Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Աշխարհին ներկայանալու հայ ժողովրդի գլխավոր կռվաններից են մեր դարավոր մշակութային արժեքները»

«Աշխարհին ներկայանալու հայ ժողովրդի գլխավոր կռվաններից են մեր դարավոր մշակութային արժեքները»
13.02.2018 | 07:38

«Իրատեսի» հյուրն է հանրաճանաչ հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, 4 տասնյակից ավելի գիտական մենագրությունների հեղինակ, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, պրոֆեսոր ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ։

-2017-ին Դուք բոլորեցիք Ձեր 70-ամյակը։ Ի՞նչ հաջողություն-ձեռքբերումներ ունեցաք անցած տարում։
-Ոչ մի տարի հստակ նպատակադրվածություններ չեմ ունենում, աշխատում եմ սովորականի պես, և ամեն անցնող օրն ու տարին էլ, ժամանակի տեսանկյունից, սովորական են։ Այնուամենայնիվ, ջանում եմ աշխատունակությունս հնարավորինս չկորցնել։ Այնպես որ, ուզենք թե չուզենք, ամեն տարվա վերջին մեկ տարով էլ մոտենում ենք մայրամուտին ու վերջնագծին։ Նշեմ, որ 2017-ին հաջողվեց հրատարակել երկու գիրք. առաջինը՝ «Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ» հատորը և «Արիստակես Զարգարյան» ուսումնասիրությունը: Այդ հատորներից առաջինը 1995 թվականի հունվարին լույս տեսած իմ հատորի վերահրատարակումն է, որը շուրջ 500-էջանոց ծավալ ունի:
-2017-ին Դուք ընտրվեցիք նաև Գրական փաստագրական միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, ապա պրոֆեսոր։
-Այո։ Շնորհակալ եմ այդ ակադեմիայի պատասխանատուներին, որոնք նկատել-գնահատել են իմ գործունեությունն ու գիտական վաստակը։
-Երկար տարիներ աշխատել եք Հայաստանի հուշարձանների պահպանության բնագավառում, վարել պատասխանատու պաշտոններ և, բնականաբար, մեծ փորձ ունեք։ Ձեր կարծիքով` այսօր ի՞նչ մտահոգություններ են առկա այդ ասպարեզում։
-Այս խնդրին իմ հրապարակախոսական հոդվածներում, հարցազրույցներում բազմիցս եմ անդրադարձել։ Պիտի արձանագրեմ, որ այդ գործում 20-30 տարի առաջ եղած թերություններն ու բացթողումներն այսօր էլ չեն փոխվել ու վերացել։ Դեռևս թե՛ տեղական իշխանություններին, թե՛ հուշարձանապահպան կառույցներին չի հաջողվում հավուր պատշաճի իրականացնել մեր հուշարձանների պահպանության, նորոգման և օգտագործման խնդիրները։ Դեռևս հանրապետությունում առկա են հուշարձանների տարածքներում գանձախուզությունները, աղտոտումներն ու վնասումները, մի քանի տասնյակի հասնող եկեղեցիներ ու վանական համալիրներ գտնվում են վթարային և խիստ վթարային վիճակում, որոնց վերջնական քայքայումն ու փլուզումն այնքան էլ հեռու ապագայի խնդիր չեն։
Մշակույթի նախարարությունը, որի ենթակայության տակ են հուշարձանապահպան կառույցները, 2017-ին ծրագրել էր 7 հուշարձանների նորոգման-վերականգնման աշխատանքները, ցավոք, այդպես էլ ի զորու չեղավ ավարտին հասցնելու այդ ուղղությամբ նախատեսված ծրագիրը։
-Ի միջի այլոց, 2017-ի ամփոփագրով մշակույթի նախարարությունն արձանագրեց, որ տարին եզրափակել են աննախադեպ հաջողություններով։
-Իրավացի եք, տեղյակ եմ այդ տեղեկատվությանը։ Անցած տարվա ընթացքում, անշուշտ, կատարվել են որոշակի դրական աշխատանքներ, մասնավորապես, մշակութային, գրքի փառատոների կազմակերպման ուղղությամբ։ Սակայն ինչ վերաբերում է հուշարձանների նորոգման աշխատանքներին, ապա մշակույթի նախարարն իր հարցազրույցում մեկ նախադասությամբ արձանագրեց, որ այդ գործում առկա են թերություններ, և կտրուկ միջոցներ պետք է ձեռնարկել աշխատանքները բարելավելու ուղղությամբ։ Հուսանք, որ 2017-ի իրավիճակը չի կրկնվի 2018-ին։ Այստեղ մի փաստ նշեմ. վերջին 20-23 տարում ավելի շատ, եթե չեմ սխալվում, շուրջ 100-ից ավելի նոր եկեղեցիներ են կառուցվել։ Ի հակադրումն այս թվաքանակի՝ մեր միջնադարյան հուշարձաններից 20-25-ում են իրականացվել նորոգման, ամրակայման կամ վերականգնման աշխատանքներ։ Նախարարության պատասխանատուները «մոռանում» են, որ աննախադեպ էր նաև Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում 2017-ի օգոստոսին բացված ստալինիզմի զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսի անհիմն արգելումը, Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» հեղինակային համերգ-նախագծի չեղարկումը «Զվարթնոց» թանգարանում։
Մենք շատ հաճախ փաստում ենք, որ աշխարհին ներկայանալու հայ ժողովրդի գլխավոր կռվաններից են մեր դարավոր մշակութային արժեքները։ Ինչ-որ տեղ համաձայն լինելով այս տեսակետին, այնուամենայնիվ, իմ համոզմամբ, աշխարհին ներկայանալու գլխավոր գրավականը մշակույթը կրող ու պահպանող անհատն ու հասարակությունն են, պետության վերաբերմունքն ու հոգածությունը, դրանց հավուր պատշաճի պահպանումն ու ուսումնասիրումը։ Մեր գլխավոր նպատակը պետք է լինի ոչ թե այս կամ այն կերպ մեր մշակույթը ուրիշներին ներկայացնելը, այլ, նախ և առաջ, այդ արժեքները պատշաճորեն պահպանելը, նրանց պատմական ու գեղարվեստական արժեքներով իրապես ուսանել-ապրելը, ինչն էլ ինքնըստինքյան կարժանանա օտարների ուշադրությանն ու գնահատանքին։
-Ձեր գործունեությանը խորթ չէ նաև գրահրատարակչությունը։ Ի՞նչ խնդիրներ են առկա վերջին 20-30 տարիներին, առաջխաղացում կա՞։
-Այո, շատ ծանոթ և հարազատ բնագավառ է։ Մինչև 1978 թ. աշխատել եմ ՀՀ ԳԱԱ Երևանի, ՀԿԿ կենտկոմի հրատարակչության տպարաններում, վարել եմ նաև պատասխանատու պաշտոններ (շարվածքային, էջկապ արտադրամասերի վարիչ, հերթափոխի ինժեներ)։ Փաստեմ, որ այսօր հանրապետությունում, խորհրդային վերջին տասնամյակների համեմատ, թվաքանակային առումով, ավելի շատ թերթ ու ամսագիր, գրքեր են տպագրվում։ Տպագրության որակը, գրքի, պարբերականների ձևավորման արվեստը, անշուշտ, մեծ առաջադիմություն են գրանցել, քանզի տպագրատները գործում են ամբողջովին նոր՝ օֆսեթ և բազմագույն տպագրական սարքավորումներով։ Տպագրության հիմնական արտադրանքի որակն այսօր ամենևին չի զիջում եվրոպական գրաշուկայի արտադրանքին։ Այս դրական ձեռքբերմանը զուգահեռ, պետք է արձանագրել, որ մեզանում վերջին 2-3 տասնամյակներում հարգանքը դեպի գիրն ու գրականությունը էապես նվազել է։ Այսպես, եթե խորհրդային տարիներին հրատարակվող թերթերի ու ամսագրերի տպաքանակն անցնում էր մի քանի հարյուր հազարի սահմանը, այսօր այդ թիվը կազմում է 1000-5000 օրինակ։ Այս նահանջն ավելի ողբալի է հրատարակվող գրքերի պարագայում։ Խորհրդային տարիներին հրատարակված գրքերի 1500-30000 տպաքանակների փոխարեն, ուսումնական գրականությունից բացի, այսօր գրքերը հրատարակվում են 150-500 տպաքանակով (բացառիկ դեպքերում՝ 1000 օրինակ), որոնք Երևանի մի քանի և 10 մարզկենտրոնների գրադարաններից բացի մուտք չեն գործում հանրապետության 950-ից ավելի բնակավայրերի գրադարաններ։ Սա, մեղմ ասած, կատարյալ ողբերգություն է գրասեր ու գրապաշտ մեր ժողովրդի համար։ Ինչու՞, կհարցնի ընթերցողը։ Պատասխանը շատ պարզ ու հստակ է. մարդկանց աղքատավարձ-աշխատավարձերը, սոցիալ¬տնտեսական վատթարագույն վիճակը հանգեցրին նրան, որ մարդիկ այսօր գրեթե չեն հետաքրքրվում գիր ու գրականությամբ։ Մի բան, որի վերականգնումը տասնամյակների հետևողական աշխատանքի խնդիր է։
Եթե նախկինում հանրապետության ամեն ընտանիք բաժանորդագրվում էր մի քանի թերթերի ու ամսագրերի, գրեթե ամեն ամիս 1-2 գիրք գնում, հիմա դա եզակի երևույթ կարելի է համարել։ Կարծում եմ, որ դա ամենևին էլ չի կարելի ժամանակակից համացանցի առկայությամբ պայմանավորել։ Բոլորս էլ շատ լավ հիշում ենք, թե մեր բազմահարկ շենքերից, որպես ավելորդություններ, ինչպես հանվեցին բնակիչների փոստարկղերը, վերացան գրքերի բաժանորդագրությունները։ Փաստենք նաև այն, որ հանրապետության 950-ից ավելի բնակավայրերի ու դպրոցների գրադարանները շուրջ 3 տասնամյակ է, ինչ զրկված են իրենց գրադարանային ֆոնդերը նոր հրատարակվող գրականությամբ, մամուլով համալրելու հնարավորությունից։ Այս գործում բացարձակապես բացակայում են պետական մտահոգությունն ու հոգածությունը։ Ավելին, գյուղական գրադարանների մի մասը վերջին 2-3 տասնամյակներում կա՛մ փակվել է, կա՛մ էլ մնացածների գրքային ֆոնդը գտնվում է ողբալի վիճակում։ Այսպես, նախկինում եղած 1300-ից ավելի գրադարաններից 1990-2016 թթ. փակվել են 500 համայնքային գրադարաններ։ Բոլորս էլ քաջատեղյակ ենք, թե անցած տարիներին Երևանում և հանրապետության այլ քաղաքներում ինչպես փակվեցին ու օտարվեցին գրախանութներ ու կինոթատրոններ, մշակույթի տներ։ Հենց միայն Երևանում օտարվեց 50-60 գրախանութ, իսկ գործող մեկ տասնյակ գրախանութներն էլ, «Նոյյան տապանից» բացի, ավելի շատ գրապահոցներ են հիշեցնում։
-Ցանկալի է իմանալ Ձեր տեսակետը վերոնշյալ խնդիրների առնչությամբ մտավորականության դերի ու անելիքների մասին։
-Ազնիվ ու իրական մտավորականներն այսօր, ցավոք, այնքան քիչ են, որ նրանց ձայնը չի կարող լսելի լինել։ Մեր մտավորականների մի ստվար մասն ավանդաբար դարձել է այս կամ այն խմբավորումների ու կուսակցությունների խոսափող, իշխանության կամակատար։ Նույնն է իրավիճակը նաև գիտության բնագավառում։ Վերջին տարիներին անընդմեջ կրճատումների ենթարկված 7-7,5 հազարի հասնող գիտության ներկայացուցիչների թիվն այսօր 3,5 հազարի սահմաններում է։ Գործող գիտնականներն էլ, որոնց միջին տարիքը 50-55 է, բնականաբար, այս կամ այն պաշտոններում մնալու, առանց այդ էլ ցածր վճարվող իրենց աշխատավարձերը չկորցնելու համար գերադասում են լուռ մնալ, քան իրենց կարծիքն այս կամ այն խնդրի վերաբերյալ բարձրաձայնել։ Իսկ երիտասարդ գիտական ուժի այլ երկրներ տեղափոխվելու սովորական դարձած երևույթի մասին խոսելն արդեն ավելորդ է։ Միով բանիվ, այսօր չկա այն մտավորական խավը, որի խոսքին ու դիրքորոշմանը ժողովուրդը կհավատա։ Սա, կարծում եմ, կործանարար է Հայաստանի նման փոքր երկրի ու փոքրաթիվ ժողովրդի համար։
-2017 թ. Նախիջևանում Թուրքիան ավելի ամրապնդեց այդտեղ գտնվող իր ռազմաբազաները` համալրելով նոր ռազմատեխնիկայով ու զինվորներով։ Արդյո՞ք դա վտանգ չէ Հայաստանի համար։
-Այո՛, անցած տարվա կեսերին Թուրքիան Նախիջևանում գտնվող իր ռազմաբազաները էլ ավելի հզորացրեց թե՛ զինտեխնիկայով, թե՛ զինուժով։ Դա ոչ թե վտանգ, այլ պայթյունավտանգ իրադրություն է ստեղծում Հայաստանի համար։ Մասնավորապես, Շարուրի դաշտում՝ Սադարակի շրջանում տեղակայված Թուրքիայի ռազմաբազայից Երևանը գտնվում է ընդամենը 65 կմ հեռավորության վրա և խոցելի է միջին հեռավորության ռմբահարումների համար։ Զարմանալին այն է, որ այդ ուղղությամբ, ցավոք, Հայաստանը իրեն շատ հանգիստ ու անհոգ է դրսևորում։ Մինչ Հայաստանը հնարավորինս ամրապնդում է արցախյան ճակատը, թուրք-ադրբեջանական համագործակցությունն ամրապնդվելով Նախիջևանում, ուղղակիորեն նպատակադրված է թիրախավորելու Հայաստանի գլխուղեղը։ Ասել է թե, ռազմական գործողությունները կարող են տեղի ունենալ ոչ թե սահմանամերձ բնակավայրերում, այլ թիրախի տակ առնել անմիջապես Երևանը։
Հիշենք, որ արցախյան շարժման սկզբնական շրջանում առաջին կրակոցները հնչեցին հենց 1990 թ. հունվարին՝ Նախիջևան-Հայաստան սահմանին կից Երասխավանում։ Այստեղ տեղի ունեցան հայկական ինքնապաշտպանական ջոկատների առաջին մարտերը։ Սակայն, Թուրքիայի թելադրանքով, Ադրբեջանն այդ ճակատն անմիջապես վերացրեց, և ռազմական գործողությունները հիմնականում տեղափոխվեցին արցախյան ճակատ։ Դա, իմ համոզմամբ, Թուրքիայի կողմից հեռատես և նպատակադրված դիվանագիտական քայլ էր Նախիջևանի խնդրից խուսափելու, չանդրադառնալու և անտեսելու համար։
Արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանը նախիջևանյան խնդրին ձգտեց անդրադառնալ 1992-ին, երբ հայկական ուժերը Սադարակի շրջանում խորացան 16-18 կմ։ Դա շատ մեծ վտանգ էր Թուրքիայի համար, որը Նախիջևանի հետ այդ մասում ունի 11 կմ սահման։ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Թանսու Չիլլերն անմիջապես՝ մի քանի ժամվա ընթացքում, թուրքական զինուժ և զինտեխնիկա կուտակելով Հայաստանի ու Նախիջևանի սահմանին, բողոքի նոտա հղեց Հայաստանին, կտրուկ հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի հետ և պահանջեց, որ վերջինս զսպի ու ճնշում գործադրի Հայաստանի վրա` Նախիջևանից հայկական ուժերը շուտափույթ դուրս բերելու համար։ Ռուսաստանի Դաշնության նախագահը, ամենևին նպատակ չունենալով Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնելու, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորեց հայկական ուժերն անհապաղ դուրս բերել Նախիջևանի տարածքից։ Այսպիսով, ձախողվեցին Նախիջևանի խնդրի լուծման նախադրյալները։ Ձախողման հիմնական պատճառներից մեկը, իմ կարծիքով, այն էր, որ Հայաստանի այդ ժամանակվա դեռևս անփորձ ղեկավարությունը ռուսական կողմի հետ խնդրի վերաբերյալ լիարժեք բանակցություններ չվարեց։ Հանգամանք, որի բացակայության պարագայում տեսանելի ապագայում էլ ոչ մի կերպ հնարավոր չի լինի լուծել նախիջևանյան խնդիրը։

Հարցազրույցը՝
Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4000

Մեկնաբանություններ