Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մենք ժամանակից դուրս ենք ապրում»

«Մենք ժամանակից դուրս ենք ապրում»
09.02.2018 | 05:25

Հանդիպումս Հայաստանի ժողովրդական նկարիչ ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ հետ արդի կերպարվեստի և պետության միջև այդպես էլ չլուծվող խնդիրների արծարծմանն էր վերաբերելու։ Հաշվի էի առել կարևոր մի հանգամանք. պարոն Էլիբեկյանը նախորդ դարի 60-ականներին է իր ուրույն վրձնահարվածներով առանձնացել հայկական կերպարվեստում և, անկասկած, ունի համեմատության չափանիշներ խորհրդահայ և անկախացած հայ կերպարվեստի գոյակերպերի միջև։ Սակայն նա ցանկացավ անդրադառնալ միայն կերպարվեստի խնդիրներին։ Մեր զրույցը ներկայացնում ենք ընթերցողներին` չխուսափելով օրվա հրատապ խնդրից։ Հաջորդ հարցազրույցում մեկ այլ նկարչի հետ կքննարկենք հայ նկարչի, Հայաստանի նկարիչների միության և ժամանակի պետական համակարգի փոխառնչությունները։

«ՆԿԱՐԻՉԸ, ԱՅՈ, ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ Է»


-Պարոն Էլիբեկյան, Ձեր արվեստանոցում դժվարանում եմ անգամ հարց ձևակերպել, քանի որ ժամեր, եթե ոչ օրեր են անհրաժեշտ ծանոթանալու և՛ հանրածանոթ, և՛ դեռ անհայտ ստեղծագործությունների հետ։ Այնուամենայնիվ, հարցս պետք է ձևակերպեմ մեր զրույցին ընթացք տալու համար, թեկուզև այն աչքի չի ընկնի ինքնատիպությամբ։ Ձեր վերջին աշխատանքների մասին եկեք խոսենք։
-Չկա սկիզբ, և չկա վերջ, ամբողջական ընթացք է։ Առավոտ լուսո նկարիչը բացում է արվեստանոցի դուռը և սկսում իր աշխատանքը։ Մի հրաշալի բան կա այստեղ. նկարիչն անկախ է, նա իր աշխարհի հետ է, անկախ թե ինչպիսին են շրջակա աշխարհն ու իրականությունը։
-Նկարչի, այս պարագայում` հայ նկարչի, Ձեր ընդհանրական կերպարը։
-Նկարիչը խիզախ է, չի կանգնում ոչ մի խոչընդոտի առաջ, շարժվում է առաջ իր ճանապարհով։ Ես այս մասին խոսել եմ և կասեմ նաև այսօր. եթե կա մի ոլորտ, որը կարելի է ներկայացնել աշխարհին առանց երկմտելու, դա հայ կերպարվեստն է։ Հայ նկարիչներն այսօր տարբեր երկրների ամենատարբեր ցուցահանդեսներում պատվով են ներկայացնում մեր ազգային կերպարվեստը։
-Ասացիք, որ նկարիչը խիզախ մարդ է, ես Ձեր մի փոքր անսպասելի միտքը փորձեմ մեկնաբանել. նա խիզախ է սեփական ազատության սահմանները պահպանելի՞ս։
-Ազատությունն ինքնին բարձրագույն արժեք է։ Նկարիչը, այո, ազատ և անկախ է, քանի որ չի կաշկանդվում տարբեր կենցաղային հարցերի մեջ, կախում չունի արտաքին, հաճախ ոչ այնքան հաճելի ազդակներից։ Եվ ահա նա խիզախ է։ Այսօր քանի՞ նկարիչ կա Հայաստանում։ Մի հազարը մեր միության անդամներ են, շատերը չեն անդամակցում ՀՆՄ-ին, բայց բոլորը ստեղծագործում և ապրում են նկարչի կյանքով։

«ԱՄԵՆԱԴԺՎԱՐԸ ՆԿԱՐԱԿԱԼԻՆ ՄՈՏԵՆԱԼՆ Է»


-Այս հարցս էլ ինքնատիպությամբ չի փայլում, այսուհանդերձ, այն առաջ է մղվում, և պետք է հնչեցնեմ. ունե՞ք հատուկ սիրված գործեր։
-Ժամանակն է նկարի և քանդակի գնահատողը։ Գուցե երկու, գուցե երեք տարի պետք է անցնի, որպեսզի ստեղծագործության իրական արժեքը երևան գա։ Ես հաճախ եմ անդրադառնում տարիներ առաջ ստեղծածս նկարներին, ինչ-որ բան եմ փոխում, ավելացնում եմ ինչ-որ բան։ Սակայն դա սուբյեկտիվ մի բան է, նկարչի ներաշխարհի առանձնահատկությունը։ Սարյանը նկարում էր միանգամից և երբեք չէր անդրադառնում իր ստեղծածին։ Այլ դասականներ այլ կերպ են վարվել։
-Առհասարակ, ստեղծագործող անհատը ներառվում է շրջակա աշխարհի երևույթների մեջ։ Այդպե՞ս է։
-Նկարիչը որքան էլ խիզախ է և անկախ, նույնքան էլ նուրբ էակ է։ Նա ընթացքի, տարերքի մեջ է։ Եվ նրա կյանքում չկան պատրաստի դեղատոմսեր։ Տեսեք, բնաշխարհում մերթ անձրև է և կարկուտ, մերթ էլ արև է և անամպ եղանակ, և այդ ամենը ազդում է նկարչի վրա, նա անմասն չէ շրջակա աշխարհից։ Ահա մենք այստեղ զրուցում ենք, բայց փողոցում ինչ-որ բան է կատարվում, փոխվում է ինչ-որ բան, և նկարիչն անտարբեր չի մնում այդ ամենի հանդեպ։
-Պարոն Էլիբեկյան, որքա՞ն ժամանակ է, որ կերպարվեստում եք, կերպարվեստն էլ Ձեր կյանքի և էության հիմնադրու՞յթն է։
-Արդեն 60 տարի։ Ամենահետաքրքիրը սա է, ես կառուցում եմ իմ կյանքը, իմ օրն այնպես, որ ապրելը ձանձրալի չլինի։
-Կառուցում եք կերպարվեստո՞վ։
-Դե, իհարկե, կերպարվեստով, թատրոնով, նաև խեցեգործությամբ, գրքերի նկարազարդումներով։
-Այնքան գեղեցիկ և ճշմարտացի եք նկարագրում կերպարվեստագետի կյանքը, որ առաջին անգամ իմ կյանքում խիստ ափսոսացի, որ նկարիչ չեմ ծնվել։ Այնուամենայնիվ, կա՞ն դժվար պահեր։
-Ամենադժվարը նկարակալին մոտենալն է։ Բայց հենց որ մոտենում, հասնում եմ նկարակալին, սկսվում է անբացատրելի ընթացքը... Անհնար է խոսքերով բացատրել այս ամենը։ Ի վերջո, նկարիչներիս խոսքն ու լեզուն վրձինն ու կտավն են։ Վե՛րջ։
-Թող ինձ ներեն մեր արվեստաբանները, սակայն համոզված եմ, որ կերպարվեստում (ինչպես նաև երաժշտության մեջ) կա մի վերին խորհուրդ, որն անբացատրելի է, այսինքն` կերպարվեստի գործը կարելի է և պետք է քննել իր ժամանակի և կերպարվեստի որոշակի զարգացումների տիրույթում, այնուամենայնիվ, չդիպչելով անբացատրելիին, զի դա արարչագործական սկիզբ է և հասու չէ անգամ իրեն` ստեղծագործողին։
-Ջորջո Վազարին գրել է Միքելանջելոյի, Լեոնարդոյի և մյուս մեծերի մասին, բայց գրել է նրանց կյանքի ընթացքի մասին և երբեք չի քննադատել նրանց արվեստը, չի վերլուծել այն։ Վազարին հանդես է եկել որպես պատմիչ։ Նույնն արել են Ջոն Ռևազը և Լիոնելո Վենտուրին։ Նրանք չեն մտել նկարչի հոգու մեջ, չեն շրջել նրա խոհանոցում, բավականին խելահաս մարդիկ էին։ Նրանք փաստում էին դարաշրջանները։
-Այս հարցս մի քիչ արկածախնդրական է. երիտասարդ տարիներին Ձեր մասին գրված արվեստաբանական նյութերը մի՞թե որևէ ազդեցություն չեն ունեցել Ձեր զարգացման վրա։
-Հաճելի է եղել, բայց խոր հետքեր չեն թողել։ Սակայն, ինչ խոսք, արվեստաբանությունն իր տեղն ու նշանակությունն ունի, դա անժխտելի է։ Բայց ինձ ավելի հետաքրքրում են նկարիչները, որոնք անտարբեր չեն իրենց ժամանակ ստեղծվող նկարների և քանդակների հանդեպ, հաճախ են այցելում ցուցահանդեսներ, մասնակցում են քննարկումների և այլն։ Այսինքն, չեն հեռանում իրենց ժամանակից։ Այլ բան ասեմ. հաճախ մարդը, որը ոչ նկարիչ է, ոչ էլ արվեստաբան ցուցասրահում դիտում է ներկայացված ստեղծագործությունները։ Նա համոզված է, որ հեռու է կերպարվեստի խորհրդավոր աշխարհից, գիտակ չէ և այցելում է ցուցահանդես զուտ գեղագիտական բավականության համար։ Սակայն եթե նրան առաջարկեն ընտրել մի գործ, ապա, հավատացեք, նա կընտրի լավագույնը։ Կընտրի բնազդով, և դա անբացատրելի մի բան է, անմեկնելի մի խորհուրդ է։
-Հայ ազգային կերպարվեստի ներուժը ինձ ուղղակի ցնցում է։ Նախորդ դարասկզբին դեռ երիտասարդ Սարյանի մասին հիացական խոսքեր էին հնչում համաշխարհային կերպարվեստի երկու խոշոր կենտրոններից մեկում` Մոսկվայում, որտեղ նշանավոր Աբրահամ Էֆրոսը գրել է. «Սարյանը օժտված է այնպիսի հմայքով, որը հանճարները կարող են չունենալ»։ Փարիզում շատ երիտասարդ Քոչարին գնահատում էր աշխարհահռչակ և խիստ քմահաճ Պաբլո Պիկասոն, Մոսկվայի գեղարվեստական թատրոնը Մորիս Մետեռլինկի պիեսների բեմականացման համար Պետերբուրգից հրավիրում է Վարդգես Սուրենյանցին, Փարիզում ամենատես և պճնամոլ թատերասերներին հիացնում էին Գեորգի Յակուլովի «Արքայադուստր Բրամբիլա» և «Ժիրոֆլե-Ժիրոֆլյա» նկարչական հանդուգն, չքնաղ ձևավորումները և այլն։ Խորհրդային Հայաստանի նկարիչները փայլուն հետքեր թողեցին. Կոջոյան և Կալենց, Գայֆեճյան և Գյուրջյան, հետո նաև Աշոտ Հովհաննիսյան, Վրույր Գալստյան, Հրաչյա Հակոբյան, Էդուարդ Արծրունյան, Ռոբերտ Էլիբեկյան, Ղուկաս Չուբարյան, Արտաշես Հովսեփյան և այլք։ Հետո եկան ավելի երիտասարդները, որոնք այսօր արդեն ավագ սերունդն են ներկայացնում, այժմ երիտասարդ սերունդն է պատվով ներկայանում։
-Ինչու՞ է հայկական կերպարվեստը շատ հզոր։ Քանի որ, սկսած հայկական ժայռապատկերներից մինչև մանրանկարչություն, մինչև 19-րդ դար արժեքավոր է եղել մեր կերպարվեստը։ Միջանկյալ նշեմ, որ կերպարվեստը ժամ ու պատարագ չունի, եթե այն արժեքավոր է, ապա կապ չունի, թե որ դարում է ստեղծվել։ Մեր մանրանկարչությունը դիտելիս տեսնում եմ այն, ինչն արել է Պիկասոն 20-րդ դարի սկզբին, նկատի ունեմ դեմքի աջ և ձախ պատկերումները (դեմքը և կիսադեմը), որոնք Հայաստանում արվել են 5-7-րդ դարերում։ Ձևը փոխվել է, սակայն միտքը պահպանված է համարյա թե նույնությամբ։ Գույնի, ծավալի, գծի նույն խնդիրներն են արծարծվել։
Մենք ժամանակից դուրս ենք ապրում։ Իմ սերունդը թիկունքում ուներ Թերլեմեզյանին, Թադևոսյանին, Սարյանին, Սուրենյանցին, Յակուլովին, Քոչարին, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանին և այլոց։
-Այսինքն, նախորդ սերունդը իր դերը խաղում է։
-Աչքն ու միտքը միշտ են գործում, և նախորդ սերնդի վարպետներին սիրահարվում ես, ինչպես հարազատ մարդուն, կնոջը։ Քանզի կերպարվեստը նուրբ մի բան է։ Սարյանն ու Քոչարն ազատության շունչ բերեցին։ Ես շատ եմ շրջել աշխարհով մեկ, եղել եմ ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, ամիսներ եմ անցկացրել Լուվրում և ահա այս ամենի համապատկերում վստահեցնում եմ, որ երեկ էլ, այսօր էլ Հայաստանում հզոր կերպարվեստ կա։

«ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, ԹԵ ՈՐՏԵՂ ԵՍ ԱՊՐՈՒՄ, ԱՐՅԱՆ ԿԱՆՉՆ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ»


-«Ազգայինը կերպարվեստում». այս խնդիրը որքան չարչրկված է, նույնքան էլ չի կորցնում իր արդիականությունը։
-Եթե հայ ես, ապա, ուզես, թե չուզես, նկարելու ես ազգային քո մտածողությանը հարիր, ազգայինը նկարչի էության մեջ է և անբացատրելի է հաճախ։ Գառզուն և Ժանսեմը, Ֆրանսիայում ապրելով, այնուամենայնիվ, պահպանել են ազգային մտածողությունը, նրանք և մյուսները հայկական կերպարվեստի մասն են, և կարևոր չէ, թե որտեղ ես դու ապրում, արյան կանչն է շատ կարևոր։ Որևէ նկարիչ, սկսած մեծերից, հավատացեք, չի մտածել, որ իր նկարները պետք է ազգային նկարագիր ունենան։ Ազգային նկարագիրն ու էությունն անատոմիայի նման մի բան են, անբաժանելի են ստեղծագործողից։
-Մեր ընթերցողին, անկասկած, կհետաքրքրեն Ձեր մտորումները։ Ձեր թույլտվությամբ ներկայացնեմ մի քանիսը` առանց հարցով ընդմիջելու։
«Ասում եմ մասնագիտություն, թեև ինձ համար ապրելու հոմանիշը նկարչությունն է։ Իսկ նկարչությունը ո՛չ մասնագիտություն է, ո՛չ էլ կոչում։ Ապրելաձև է։ Թուղթ, յուղաներկ, կտավ, որ գեղանկար են դառնում։ Մեծ կամ փոքր ծավալի գեղանկարներ։ Սրանց զուգահեռ` նաև կիրառական արվեստի գործեր` օպերային, թատերական արվեստի ասպարեզում արված աշխատանքներ։ Բայց պիտի խոստովանեմ, որ ինձ տրվածը որքան էլ սիրում եմ, այդուհանդերձ, շատ խորքում պահված երազանք ունեմ։ Չիրականացած մի երազանք։ Միշտ մտածել եմ` ի՜նչ լավ կլիներ, որ ինձ Աստված, այնուամենայնիվ, երգելու շնորհով օժտեր»։
«Դիմացս նկարակալն է, որի վրա ճերմակ թուղթն է փակցված, այնքա՜ն կատարյալ չափի, ձևի, գույնի ներդաշնակությամբ, որ չեմ էլ ուզում ձեռք տալ»։
«Իմ կյանքը հետաքրքիր դարձրեց նաև թատրոնը։ Ինչու՞ եմ ես աներևակայելի ուրախություն, հրճվանք ապրում, երբ ինձ հրավիրում են (ավա՜ղ, շատ հազվադեպ) ներկայացում ձևավորելու։ Ծավալները բոլորովին այլ են. 14 մետր տախտակ, բեմ, դեկորներ, վարագույրներ...
Ներկայացումն ավարտվեց, բեմ են դուրս գալիս ստեղծագործական խմբի անդամները, ուրեմն` նաև նկարիչը...
Հանդիսատեսը ծափահարում է»։


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Հ. Գ. Հայաստանի նկարիչների միության կյանքին ծանոթացեք Facebook-յան Artists Union of Armenia էջում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ