Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աթեշյան էֆենդին հաղթեց

Աթեշյան էֆենդին հաղթեց
10.02.2018 | 09:04

Հարցը փակվե՞ց: Արամ Աթեշյանը հաղթե՞ց: Հերթական անգամ Էրդողանը խախտե՞ց Սահմանադրությունը, որով համայնքի ներքին գործերին պետությունը չի միջամտում: Այո: Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը որոշեց, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պատրիարքական փոխանորդ լինել:


Պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, որ նաև հրաժարվել էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդությունից ու հայտարարել, որ վերադառնում է ծննդավայր` Կոստանդնուպոլիս, հրաժարվեց պայքարից: Բեքչյանը հեռացավ, որովհետև ոչ միայն Էրդողանն էր նրա դեմ, այլև` հայ համայնքի անմիաբանությունը: Ոչ թե նա, այլ համայնքը հերթական պարտությունը կրեց: Պատրիարքի ընտրյալ տեղապահը արեց հնարավորը, որ կաներ Եվրոպայում պաշտոնավարած ցանկացած բարեպաշտ ու օրինականությանը ընտելացած հոգևորական: Տևական ժամանակ պատրիարքի ընտրության արտոնություն չստանալով` նա դիմեց դատարան: Փետրվարի 5-ին: Օրենքի համաձայն` կառավարությունը պետք է նշված ժամկետում դիմումին տար կամ դրական, կամ ժխտական պատասխան: Եվ եթե ժամկետի մեջ պատասխաներ` պատրիարքական ընտրությունները դեկտեմբերի կեսին պիտի լինեին: Ստամբուլի նահանգապետը դիմումը պետք է փոխանցեր ներքին գործերի նախարարությանը, նախարարությունն էլ` կառավարությանը: Այսինքն` վարչապետ Բինալի Յիլդիրիմին, որ պաշտոնապես պետության ղեկավարն է: Բայց քանի որ բոլորը շատ վաղուց գիտեն` ո՞վ է պետության ղեկավարը և ո՞վ է որոշումներ ընդունողը, բնականաբար վարչապետը պիտի դիմեր նախագահին: Ակնհայտորեն Էրդողանը որոշեց հարցը փակել: Փետրվարի 6-ին` դատարան դիմելու հաջորդ օրը, Ստամբուլի նահանգապետարանը պատասխանեց դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինը կարծում է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է, չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար: Առողջական խնդիրները բավարար չեն պատրիարքական պաշտոնը թափուր ճանաչելու համար, հետևաբար Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է պատրիարքական փոխանորդի պաշտոնը, իսկ Բեքչյանի՝ պատրիարքական տեղապահ ընտրվելու բոլոր գործընթացները անվավեր են ճանաչվում:

Նամակում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի վերաբերյալ օգտագործվել է «այսպես կոչված» ձևակերպումը, նշվել է, որ տեղապահի ընդունած բոլոր որոշումները ևս անվավեր են: Փետրվարի 7-ին Ստամբուլի նահանգապետարանը Թուրքիայի հայ համայնքի ղեկավարներին հրավիրեց հանդիպման, որին մասնակցեց և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Լսելով համայնքի անդամներին, նա ասել էր, որ մեկ ամիս հետո նորից կհանդիպեն: Ի՞նչ եղավ փետրվարի 8-ին` Մայր Աթոռի հայտարարությունից հետո, որ եկեղեցական ժողով է գումարվելու այդ հարցով փետրվարի 16-ին, հայտնի չէ: Փետրվարի 9-ին Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրավերով Աթեշյանի ղեկավարությամբ ժողովական հայրերը հանդիպեցին նորից: Առանց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի: Եվ որոշեցին, որ պետք է ընդառաջել ՆԳՆ-ի նամակին և վերադառնալ 2016-ի հոկտեմբերի 26-ի կրոնական ժողովից առաջ եղած վիճակին, երբ Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը համարվել էր «պատրիարք ի հանգստյան»: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ պատրիարքական փոխանորդ: Զարմանալին ոչ այնքան ժողովականների հարմարվողականությունն է ու «խելամիտ» շրջադարձը` Թուրքիայի պարագայում դա հասկանալի է, որքան տեղեկությունը, որ «Հանդիպմանը մասնակից ժողովական հայրերը շեշտել են, թե պատրիարքի ընտրությունը պետք է տեղի ունենա պատեհ ժամանակին»: Սա արդեն խելքից-մտքից դուրս է: Նահանգապետարանը պատասխանում է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է` չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար, որ առողջական խնդիրները բավարար չեն պատրիարքական պաշտոնը թափուր ճանաչելու համար, ժողովականները հնազանդ ու խելոք հրաժարվում են իրենց ընտրած տեղապահից ու տեղնուտեղը «պատեհ ժամանակ» ընտրություն են պահանջում: Ինչու՞: Նորից Աթեշյանին ընտրելու՞: Բայց չէ որ իրենք են 2016-ի մեկնակետին վերադարձել: Էրդողանը համայնքը տրոհելու ու իրեն ենթարկելու խնդիրը փայլուն լուծեց: Համայնքը ընտրեց ոչ թե օրենքը, այլ` իշխանությանը, ուրեմն ի՞նչ է ուզում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ո՞րն է Աթեշյանի առավելությունը: Ճիշտ պահին «ճիշտ» նամակներ է գրում Էրդողանին: Ազգուրացությունը միշտ էլ վարձատրվում է: Հարցը փակվե՞ց: Ոչ: Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մուտաֆյանի հեռանալը հարցը նորից ասպարեզ է բերելու: Գուցե այդ ժամանակ արդեն Էրդողանը չի լինի Թուրքիայի նախագահը, որ հրամայի պատրիարք ընտրել Աթեշյան էֆենդուն:

Դիտվել է՝ 2369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ