Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյային

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյային
10.02.2018 | 09:18

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել փոխայցելություններն ու նման հանդիպումները, որոնք նպաստում են երկկողմ միջպետական կապերի ամրապնդմանը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը և զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Նախագահը գոհունակությամբ է խոսել զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունների մասին՝ երախտագիտություն հայտնելով ԱՄՆ-ին քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար: Նախագահը մեծապես կարևորել է ԱՄՆ-ի ներդրումը տարածաշրջանի փխրուն կայունությունը պահպանելու գործում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը դրական ազդեցություն կունենա հայ-ամերիկյան հարաբերություններն առավել ամրապնդելու գործում:


ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը ևս բարձր է գնահատել հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների զարգացման շարունակական աշխատանքը՝ ընդգծելով հատկապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում և Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղության հաստատման գործողությունների, միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են վերջին շրջանում որոշակի առաջընթաց արձանագրած տնտեսական համագործակցության զարգացմանը զուգահեռ Հայաստանի և ԱՄՆ-ի քաղաքական երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի ու Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության միջոցով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ