Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը միշտ էլ ուրույն մշակութային դիմագիծ է հաղորդել Երևան քաղաքին»

«Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը միշտ էլ ուրույն մշակութային դիմագիծ է հաղորդել Երևան քաղաքին»
09.02.2018 | 04:32

«Իրատեսի» հյուրը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՄԱՐԻՆԵ ՕԹԱՐՅԱՆՆ է: Նա ղեկավարում է թանգարանը 1996 թվականից: Զրույցը նպատակ ունի լույս սփռելու մեր մայրաքաղաքի մշակութային կյանքի ինքնօրինակ կառույցներից մեկի գործունեության վրա, մատնանշելու այն նորարարական նախաձեռնությունները, որոնց շնորհիվ այս թանգարանը գայթակղիչ է դարձել 21-րդ դարի մարդու համար:

«ՎԼԱԴԻԼԵՆ ԲԱԼՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԱՌԱՋԻՆ ԲԱՑՕԹՅԱ ՀԱՄԵՐԳԸ»


-Մարինե, անցյալ տարի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը տոնեց հիմնադրման 50-ամյակը: Անշուշտ, թանգարանները, առավել քան որևէ այլ կառույց, կոչված են պահպանելու և սերնդեսերունդ փոխանցելու պատմական, նախասկզբնական արժեքներն ու նախանձախնդիր լինելու դրանց անխաթարությունը չկորցնելու հարցում: Եվ այսուհանդերձ, որևէ թանգարան չի կարող ստիպել մարդկանց բացել իր դուռն ու հաղորդակցվել իր պատերի ներսում պարփակված արժեքներին, եթե դրանք մատուցվում են ժամանակակից չափանիշներին անհարիր ձևով ու մեթոդներով: Եվ ուրեմն, ի՞նչ է պահպանվել Սպենդիարյանի տուն-թանգարանի այսօրվա կենսաձևի մեջ ավանդական սկզբունքներից, և ի՞նչն է թարմ ու նորարար:
-Ինչպես որ հիսուն տարի առաջ հիմնաքարը դրվել է, կարծես թե այդպես էլ շարունակում է իր քայլարշավն այս թանգարանը: Նախ և առաջ նկատի ունեմ այն, որ թանգարանն իր ստեղծման հենց սկզբից ուրույն մշակութային դիմագիծ է հաղորդել Երևան քաղաքին, հանդես եկել նոր նախաձեռնություններով: Այս են վկայում արխիվային նյութերը: Հենց միայն մեր պուրակում կազմակերպվող բացօթյա համերգներն արդեն ասվածի լավագույն ապացույցն են: 1960-70-ական թվականներին այդպիսի բացօթյա համերգների մշակույթը բնորոշ չի եղել ոչ մի հաստատության, էլ ուր մնաց՝ թանգարաններին: Տուն-թանգարանի բացումից մեկ-երկու տարի անց հիմնադրի՝ Վլադիլեն Բալյանի նախաձեռնությամբ է կազմակերպվել առաջին բացօթյա համերգը, որն ունեցել է աննախադեպ հաջողություն: 1967-72 թվականներին է տուն-թանգարանը ղեկավարել Վլադիլեն Բալյանը և իր կազմակերպած միջոցառումներին մասնակից է դարձրել այնպիսի՜ մարդկանց՝ Առնո Բաբաջանյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Էդվարդ Միրզոյանին:
-Այսինքն՝ երաժշտական աշխարհի ամենանշանավոր դեմքերին:
-Այո՛: Եվ մարդկանց հիշողության մեջ այս թանգարանը տպավորվեց որպես իր գործունեությունը նաև սեփական պատերից դուրս իրականացնող մշակութային օջախ: Չէ՞ որ մարդիկ թանգարանների մասին ունեն կարծրացած պատկերացում. թանգարանները համարում են իրենց պատերի ներսում քարացած, ավանդական մոտեցումներով գործող կառույցներ: Իսկ Սպենդիարյանի տուն-թանգարանը կոտրեց այդ կարծրատիպերը:
-Մի բան, որ այսօր արդեն չի զարմացնում ոչ ոքի, որովհետև գրեթե բոլոր թանգարաններն են ակտիվացրել իրենց շփումներն արտաքին աշխարհի հետ, արտաթանգարանային նախաձեռնությունները բնորոշ են շատ այլ թանգարանների ևս: Սակայն 50 տարի առաջ դա իսկապես նորարարություն է եղել:
-Շատ նշանավոր մտավորականներ ու արվեստագետներ են գնահատել գործունեության այդ ձևը, Մարիետա Շահինյանն է գովեստով խոսել այդ մասին: ՈՒ այդպես էլ շարունակվել է թանգարանի գործունեությունը հետագայում: Վլադիլեն Բալյանին հաջորդած տնօրենը՝ կոմպոզիտոր Ծովակ Համբարձումյանը, որը տնօրինել է թանգարանը մինչև 1988 թվականը, մեկ այլ հետաքրքիր քայլ է կատարել՝ թանգարանը մոտեցնելով հասարակ, մշակութային կյանքի հետ անմիջականորեն առնչություն չունեցող մարդկանց՝ գյուղացիներին: Թանգարանն այն ժամանակ ունեցել է իր փոքրիկ մեքենան, որով պարբերաբար գնացել են Հայաստանի հեռավոր գյուղեր ու կազմակերպել միջոցառումներ: Պատմում են անգամ, որ երբ որևէ տեղում հայտնվում էր այդ մեքենան, մարդիկ միանգամից ուրախանում էին, որովհետև մեքենայում ոչ միայն թանգարանի աշխատակիցներն էին լինում, որոնք հանրահռչակում էին Սպենդիարյանի ստեղծագործություններն ու կյանքին վերաբերող մանրամասները, այլև այդ ժամանակի խոշոր արվեստագետները, երաժիշտները, որոնք իրենց ելույթներով հարստացնում էին գյուղի բնակչության կյանքը: Սա իսկապես շատ հետաքրքիր, յուրօրինակ նախաձեռնություն է, որը մինչ օրս շարունակվում է՝ նոր ձևի մեջ, իհարկե: Մենք այսօր որդեգրել ենք գեղեցիկ մի ավանդույթ՝ «Թանգարանային գիշերները» կազմակերպում ենք թանգարանից դուրս՝ պուրակում: Հնչում է ջազ, դասական կամ այլ ժանրի երաժշտություն, առհասարակ լինում է մշակութային իրարանցում մեր պուրակում: Սա ամենակարևոր ավանդույթներից է, որի սկիզբը դրել է Վլադիլեն Բալյանը, և որը շարունակվում է մինչ օրս: Բախտավոր ենք, որ այս թանգարանում տարիների ընթացքում աշխատել են մարդիկ՝ սկսած տնօրենից մինչև գիտաշխատող ու էքսկուրսավար, որոնք գնահատել են իրենց նախորդների կատարած գործը, պահպանել ու շարունակել այն լավագույնը, որ եղել է նախորդների աշխատանքում ու հրաժարվել, իհարկե, նրանցից, որոնք դարձել են ժամանակավրեպ, ոչ պահանջված: Մեծ պատիվ է շարունակել այնպիսի մարդկանց սկսած գործը, որոնք Հայաստանի մշակութային կյանքում մեծ հեղինակություն են եղել: Շնորհակալ ենք Սպենդիարյանին, որ մեզ հնարավորություն է տվել լինելու և գործելու իր արվեստի լուսավոր աշխարհում:

«ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿՅԱՆՔԸ ՈՉ ԹԵ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ Է ԱՌԱՋ ԳՆԱՑԵԼ, ԱՅԼ ԹՌԻՉՔՆԵՐՈՎ»


-Այսօր էլ այս թանգարանը հետամուտ է նորարարությունների ներդրմանն իր գործունեության մեջ: Պատմեք, խնդրեմ, այդ մասին:
-Կարծում եմ՝ տարածքով փոքր լինելով՝ այս թանգարանն իր վրա մեծ գործառույթ է վերցրել: Բոլորիս համար էլ վերջին տարիներին կյանքը ոչ թե քայլ առ քայլ է առաջ գնացել, այլ թռիչքներով: Եվ այդ թռիչքները մուտք գործեցին նաև թանգարանային աշխարհ: Երբ 1996-ին եկա թանգարան, հասկացա, որ կան բաներ, որոնք իմ սերնդի համար արդեն խորթ են, ուր մնաց թե ապագա սերունդներին գրավեն: Մտածում էի ինչ-որ նոր բաներ անելու մասին, բայց պարզ է, որ այդ ծանր ժամանակաշրջանում հնարավորությունները սուղ էին: Այդ տարիներին մի շատ կարևոր բան արեցինք. մեր ունեցած շատ հին համակարգչով թվայնացրինք մեր ֆոնդերը: Հասկացանք, թե ինչ ունենք, ինչպես կարելի է դրանք օգտագործել նոր ցուցադրության մեջ: 2007 թվականին բախտ ունեցա լինելու Բոստոնում՝ USAD-ի կազմակերպած՝ թանգարանների տնօրենների վերապատրաստման ծրագրի շրջանակներում: Այնտեղ հասկացա, որ աշխարհը բավական առաջ է գնացել, ու մենք շա՜տ հետ ենք աշխարհից: Վերադառնալուց հետո թանգարանի վերանորոգման նախագծերի մեջ փոփոխություններ մտցրի՝ նախատեսելով նորագույն տեխնոլոգիաների ներգրավումը: Հենց այդ ժամանակ ներմուծեցինք «Վիրտուալ դիրիժոր» խաղը: 21-րդ դարի սերունդը, գալով թանգարան, ոչ միայն ուզում է տեղեկություններ ստանալ, այլև իր հետաքրքիր ժամանցը կազմակերպել, ժամանցին անմիջական մասնակցություն ունենալ: Ամբողջ աշխարհում այսօր դա է հասարակության պահանջը: Զբոսաշրջիկներն էլ են դա փնտրում: Բայց որպեսզի այդ ժամանցն ինքնանպատակ չլիներ, մենք որոշեցինք նորագույն տեխնոլոգիաների կիրառության միջոցով ժամանակակից սերնդին հաղորդակից դարձնել Սպենդիարյանի թողած ստեղծագործական ժառանգությանը: Իսկ մեծագույն նպատակը դասական երաժշտությանը մոտեցնելն է:

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ ՈՒ ՍՐՏԱՄՈՏ Է ԴԱՌՆՈՒՄ ԴԱՍԱԿԱՆ

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ»


-Ձեր գրավիչ, երևակայություն շարժող խաղերը, ստացվում է, ունեն շատ լայն ու կարևոր գործառույթ՝ մարդկանց մերձեցնել բարձր երաժշտությանը, որի հանդեպ հետաքրքրության պակասն ակնհայտ է մեր օրերում:
-Դե իհարկե, սա մի ձև է, որի շնորհիվ ժամանակակից մարդու համար ավելի մատչելի ու սրտամոտ է դառնում դասական երաժշտությունը: Երբ մարդու հետ իր լեզվով ես խոսում, հեշտ է կայանում ըմբռնումը: Բայց և այս ամենը մենք համադրում ենք հնի հետ՝ ստեղծելով հնի ու նորի ներդաշնակություն: Ինտերակտիվ խաղերի անցկացմանը զուգահեռ, իհարկե, մենք անխաթար կերպով պահպանում ենք հուշային հատվածը՝ Սպենդիարյանի իրերը, սենյակում դրանց դասավորությունը: Այս ամենը կրում է դարաշրջանի շունչը: 20-րդ դարը ներկայացնող միջավայրից, հին կահ-կարասիով ձևավորված սենյակից այցելուն դուրս է գալիս ու հայտնվում 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաների աշխարհում, բայց որոնց միջոցով նա կրկին Սպենդիարյանին է տեսնում ու վերադառնում Սպենդիարյանին՝ բայց արդեն իր համար դյուրին ճանապարհով: Եվ տեսնում է ոչ միայն Սպենդիարյանին, այլև դասական այլ կոմպոզիտորների: Անցյալ տարվա մեր ձեռքբերումներն են երեք նոր վիրտուալ ինտերակտիվ ծրագրերը, որոնց միջոցով ոչ միայն երեխաներին, այլև ավագ սերնդին կարողանում ենք ուսուցողական պրոցեսի մեջ ներգրավել: Այս ծրագրերը, որոնք ստեղծել են թանգարանի հանրահռչակման բաժնի աշխատակիցները և տեխնիկապես իրականացրել «Ինտերակտիվ վորլդ» ընկերության մասնագետները, մեծ աշխուժություն են մտցրել թանգարանի կյանքում, ընդլայնել են թանգարանի ծառայությունների դաշտը, ավելացրել նրա արտաբյուջետային հոսքերը: Հավելեմ նաև, որ թանգարանի կայքում ունենք վիրտուալ շրջայցի ծրագիր. մարդն իր տանը նստած կարող է տեսնել մեր ցուցադրությունը: Մեր 50-ամյակի առթիվ ստեղծել ենք հիսուն տեսակի հուշանվեր, որոնց վրա կա Սպենդիարյանի «կնիքը», որոնք պարունակում են սպենդիարյանական որևէ մասունք, մեր ցուցանմուշների որևէ դրվագ: Եվ սա էլ թանգարանի մատուցած հավելյալ ծառայությունների մի օրինակ է, որը հնարավորություն է տալիս այցելուներին այստեղից իրենց հետ տանելու մի բան, որը հետագայում կհիշեցնի Սպենդիարյանի ու նրա տան մասին և գուցե կառաջացնի ցանկություն՝ ևս մեկ անգամ այցելելու: Եվ, ի վերջո, հոբելյանական տարվա մնայուն ձեռքբերումը «Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը» գրքի հրատարակումն էր, որն ամփոփում է թանգարանի 50-ամյա պատմության տարեգրությունը: Այս բոլոր ծրագրերը կյանքի են կոչվել ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ:

«ԵՐԱԺՇՏԻՆ ՈՉ ԹԵ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՊԻՏԻ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԻ, ԱՅԼ ՆՐԱ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՒՐԵՄՆ ԴՐԱՆՔ ՊԻՏԻ ԿԱՏԱՐՎԵՆ»


-Հասարակության ո՞ր շերտն է առավել ակտիվ հաճախում Սպենդիարյանի տուն-թանգարան:
-Ինչպես և մյուս թանգարաններում, այստեղ էլ առավել ակտիվ հաճախող զանգվածը հանրակրթական դպրոցների աշակերտությունն է: Հաջողված կարող եմ համարել մեր աշխատանքը մանկավարժների հետ. սա այսօր թանգարանների համար չափազանց կարևորվող գործառույթ է: ՈՒսանողները մի քիչ պասիվ են, թեև կան դասախոսներ, որոնց ուսանողները ամեն տարի պարտադիր այցելում են թանգարան: Բայց պիտի խոստովանեմ, որ մենք քիչ ծրագրեր ունենք ուսանողների համար, պետք է լրացնենք այդ բացը և նրանց համար նույնպես ավելի հետաքրքիր դարձնենք մեր գործունեությունը: Վերջին տարիներին ակտիվացել են նաև ընտանեկան այցելությունները, հատկապես՝ հանգստյան օրերին: Զբոսաշրջիկների ներգրավման հարցում դեռ տեսանելի ու ցանկալի արդյունքներ չունենք, որովհետև թանգարան-զբոսաշրջային կազմակերպություններ համագործակցությունը, մի տեսակ, գործնական բնույթ չի ստանում: Իհարկե, այստեղ նաև դեր են խաղում զբոսաշրջիկների նախասիրությունները, այն, թե ինչպիսի զբոսաշրջիկներ են այցելում մեր երկիր, ինչ են նրանք փնտրում այստեղ: Շատ կարևոր է նաև ճանաչելիության խնդիրը: Սպենդիարյանին, նրա ստեղծագործությունները, ցավոք, լավ չեն ճանաչում աշխարհում, և այդ բացը թանգարանն իր գործունեությամբ չի կարող միայնակ լրացնել: Դրան կարող են նպաստել մեր երաժշտախմբերը, նվագախմբերը՝ իրենց արտերկրյա համերգներում Սպենդիարյանի ստեղծագործությունների կատարումներով, որպեսզի մարդիկ ճանաչեն այս կոմպոզիտորին ու Հայաստան այցելելիս ցանկանան լինել նրա տուն-թանգարանում: Երաժշտին ոչ թե թանգարանը պիտի ճանաչելի դարձնի, այլ իր ստեղծագործությունները. ուրեմն դրանք պիտի կատարվեն:

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ