Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փառապանծ անցյալի արձագանքը (հեղաշրջում կենսազամբյուղում)

Փառապանծ անցյալի արձագանքը (հեղաշրջում կենսազամբյուղում)
09.02.2018 | 04:47

ՆԱԽԵՐԳ


Քաղաքամայրում գրկախառնվել են դալկադեմ գարունն ու պաղաշունչ աշունը։ Մանկամտաբար ապշում եմ, թե ինչու ՀՀ կառավարությունը Չուկոտկա երկրամասից ձյուն չի ներկրում Հայաստան, անշուշտ, վարկային պայմանագրով։
Իսկ առայժմ երկրի կյանքը, անկախ մեր կամքից, վերածված է գրբացության։ Ո՞վ է դառնալու պետության միանձնյա գլուխ-վարչապետը, իսկ, կներեք, 4-րդ նախագահը ներկրումներ հասցնելու՞ է ՀՀ, թե՞ ոչ։ Այլ կերպ ասած, երկիրն այսօր նմանվում է այն խորտակվող առագաստանավին, որի հրամկազմը փրկօղակներն ու մակույկներն է ի մի բերում, իսկ անձնակազմը պատրաստվում է պաքսիմատային խռովության, զի պաքսիմատը կրծոտված է։ Այնինչ այլ խնդիր կա ասպարեզում` վերականգնել 1988-ի ազատ կամարտահայտման ազգային բերկրանքը, 1989-ի պետականաշինական երազանքը և տեր կանգնել 3-րդ նահատակվող հանրապետությանը։


Միով բանիվ, պետք է քշտենք մեր զույգ ձեռքերն ու մեր ոտքերը աջ ու ձախ։ Զի իշխանական բուրգի կազմաքանդումը վաղուց ի վեր պատմական անհրաժեշտություն է։ Եվ այն պետք է իրականացնեն նշյալ բուրգի ճարտարապետներն ու շինարարները։ Այնուհետև անհրաժեշտ է հեղաշրջել հանրապետության կենսազամբյուղները։

ՓԱՌԱՊԱՆԾ ԱՆՑՅԱԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ


Եվ քանի որ ներկա պահին հանրության, համայն հայության և հայոց իշխանախանության միջև հրադադար է, զի կահավորվում են երկրի գալիք նախագահի, ապագա վարչապետի, առաջին և այլ փոխվարչապետների նստավայրերն ու սահմանվում են նրանց անխաթար պահպանման և արտոնյալ բարգավաճման պայմանները, առաջարկենք վերոնշյալ բուրգի կազմաքանդման ժամանակացույցն ու ձևաչափը։ Ինչպես չզլացանք և նշեցինք, որ բուրգի կազմաքանդումը պատմական անխուսափելիություն է, նույնպես չզլանալով և զվարթուն սրտով հատկանշենք, որ կազմաքանդման համար պահանջվող քլունգն ու փոցխը, եղանն ու լինգը պետք է ուղղակի զոդվեն իշխանական դաշինքի` ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ղեկավար ատյանների ատենապետների կուռ բազուկներին։ Դուք, իմ երկրասեր ընթերցողներ, հարցնում եք, այդ ինչու՞։ Ես, ծառան ձեր հեզ, պատասխանում եմ` հիշեցնելով ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատմաքաղաքական անցյալը։ Ահավասիկ, 1990-ականներից հարյուրամյա ՀՅԴ-ի և նորածին ՀՀԿ-ի զորաբանակները ծանրակշիռ դեր խաղացին 3-րդ հանրապետության կազմավորման, Արցախի ազատագրման, առհասարակ, պետության կայացման վեհաշուք գործերում։ Կասկած չունենանք, որ այն օրհասական-հերոսական տարիներին հանրապետականների և դաշնակցականների շարքում եզակի էին հակապետականները։ Տե՜ր իմ Երկնավոր, թարմացրու նվաստիս հիշողությունը, որպեսզի պատկերագրեմ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի աննկուն պայքարի բոլոր հաղթական փուլերը։ Սակայն դա թողնենք նշյալ կուսմարմնաց ձեռքի տակ եղած «Արարատ» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններին։ Շատ էական մի հիշեցում, այսօր էլ իշխանական-քաղկառույցների ղեկավար կոհորտայում քիչ չեն 1990-1995 թթ. երկրակերտիչ ասպետները, որոնք դաժան հանգամանքների պարտադրմամբ (զորօրինակ` ջունգլիաբարո շուկայի գայթակղություններն ու ՀՀՇ-ականների անեծքը) վերածվեցին պետականաքերթիչ ասկետների։ Միով բանիվ, այս հեղհեղուկ օրերի անյուղ որդնած ապուրը նրանք են եփել և հենց նրանք էլ թող այն ճաշակեն։

Սակայն ինչպե՞ս կազմաքանդել իշխանախանական ներկա բուրգը։ Չզարմանաք, կազմաքանդումն իրականանալի է Բաղրամյան-19-ի վերահսկիչների, այն է` խորհրդարանական մեծամասնության հեղափոխական գրոհով։ Նախ` անհրաժեշտ է գերագույն մի օրենքով վերականգնել հայկական պետականությունը։ Սիրով հուշում ենք օրենքի անվանումը` «Հերոսական օրենք` օրհասական խեղման մեջ գտնվող հայկական պետականության նախ ախտահանման, այնուհետև նրա հիմնադրման մասին»։
Բնական է, որ պետք է նախ ընդունել օրենք` հայկական պետականության ախտահանման մասին։ Ինչ խոսք, նշյալ օրենքը պետք է ընդունվի պատկերագրային ձևաչափում։ ԱԺ-ի բեմ պետք է բարձրացվի 3 արձան, որոնք մարմնավորելու են 3-րդ հանրապետության մարմինն ու հոգին։ Առաջինը պետք է ներկայացնի առասպելական ցիկլոպին։ Այն է` կունենա հսկա հասակ, գերհաղթ մարմին և մեկ աչք-փարոս` ահռելի ճակատին։ Սրա կրծքից կախված ցուցանակը կազդարարի, որ ցիկլոպը ՀՀ օլիգարխիկ համակարգն է։ Երկրորդ արձանը հար և նման է երկնաքերի, որի պատուհանները սևաթույր են, և այն իշխում է երկրի վրա հեքիաթային ամբարտավանությամբ ու թուջե խողովակաշարերով օրնիբուն կլանում է երկրի ոսկրահյութը։ Ցուցանակը կտեղեկացնի, որ սա ՀՀ նվիրաբերված միլիոնատեր-վարչական բյուրոկրատիան է։ Ցիկլոպի և վարչա-բյուրոկրատական երկնաքերի միջև մամռակալած և կիսաջարդ մի խաչքար է տեղակայված։ Ցուցանակը հուշում է, որ խաչքարը խորհրդանշում է 3-րդ հանրապետությունը և նրա բնակիչներին։ Վասն արդարության պետք է նշենք, որ տարին մի քանի անգամ (դիցուք, ապրիլի 24-ին և սեպտեմբերի 21-ին) ցիկլոպն ու երկնաքերը մոմեր են վառում խաչքարի առաջ։


Հավատացեք, որ վերոնշյալ պատմական գործընթացից հետո ինքնաբերաբար կհիմնադրվի հայկական պետականությունը։ Միով բանիվ, ՀՀԿ-ՀՅԴ դաշինքը պետք է վերադառնա յուր պետականաշինական ակունքները։ Հակառակ պարագայում և տեսանելի ապագայում հենց իրենք կվերածվեն մամռակալած և ջարդոտված խաչքարերի, և նրանց առջև մոմեր կվառեն հայ հանրությունն ու աշխարհասփյուռ հայությունը։ Ցանկալի չէ, բայց ինչ արած, այսպիսին է պատմության բանադրանքն ու օրհնանքը։

ՀԵՂԱՇՐՋՈՒՄ ԿԵՆՍԱԶԱ-ՄԲՅՈՒՂՈՒՄ


Մինչև երկրի միապետացում-վարչապետացումը դեռ ժամանակ կա։ Եվ պետք է, որ ՀՀԿ-ն (յուր անվերապահ առաջնորդի) և ՀՅԴ-ն (յուր բազմախորհուրդ ԳՄ-ի) վերահսկմամբ սկսեն մի ազգաշահ գործընթաց, որն էապես կնպաստի մեր պետականության վերականգնմանը, միաժամանակ մի փութ անարատ յուղ կքսի սրտերին մեր։ Հասկանալի է, որ սույն պատվական յուղը պետք է արտադրվի Գավառի տարածաշրջանում, այսինքն, այնտեղ, որտեղ խորհրդային տարիներին արտադրվում էր «Հոլանդական» և «Շվեյցարական» մակնիշի պանիր` հատուկ Կրեմլի համար։ Բայց այս պահին խիստ պատմական եկեք ձայն տանք մարգարտաշար պոետ Արմենին Մարտիրոսյան, որը սքանչելի մի պատկեր է կերտել իր «Փայտփորիկը» բանաստեղծության մեջ.

Խաղաղ դաշտում կանաչ
գծեր արթնացումի
խմորվում են երկունքի
մեջ ազատության,
որի վրա Աստծո ձեռքն է
տեղադրվում`
որպես շարժում և
մոռացված մի հուշարձան։

Եվ ինքն իրեն կտցահարող
մի փայտփորիկ,
որ փնտրում է ազատ շարժման
ստվեր ու գիծ
և ինքն իրեն այնքան
պիտի փնտրի-փորի`
մաշկը պատռի ու դուրս ելնի
իր մարմնից։

Եվ խմորվում են դաշտերում դեղնած (զի ոռոգման ջրի ներկա գինը նպաստում է դաշտերի երաշտին) անազատության մեր երկունքները։ Եվ արդյո՞ք ժամանակը չէ, որ իշխանական բուրգ-համակարգը փնտրի-փորի և սեփական գերխնամված մաշկը պատռի և արթնացման առաքինի առաքելությամբ ճիշտ 1 ամիս` 30 օր, ապրի իր իսկ սահմանած նվազագույն կենսազամբյուղի շնորհներով` հանդերձ ընտանյոք։ Ամիսը լրանալուն պես նրանք դարձի կգան, անհնարին ոչինչ չկա այս հնագույն լուսնի ներքո, որը որպես կիսալուսին է կախված երկրի գլխին ահա արդեն 27 տարի։ Տեսեք, ՀՀ ԱԺ-ից մինչև ՀՀ ԳԱԱ մի քանի մետր է։ Այս երկու կառույցների ծառայողների կենսազամբյուղների պարունակության համեմատությամբ լիովին հաստատվում է երկրի պետականության կորուստը։ Միևնույն զարհուրելի աններդաշնականությունն է ՀՀ կառավարության և 3-րդ հանրապետության պետական կրթօջախների մանկավարժների կենսազամբյուղներում։ Այստեղ նշենք մի հանգամանք աղետալի. գրեթե զրոյական է մեր պատգամավորների և նախարարների պետականաօգուտ գործունեության չափանիշը, զի երկիրն օրեցօր խորասուզվում է վարկային պարտավորությունների ճահիճը և հընթացս կազմաքանդվում է։ Միաժամանակ գերաճ է նկատվում նրանց կենսազամբյուղներում։


Այնպես որ, չի բացառվում կենսազամբյուղային հեղաշրջումը։ Եվ սին է այն պնդումը, թե հայը սոցիալական հեղաշրջման չի գնա։ Հիշենք թեկուզ թոնդրակյան և պավլիկյան համերկրային խռովությունները, որոնց գաղափարահենքում... այո՜, այո՜, սմքած կենսազամբյուղն էր։

ՎԵՐՋԵՐԳ
Նախ և առաջ անհրաժեշտ է ապահովել միևնույն կալորիականությունը ՀՀ բարձր ատյանների և հանրության կենսազամբյուղներում։ Նախ և հետո վերոնշյալը պետք է իրականացնել «Կենսազամբյուղների կալորիականության ժողովրդավարացման մասին» ՀՀ օրենքով։

Իսկ քաղաքամայրում գրկախառնվել են դալկադեմ գարունն ու պաղաշունչ աշունը։ Եվ մանկամտաբար ապշում եմ, թե ինչու ՀՀ կառավարությունը Չուկոտկա երկրամասից ձյուն չի ներկրում Հայաստան, անշուշտ, վարկային պայմանագրով։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 6245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ