ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Իրանը քրդերին ակնարկել է, որ կհրապարակի նրանց կապերը ԻՊ-ի հետ

Իրանը քրդերին ակնարկել է, որ կհրապարակի նրանց կապերը ԻՊ-ի հետ
13.02.2018 | 07:05

Վերջերս արևմտյան և իսրայելական ԶԼՄ-ները, ինչպես նաև արաբական մի շարք երկրների զանգվածային լրատվամիջոցներ, ոչ առանց ոգևորության, տեղեկություններ էին տարածում այն մասին, թե Իրանում, իբր, «վերսկսվել են ժողովրդական ելույթները»: Ընդ որում՝ արևմտյան երկրներում «խրամատավորված» իրանական ընդդիմադիր շրջանակների աղբյուրները լռում էին, թեև համացանցում պտտվում էր մի ոչ այնքան հասկանալի տեսագրություն: Իսկ, օրինակ, համաարաբական «Al Arabia» ալիքի հաղորդավարները պնդում էին, թե հուզումներն ընթանում են Իրանի շատ քաղաքներում միանգամից, և այն էլ «գիշերները», իբր նաև համարյա հնչել են «Մահ բռնակալին» կարգախոսներ:


Հետազոտելով իրանական աղբյուրների նյութերը, հանգում ես եզրակացության, որ Արևմուտքը, Իսրայելը և նրանց արաբական արբանյակները պարզապես մեկ անգամ ևս փորձում էին տեսնել այն, ինչ կցանկանային: Իրականում մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, տեղի են ունեցել աննշան միջադեպեր, որոնցից մեկը, ի դեպ, ավարտվել է Գոլպայեգանի քաղաքապետի պաշտոնաթողությամբ: Հոսեյն Ֆերասաթն աշխատանքից ազատվել է հունվարի 31-ին՝ «լրագրողին վիրավորելուց և սպառնալուց» հետո, հաղորդում է «Fars News»-ը: Պարզվում է, ինչ-որ կառավարական նախագծի միջուկ հանդիսացող մի օբյեկտ այցելելու ժամանակ, ի պատասխան լրատվամիջոցների հարցերի, պարոն Ֆերասաթը, նույնիսկ ոչ թե «հարձակվել է լրագրողի վրա», ինչպես գրել են ընդդիմադիրներն արտասահմանում, այլ... պարզապես պահանջել է չտեսագրել. «Եթե դուք տեսագրեք ինձ, ես Ձեզ կծեծեմ, և Ձեզ դուրս կշպրտեն այստեղից»: Բնականաբար, լեզվակռիվը աղմուկի է վերածվել: «Պաշտոնյան աշխատանքից ազատվել է լրագրողի հետ վատ վարվելու պատճառով»,- հայտարարել է Սպահանի օստանի նահանգապետի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Գոլյամռզա Քայեդիհան: Փոքր-ինչ ուշ Սպահանի նահանգապետ Մոհսեն Մեհրալիզադեն պաշտոնապես ներողություն է խնդրել լրագրողից:


Ինչ վերաբերում է «զանգվածային ձերբակալումներին», ապա այստեղ էլ Արևմուտքն ու Իսրայելն են սխալվել, ինչպես վերն արդեն հիշատակված «Al Arabia»-ն: «Կանայք բողոքում են ընդդեմ վարչակարգի». այս կարգախոսով շարիաթի կանոնների հրապարակային անտեսմամբ Թեհրանում համարձակվել է հանդես գալ միայն մեկ կին, և հենց նա էլ կալանավորվել է: Մնացածները սահմանափակվել են «առանց գլխաշորի» իրենց լուսանկարները սոցցանցերում տեղադրելով: Մի հետաքրքիր նրբություն. եթե հավատալու լինենք իրանական լրատվամիջոցներին, կալանավորված կինը մուսուլման չէ: Բայց նույնիսկ եթե Իրանի բոլոր «ոչ մուսուլման կանայք» մասնակցեին «անհնազանդության» նման ակտերի, մեր կարծիքով, այդ դեպքում էլ «հանդես են եկել ընդդեմ երկրի իշխանությունների» տիպի մեկնաբանությունները պարզապես տեղին չէին լինի: Պետք է ծանոթ լինել Իրանի ներքին ավանդույթներին ու սովորույթներին, հասկանալու համար, որ իրականում մուսուլմանական երկրներում կանայք առանձնապես «չեն նեղվում» այն բանից, որ փողոցում ու հասարակական վայրերում գլխաշոր կամ էլ չադրա են կրում (տխրահռչակ «հիջաբը», որն այնքան ընդգծվում է եվրոպական ու իսրայելական լրատվամիջոցներում, առհասարակ հատկանշական չէ իրանուհիների համար): Ավելին, դա չի խանգարում իրանուհիներին խնամքով հետևել իրենց արտաքին տեսքին և մեծ ճաշակով կոսմետիկա օգտագործել. Եվրոպայի և ԱՊՀ երկրների կանայք հաստատ զիջում են իրանուհիներին այդ արվեստում:


Միաժամանակ արևմտյան ու իսրայելական լրատվամիջոցները «չեն նկատել» Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռզա Ռահմանի Ֆազլիի հայտարարությունները. «Իրանի տարբեր նահանգներից ստացվող հաղորդագրությունների համաձայն, ոչ մի ուսանող կալանքի տակ չէ վերջերս Իրանում տեղ գտած անկարգությունների կապակցությամբ: Թեհրանում կալանքի տակ գտնվող ինը մարդկանց մեջ ոչ մի ուսանող չկա»: Իսկ ահա Իրանի հնարավոր ռազմական հակառակորդ երկրներում, արդեն չենք վախենում նաև նման համեմատությունից, նախկինում մի գլուխ պնդում էին, թե վերջերս տեղի ունեցած հուզումների միջուկը եղել է «իրանցի երիտասարդությունը», իբր, ուսանողներն ու երիտասարդության մյուս ներկայացուցիչները «հոգնել են զառամյալ այաթոլահների վարչակարգից»: Իրանի ՆԳՆ-ն երկրի նախագահ Հասան Ռոհանիին հաշվետվություն է ներկայացրել երկրի քաղաքներում տեղի ունեցած վերջին անկարգությունների մասին՝ նշելով միջադեպերի պատճառները: Արևմուտքում ու Իսրայելում «չնկատեցին» փետրվարի 1-ին ծավալված, ընդ որում՝ ամբողջ Իրանում, իրոք զանգվածային հանրահավաքներն ու ցույցերը: Չէ՞ որ դրանց մասնակցում էին բազմամիլիոն իրանցիներ, որովհետև այդ հանդիսություններն անցկացվում էին ի պատիվ «Ֆաջրի տասնօրյակի» («Արշալույս»)՝ Իսլամական հեղափոխության 39-ամյակի, որը նշանավորում է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Փեհլևիների գերդաստանի տապալումը՝ հաղորդում է Mehr News կայքը: Արարողություններն սկսվեցին փետրվարի 1-ին տեղական ժամանակով 9:27-ին, հենց այն ժամանակ, երբ Իսլամական Հանրապետության ներկայումս հանգուցյալ հիմնադիր իմամ Ռուհոլլա Խոմեյնին 1979 թ. վերադարձավ «փարիզյան աքսորից» և «նշանակալի ազդակ հաղորդեց ժողովրդական բողոքի շարժմանը»: Շարժումը, վերջին հաշվով, հանգեցրեց 10 օր հետո շահի վարչակարգի տապալմանը (այդ իրադարձությունը Իրանում ավանդաբար նշում են ընդհուպ մինչև փետրվարի 11-ը): Ինչպես գրում է Mehr News-ը, «այդ օրերին իրանցիներն ընդգծում են իրենց անկախությունը Արևմուտքի ազդեցությունից»:


Իհարկե, այսպիսի հիրավի զանգվածային միջոցառումներն Արևմուտքում ու Իսրայելում լռության կմատնեն: Ինչպես որ Իրանում տեղի ունեցած մեկ այլ իրադարձություն. հունվարի 31-ին ելույթ ունենալով «Ալ-Կոդս, աշխարհի կրոնական մայրաքաղաքը» (այսինքն՝ Երուսաղեմը-խմբ.) անվանումով խորհրդաժողովում, Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքզին հայտարարել է, որ Թրամփի դեկտեմբերի 6-ի որոշումը (Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին-խմբ.) արդարացիորեն դատապարտել է ամբողջ մուսուլմանական աշխարհը, ինչպես նաև միջազգային հանրությունը՝ հաղորդել է Mehr News-ը: Բայց այս անգամ Թեհրանի կողմից, ընդ որում, բարձր մակարդակով, հայտարարվեց նաև մեկ այլ բան, որից կարող են կախված լինել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ հետագա բանավեճերը. «Իրանը միշտ ցասումով կդատապարտի ԱՄՆ-ի նախագահի այդ ոչ կառուցողական որոշումը և կդիմակայի Կոդս քաղաքի ստատուս քվոն փոխելու ցանկացած փորձի: Այդ գործողությունը ոչ միայն անարդար է, այլև հակասում է ՄԱԿ-ի բանաձևերին: Կոդսը մուսուլմանական աշխարհի և Պաղեստինի անվիճելի մայրաքաղաքն է: Ավելին, Կոդսը բոլոր աստվածահաճո կրոնների հարգված վայրն է և պետք է մնա այդպիսին»: Այսպիսով, Իրանը հիշեցնում է, որ Երուսաղեմը չի կարող ունենալ ինչ-որ մեկ «տեր», որ այդ քաղաքը սրբավայր է և ամբողջ աշխարհի սեփականությունը, բոլոր կրոնների կենտրոնը: Իհարկե, Արևմուտքին և Իսրայելին ձեռնտու չէ ճշմարիտ խոսք լսել Թեհրանից. չէ՞ որ հենց այդ ճշմարտությունն էլ փշրում է արևմուտքցի քաղքենիների մտածողության կարծրատիպերը «իսլամական ահաբեկիչ արմատականների մասին» և խաչ քաշում վերջին մեկ-երկու տարում ԱՄՆ-ի ու Իսրայելի դավանած այն ռազմավարության վրա, թե, իբր, Իրանն ու շիաները «Իսլամական պետություն» խմբավորումից պակաս չարիք չեն, և միևնույն ժամանակ խթանում է, մասնավորապես, Եվրոպայի ու եվրոպացիների պատմական հիշողության վերականգնումը. ի վերջո, այդ, ինչպես ասում են, քրիստոնյաներն են դարեր ի վեր վիճարկել Երուսաղեմի պատկանելությունը:


Այդ ամենով հանդերձ, սակայն, Իրանում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք լուրջ երկյուղներ են ներշնչել այդ տերության սահմաններին կայունության պահպանման առումով: Քրդական լրատվամիջոցները հունվարի 29-ին հաղորդեցին, թե, իբր, երկու օրում Իրանի անվտանգության ուժերը առնվազն 15 քուրդ քաղաքացի են ձերբակալել Արևմտյան Ադրբեջանի նահանգի Շնոյի (Օշնավիա) շրջանի գյուղերում: Տեղի աղբյուրները հաղորդում են, որ ձերբակալությունները կատարվել են Իրանի սահմաններից դուրս քրդական ընդդիմադիր կուսակցությունների հետ կապեր ունենալու մեղադրանքով: «Hangaw» իրավապահ կազմակերպությունը հաղորդում է, որ առնվազն 27 քուրդ քաղաքացի է ձերբակալվել ամբողջ Իրանական Քրդստանում ընթացիկ տարվա հունվարի սկզբից: Նրանց բոլորին ներկայացվել է ընդդիմության հետ համագործակցելու մեղադրանք: Ի՞նչ է ստացվում, Իրանում ապրող քրդերը, այնուամենայնիվ, որոշել են դիմել հակակառավարական ձեռնարկումների ու գործողությունների՞: Դա այնքան էլ պարզ չէ: Իրանական լրատվամիջոցների տեղեկատվական ժապավեններում եղած քրդական աղբյուրների հաղորդագրությունների ստուգումը ցույց է տվել, որ քրդերը դարձյալ խեղաթյուրում են Իրանում տեղի ունեցող իրադարձությունները: Այսինքն, արտասահմանյան (ոչ իրանական) քրդական կենտրոնները իրականում գործում են ինչ-որ հակաիրանական ծրագրի շրջանակներում: Կատարված ձերբակալությունների մասին քրդերից ստացվող հաղորդագրությունների և իրանական պետական մարմինների կողմից բացահայտ ներկայացվող տեղեկությունների համեմատությունը ցույց է տալիս, որ արտասահմանյան քրդական կենտրոնները, հավանաբար, նույնպես տարակուսած են այն բանից, որ Իրանի քուրդ բնակչությունը իրեն հանգիստ է պահում և չի ձգտում պաշտպանել ԻԻՀ-ում «հեղափոխական իրավիճակ» ցուցադրելու ինչ-որ մեկի ջանքերը:
Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ընդ որում ոչ միայն Շնոյի (Օշնավիա) շրջանի գյուղերում: IRNA գործակալությունը հունվարի 24-ին հաղորդել է, որ իրանական հետախուզության ուժերը պայթուցիկ նյութերի երկու խմբաքանակ են հայտնաբերել արևելյան և արևմտյան Իրանում: Դրանք Իրան էին բերվել հանրային վայրերում ահաբեկչական հարձակումների համար:

Առաջին գործողության ընթացքում հայտնաբերվել է 23 հեռակառավարվող ռումբ, որոնք երկիր են բերվել սաուդյան հետախուզական ծառայությունների կողմից՝ երկրի ներսում քաոս առաջացնելու համար: Երկրորդ գործողության ժամանակ Իրանի արևմուտքում՝ Մարիվանում, բռնագրավվել են ռումբերի պատրաստման համար նախատեսված սարքեր, պայթուցիչներ և այլն: Արևմտյան Իրանում ահաբեկչական խմբավորման մոտ հայտնաբերվել են նռնակներ, Կալաշնիկովի ինքնաձիգի պահունակներ, Հկթ նռնականետի չորս լիցք և որոշ այլ զինատեսակներ: Իրանի արևմուտքի Մարիվանը մոտավորապես հենց Արևմտյան Ադրբեջանի Շնոյի (Օշնավիա) շրջանի այն նույն գյուղերն են, որոնց մասին հաղորդել են, ընդ որում, իրանական լրատվամիջոցներից շատ ավելի ուշ, քրդական աղբյուրները: Արդեն հունվարի 25-ին իրանական պաշտոնական շրջանակները անգլերեն «Tehran Times» թերթի խմբագրականում նշել էին. «Իրանի հետախուզական գերատեսչության գործակալները խանձարուրում խեղդել են Իսլամական Հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ գործելու սաուդյան պլանները»: Բայց արդեն ի հայտ են եկել նաև Իրանի արևմուտքում կատարված գործողությունների հետաքրքրական մանրամասները. «Հետախուզության նախարարությունը Քորդեստան կոչվող արևմտյան օստանում հայտնաբերել է նաև զենքի նույնպիսի բեռ և ահաբեկչական տեխնիկա: Այդ բեռը պատկանել է անջատական ահաբեկչական մի խմբի և հայտնաբերվել է Մարիվան քաղաքում»:


Հունվարի 27-28-ին իրանական լրատվամիջոցներն արդեն հաղորդում էին արևմտյան սահմաններում մղվող մարտերի մասին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը «Նաջաֆ» բազայում հայտնաբերեցին ԻՊ ահաբեկչական խմբավորման մի ջոկատ, բաղկացած 21 հոգուց, և մարտի մեջ մտան նրանց հետ: ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքպուրը հայտարարել է, որ առնվազն մեկ օր տևած գործողության ընթացքում երկրի արևմուտքում ոչնչացվել է մի քանի ահաբեկիչ, 16-ը գերվել են, իսկ երկուսը փախել, սակայն նրանք գտնվում են շրջապատման մեջ, հաղորդել է IRNA գործակալությունը: Փաքպուրը իրանական IBIB պետական հեռուստաընկերությանը պատմել է, որ ահաբեկիչները Իսլամական Հանրապետություն էին թափանցել երկրի կենտրոնական շրջաններում ահաբեկչական ակտեր կատարելու համար: ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը հաղորդել է նաև, որ գործողության ընթացքում զոհվել է Իրանի անվտանգության ուժերի երեք զինծառայող: Գեներալն ընդգծել է նաև, որ ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները ձգտել են հատել հատկապես իրանա-իրաքյան սահմանը: Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռզա Յահմանի Ֆազլին հայտարարել է, որ ոստիկանությունն ու անվտանգության ուժերը բավարար տեղեկություններ ունեն այն ահաբեկչական խմբավորումների հայտնաբերման համար, որոնք ծրագրում են թափանցել Իրանի տարածք: Պատասխանելով ահաբեկչական խմբերի վնասազերծման վերջին գործողությունների հետևանքների մասին հարցին, Ֆազլին ասել է, որ ԻՀՊԿ-ի ուժերը հետախուզության հետ համագործակցած բախվել են մի ահաբեկչական խմբի հետ, որը ծրագրել էր թափանցել Իրան: Գործողության ընթացքում գերվել է 16 ահաբեկիչ, մեկն սպանվել է, իսկ անվտանգության ուժերը հետապնդում են չորս զինյալների: Նախարարը նաև կոչ է արել բնակչությանը ցանկացած կասկածելի գործողության մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին, մասնավորապես հետախուզության նախարարությանը, որպեսզի ժամանակին չեզոքացվեն թշնամիների կողմից երկրին սպառնացող վտանգները:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ