Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Օպտիմալացման հոգոցը... հոգեբուժարանում

Օպտիմալացման հոգոցը... հոգեբուժարանում
09.02.2018 | 04:16

Մի քանի ամիս առաջ, ավելի ստույգ` 2017-ի հոկտեմբերի վերջին մեր թերթում «Ողբերգազավեշտ» հանրածանոթ խորագրի ներքո տպագրվեց «Օպտիմալացված հոգեբուժարանի հոգոցը» նյութը։ Շահագրգիռ մեր ընթերցողները կարող են նյութին ծանոթանալ թերթի կայքում։ Մյուս ընթերցողներին հիշեցնենք, թե ինչու էր, նախ, օպտիմալացվել Երևանի Նորքի հոգեբուժարանը, և օպտիմալացման պատճառով ինչ վիճակում էին հայտնվել հոգեկան հիվանդներն ու հոգեբուժարանի անձնակազմը։ Այնուհետև անցնենք օրվա խնդրին, ինչի մասին խոսվում է ներկա նյութի և՛ վերնագրում, և՛ ենթավերնագրում։

Նորքի հոգեբուժարանի քառահարկ և ընդարձակ շենքը, որը շրջապատված է ծառազարդ և գեղատեսիլ ընդարձակ բակով, կտրել էր օպտիմալացմամբ ՀՀ-ն Սինգապուրի վերածող ՀՀ բարձրաստիճան կառավարիչների աչքի քունը։ Ի վերջո, Նորքի պատվարժան վերոնշյալ հաստատությունը միավորվում է «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի հետ, որտեղ լայն գործունեություն էր ծավալել մասնագիտությամբ հանրային առողջության և առողջապահության կազմակերպիչ (այսինքն, ամենևին էլ ոչ հոգեբույժ, հոգեվերլուծաբան կամ հոգեբան), Նորքի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Միրիջանյանը։ Նորքի հոգեբուժարանը վաղուց արդեն ծառայում է ՀՀ կառավարության գերագույն տեսլականին, այն է` սինգապուրացնել երկրի տնտեսությունը խաղատների և զվարճանքի օբյեկտների կառուցմամբ։ Նորքի նախկին հոգեբուժարանի շենքն ու հարակից այգին այսօր արդեն հընթացս վերաիմաստավորվում են զվարճանքի և շահումով խաղերի հերթական կենտրոնի։ Սույն պատմատնտեսական չարաբաստիկ եղելությունն արձանագրելով` հյուրընկալվենք Նուբարաշենի հոգեբուժական հաստատությունում, որն այսօր խիստ արդիական և բավականին խռովահույզ անվանում ունի` «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»։


Եթե նախկինում տնօրենի պաշտոնակատար տիար Միրիջանյանը ձեռնարկում էր զուտ վարչահրամայական բռնաճնշումների (զորօրինակ, 2017-ի սեպտեմբերի 1-ի հրամանով հոգեբույժի խորհրդատվության մեկ այցի վարձավճարը տան պայմաններում սահմանվել էր 25 հազար դրամ, իսկ հոգեբանի նման այցը` 20 հազար դրամ և այլն), ապա վերջերս սեփական մտասևեռումների ձեռքը կրակն ընկած հավերժ պաշտոնակատարը մի գլուխգործոց է կերտել, որն արժանի է համահայաստանյան, ինչու չէ, նաև միջազգային հանրահռչակման։ Այսպես, սովորաբար հոգեբուժական հաստատություններում կան խնամքի բաժանմունքներ, որտեղ չկան դռներ, հիվանդների անքննելի վարքը վերահսկելու նպատակով։ Այսպես է ողջ Երկիր մոլորակում։ Հասկանալի է, որ կանայք այլ բաժանմունքներում են խնամվում, տղամարդիկ` այլ, և նրանց միջև չկա որևէ հաղորդակցություն` ո՛չ բարոյագեղագիտական, ո՛չ էլ ֆիզիկական շփման ձևաչափում։ Սակայն օպտիմալացման գործի «մեծ գիտակ» Միրիջանյանը հոգեկան հիվանդությամբ տառապող կանանց և տղամարդկանց (տղաներին և աղջիկներին) տեղակայել է մեկ բաժանմունքում։ Տեսեք, թե ի՜նչ գերսյուրռեալիստական պատկեր է աչքի առաջ։ Բաժանմունքի պալատները դռներ չունեն, սակայն ունեն մեկ զուգարան, որից հավասար իրավունքներով օգտվում են և՛ տղամարդիկ (տղաներ), և՛ կանայք (աղջիկներ)։ Ամենայն հավանականությամբ, Գագիկ Միրիջանյանը խիստ «մտահոգված» է ՀՀ-ում ծնելության նվազման փաստով և փորձում է նման նորամուծությամբ կարգավորել խնդիրը։
Հարգարժան պարոն Ալթունյան, պաղատում եմ, որ այցելեք Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» և քննեք իրավիճակը տեղում։ Այն է` կա՛մ պաշտոնազրկեք տնօրենի պաշտոնակատար Միրիջանյանին (եթե վերջինս էապես խախտել է կարգը), կա՛մ էլ նրան ներկայացրեք պետական պարգևի։ Մեր տվյալներով` Գագիկ Միրիջանյանը պատրաստվում է գիտական թեզ պաշտպանելու հետևյալ թեմայով. «Երբ խնամքի կարոտ հոգեկան հիվանդ կինն ու տղամարդն օգտվում են նույն զուգարանից միևնույն ժամին, դա էապես նպաստում է նրանց հոգեկան առողջության վերականգնմանը»։ Հավանաբար այս «հեղափոխական» ձևաչափով է տիար Միրիջանյանը փորձում «կոտրել» բնակչության շրջանում առկա կարծրատիպերը հոգեբուժության և այդ պրոֆիլի հիվանդանոցների նկատմամբ։

Այս ամենից հետո տնօրենի պաշտոնակատարի վարչահրամայական բռնարարքները, թերևս, չեն զարմացնի որևէ մեկին։ (Սակայն կարող են զայրացնել նրա վերադասին, ՀՀ առողջապահության նախարարությանը)։ Տեսեք, օպտիմալացնելով երկու բուժհաստատությունները, Գագիկ Միրիջանյանն օպտիմալացնում է աշխատակազմը։ Հասկանալի է, որ իր նորամուծությունները չընկալողներին է հորդորում հեռանալ` համաձայն սեփական դիմումի, մյուսների հետ կնքում է աշխատանքային պայմանագրեր 1, 1,5 և 2 ամիս ժամկետներով։ Այսինքն` մշտական տագնապի մեջ է պահում բուժանձնակազմին։ Սրա վրա ևս թող ուշադրություն դարձնի ՀՀ առողջապահության նախարար պարոն Լևոն Ալթունյանը։ Իսկ մենք սպասենք դեպքերի զարգացմանը, հուսալով, որ, այնուամենայնիվ, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» կհաղթանակի առողջ հոգեբանությունը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. «Իրատեսը» վերստին պատրաստ է հրապարակելու Գագիկ Միրիջանյանի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուների պարզաբանումները։

Դիտվել է՝ 4613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ