Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ալիևը ստեղծել է նոր իրավիճակ, որից դուրս գալը հեշտ չի լինելու

Ալիևը ստեղծել է նոր իրավիճակ, որից դուրս գալը հեշտ չի լինելու
11.02.2018 | 16:13

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման միջնորդությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հազիվ թե կարող էին պատկերացնել, որ տարածաշրջան իրենց այս այցը կարող է նման շրջադարձ ստանալ: Նախօրեին, մեկնաբանելով Կրակովում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի ու Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, նրանք բարձրաձայնեցին ձեռքբերված պայմանավորվածությունը Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ստորագրված համաձայնագրերի իրականացման մասին` կոնֆլիկտի կողմերի շփման գծում վերահսկողության համակարգի ու միջազգային դիտորդների մասին: Այդ թեմային ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ անդրադարձավ. «2016-ի հունիսին տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում Սանկտ Պետերբուրգում, որին մասնակցում էին նաև համանախագահները: Այդ հանդիպման ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն` իբրև վստահության ամրապնդման կոնկրետ քայլ մի քանի հոգով (6-7) ավելացնել շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թիվը: Այդ ժամանակից աշխատանքը տարվում է և իմ կարծիքով` կողմերը հիմա մոտ են այդ պայմանավորվածության կոնկրետ չափորոշիչների համաձայնեցմանը: Մենք հույս ունենք, որ ԵԱՀԿ-ն կարող է օպերատիվ իրականացնել:

Կարծում եմ, որ այն, ինչ պայմանավորվել են Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարները և ակտիվ աջակցել են Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ ներկայացուցիչները, կիրականացվի»: Մնում էր առաջին կոնկրետ քայլն անել` իրականացնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Բայց սկսեցին ի հայտ գալ «անկանխատեսելի հանգամանքներ»: Նախ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիայի խորհրդարանի Le Journal Du Parlement ամսագրում տարօրինակ հայտարարություն արեց: Մի կողմից նա նշեց, որ «հայ-ադրբեջանական դիմակայության կարգավորման մեծ հույսեր կան բոլոր կողմերի համատեղ ջանքերով պատրաստված ճանապարհային քարտեզի վրա», «հիմա բանակցային գործընթացում որոշակի ինտենսիվություն, կոնկրետություն ու տրամաբանություն կա»: Մյուս կողմից` նա ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջեց «ավելի կոնկրետ ու արդյունավետ քայլեր ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը մոտեցնելու գործում»:
Ավելին` Ադրբեջանի ԱԳ նախարարը կարծում է, որ «1933-ին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը կազմում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի հիմքը և կոնֆլիկտի քաղաքական լուծման մեջ առաջ գնալու համար պետք է ապահովվի հայկական զորքերի դուրս բերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից և ռազմական ռիսկի գործոնը հանվի»: Այդտեղ չդիմացավ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը. «Ոչ Ռուսաստանը, ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ը չեն կարող ունենալ այդ խնդրի լուծման կոնկրետ «ռեցեպտ»:

Կարգավորման մասին կարող են պայմանավորվել միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Ռուսաստանը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ անում է ամեն ինչ, որ դրա համար պայմաններ ստեղծի: Վերջնական որոշումը Երևանի ու Բաքվի ձեռքում է»: Մի խոսքով` Բաքուն բոլորի աչքի առաջ ԵԱՀԿ ՄԽ օրակարգը փոխեց և գործնականում չեղարկեց կրակովյան հանդիպման արդյունքները: Վիճակն ավելի բարդացրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սենսացիոն հայատարությունը «Յենի Ազերբայջանի» 6-րդ համագումարում. «Երևանը մեր պատմական հողն է, և մենք` ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ հողերը: Դա մեր քաղաքական ու ռազմավարական նպատակն է, որին պետք է աստիճանաբար մոտենանք»: Այդպես հզոր հարված հասցվեց կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացին, որովհետև Ալիևը առաջարկեց տարածաշրջանում իրադարձությունների զարգացման միանգամայն այլ աշխարհաքաղաքական վարկած: Հենց դրա վրա ուշադրություն հրավիրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Երևանում ընդունելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Նրա խոսքով` «Բաքուն այդպես է արձագանքում հասարակություններին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտության միջնորդների կոչերին»: Միևնույն ժամանակ` Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են Ղարաբաղի բանակցությունները շարունակել Ադրբեջանում ու Հայաստանում ընտրություններից հետո»: Այսինքն` արտահերթ նախագահական ընտրությունների գնալու որոշմանը դրդել են դեռ անհայտ հանգամանքներ: Այս փուլում նա, թերևս, չի կարող ընդունել ԵԱՀԿ ՄԽ «ճանապարհային քարտեզը»: Հուսեյնբալա Սալիմովը Vesti. Az-ում գրում է` «7 շրջանները վերադարձնելու փոխարեն մենք ստանում ենք հրադադարի ռեժիմը վերահսկող 7 դիտորդ»: Ստեղծված իրավիճակում և ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի Բաքվի քննադատությունը, և կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները ձախողելու համար Բաքվի քննադատությունը ամրացնում են Ալիևի դիրքերը ևս մեկ նախագահական ժամկետով: Ալիևի համար հիմա շատ կարևոր է չեզոքացնել ճնշումը այդ կողմից, թեպետ նա ստեղծել է նոր իրավիճակ, որից դուրս գալը հեշտ չի լինելու:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իրականում ոչ մի սենսացիա չկա` Ալիևը իր ռեպերտուարում է: Մոսկվան` իր: Խաղաղությունն ու պատերազմը միշտ նույն ճանապարհով են շարժվում:
ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը երբեք չեն եղել ԵԱՀԿ ՄԽ մանդատի հիմքում` ինչպես պնդում է Մամեդյարովը: Գործնականում Ալիևը պատերազմ է հայտարարում Հայաստանին, Մամեդյարովը` ԵԱՀԿ Մինսկի խմբին: Իսկ Վոլինկինի «չդիմանալը» դիմանալուց ավելի վատ է` նրա հայտարարության մեջ, իր երկրի մասով, ճշմարտություն չկա: Ռուսաստանը կոնֆլիկտի լուծում չի ուզում, ուզում է Հայաստանն ու Ադրբեջանը պահել իր քաղաքականության շրջագծում: Համենայն դեպս` մինչև հիմա որևէ հրապարակային արձագանք ՌԴ ԱԳՆ չի տվել Ալիևի ելույթին: Ինչպես և` համանախագահները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ