Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կզսպի՞, արդյոք, Իրանն իր թևավոր հրթիռներով Թուրքիայի զավթողական ախորժակը

Կզսպի՞, արդյոք, Իրանն իր թևավոր հրթիռներով Թուրքիայի զավթողական ախորժակը
09.02.2018 | 04:10

Աստիճանաբար բյուրեղանում է իրադրությունը թե՛ Աֆրինի, թե՛ նորահայտ «թուրքական սուլթան» Ռեջեփ Էրդողանի իրական մտադրությունների շուրջ: Քրդական աղբյուրները տեղեկացնում են, որ հունվարի 27-ի խորհրդաժողովում Թուրքիայի նախագահը թույլ է տվել այնպիսի արտահայտություններ, որոնք դժվար է մեկնաբանել այլ կերպ, եթե ոչ հավակնություն հսկայական տարածքների նկատմամբ: Ընդ որում՝ ոչ միայն սիրիական:

«Մենք քայլեր ենք անում, և մեր ազգը կհետևի մեզ, որովհետև Թուրքիան միշտ գերիշխող է եղել անգամ իր սահմաններից դուրս, ուստի և մենք պետք է պետությունը պահենք-պահպանենք այնպիսին, ինչպիսին եղել է միշտ: Հետաքրքիր է, ո՞վ է մեզ համար գծել Թուրքիայի ներկա քարտեզը, որովհետև ֆիզիկապես մենք խիստ տարբերվում ենք մեր երկրի իրական տարածքներից,- անամոթաբար հայտարարել է Էրդողանը:- Մեր երկրի հողը կրճատվել է, ու մենք թույլ չենք տա, որ այն մնա այնպիսին, ինչպիսին է ներկայումս, մենք պետք է պաշտպանենք մեր եղբայրներին նաև աշխարհի այլ մասերում»:


Եվ այսպես, Էրդողան էֆենդին հրապարակայնորեն հայտարարել է «նոր օսմանիզմի» պլանի իրագործման քաղաքականությանը Թուրքիայի վերադարձի մասին: Չէ՞ որ երբեք «թուրքական հող» չի եղել Թուրքիայի շրջակա ոչ մի տարածք, բացի այն ժամանակաշրջանից, երբ տարբեր դարաշրջանների քաղգործիչներն ու մտածողները բացահայտորեն և՛ Եվրոպայի, և՛ Ասիայի բռնակալ ու «հիվանդ» էին անվանում ի տեր հանգուցյալ Օսմանյան կայսրությունը: Այսպիսով, վերջերս Թուրքիայի նախագահի արած հայտարարությունների էությունն այն է, որ նրա քիմքին հաճելի է ընդլայնել Թուրքիայի ներկա սահմանները՝ նպատակ ունենալով «պաշտպանել այլ երկրներում ապրող եղբայրներին»: Դժվար է պատկերացնել, որ այդ քայլերն Էրդողանը պատրաստվում է ձեռնարկելու միայնակ, առանց ԱՄՆ-ի, Իսրայելի, ՆԱՏՕ-ի և այլոց աջակցության: Իսկ օսմանյան թուրքերի եղբայրները, եթե հետևենք նրանց նախընթաց տարիների տրամաբանությանն ու հայտարարություններին, սփռված են մոլորակի համարյա բոլոր ծագերում. առաջին օրինակի համար հեռուն գնալ պետք չէ, դա, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն» է, անկախ Կիպրոսի տարածքը, որը զավթվել է դեռ անցած դարի 70-ական թվականներին: Ահա և երկրորդ օրինակը, որ կողքներիս է. այդ հենց թուրքերն ու հանգուցյալ Հեյդար Ալիևն էին տարիներ ի վեր աշխարհի գլուխը մտցնում, թե իրենք «մեկ ժողովուրդ-երկու պետություն» են: Եվ ամենևին էլ առաջին տարին չէ, որ գրվում է, թե նաև նպատակ կա Նախիջևանի տարածքը գրեթե «զիջելու» Թուրքիային: Այդ են վկայում պարբերաբար ստացվող տեղեկություններն այն մասին, որ Նախիջևանում համարյա մշտական բազավորման վայրեր են տրամադրվում թուրքական բանակին: Համենայն դեպս, թուրք-ադրբեջանական հսկայական քանակությամբ համատեղ զորավարժությունների անցկացումը վաղուց գաղտնիք չէ:


Սիրիան ու Իրաքը նույնպես Թուրքիայի «մեր եղբայրների», այսպես կոչված, թուրքմենների, բնակության վայրերն են: Դա նաև Իրանի տարածքի զգալի մասն է, որտեղ ապրում են տարբեր թրքալեզու ազգեր ու ենթաազգեր: Դա Միջին Ասիան է, ինչպես և Աֆղանստանի հյուսիսային մասը, նույնիսկ Արևմտյան Չինաստանի հսկայական տարածքներ, էլ չենք խոսում Ռուսաստանի Դաշնության, այդ թվում՝ Ղրիմի, ապա և Մոլդովայի ու գրեթե ամբողջ Բալկանյան թերակղզու մասին: Թուրք առաջնորդի հայտարարությունները հնչել են սիրիական, հիմնականում քրդաբնակ Աֆրին քաղաքի վրա թուրքական բանակի հարձակման ֆոնին, որն իրագործվում է տխրահռչակ «Սիրիական ազատ բանակի» մաս կազմող թուրքմենական և արաբական ուժերի համագործակցությամբ, ինչպես նաև Աֆրինի և այլ բնակավայրերի, կարևոր ռազմավարական տարածքների ու օբյեկտների համար շարունակվող մարտերի պայմաններում: Այնպես որ, ամենևին էլ «քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչների» ոչնչացումը չէ Էրդողանի մտքին: Նա «փորձաքայլ» է արել «մեր եղբայրների պաշտպանության» ինչ-որ նախագծի առնչությամբ՝ «մեր հողերի կրճատման» օժանդակ թեզիսի և «մենք թույլ չենք տա, որ այն (այսինքն՝ թուրքական տարածքը- խմբ.) մնա այնպիսին, ինչպիսին է ներկայումս» սպառնալիքի ուղեկցությամբ: Դատելով այդ սպառնալիքի հնչեցման ժամանակի ընտրությունից, Էրդողանին ուղղակի հրահանգ է տրված հենց այն նույն ուժերի կողմից, որոնք սկզբում Սիրիայի քրդերին հրապուրեցին ԱՄՆ-ի խնամակալության տակ գտնվող, այսպես կոչված, «Սիրիայի ժողովրդավարական ուժերի դաշինքի» շարքերը, իսկ հիմա ծուլորեն կոչ են անում թուրքերին «սահմանափակվել», «զուսպ լինել» և սպառնում են Սիրիայի այլ մասերի քրդերին, եթե նրանք մտադրվեն գնալ Աֆրինի վրա՝ օգնելու ցեղակիցներին: Հիշեցնենք՝ ներխուժման սկզբում ամերիկացիները նախազգուշացրել էին, որ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կռված ոչ մի զինյալ չմեկնի Աֆրին՝ թուրքական բանակի դեմ կռվելու համար, և որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի դաշինքի» այն կազմավորումները (իսկ դրանց շարքերում հիմնականում քրդեր են- խմբ.), որոնք կհեռանան ռազմաճակատի իրենց տեղամասերից ու կմեկնեն Հալեպի հյուսիս (այսինքն՝ Աֆրին), կզրկվեն ամերիկյան ռազմատեխնիկական օժանդակությունից:


«Մեր եղբայրների» տարածքների հաշվին Թուրքիայի ապագա ընդարձակումների մասին Էրդողանի հայտարարությունները հնչել են այն համատեքստում, որ նա ինքը, կարծես, մի կողմից երկերեսանիորեն հավաստիացնում է աշխարհին, թե «մենք չենք ձգտում զավթել սիրիական հողերը, սակայն ուզում ենք օգնել հայրենիք վերադառնալու ներկայումս Թուրքիայում գտնվող 3,5 մլն փախստականներին», մյուս կողմից էլ, այն համատեքստում, որ նա արդեն բազմիցս սպառնացել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը հասցնել մինչև Մանբիջ, որը վերահսկում են քրդերը՝ ամերիկացիների հետ մեկտեղ (հաղորդվել է, թե թուրքերն արդեն ռմբակոծել են Մանբիջը և իբր այնտեղ զոհվել է ամերիկյան երկու հատուկջոկատային), նույնիսկ մինչև Իդլիբ, ինչպես հաղորդել է NTV հեռուստաալիքը, նա հայտարարել է. «Եթե ալլահը թույլ տա, ապա մենք կհասնենք մինչև Իդլիբ»: Հիշեցնեմ, որ այդ նահանգում դեկտեմբերի վերջից մինչև հիմա սիրիական բանակը, նրա դաշնակից աշխարհազորայինները (իսկ դրանք միայն շիաներ չեն) ռուսական ՌՏՈՒ-ի աջակցությամբ, պատկերավոր ասած, «լխկում են» ԻՊ, «Ան-Նուսրա» և այլ խմբավորումների մեջ մտնող թուրքմենների ավազակախմբերի ահաբեկիչներին: Վերջապես, այս հայտարարությունները հնչել են ներսիրիական կարգավորման նպատակով Սոչիում կայացած հանդիպումների նախօրեին: Ի՞նչ է, Թուրքիայի նախագահը, չնայած Իրանի բազմակի նախազգուշացումներին, մտադիր է կոտրե՞լ Աստանայի բանակցությունների ձևաչափը, որի շրջանակներում էլ անցկացվում են Սիրիայի վերաբերյալ Սոչիի հանդիպումները: Հիշեցնեմ, որ դեռ հունվարի 21-ին, այսինքն, թուրքերի Աֆրին ներխուժելուց մեկ օր հետո, Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամմադ Բաղերին իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում, որը, ի դեպ, նախաձեռնել էր թուրքական կողմը, Անկարային կոշտ նախազգուշացրել էր, որ Աֆրինի ռազմական գործողությունը չպետք է վնաս հասցնի Աստանայի հաշտության բանակցություններին, և ընդգծել էր Սիրիայի տարածքային ամբողջականության, սուվերենության և անկախության պահպանման անհրաժեշտությունը:

«Այդ միջոցառումները չպետք է Սիրիայի ժողովրդի և իսլամական աշխարհի թշնամիների, հատկապես ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից օգտագործվեն Սիրիայում իրենց դավերի իրականացման համար»:
Իրանցի հայտնի քաղաքագետ Ասղար Զարեին հունվարի 28-ին ISNA գործակալության թղթակցի հետ զրուցելիս, մեկնաբանելով Հյուսիսային Սիրիայում տիրող նորագույն իրադրությունը, նշել է, որ Աֆրինի վրա թուրքական հարձակումը դժվարացրել է հաշտության բանակցությունները, որ սկսել էին Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը արաբական երկրում պատերազմին վերջ դնելու նպատակով. «Այսպես կոչված, «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքի վրա Թուրքիայի հարձակումը երկիմաստություն է առաջ բերել Սոչիում կայանալիք ազգային երկխոսության կոնգրեսի շուրջ: Խորհրդաժողովը կարող էր դրականորեն ազդել Աստանայում սկիզբ առած գործընթացի վրա և նպաստել սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը, սակայն Թուրքիայի ներխուժումը Աֆրին ցաքուցրիվ արեց այդ հույսերը և բարդացրեց իրադրությունը»: Զարեին նախազգուշացրել է, որ թուրքական քայլը կարող է սպառնալիքի տակ դնել Աստանայի բանակցություններում ձեռք բերված դժվարին պայմանավորվածությունները: Իրանցի փորձագետի հետ դժվար է չհամաձայնել: Չէ՞ որ, ի տարբերություն Սիրիայի առնչությամբ տեղի ունեցող բանակցությունների մյուս ձևաչափերի, Սոչիում ներկա էին Սիրիայի փաստորեն բոլոր ներքին ուժերի ներկայացուցիչները, բացառությամբ թուրքամետ «ընդդիմության» և Էր-Ռիադում նստող, այսպես կոչված, «Բանակցությունների բարձրագույն կոմիտեի» (ԲԲԿ), որ արևմտյան մամուլում այսպես էլ կոչվում է՝ «Էր-Ռիադի խումբ»: Այսինքն, ռուսաստանյան Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսը (ԱԵԿ) բոյկոտել են բացառապես ԱՄՆ-ի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի խամաճիկները: Պաշտոնական Անկարայի ներկայացուցիչները եկել էին Սոչի, բայց փոխարտգործնախարարի մակարդակով: Մինչդեռ Սոչի եկել և կոնգրեսի շրջանակներում աշխատում էին անգամ սիրիացի քրիստոնյաները, այդ թվում՝ հայեր:


Ինչ վերաբերում է քրդերին, ապա, ինչպես հունվարի 29-ին RT-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, Սիրիայի քրդերը ներկայացված են կոնգրեսում, նրանց հրավերներ ուղարկվել են անհատական կարգով: Լավրենտևը նաև ավելացրել է, որ միջոցառմանն ընդամենը կմասնակցեն սիրիական հանրության մոտ 1,6 հազար ներկայացուցիչներ, ներառյալ կառավարության անդամներ ու ընդդիմության տարբեր խմբերի ներկայացուցիչներ: Մինչև 2018 թվականը՝ մինչև «Սոչիի ձևաչափով» հանդիպումները, Թուրքիայի պահանջով սիրիացի քրդերին առհասարակ անտեսում էին և չէին հրավիրում այս կամ այն բանակցություններին, լինեին դրանք Ժնևում, թե նույնիսկ Աստանայում: Եվ հասկանալի է, որ հայտարարություն ձեռնարկելով «աշխարհի այլ մասերում մեր եղբայրներին պաշտպանելու» մտադրության մասին, հանուն որի Էրդողանը թույլ չի տա, որ Թուրքիայի տարածքը «մնա այնպիսին, ինչպիսին է ներկայումս», Թուրքիայի նախագահը հաստատ գիտեր, որ Սոչի գալու են նաև Սիրիայի քրդական համայնքի ներկայացուցիչներ: Նա, հավանաբար, իմացել է նաև, որ Սոչիի ԱԵԿ-ին մասնակցելու են նաև Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Էրդողանի հակահայ տրամադրվածությունը, ինչպես և նրա հակաքրդական դիրքորոշումը լայնորեն հայտնի են ամբողջ աշխարհում: Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Էրդողանի հունվարի 27-ի հայտարարության արձագանքը թյուրքական համարվող պետություններում, բայց կասկած չկա, որ առնվազն պետք է անհանգստանան բալկանյան երկրներում, Վրաստանում, Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում և այլուր: Ինչ վերաբերում է Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին, ապա, կարծում եմ, Թեհրանը, Մոսկվան ու Պեկինը կստիպեն Էրդողանին հրաժարվելու Թուրքիայի տարածքն ընդլայնելու խոստումներից և հեռացնելու զորքերը Սիրիայից:


Անկարան, հավանաբար, որոշել է թեթևամտորեն վերաբերվել Իրանի դիվիզիայի գեներալ-մայոր Բաղերիի այն նախազգուշացումներին, որ Աֆրինը՝ Աֆրին, բայց Սիրիայի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու սուվերենությունը պետք է պահպանվեն: Եվ ահա արդեն Սիրիայի քրդական ժողովրդավարական միություն կուսակցության (PYD) առաջնորդ Սալեհ ալ-Մուսլիմը բացահայտորեն մեղադրում է ԱՄՆ-ին Թուրքիային հրահրելու համար: Իսկ սիրիացի քրդերի որոշակի մասը... սկսում է սերտորեն համագործակցել Սիրիայի կառավարության հետ: Այսպես, հունվարի 19-ին «Ալ-Մասդար» գործակալությունը հաղորդել է, որ «չնայած Սիրիայի կառավարության և քրդական ժողովրդավարական միություն կուսակցության միջև եղած քաղաքական տարաձայնություններին, Դամասկոսը կշարունակի YPG-ի ստորաբաժանումներին թույլատրել ամրապնդել Աֆրինի կանտոնը: Եվ արդեն երկու օրում Հալեպի տարածքով անցել է Էլ-Հասեկեի և Մանբիջի մարտիկների երեք զորասյուն: Աֆրինի վրա գրոհի եռուն պահին դարձյալ բազմիցս հաղորդվել է, որ Սիրիայի կառավարությունը շարունակում է թույլատրել YPG-ին Հալեպի իր տարածքով ապահովել Աֆրինի մատակարարումն ու ամրապնդումը: Հավանաբար PYD-ի քրդերը համագործակցում են ոչ միայն Բաշար Ասադի, այլև Ռուսաստանի և Իրանի ռազմական հետախուզությունների հետ: Եվ Անկարան, ամենայն հավանականությամբ, այնքան էլ չէր հասկացել, որ Իրանում՝ Մակրանի առափնյա շրջանում և Օմանի ծոցում, հունվարի 22-24-ին անցկացված «Մոհամմադ Ռասուլուլլահ-5» երկօրյա խոշորածավալ զորավարժությունները պատահականորեն չէ, որ սկսվել էին գեներալ-մայոր Բաղերիի հեռախոսազրույցից անմիջապես հետո, ընդ որում՝ ցամաքային ու օդային ուժերի, ՀՕՊ ստորաբաժանումների, ինչպես նաև ռազմածովային նավատորմի մասնակցությամբ: Ինչպես հայտարարել էր զորախաղերի գլխավոր հրամանատար փոխծովակալ Հաբիբոլլա Սայարին, այդ զորավարժությունները «նպատակ ունեն մեծացնելու բանակի հնարավորություններն ու խաղաղության և բարեկամության ուղերձ հղելու տարածաշրջանի մյուս երկրներին»:


Հազիվ թե Թուրքիան պետք է ուրախանա այն հանգամանքից, որ «Մոհամմադ Ռասուլուլլահ-5» զորավարժություններն անցկացվել են Իրանի հարավարևելյան մասում, ոչ թե Թուրքիայի և Իրաքի սահմանների մոտ, որովհետև զորախաղերի վերջին օրը Իրանի զինվորականները հաջողությամբ արձակեցին երկու նոր թևավոր հրթիռ՝ «երկիր-երկիր» դասի «Ghadir» և «Nasr» հրթիռները, իսկ ցամաքային զորքերը զորախաղերի հենց առաջին օրն արձակեցին նույն դասի «Fajr-5» և «Nazeþat» հրթիռներ: Այլ կերպ ասած, թեև զորավարժությունները տեղի են ունեցել առափնյա գոտում, Իրանի զինվորականները բացահայտորեն փորձարկել են ցամաքային նպատակակետերին ուղղված հրթիռային գրոհներ, ոչ թե ծովային: Եվ հազիվ թե վերը նշված «խաղաղության ու բարեկամության ուղերձը տարածաշրջանի մյուս երկրներին» նախատեսված լիներ միայն Մակրանի և Օմանի ծոցի հետ առնչություն ունեցող երկրների համար: Համենայն դեպս, դատելով այն բանից, որ «Մոհամմադ Ռասուլուլլահ-5» զորավարժությունների հենց առաջին օրն ամերիկյան երկու գծանավերը արագ հեռացան այդ ջրերից, Իրանը նախազգուշացրել է նաև ամերիկացիներին՝ այս զորախաղերով «մի հետաքրքրվեք», պարոնայք ամերիկացիներ: Հիշելով, թե Սիրիայի կապակցությամբ ինչպես էր իր թևավոր հրթիռներն օգտագործում Ռուսաստանը, երևի տեղին է պնդել, որ իր ճշգրիտ նշանառությամբ, ավերիչ մեծ ունակությամբ երկու թևավոր հրթիռների փորձարկումներով Թեհրանը «խաղաղության ու բարեկամության» ուղերձ էր հղում հենց Թուրքիային: Իսկ ահա հունվարի 27-ին Էրդողանի արած հայտարարություններից հետո, երևի, պետք է ակնկալել Իրանի այլ զորավարժություններ ևս, երկրի արդեն արևմտյան մասում՝ Իրաքի և Թուրքիայի սահմանների մոտակայքում: Այլ կերպ թուրք նախագահի զավթողական ախորժակը հազիվ թե որևէ մեկը կարողանա զսպել:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ