, սակայն, տվյալ դեպքում, կոնկրետ անձից ելնելով՝ այդ պաշտոնը բոլորովին այլ իմաստ է ստանում։
ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ համակարգային հերթական գործչին ասպարեզ բերելով, իշխանական դաշտի առանցքային պաշտոնները զբաղեցնում է այնպիսի մարդկանցով, որոնք հասարակական ընկալման մեջ քիչ թե շատ ընդունելի են։ Այս պարագայում, երբ իշխանական համակարգը նրբորեն ներմուծում է մարդկանց, որոնք բոլոր առումներով կարող են միմյանց մրցակից լինել, ՀՀ գործող նախագահը փորձելու է խաղալ նրանց բնական և հատուկ հրահարվող հակադրությունների վրա. եթե Սերժ Սարգսյանն է վարչապետ դառնում, ապա փորձելու է փոխվարչապետի նկրտումները հավասարակշռել չորրորդ նախագահի ամբիցիաներով, իսկ ինքը կրկին, ինչպես սովորաբար եղել է, ստանձնելու է արբիտրի դեր։


Թերևս դժվար չէր կանխատեսել, որ Սերժ Սարգսյանի՝ նոր նախագահի հետ կապված մանևրներն այնքան էլ դուր չեն գալու քաղաքական դաշտի այլ դերակատարների՝ սկսած ՀՀԿ-ից, որը հերթական անգամ հայտնվեց Սերժ Սարգսյանից անտեսված կամ «քցված» կարգավիճակում։ Փաստորեն, ՀՀԿ շարքերը զգում են, որ իրենք ընկալվում են զուտ որպես «քաղաքական մեծամասնություն» կոչվող գործիք և ԱԺ-ում ընդամենը կոճակ սեղմող։ Սա, իհարկե, դժգոհությունների առիթ է դառնում, ինչն արտահայտվում է տարբեր ազդեցիկ խմբերի կողմից վերահսկվող կամ ուղղորդվող մամուլում։ Այս համատեքստում պատահական չէ, որ վերջերս ՀՀԿ կազմավորման ակունքներում կանգնած գործիչներից մեկը՝ Վազգեն Կարախանյանը, հարցազրույցում իրենց կողմից ներկայացվող չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին խոսելիս, ուղղակիորեն ասել էր, որ վերջինս կապեր ունի մասոնական օթյակների հետ՝ ըստ էության ակնարկելով, թե որևէ կերպ չի հասկանում` ինչպես են համադրվելու մասոնական գաղափարախոսությունն ու ՀՀԿ ազգային պահպանողական, նժդեհական ուղղությունը։


Իշխանական այլ շրջանակների ներկայացուցիչներ էլ մամուլի միջոցով ակնարկում են, թե Արմեն Սարգսյանը թեև համարվում է արևմտյան կողմնորոշմամբ գործիչ, ու ոմանք անգամ ասում են, թե նա ոչ թե ՀՀ իշխանական համակարգից դուրս գործիչ է, այլ հենց արևմտյան համակարգերի դրածոն է Հայաստանում, այնուամենայնիվ, նաև հիշեցնում են, որ դեռևս 1983 թվականին՝ այն ժամանակ դեռ խորհրդային գիտնական Արմեն Սարգսյանը գործուղվել էր Քեմբրիջ սովորելու։ Ակնարկը պարզ է. չէ՞ որ խորհրդային ոչ մի գիտնական չէր կարող առանց համապատասխան թույլտվության հայտնվել այնպիսի երկրում, ինչպիսին Անգլիան է։ Այստեղ նշվում և ակնարկվում են նրա ոչ միանշանակ, ավելի քան կասկածելի հնարավոր կապերը որոշ կառույցների հետ։


Արմեն Սարգսյանի ակտիվ և նպատակաուղղված պետական քարոզչության ֆոնին ակներև են նաև սև PR-ի տարրեր։ Իսկ որ նախագահական նստավայրից է հրահանգված ամենաբարձր մակարդակով իրականացնել Արմեն Սարգսյանի քարոզչությունը, ներքին ու արտաքին լսարանների համար բարձրացնել նրա իմիջը, ազդեցությունն ու կշիռը, կասկած չկա։ Հատկապես երբ հաշվի ենք առնում, որ հենց Բաղրամյան 26-ն է ղեկավարում Արմեն Սարգսյանի PR-ը, վերջինիս կապը հասարակայնության հետ ապահովում է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը, որը բազմամյա փորձ ունի հենց լրատվամիջոցների հետ աշխատելու գործում։ Իշխանական և անկախ դիրքավորվող հեռուստաընկերությունների եթերից էլ ակներև է, որ հրահանգ է տրված դրական լույսի ներքո լուսաբանել Արմեն Սարգսյանի յուրաքանչյուր քայլ։ Իսկ Արմեն Սարգսյանն էլ խորամանկ մարտավարություն է ընտրել՝ իբրև նախագահ առաջադրվելուց առաջ վերջնական որոշում ընդունելու համար հանդիպում է հասարակության տարբեր սեգմենտների հետ, սակայն իրականում զբաղվում է զուտ քաղաքական PR-ով, և յուրաքանչյուր նման հանդիպում վերածվում է լրացուցիչ ինֆորմացիոն առիթի։


Այս օրերին տեղի ունեցածից կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը մեծ խաղադրույք է կատարում Արմեն Սարգսյանի վրա, և նրան, սպասվածին հակառակ, բնավ էլ ձեռնտու չէ (գոնե առայժմ) շատ թույլ կերպար նախագահի պաշտոնում։ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, ցանկանում է, որպեսզի ՀՀ ապագա նախագահը լինի ֆունկցիոնալ, որը շատ բացեր կփորձի փակել ապագա իշխանական դասավորումներում, որտեղ աստիճանաբար ուրվագծվում է նաև Սերժ Սարգսյանի տեղը՝ ամենայն հավանականությամբ, վարչապետի պաշտոնում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1713

Մեկնաբանություններ