Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գավաթային անդադրում կրքեր

Գավաթային անդադրում կրքեր
09.02.2018 | 05:27

Անցած օրերին եվրոպական ֆուտբոլային գերտերություններում կրկին փոթորկվում էին գավաթային կրքերը: Փորձենք տեսնել, թե դրանք ինչ ընթացք են ունեցել:

ԻՍՊԱՆԻԱ
Այստեղ երկրի գավաթի կիսաեզրափակիչ խաղերն էին` առաջին հայացքից նկատելիորեն անսովոր կազմով, թեպետ գավաթային խաղերի առանձնահատկությունն այն է, որ վճռորոշ փուլում կարող են հայտնվել թիմեր, որոնք ոչնչով կամ գրեթե ոչնչով աչքի չեն ընկնում ավելի տևական մրցաշարերում, որպիսին, զորօրինակ, երկրի առաջնությունն է: Ինչևէ: Առաջնությունը հարկ եղածից անհամեմատ վատ անցկացնող «Սևիլիան» «Լեգանեսի» հետ դիմակայությունում էլ ահռելի դիմադրության արժանացավ, սակայն, ի տարբերություն առաջին խաղում գրանցված 1:1-ի, այս անգամ կարողացավ հաղթել ու դուրս գալ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է լինելու երեկ ուշ երեկոյան կայացած «Վալենսիա»-«Բարսելոն» մրցակցության հաղթողը: Հիշեցնենք, որ կողմերի բարսելոնյան դիմակայությունում նվազագույն հաշվով հանդիպումը շահել են կատալոնացիները:

ԳԵՐՄԱՆԻԱ
Երկրի գավաթի խաղարկության 1/4 փուլը սկզբունքորեն ոչ մի անակնկալ էլ չգրանցեց, հաղթեցին հենց նրանք, ովքեր առաջնությունում էլ են հաջող հանդես գալիս: Քառյակը կազմածներից ամենաթույլ մրցակիցը բավարացիներինն էր` «Պադերբոռնը»: Մյունխենցիները նրանց անցան առանց ավելորդ արյունի: Հանդիպման 6։0 հաշիվն էլ է այդ մասին ավելի քան համոզիչ խոսում:
Սկզբունքորեն առանձնակի խնդիր չունեցավ և «Մայնցին» հյուրընկալած «Այնտրախտը»: Ֆրանկֆուրտցիներն իրենց հաղթանակում եղել են ոչ պակաս համոզիչ` 3:0: Փոխարենը դիմադրությունն անհամեմատ մեծ է եղել «Շալկե»-«Վոլֆսբուրգ» մրցակցությունում, որտեղ տանտերերը կարողացել են խփել հանդիպման հաղթական միակ գոլը: Ինչ վերաբերում է «Բայեր»-«Վերդեր» մրցակցությանը, այստեղ ափեափ են եղել ծավալված կրքերը: Խաղի հիմնական ժամանակն առավելություն չի բերել կողմերին, սակայն գոլերի պակասություն էլ չի արձանագրել` մրցակիցները երկուական անգամ խոցել են իրար: Հանդիպման ելքը վճռվել է լրացուցիչ ժամանակում, որտեղ «Բայերը» նորից տեր է կանգնել իր հերթապահ երկու գոլին ու նվաճել կիսաեզրափակչում հանդես գալու իրավունք:

ՖՐԱՆՍԻԱ
Երկրի գավաթի մեկ քառորդում հանդես գալու իրավունք ձեռք բերած թիմերն արդեն իսկ հայտնի են, մնացել էր տետատետ պայքարում հարաբերությունները պարզեր «Գրենոբլ»-«Ստրասբուրգ» զույգը: Այս հանդիպումը կայացել է երեկ ուշ երեկոյան: Դառնալով արդեն իսկ ավարտված դիմակայություններին` նշենք արձանագրված արդյունքները: Այսպես` «Մարսելն» արտագնայում 9:0 հաշվով բառացիորեն կուլ է տվել իր համեմատությամբ ֆուտբոլային թզուկ «Բուր-ան-Բրես Պերոնային», հյուրընկալվելիս «Սոշոյին» 4:1 հաշվով խեղդել է «Պարի Սեն Ժերմենը», «Օսերի» նկատմամբ նույն կերպ է վարվել միայն նեղ մասնագետներին քաջածանոթ «Լեզ Էրբեն» (3։0), «Գրանվիլի» նկատմամբ իր առավելությունը հաստատելու համար «Շամբլիին» միանգամայն բավարարել է մեկ գնդակը: Նույնպիսի արդյունք է արձանագրվել և «Լանս»-«Տրուա» մրցավեճում:
Այս շարքից բացառիկ լարված ընթացք է ունեցել երկու դիմակայություն: Արտագնայում «Լիոնն» ի վերջո կարողացել է կոտրել մեր հայրենակցի գլխավորած «Մոնպելիեի» դիմադրությունը` 2:1, իսկ ահա «Մեց»-«Կանն» առճակատումում զգացվել է ոչ միայն լրացուցիչ ժամանակի, այլև հետխաղյա տասնմեկմետրանոցների անհրաժեշտություն: Առավել հաջողակ է եկել հյուր ժամանած «Կաննը»: Նշենք, որ թե հիմնական, թե լրացուցիչ ժամանակն այս մրցակցությունում ավարտվել է նույն 1:1 հաշվով:

ԱՆԳԼԻԱ
Ի տարբերություն վերը հիշատակված երկրների, թիմերն այստեղ նոր-նոր են վիճարկում 1/8-ում հանդես գալու իրավունքը: Քանի որ առաջին մրցավեճը կողմերից և ոչ մեկին չէր բերել առավելություն (1:1)` որքան էլ որ իրենց հնարավորություններով անհամեմատելի են «Տոտենհեմն» ու «Նյուպորտը», առաջ եկավ լրացուցիչ մրցավեճ անցկացնելու հարցը: Այս անգամ Մոուրիսիո Պոչետինոյի սաները եղան պակաս հանդուրժող` 2:0:
Ստորև հիշատակվելիք մյուս երեք դիմակայությունների առաջին խաղերում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: «Բիրմինգհեմ»-«Հադերսֆիլդ», «Սուոնսի»-«Նոթս Քաունտի» զույգերի մրցավեճում գրանցվել է 1:1, «Ռոդչեյլ»-«Միլուոլ» առճակատումում` 2:2 հաշիվը: Պատասխան խաղերում «Սուոնսին» «Նոթս Քաունտիին» պարզապես ճզմել է (8:1), իսկ «Ռոդչեյլին» բավարարել է միակ հաղթական գոլը:
Առանձնակի լարվածություն է ունեցել «Բիրմինգհեմ»-«Հադերսֆիլդ» դիմակայությունը, որտեղ արձանագրվել է առաջին հանդիպման 1:1 արդյունքը, ինչն առաջացրել է լրացուցիչ ժամանակում ուժերը որոշելու անհրաժեշտություն: Այստեղ ավելի քան հաջողակ են եղել բարձրագույն առաջնության ներկայացուցիչները: Հեղինակելով երեք անպատասխան գոլ` «Հադերսֆիլդը» ձեռք է բերել 1/8-ում հանդես գալու իրավունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ