Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Օրենքների ու իրավունքների բախում` ի՞նչ կանի Արմեն Սարգսյանը

Օրենքների ու իրավունքների բախում` ի՞նչ կանի Արմեն Սարգսյանը
12.02.2018 | 09:16

Մինչև մարտի 2-ին ՀՀ նախագահի ընտրությունները ժամանակը օր առ օր կրճատվում է: Պաշտոնական տեղեկատվության կայուն մասն են դարձել ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումները` Մոսկվա, Լոնդոն, Փարիզ, Ստեփանակերտ: Երևանում` «Ելքի» ու Արա Բաբլոյանի, ԲՀԿ-ի ու արտախորհրդարանականների հետ: Բուռն տեմպ է: Զուգահեռ խորհրդարանում քննարկվում ու ընդունվում են օրենքներ, որոնցով գործելու են նախագահն ու վարչապետը: Եվ օրենսդրական գործընթացը պակաս բուռն չէ` Հայաստանում ձևավորվում է սուպերվարչապետական կառավարում, փոխարենը ԱԺ-ն ու նախագահը որոշակիորեն խաղից դուրս են գալիս:


ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկեց «Ներման մասին» օրինագիծը, որով սահմանվել են ներման խնդրագիր ներկայացնող սուբյեկտները: ՀՀ Սահմանադրության պահանջով խնդրագիրը պետք է ներկայացնի դատապարտյալը՝ որպես բացառիկ իրավունքի սուբյեկտ: Չեն բացառվում դեպքեր, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ, դատապարտյալների հարազատները, հեղինակություն ունեցող անձինք ներման միջնորդությամբ կարող են դիմել ՀՀ նախագահին: Ներում շնորհում է նախագահը, բայց առաջարկությունը ներկայացնում է վարչապետը: Այսինքն` գործնականում ներման իրավունքը վարչապետինն է, նախագահը միայն վավերացնում է նրա առաջարկը: Առավել ևս, որ ոչ թե նախագահին, այլ վարչապետին կից է գործելու ներման հարցերով խորհրդատվական հանձնաժողովը: Նախագահը 3 օրում կամ ստորագրում է հրամանագիրը կամ իր առարկություններով վերադարձնում վարչապետին: Վարչապետը կարող է խմբագրել նախագիծը կամ չընդունել և նորից ներկայացնել նախագահին: Եթե նախագահը նորից չի ընդունում, դիմում է Սահմանադրական դատարան: Թեև ներման դիմումը արդարադատության նախարարությանն է ուղղվում, բայց հստակ է, որ ամբողջ շրջապտույտի մեջ գլխավոր գործող անձը վարչապետն է:


ԱԺ-ն քննարկեց նաև Անվտանգության խորհրդի ձևավորման կարգը, որտեղ ընդհանրապես չկան նախագահն ու ԱԺ նախագահը: Գործող Ազգային անվտանգության խորհուրդը կազմավորվել է 2005-ին ընդունված Սահմանադրության պահանջներին համապատասխան` գլխավորում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: 14 անդամից բաղկացած կազմում ընդգրկված են ԱԺ նախագահը, վարչապետը, փոխվարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության և ԱԳ նախարարները, նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և ԱԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նոր Անվտանգության խորհուրդը կղեկավարի վարչապետը, կունենա 10 անդամ` վարչապետից բացի, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության և ԱԳ նախարարները, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Խորհրդի կազմում չեն ընդգրկվի նախագահը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԱԺ նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը և գլխավոր դատախազը։ ՀՀԿ-ն համարում է, որ եթե անվտանգության խորհրդում ներկայացված լինեն նախագահն ու ԱԺ նախագահը, կխախտվի իշխանության ուժերի տարանջատման սկզբունքը, ԱԺ նախագահը չի կարող լինել մի մարմնում, որի ղեկավարը վարչապետն է: Արա Բաբլոյանը բոլորովին վիրավորված չէ, նույնիսկ ընդդիմությանը կոչ էր անում չվիրավորել ԱԺ նախագահին ու չներմուծել մի մարմին, որը ԱԺ-ի վերահսկողության տակ է և այլն, և այլն: Իրապես տարօրինակ էր, որ նախագահի ու ԱԺ նախագահի շահերը պաշտպանում են միայն ընդդիմադիրները, իսկ իշխանությունը հիմնավորում ու փաստարկում էր պետական կառավարման համակարգից նրանց դուրսգրումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայաստանում ավանդույթ է, որ յուրաքանչյուր նախագահ 10 տարին մեկ ինքն իր համար սահմանադրություն է փոխում: 1995-ին առաջինը Լևոն Տեր -Պետրոսյանինն էր, 2005-ին երկրորդը Ռոբերտ Քոչարյանինն էր, 2015-ին երրորդը Սերժ Սարգսյանինն էր: Հիմա նաև օրենքներն են ընդունվում անձնավորված` միջազգային փորձը հանիրավի վկայակոչելով` ՀՀԿ-ն ամեն ինչ հարմարեցնում է ապագա վարչապետի բնավորությանը, նախասիրություններին, աշխատաոճին ու սովորություններին: Այդպես որոշվեց կառավարության նիստերը փակ անել, այդպես օրենքներում կատարվում են փոփոխություններ, որոնցով վարչապետի ձեռքում կուտակվում է ավելի մեծ իշխանություն, քան ունեցել է նախագահական կառավարման ժամանակ նախագահը: Ելնելով նաև ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ունակություններից ու հնարավորություններից` հնարավորինս պակասեցվում են նախագահի գործառույթները, որ նա չլինելով դեյուրե առաջին դեմք` դեֆակտո չփորձի ու չդառնա: Ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը: Սա հարց է, որի պատասխանն ավելի կարևոր է, քան նրա բոլոր հանդիպումները միասին վերցրած, որովհետև գծում է նրա աշխատանքի սահմանները: Իսկ այդ սահմանները` նրանից սպասումների հետ համադրած, ուղղակի պրոկրուստյան են: Եվ զարմանալի է, թե ինչու՞ են նրան այդքան հարցեր տալիս ու նրանից այդքան պատասխաններ պահանջում: Օրինակ`
Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ ու հանդիպումը տևել է երկու ժամ։ Գևորգ Պետրոսյանն ասել է, որ սուր հարցադրումներ են հնչեցվել` աղքատության հաղթահարման, արտագաղթի տեմպերը մեղմելու, բանկային համակարգում փոփոխություններ կատարելու, հարկային բեռը թեթևացնելու, դատարանների անկախությունը ամրապնդելու և այլնի, և այլնի վերաբերյալ: Հասցեակա՞ն են այդ հարցերը: Ավելի զարմանալի է, որ Արմեն Սարգսյանն է հավաստիացնում, որ եթե առաջադրվի ու ընտրվի՝ քայլ առ քայլ փոփոխություններ է բերելու և փորձելու է շտկել իրավիճակը։ Հրաշալի ցանկություն է, իսկ ինչպե՞ս: Այդ հարցերը վարչապետին պետք է ուղղել, ըստ Սահմանադրության ու ընդունվող օրենքների` նախագահն ընդամենը թուղթ ստորագրող է լինելու ու հյուր ընդունող-գնացող: Եվ արդեն բնավ զարմանալի չի լինի, եթե մեկ տարի անց Արմեն Սարգսյանը թողնի ու գնա Լոնդոն: Իսկ հետո հուշերում գրի, որ ինքը ցանկանում էր լինել չորրորդ հանրապետության առաջին նախագահը, բայց ստացվեց` երրորդ հանրապետության չորրորդ նախագահը:

Դիտվել է՝ 2595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ