Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Գինի (կարճամետրաժ ֆիլմի սցենար)

Գինի (կարճամետրաժ ֆիլմի սցենար)
09.02.2018 | 04:41

Սցենարի հեղինակ ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
Քահանա ԵՂԻՇԵ ԳԵՂԱՄՅԱՆՑԻ «Յիշողութիւնների» մոտիվներով

Նախատեսված է հայ-վրացական համատեղ արտադրության համար
Գործողությունը տեղի է ունենում XIX դ. 70-ական թթ. Թիֆլիսում

Հեղինակի ձայն -Գիգի:
Ապրել Թիֆլիսում ու գինի չխմել` անհնար էր: Խմում էին բոլորը` ահել թե ջահել, հարուստ թե աղքատ, կին թե տղամարդ: Խմում էին օրվա բոլոր ժամերին: Խմում էին ջրի փոխարեն, բա հո չէի՞ն խմելու Քռի ջուրը…
Ես ավարտել էի գիմնազիան և քեռուս` Կովկասի փոխարքայի գրասենյակի պաշտոնյայի հովանավորությամբ որպես գրագիր աշխատանքի անցա մաքսատանը, որի հաճախորդները վաճառականներն էին:
Ես քիչ էի խմում` օրվա մեջ հազիվ երկու շիշ: Մի անգամ ինձ այցելեց ծանոթ մի վաճառական, սեղանիս դրված գինուց խմեց, դեմքը ծամածռեց ու խորհուրդ տվեց գինի գնել Պետրե Մակարաշվիլու նկուղից:


Նկուղը գտնվում էր Գոլովինսկի պողոտայի վրա, «Փարիզ» հյուրանոցի տակ, տերն էլ ապրում էր հարևանությամբ, մի սենյակում, որը նկուղից փոքր էր: Մակարաշվիլու բազմատեսակ գինիները փորձելով` ընտրեցի մեկը և այդուհետ դարձա նրա մշտական հաճախորդը: Գործի բերումով ինձ այցելող վաճառականները հաճախ էին խմում իմ գինին, շատ հավանում ու հարցնում, թե որտեղից եմ ճարել: Շուտով իմ շնորհիվ Մակարաշվիլու հաճախորդների թիվը կտրուկ ավելացավ, նկուղի տերն էլ, որպես երախտագիտության նշան, սկսեց ինձ քեֆերով պատվել: Պետրեն իմ հասակակիցն էր, նույնպես չամուսնացած, և մենք դարձանք մտերիմ բարեկամներ:
(Անցում)


Պատանի Վասո` Պետրեի ծառան- Բատոնո Գիգի, տերս է ինձ ուղարկել, հասիր օգնության:
Գիգի -Ի՞նչ է պատահել:
Վասո -Մեռնում է…

(Նստում են կառք, հասնում Մակարաշվիլու տուն: Պետրեն կիսամեռ պառկած է: Մահճակալի մոտ` գինու շիշ)

Պետրե (տեսնելով Գիգիին` լաց է լինում) -Մեռնում եմ, բարեկամս: Բժիշկները չկարողացան օգնել: Մի նոտար բեր, որ կտակ գրեմ, ու մի քահանա, որ հաղորդություն տա:

(Վասոն հիվանդի գլուխը բարձրացնում է ու մի բաժակ գինի տալիս)
(Անցում)
(Գիգին բերում է քաղաքի անվանի բժիշկ Մարկոզաշվիլուն, որը զննում է հիվանդին, աչքի անցկացնում նախորդ բժիշկների դեղատոմսերը)

Մարկոզաշվիլի -Դրությունն անհուսալի չէ: Այս դեղերը կընդունեք (գրում և տալիս է նոր դեղատոմս): Ես մեկ շաբաթ կհսկեմ: Իսկ սա վերացրեք (մատնացույց է անում գինու շիշը):
Պետրե -Գոնե մեկ-երկու բաժակ:
Մարկոզաշվիլի -Ո՛չ մի կաթիլ:

(Բժիշկը մեկ շաբաթ ամեն երեկո այցելում է հիվանդին` Գիգիի ու Վասոյի ներկայությամբ: Բայց հիվանդի վիճակը չի լավանում)
Մարկոզաշվիլի -Հո գինի չե՞ք տալիս:
Գիգի ու Վասո. -Չէ, չէ, ի՜նչ եք ասում…
Բժիշկը` Գիգիին -Նկուղը կողպեք ու բանալին ձեզ մոտ պահեք:
Գիգի -Ինչպես կասեք, անհոգ եղեք:

(Գիգին բանալիով փակում է նկուղի դուռն ու դնում գրպանը:
Անցնում է ևս մի քանի օր, սակայն հիվանդի վիճակն անփոփոխ է)

Վասո (առավոտ կանուխ, լաց լինելով թակում է Գիգիի տան դուռը). -Բատոնո Գիգի, շուտ եկեք, տերս մեռել է:
Գիգի -Ինչպե՞ս, այ տղա:
Վասո -Խեղդվել է:
Գիգի -Ինչպես թե խեղդվել է, Քռու՞մը…
Վասո -Եկեք ինքներդ տեսեք:

(Գիգին ու Վասոն մոտենում են նկուղին, կողպեքը կոտրված է, դուռը` կիսաբաց: Մի քանի տիկերի բերանը բաց է, նկուղը կիսով չափ լի է գինով: Իսկ նկուղի մեջտեղում Պետրեի օրորվող դին է:
Գիգին դուրս է գալիս փողոց, պրիստավին բացատրում եղածը ու շտապում Մարկոզաշվիլու տուն)

Գիգի (բժշկին) -Պարոն բժիշկ, դժբախտություն է պատահել, մեր հիվանդը մեռել է…
Բժիշկ -Տարօրինակ է: Լավ, գնանք:

(Կառքից իջնում են Գիգին ու բժիշկը: Նկուղի դռան մոտ բազմություն է հավաքվել: Մի քանի տախտակ են գցում, որոնց վրայով բժիշկը մոտենում է դիակին: Ձեռքը դնում է Պետրեի զարկերակին)

Բժիշկ -Ողջ է, մեռած չի, հարբած-քնած է…

(Գիգին ու Վասոն Պետրեին դուրս են բերում, տանում նրա կացարանը, շորերը փոխում և պառկեցնում անկողնում:
Երեք օր անց Պետրեն աչքերը բացում է ու տեսնում անկողնու մոտ նստած Գիգիին)

Գիգի -Պետրե, ո՞նց ես:
Պետրե -Փառք Աստծո, լավ եմ: Ինձ գինին բուժեց, էլ ոչ մի բժիշկ ու ոչ մի դեղատոմս: Այսուհետ` միմիայն գինի: Ինձ մի բաժակ գինի տուր…


Գիգիի ձայնը -Այս դեպքից որոշ ժամանակ անց ես ստիպված եղա Թիֆլիսից մեկնել և Պետրե Մակարաշվիլուն այլևս չտեսա: Բայց լսել եմ, որ նա ամուսնացել է, երեխաներ ունեցել, դարձել Կովկասի փոխարքայի գինու մատակարարն ու հարստացել:

Դիտվել է՝ 117215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ