Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հոլիվուդի աստղը

Հոլիվուդի աստղը
09.02.2018 | 04:38

Երբ պատմական դեմքի, տվյալ դեպքում` թատրոնի ու կինոյի աշխարհահռչակ ռեժիսորի մասին, թող ներվի արտահայտությանս համար, տոննաներով ու կիլոմետրերով գրվել է, երբ գրեթե ամեն ինչ հայտնի է, ապա իմաստ չունի գրիչ վերցնել: Բայց հենց այդ «գրեթեն» է` նոր փաստերը, որ ստիպում են մեկ անգամ ևս անդրադարձ կատարել:
Խոսքը Ռուբեն Զաքարի Մամուլյանին (1897, Թիֆլիս-1987, Վուդլենդ-Հիլզ, ԱՄՆ) է վերաբերում: Հայրը ականավոր թիֆլիսցի էր, ոչ միայն բանկատեր, բարերար` Թիֆլիսի բարեգործականի խորհրդի անդամ, այլև զենքը ձեռքին թուրքերի դեմ կռվել էր Սարիղամիշի ճակատամարտում: Այսինքն` իսկական հարուստ էր, և իսկական` նշանակում է ինտելեկտուալ, ազգի և հասարակության հոգսի հանդեպ պատասխանատու մարդ: Կինն էլ` Վերգինեն, դերասանուհի էր: Հիմա հպանցիկ տեսնենք, թե ով էր բանկատիրոջ ու դերասանուհու որդին:
Վեցամյա Ռուբենին ծնողները տարան Փարիզ, որտեղ երեխան 4 տարի սովորեց Մոնտեն լիցեյում: Երիտասարդ Մամուլյանն ուսանեց Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, բայց գերակշռեց մայրական գենը, և նա երեք ամիս հաճախեց Վախթանգովի ռեժիսորական դասընթացներ: Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Մամուլյաններն արտագաղթեցին Փարիզ, իսկ Ռուբենն անցավ Լոնդոն, ապա 1923-ին` ԱՄՆ, ուր աշխատանքի տեղավորվեց Իսթմենի երաժշտական դպրոցում: Նյու Յորքի թատրոններում նա իրականացրեց շուրջ 60 դրամատիկական ու երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն գործեցին ամերիկյան թատրոնի զարգացման վրա:


1929-ին Ռուբեն Մամուլյանը ոտք դրեց կինոյի ասպարեզ` ձեռք բերելով համաշխարհային համբավ: 1940 թ. նրա «Արյուն և ավազ» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին, որպես լավագույն գունավոր կինոնկար: 1980 թ. Մամուլյանի անունը գրանցվեց «Բրոդվեյի փառքի դահլիճում»: 1983-ին, կինոյի ասպարեզում նշանակալի ավանդի համար, արժանացավ ամերիկյան կինոռեժիսորների բարձրագույն Գրիֆֆինի մրցանակին, նրա անվամբ աստղ տեղադրվեց Հոլիվուդի փառքի ծառուղում:
Ռ. Մամուլյանը կինոարվեստ ներդրեց մի շարք նորարարություններ` առաջին անգամ օգտագործեց երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա, առաջին անգամ նկարահանեց տաղավարից դուրս, շարժվող տեսախցիկով, օգտագործելով միաժամանակ մի քանի տեսախցիկ, «Քաղաքի փողոցները» ֆիլմում առաջին անգամ գործածեց ձայնը կադրից դուրս, իսկ նրա «Բեքքի Շարփ» ֆիլմը (1936 թ.) կինոյի պատմության մեջ առաջին լիամետրաժ գունավոր կինոնկարն է: Վերջինիս համար Նյու Յորքի 13 առաջատար թերթերի կինոքննադատները «ՈՒոլդորֆ-Ասթորիա» հյուրանոցում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ռ. Մամուլյանին ճանաչեցին տարվա լավագույն կինոռեժիսոր: Հանդիսությանը ներկա չգտնվող Ռ. Մամուլյանը ռադիոյով շնորհակալություն հայտնեց, մասնավորապես ասելով. «Այդ պարգևը ինձնից բացի ուրիշ որևէ մեկի համար կարևոր չէ: Կարևորը Նյու Յորքի քննադատների այն ոգին է, որով նրանք համախմբվել են, ժամանակ են տրամադրել և ցույց տվել, որ նախանձախնդիր են արվեստի զարգացման գործում: Արվեստը քննադատների գնահատումով է զարգանում»:


Հարց է ծագում` հայ մամուլը հետևու՞մ էր Ռուբեն Մամուլյանի ստեղծագործական առաջընթացին:
Դեռևս 1927 թ., երբ ռեժիսորը Նյու Յորքում բեմադրեց «Պորգի» մյուզիքլը, արժանացավ թատերական հանրության ու մամուլի ջերմ ընդունելությանը, իշխան Վոլկոնսկին Փարիզում լույս տեսնող ռուսալեզու «կՏրսպՊվՌպ վՏՉՏրՑՌ» թերթում արտատպեց ամերիկյան ու եվրոպական մամուլի որակումները և դրանք բնորոշեց որպես ռուսական արվեստի հաղթանակ: Այդ գնահատականը խիստ դուր չեկավ Արշակ Չոպանյանին, որը 1929 թ. իր «Անահիտում» զայրացած գրեց. «…Արդարև, Մոսկուայի գեղարուեստական միջավայրին մէջ կազմուած է Մամուլեան, բայց հայ է` ինչպէս հայ էր Վախթանկեանը, Սթանիսլաւսքի դերասանապետին ստեղծած թատրոնին մեծանուն բեմադրիչը, որուն աշակերտն է Մամուլեան: Իր տաղանդին կազմաւորիչ միջավայրը ռուսական եղած է, միջավայրն, ուր այդ տաղանդը իր անձնական բնաշրջման կատարը կը բարձրանայ` ամերիկեան է, բայց ինքն իսկ տաղանդը մեր ցեղէն բխած է, և մեր իրաւունքն է մեր ցեղին վերագրել աղբիւրը մտաւոր ուժին, որ կը յայտնուի այդ երիտասարդին մէջ, որ արդէն իր հայ ըլլալը ամենուն կը յայտարարէ որոշապէս»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ