Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Միայնակ դելֆինները լողում են դեպի սրտի կանգ

Միայնակ դելֆինները լողում են դեպի սրտի կանգ
13.02.2018 | 02:58

Ձեզ չի՞ վախեցնում հասարակությունը, որի անդամները չունեն բարձր նպատակներ: Գետնատարած պահանջները փոխում են կենսակերպը: Մարդը դառնում է անտարբեր` նախ և առաջ ինքն իր նկատմամբ, հետո` մյուսների: Ի վերջո` կյանքի:
Ցածր պահանջներով հասարակությունը կրճատում է ծախսերը, դառնում պրակտիկ ամեն ինչում: Առաջ հարգի էին թանկարժեք ավտոմեքենաները, հիմա` տեղաշարժն ապահովող: Դուք չունեի՞ք Louis Vuitton-ի պայուսակ, անվայել էր: Հիմա կարևորը` պայուսակը տարողունակ լինի ու էժան: Առաջ փող աշխատելը պարտադիր վազք էր, հիմա օրվա ծախսը օրը բերում ու տանում է: Առաջ գնումները ծես էին` լավ ու վատ, թանկ ու էժան, հիմա` ամենամոտիկ խանութից` ինչ կա: Առաջ բոլորն ուզում էին սիրել, հիմա ու՞մ է պետք սերը: Անթև պահանջը երազանքի գագաթնակետ է դարձնում սեփական փոքրիկ վարսավիրանոցը, ծաղկի, հացի խանութը: Ոչ ոք քեզ պարտական չէ: Դու ոչ մեկին պարտք չես: Աղե՞տ է, թե՞ նոր քաղաքակրթություն, որտեղ կյանքը չեն ուզում բարդացնել: Կյանքը բազմազան չէ, սահմանափակությունը ոչ ոք չի նկատում: ՈՒ չի գիտակցում: Ինքնագիտակցության կորուստը բացատրվում է պարզ` այդպես ստացվեց, ես ի՞նչ անեմ: Ստացվում է միայնակների հասարակություն` անկախ ընտանեկան դրությունից: Որևէ մեկը հաշվարկե՞լ է` 2040-ին որքան կլինի միայնակների տոկոսը: Մարդիկ, որ չեն ամուսնացել: Մարդիկ, որ կորցրել են հարազատներին: Մարդիկ, որ հարազատներ ունեն, բայց` հեռվում: ՈՒ արդեն շփման կարիք չունեն, պահանջներ չունեն` ինչ կա` կա, ինչ չկա` չի էլ լինի: Դելֆինի պես մեծ ծով են դուրս եկել ու լողում են: Միայնակ դելֆինների հասարակությունը լողում է դեպի սրտի կանգ: Դուք ձեզ հասկանու՞մ եք: Լիովին բավարար է: Ձեզ չե՞ն հասկանում: Խնդիր չէ: Դուք էլ նրանց չեք հասկանում: Նոր քաղաքակրթության առանցքն է` ապրիր քեզ համար: Մարդու տրանսֆորմացիային հաջորդում է հասարակության տրանսֆորմացիան: Պահանջների բացակայությունը և անտարբերությունը: Ճակատագիրը, որի էջերը որևէ մեկին չեն հետաքրքրում: Կյանքի շագրենի կաշին չի օգտագործվում բոլորովին` դագաղն այդ մասին մտածելու տեղը չէ: Ստոպ: Տեղ եք հասել: Ճանապարհ չկա: Ձեր հրեշտակը ծալել է թևերը ու կարմիր լույս վառել: Ավելի պրակտիկ հրեշտակը ընդհանրապես մարել է լույսը: Հրեշտակներն էլ են հոգնում: ՈՒ թռչում դեպի սրտի կանգ: Մնացածը կյանքն է: ՈՒրիշների:


ՈՒրիշների կյանքից` հարևան երկրի նախագահի: Ամենահեշտը ասելն է, որ նա խելագար է, և ընտրությունից առաջ, առավել ևս հետո, պարտադիր պետք է բուժման կուրս անցնի արտասահմանյան որևէ կլինիկայում: Թեպետ ոմանք նրան համարում էին ռացիոնալ: Այսօր «ռացիոնալ» Ալիևը միանգամայն լուրջ հայտարարում է, որ Ադրբեջանը լիովին ապահովում է և ապահովելու է խղճի ազատությունը և հաջողությամբ զարգանում է իբրև բազմակրոն ու բազմազգ երկիր, որտեղ բոլոր ազգերի ներկայացուցիչներն ապրում են իբրև մեկ ընտանիք (հավանաբար` ընտանեկան արխիվից ձեռքն են ընկել հոր 70-ականների ելույթները, ու կրկնում է): Նա վստահեցրել է, որ Ադրբեջանում երբեք չի եղել ու չի լինելու դիմակայություն, չհասկացվածություն ազգային կամ կրոնական հողի վրա (փաստորեն` Ալիևը հրաժարվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից): Ավելին` նա հայտարարել է, որ բազմամշակութայնությունը իրենց կենսակերպն է (գուցե բառի նշանակությունը չի հասկանում), և այդ քաղաքականությունը կարևոր է ամբողջ աշխարհի համար: Նա հայրենակիցներին ստել է, որ Ադրբեջանին միջազգային հանրությունը համարում է մեծ համակրանքի արժանի երկիր, և օրեցօր մեծանում է բարեկամների ու աջակիցների թիվը: Փաստ էլ է բերել` 155 երկիր աջակցել են ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ դառնալուն, և բացատրել է, որ պատճառը Ադրբեջանի (այսինքն` իր) միջազգային իրավունքի ու արդարության վրա հիմնված քաղաքականությունն է: Նա խոստացել է, որ կշարունակի ակտիվ դեր խաղալ միջազգային ասպարեզում:

Հատկապես մուսուլմանական աշխարհում, որտեղ Ադրբեջանը հաշտարարի, համակարգողի առաքելություն է իրականացնում (ու՞մ է հաշտեցնում ու՞մ հետ և ի՞նչն է համակարգում): ԵՄ-ին ռևերանսներից հետո հայտարարել է, որ Ադրբեջանն ամուր ազգային հիմքերի վրա է կանգնած, միևնույն ժամանակ պետք է բաց լինի աշխարհի առաջ ու նոր տեխնոլոգիաներ երկիր բերի: Իրեն նախագահի թեկնածու առաջադրած համագումարին Ադրբեջանի նախագահը ստել է, որ «միջազգային բոլոր ազդեցիկ կազմակերպությունները աջակցում են մեր դիրքորոշմանը հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում: ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Չմիավորվելու շարժումը` բոլորը բանաձևեր, որոշումներ են ընդունել` աջակցելով մեր դիրքորոշմանը: Այդպիսով` դրվել են կոնֆլիկտի կարգավորման քաղաքական հիմքերը: Իրավական հիմքերն առանց այդ էլ կան: Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի անքակտելի մաս»: Հետո հայտարարել է, ինչ միշտ է ասում` Լեռնային Ղարաբաղը «մեր պատմական հողն է»: Իր հայտարարությունները հաստատող ապացույցներ Ալիևը չի բերել, թեև ի՞նչ դժվար էր մի քանի սուտ ավելի ասել: Նաև հայտարարել է, որ հետայսու էլ ճնշելու է Հայաստանին, և միջազգային հանրությանը պետք է հասցնել, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով` ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի հիման վրա: «Այլ ճանապարհ չկա»: Նախ` եթե այդ խնդիրը միջազգային հանրությանը նոր պետք է հասցվի, ինչպե՞ս են նրանք պաշտպանում Ադրբեջանի դիրքորոշումը և եթե այլ ճանապարհ չկա` ինչի՞ շուրջ է բանակցում (այս հարցերը «մանրուք» են): Այս ամենն ասվել է հազար անգամ ու հազար անգամ լսվել է, իսկ ընտրություններից առաջ նոր խոսք է պետք: Ահա և Իլհամ Հեյդարովիչը խրոխտացել է (ամեն նոր մոռացված հինն է), որ չպետք է մոռանան ու չեն մոռանում «պատմական հողերը». «Դա պետք է լինի մեր հետագա գործունեության ուղենիշը, ինչպես մենք այսօր էլ այդ ուղղությամբ աշխատում ենք: Մեր պատմական հողերը` Էրիվանյան խանությունը, Զանգեզուրը, Գեյչան: Այդ մասին պետք է իմանան երիտասարդ սերունդը և ողջ աշխարհը: ՈՒրախ եմ, որ այդ հարցի` մեր պատմական հողերի հետ կապված, այսօր ստեղծվում են ծանրակշիռ գիտական աշխատանքներ, նկարահանվում են ֆիլմեր, բացվում են ցուցահանդեսներ, շնորհանդեսներ: Որովհետև Էրիվանը մեր պատմական հողն է, և մենք` ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական հողերը: Դա մեր քաղաքական ու ռազմավարական նպատակն է, որին պիտի աստիճանաբար մոտենանք» (Անկարայից էլ Էրդողանն է կոչ արել հիշել Օսմանյան 600-ամյա կայսրությունը): Ընդունելով ամբողջ միզանսցենը (Իլհամ Ալիևը ելույթ էր ունենում Հեյդար Ալիևի անվան կենտրոնում, «Ենի Ազերբայջանի» 6-րդ համագումարում, որ 25 տարի իշխում է Ադրբեջանում, այդ ժամանակը համարվում է «հաղթանակի տարեգրություն) իր ածանցյալներով, հարցեր մնում են.


1. Լավ, Ալիևը խելագար է, և նոպայի դրդիչը ընտրություններն են, բայց նա միայնակ խելագար չէ և ամենևին էլ ոչ անվտանգ խելագարությամբ է վարակում ամբողջ ազգին` զրկելով ընտրությունից: Դա ոչ միայն հարևանների, բուն Ադրբեջանի խնդիրն է` ազգի նույնականացումը տանել ստի վրա հիմնված` անցյալի «զոհի», ներկայի ու ապագայի ագրեսորի ճանապարհով, նշանակում է աղավաղել ու այլասերել նրան, սպառնալ տարածաշրջանի անվտանգությանը:


2. Պատմական հողերի հիմքերը ստեղծվում են ոչ թե այսօրվա «ծանրակշիռ գիտական աշխատանքներով», ֆիլմերով, ցուցահանդեսներով, շնորհանդեսներով, այլ նույնքան վաղեմությամբ պատմական վկայություններով: Դա աքսիոմ է, բայց այդ աքսիոմատիկ ճշմարտության գոյությունը բավարար չէ` արդարացնելու դիվանագիտական ու միջազգային լռությունը նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ապա` տարածաշրջանի, վերջապես` միջազգային կոչվող հանրության:


3. Բոլորովին մխիթարություն չէ, որ Ալիևի սկանդալային հայտարարությունները հաջորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը, և տրամաբանական է ենթադրել, որ նա տանուլ է տալիս բանակցություններում ու փոխհատուցում է հռետորական հարթակում ռազմական սպառնալիքով:


4. Նման ելույթից հետո, որ առանց ռազմական գործողությունների պատերազմի հայտարարություն է հարևան ճանաչված պետությանը, իմա՞ստ ունի նրա հետ բանակցել չճանաչված պետության հարցով:


5. Եթե համանախագահները անտեսում են Ալիևի համագումարի ելույթը ու վերադառնում անհեթեթ պարիտետային հայտարարությունների ոճին` կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից և գործողություններից, պահպանելու միջնորդի անկողմնակալ կարգավիճակը, ԵԱՀԿ համանախագահ երկրների համար ժամանակը չէ՞ ճանաչել Արցախի Հանրապետությունը ու հարցը փակել` փակուղուց դուրս բերելով բանակցություններն ու աշխարհում մեկ կոնֆլիկտ պակասեցնելով: Հայաստանի ԱԳՆ-ն չի՞ արձագանքելու ՄԽ համանախագահների հայտարարությանը, որ կարծես մի քանի օր ոչ թե Բաքվում, Երևանում ու Ստեփանակերտում են եղել, այլ Իլոն Մասկի դեպի Մարս թռչող հրթիռից են հայտարարություն տարածել:


6. Իրականում Իլհամ Ալիևն ինքն իր դեմ ցուցմունք է տվել` հանրայնացնելով ու առաջին դեմքի մակարդակով ապացուցելով, որ հայկական զինուժը չի կարող «օկուպացված տարածքներից» դուրս գալ: Նախ` տարածքներն օկուպացված չեն, այլ ազատագրված են և դեռ ազատագրելու տարածքներ կան, երկրորդ` նրանք պահպանում են ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև տարածաշրջանի անվտանգությունը:


7. Ճիշտ ժամանակն է բանակցային սեղան բերել ԼՂՀ-ի ֆիզիկական գոյության պաշտպանության անհրաժեշտության գործոնը, որ վեր է տարածքային ամբողջականության սկզբունքից ու նույնիսկ ազգի ինքնորոշման իրավունքից` լինելով կյանքի պաշտպանության հիմնարար իրավունք: Եթե Բաքվի ու Սումգայիթի 1988-ի ջարդերը, 2016-ի քառօրյա պատերազմի վանդալիզմը բավարար ապացույց չեն, Իլհամ Ալիևի ելույթը սուտը, ագրեսիան, այլատյացությունը, պատերազմի քարոզը պետական քաղաքականություն դարձնելու ապացույց է, որ չպիտի անարձագանք մնա և պիտի 100 տոկոսով օգտագործվի իր դեմ:
Ալիևը, իհարկե, կվերընտրվի` 7 տարով ու այնքան, որքան կհանդուրժի Փաշաևների կլանը ու թույլ կտան տարածաշրջանային զարգացումները, այսինքն` իր ժողովրդին խելագարություն պարտադրող նախագահը ունենալու է ժամանակ ու գործելու ազատություն, քանի նավթն ու գազը գին ունեն, կաշառքը մթի մեջ լույս է տալիս: Իր երկրում նա ունի և խելագարվելու, և իր ժողովրդին խելագարության տանելու իրավունք: Խնդիրը նա չէ: Խնդիրը մենք ենք: Մեր ժողովրդագրական ու ազգային, քաղաքական ու տնտեսական դիմադրունակությունը: Նա ունի իր «պատմությունը»: Մենք ունենք մեր պատմությունը: Պարտադիր չէ, որ մենք մեր հազարամյակների պատմությունը գրենք ի հեճուկս մեկի, որ պատմության անցորդ է` գալու ու գնալու է` ինչպես իր «ավագ եղբայրը»` հեռվից ու հեռու:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Խելագարներ աշխարհում միշտ են եղել, նաև` խելագար գաղափարներ: Բարենպաստ պայմաններում նրանք միլիոնների կյանք են խլել, երբ միլիոններն էլ համակվել են խելագարությամբ: Դա մեր պատմությունը չէ: Հասարակությունը պիտի ունենա նպատակ: Մարդը պիտի նպատակ ունենա: Բարձր ու բարձրացնող: Ցածր պահանջներով, անթև հասարակությունը հեշտ է կառավարելը, բայց ժամանակի մեջ կրճատում է իշխանության ռեսուրսները: Միայնակների հասարակությունը քայլում է դեպի սրտի կանգ` կյանքի ընթացքում վերարտադրելով մենակություն: Փոխեք մարդուն` մարդու տրանսֆորմացիային հաջորդում է հասարակության տրանսֆորմացիան: Ճակատագիրը, որի էջերը միասին են գրում` սպանելով մենակության սաղմը: Եվ դելֆինների սիրտը նորից կաշխատի` անգամ կանգից հետո: ՈՒ կսլանա երկինք, որտեղ իրենց կզգան ինչպես ջրում:

Դիտվել է՝ 1891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ