Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Քաղաքական հավասարակշռության և մանևրելու հնարավորություններն Ադրբեջանի համար նվազում են»

«Քաղաքական հավասարակշռության և մանևրելու հնարավորություններն Ադրբեջանի համար նվազում են»
13.02.2018 | 06:53

Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Թուրքիայի ագրեսիային հետևած զարգացումները դրական սպասումների տեղ չեն թողնում: Խոցվեց ռուսական ռազմական օդանավը, սակայն ռուսները դրա հետևում թուրքերին չեն տեսնում, խոցվեց նաև թուրքական ուղղաթիռ: ԱՄՆ-ը հայտարարեց, որ իրենք հակահարված կտան թուրքերին, եթե նրանք որոշեն մտնել Մանբիջ: Լարվածության մեկ այլ ճակատ բացվեց իսրայելա-իրանական ճակատում: Իրանի անօդաչու սարքերի հարվածին ի պատասխան Իսրայելը ռմբակոծեց Սիրիայում Իրանի հենակետերը, սակայն խոցվեց իսրայելական ռմբակոծիչը: ՈՒ այս ամենը կատարվում է Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու: Ի դեպ, Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրությունների պատճառներից մեկն էլ նշվում է այն, որ հնարավոր է Մերձավոր Արևելքում բռնկած կրակը հասնի նաև այս տարածաշրջան: Արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցեց այս իրադարձությունների մասին:

-ԻՊ-ի դեմ գերտերությունների համատեղ պայքարից հետո թվում էր, թե Սիրիայում իրավիճակը կկայունանա: Սակայն Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» օպերացիան խառնեց բոլորի խաղաքարտերը, և այսօր այդ տարածաշրջանում բախվում են Սիրիայում սեփական հետաքրքրություններն ունեցող բոլոր հզոր տերությունների շահերը: Ի վերջո, ի՞նչ է սպասվում Սիրիայում:
-Իսկապես թվում էր, թե կայունանում է իրավիճակը: Ռուսաստանը մեծ դեր խաղաց ԴԱԻՇ-ի ողնաշարը կոտրելու գործում (չնայած դժվարանում եմ ասել` կոտրվել է, թե ոչ), ունենալով երկու նպատակ՝ նախ իր դիրքերն ամրապնդել Տարտուսում և Հմեյմիմում, այսինքն` վերադառնալ այն կետին, որը կար խորհրդային տարիներին: Ելցինի և Գորբաչովի օրոք Ռուսաստանը ոչ միայն բոլոր պարամետրերով կորցրեց իր դիրքերը ԱՊՀ-ում, այլև Մերձավոր Արևելքում: Պուտինը կարողացավ ծնկած դիրքից բարձրացնել Ռուսաստանը և մտավ Մերձավոր Արևելք: Կարծում եմ, մտավ շատ երկարատև և շատ արդյունավետ: Քանի որ ԱՄՆ-ն էլ այստեղ ունի իր շահերը, այս երկուսի բախումից ստացվում է շատ հետաքրքիր քաղաքական իրավիճակ: Ռուսաստանը կարողացավ հասնել այն բանին, որ ԻՊ-ը դադարեց, որպես այդպիսին, ճակատային կողմ լինելուց: Կարծես դեմ առ դեմ կռվելու իրավիճակը հաղթահարվեց, իսկ ԻՊ-ի ներկայացուցիչներն էլ հեռացան երկրից: Բայց հենց այստեղ էլ սկսվեց այն, ինչից, որպես քաղաքականությամբ զբաղվող մարդ, վախենում էի: ԻՊ-ը ռեինկառնացիայի է ենթարկվում, այն դեպքում, որ այդ ուժը ոչնչացված չէ, ֆիզիկապես կարողացան ԴԱԻՇ-ին օտարել, տարածքից հանել, բայց, որպես գաղափարախոսություն, այն չի ոչնչանում: Սա է ամենավտանգավորը: Ընդամենն օրեր առաջ հայտարարվեց, որ ԴԱԻՇ-ը միանում է Ալ-Քաիդային: Տարածաշրջանը հասկացող մարդիկ պարբերաբար այս մասին նշում էին, թե այդ ուժն անցնում է ընդհատակ, ինչն ամենավտանգավորն է: Արևելքի աշխարհաքաղաքական առանձնահատկությունը հաշվի առնելով, պարզ է, որ նրանք «մտնում» են բնակչության մեջ՝ գյուղեր, քաղաքներ, ծայրամասեր, թաղեր: Քանի որ նա ունի նաև ուժեղ կրոնական ազդեցություն, միաձուլվում է, իմա՝ այդ երևույթն ամենևին էլ չի վերանում: Սա մեկ: Երկրորդ ամենավտանգավոր հանգամանքն էլ այն է, որ նրանք տարածվում են տարբեր տարածաշրջաններում: Պատահական չէ, որ նրանց մեջ կռվող ույղուրներն ասում են, որ կգնան Չինաստան և արյան ծով կսարքեն:
-Եթե մինչ այս գերտերությունները պայքարում էին ԻՊ-ի դեմ, հիմա միմյանց դեմ են ճակատային պատերազմի դուրս եկել: Ռուս-ամերիկյան հարաբերությունների ճշգրտման համար քրդերը օգտագործվեցին, սակայն իրավիճակն ավելի խճճվեց: Նրանց հարաբերություններն ավելի՞ կսրվեն:
-Ռուս-ամերիկյան հարաբերություններն այստեղ են ձևակերպվում: Մինչև Թրամփը ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքից կարծես դուրս էր գալիս: Այստեղից սկսվեց նրանց հարաբերությունների վատթարացումը Թուրքիայի հետ: Թուրքիան դադարում էր նրանց դաշնակից երկիր լինելուց, մյուս կողմից` նոր կոնֆիգուրացիա սկսեց առաջանալ, հանձինս քրդերի: Թրամփի ժամանակ սկսեցին քրդերի վրա խաղադրույք դնել, որպեսզի Սիրիայում ունենան գործող ուժ: Բոլոր դեպքերում նրանք կարծես մի կողմ էին դրել Մերձավոր Արևելքը, հեռացել էին: Սա նաև օգնեց, որ Ռուսաստանը կարողանա արագ ներթափանցել Սիրիա: Բայց եկավ Թրամփը, և ԱՄՆ-ի քաղաքականությունը փոխվեց: Ոչ թե սա Թրամփի գործելաոճն էր, այլ ամերիկյան քաղաքականությունը երբեք չէր գնա այն ճանապարհով, որ Օբաման էր ուզում՝ հեռանալ Մերձավոր Արևելքից: Թրամփի առաջին քայլը եղավ Սաուդյան Արաբիա գնալը և այնտեղ մինի ՆԱՏՕ ստեղծելը, որին անմիջապես հարեց Ադրբեջանը: Սա, իհարկե, անմիջապես չաշխատեց, դրա հիմնական նպատակը և Սիրիայում, և տարածաշրջանում ներկայությունն ամրապնդելն էր և սլաքն ուղղելը դեպի Իրան: Այս խառն իրավիճակում տեղի ունեցան սիրիական վերջին իրադարձությունները: ԱՄՆ-ը հայտարարեց, որ ինքը մտադիր չէ այնտեղից գնալու, ավելին, շարունակում է ստեղծել նոր զինված ուժեր, խմբավորումներ: Չպետք է մոռանալ Եփրատի ուղղությամբ նավթի մեծ պաշարների մասին: Օրինակ, ինչի համար Պուտինի հարվածներից մեկը բաժին հասավ Սիրիային, նա գազի և նավթի արտահանման համար Սաուդյան Արաբիայի և Եվրոպայի միջև սեպ խրեց: Իսկ այս առումով Թուրքիայի համար Սիրիան Քլոնդայք է, նա ձրի նավթ էր բերում:
-Թուրքիան ինչի՞ է ձգտում Սիրիայում:
-Թուրքիան մի քանի բան է ուզում: Նախ ցանկանում է լուծել իր պանիսլամական քաղաքականությունը: Այն, որ համաշխարհային մասշտաբով չի ստացվում դառնալ նեոօսմանիզմի լիդեր, սուլթան, գոնե ուզում է դառնալ արաբական և մուսուլմանական աշխարհի թագավոր: Այս տարածաշրջանում Թուրքիայի հիմնական նպատակը օսմանյան Թուրքիայի սահմանները վերականգնելն է: Սրան գումարվում է նաև քրդական խնդիրը:
-Քրդերը մնացել են Թուրքիայի կոկորդու՞մ:
-Իհարկե, քրդական հարցը շատ բարդ է: Մեզանում ոմանք ոգևորված են քրդական պետության ստեղծմամբ, սա սխալ է: Մեր քաղաքական վերլուծությունը երբեմն այնպիսի ուղղությամբ է գնում, որ զարմանում ես: Իրաքի քրդական անկլավների, Սիրիայի քրդերի հարցը կա և ամենակարևորը՝ քրդական բանվորական կուսակցության խնդիրը: Թուրքիան շատ է վախենում, որ սիրիական 130 կմ սահմանի երկայնքով հանկարծ ստեղծվի քրդական մի միավորում և շարունակի զարգանալ: Դա կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ Թուրքիայում, իսկ սա այդ երկրի համար մեկ խնդիրն է: Քրդական խնդրին դեմ է նաև Իրանը: Սա հավանաբար քիչ կետերից մեկն է, երբ Թուրքիան ու Իրանը կարող են միմյանց հետ համագործակցել:
-Երբ Թուրքիան ագրեսիա սկսեց Սիրիայում, միակ գերտերությունն Իրանն էր, որ դատապարտեց այն, այն դեպքում, երբ ԱՄՆ-ը և Ռուսաստանը լուռ էին: Ինչո՞վ է պայմանավորված Իրանի այս պահվածքը:
-Իրանը մեծ հաշիվներ ունի Սիրիայում: Նա ցանկանում է, որ Ասադը մնա, և նրա ազդեցությունը մեծ լինի այնտեղ: Իրանն ամեն ինչ անում է, որ Սիրիան լինի հզոր պետություն ու իր կողքին, իր նման: Չմոռանանք` կա նաև Իսրայելի հարցը: Իրանի ներկայությունը Սիրիայում, առաջին հերթին Իսրայելին զսպող հանգամանք է: Կա նաև Լիբանանի հարցը, որն առանձին խնդիր է: Աստված մի արասցե, որ այնտեղ ևս ինչ-որ բան սկսվի, բայց, կարծում եմ, լինելու է, դա կարող է հայ համայնքի համար երկրորդ Սիրիա լինել: Վերադառնանք Սիրիայի քրդերին, որոնք ասում են` գերտերությունները մեզ դավաճանել են: Ռուսաստանը չդավաճանեց, քանի որ հենց սկզբից քրդերն այնպիսի դիրքորոշում որդեգրեցին, որը Ռուսաստանին ձեռնտու չէր: Իսկ ԱՄՆ-ը քրդերին դարձնում է հզորագույն մեխանիզմ, ինչը Ռուսաստանը չի ցանկանում, քանի որ հանձինս նրանց ԱՄՆ-ը Սիրիայում մեծ բազա է ունենալու: Իսկ Թուրքիան էլ սեփական ոճին հավատարիմ է, երբեք չի պահում պայմանավորվածությունները, ու հետևանքն այսպիսին է լինում: ԴԱԻՇ-ի ստնտու մայրը և այս վիճակին հասցնողը միշտ եղել է Թուրքիան: Այլ խոսքով, Սիրիայում իրավիճակը նման է դանթեական քավարանի: Այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ Սաքս-Պիկոյի 1916-ին գծած սահմանները փլուզվում են: Մերձավոր Արևելքում տեղի է ունենում պետությունների վերացում, հնարավոր է նաև պետությունների ստեղծում էլ լինի: Փաստորեն, այսօր չորս պետություն չկա՝ Իրաք, Լիբիա, Եմեն, Սիրիա (ինչ էլ որ ասենք, Սիրիան այլևս նախկինը չի լինելու, երբեք ուշքի չի գալու): Եթե դրանց միանան Հորդանանը և Լիբանանը, սա մեծ հարված կլինի հայությանը:
-Ի վերջո, այդ պետությունները չկան խոշոր պետությունների քաղաքական խաղերի՞, թե՞ ներքին դիմադրողականություն չունենալու պատճառով: Ասել է՝ պետություններն այսօր ինչու՞ են վերանում:
-ԱՄՆ-ը միաբևեռ աշխարհ ստեղծելու իր տեսությունն ունի: Նա չի ընդունում, որ բացի իրենից որևէ այլ պետություն կարող է գերտերություն լինել: Թրամփի վերջին՝ փետրվարի 6-ի ելույթն ապացուցեց, որ իրենց ազգային դոկտրինում 2008-ից ոչինչ չի փոխվել: ԱՄՆ-ը` «first»: Վերջ, այլ բան չկա: Ռուսաստանը չի կարող նրա հետ ոտք մեկնել: Ինչու՞ Պուտինը գնաց այս ճանապարհով: Ի միջի այլոց, Պուտինը չի էլ ասում, թե իրենք ԱՄՆ-ի հետ հավասարազոր կլինեն, բայց նա փորձում է ստեղծել հակակշիռ՝ միավորելով որոշ տերություններ, որոնց մեջ մտնում են ԱՊՀ-ի այն երկրները, որոնք խորհրդային նախկին տարածքներում մնացել են: ԱՄՆ-ը սա չի ընդունում: Այսուհանդերձ, ինչ էլ որ ասեն, չհավատաք, թե պետությունը, կայսրությունը փլվում են դրսի հարվածներից: Դրսի հարվածները լինում են այն ժամանակ, երբ ներսից սկսում է պետությունը փտել: Հենց օրգանիզմդ սկսի փտել, հակառակորդն անմիջապես գլխիդ խփում է: Այս երկրները վերացել են ներքին հիվանդությունների պատճառով, որից օգտվում են մեծ պետությունները: Գերտերությունները միշտ մոգոնում, հնարում են միջոցներ, գործողություններ հարված հասցնելու համար: Սրանով զբաղվում են հատուկ ծառայությունները, հետախուզությունը: Մերձավոր Արևելքում և ԱՄՆ-ը, և Ռուսաստանը, և Իրանը, և Թուրքիան շահեր ունեն, իսկ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցությունը, բանակցությունները համարվում եմ իրավիճակային, ինչպես ռուս-թուրքական հարաբերությունները, որ ավազի վրա են կառուցված: Այս բոլորը աշխարհաքաղաքական խաղեր են, երբ ամեն մեկը փորձում է իրենը պոկել: Տարածաշրջանն ապրում է տեկտոնիկ շրջան, և դեռ կգա ժամանակ, երբ Խորհրդային Միության գերբը կդնեն ու կասեն՝ ու՞ր ես, ո՞նց էիր պահում այս բոլորը: Լավ, թե վատ պահում էր, սառը պատերազմն իր առավելություններն ուներ, մասնավորապես փոքր պետությունների համար:
-Սիրիայում կատարվող թեժ գործողությունները Հայաստանի սահմաններից այնքան էլ հեռու չեն, ի՞նչ վտանգներ կարող են լինել մեզ համար:
-Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով` մտահոգություններ ունեմ Հայաստանի համար: Նախ ընդամենը 200-ից քիչ ավելի կիլոմետր հեռավորության վրա է այս ամենը տեղի ունենում: Մենք խնդիր ունենք Հյուսիսային և Հարավային Կովկասում, Ադրբեջանը, լինելով մեզ ոչ բարեկամ երկիր, իսլամականացման վտանգ ունի: Երբեմն ինձ ասում են, թե պարադոքսալ բան ես ասում, բայց ավելի լավ է Ալիևը հիմա այնտեղ մնա, քան Ադրբեջանը վերածվի իսլամական պետության: Նույնն ասում եմ Թուրքիայի համար. ավելի լավ է լինի Էրդողանը, քան այդ խուժանը գա պետության գլուխ, այդ թվում, թող ներեն ինձ, քրդերը: Ես չգիտեմ, եթե քրդական անկլավներ եղան այնտեղ, Հայաստանի համար լավ կլինի՞, թե՞ ոչ: Կասկածում եմ:
-Հավարտ ասվածի, այս օրերին քննարկվող թեմայի մասին. Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են: Ինչու՞ է Ալիևը շտապում:
-Ադրբեջանի ներկա քաղաքական ռեալիան խոսում է այն մասին, որ գործող նախագահն իր ձեռքում կենտրոնացրել է սուլթանական համակարգի լծակները՝ նախատեսելով ընտանեկան իշխանության կառավարման հաջորդականությունը՝ հանձին իր տեղակալ կնոջ և դուբայաբնակ որդու: Իսկ միջկլանային, ներառյալ նախագահական ընտանիքում, շահերի բախման վարկածները մեծ հավատ չեն ներշնչում: «Կեսարի կինը կասկածից դուրս է»,- ասել են իմաստուն մարդիկ: Իսկ արտաքին քաղաքական գործոնները մի քանիսն են, որոնց ճնշման տակ նա փոխեց ընտրությունների ժամանակացույցը: Չկա տարածքների վերադարձ, «Լավրովի պլանը» գոյություն չունի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ օրակարգում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի փաստաթղթերը. այս ամենը շարունակվելու է մինչև հոկտեմբեր և դրանից հետո: Իսկ ինչու՞ սպասել մինչ այդ և հարցականի տակ դնել ընտրվելու հնարավորությունը: Երբ պարզ է, որ այս պարտիայում ադրբեջանական դիվանագիտությունը տանուլ է տվել: Կա նաև Թուրքիայի հանգամանքը: Ալիևին չի կարող չմտահոգել այն, որ Թուրքիան իրեն կարող է քարշ տալ սիրիական գործողությունների մեջ, այնպես, ինչպես Ադրբեջանն արեց Թուրքիայի հետ ղարաբաղյան կոնֆլիկտում: Կան նաև այլ գործոններ, որոնք փաստում են, որ Ադրբեջանը գնում է արտահերթ ընտրությունների ներքաղաքական, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ իրադրությունում: Քաղաքական հավասարակշռության և մանևրելու հնարավորություններն Ադրբեջանի համար նվազում են:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ